«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հնարավոր է փոքր քայլերով գնալ առաջ». Փաշինյան
«Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչո՞ւ ենք բանակցում: Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար»,- ասել է վարչապետ:
Նրա խոսքով՝ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները շատ ուղիղ ձևով խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսին։
«Սակայն սա չի նշանակում, որ այդ հայտարարություններից հետո Հայաստանը դադարեցնելու է Թուրքիայի հետ երկխոսությունը։ Հայաստանը տեսնում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն և տրամադրված է ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու համար Նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը»,- նշել է վարչապետը:
radar.am