ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԿՅԱՆՔԻՍ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՀԵՐԻՑ ՄԵԿԸ

Հատված Սամվել Կարապետյանի հուշերից

 

Սահող տարիներս աննկատ բեռնաթափում են հիշողությունս: Ժամանակն իրար հետևից սրբում է ամեն տեսակ միջադեպերին և իրադարձություններին կապված համեմատաբար թույլ հուշերս և կարծես դրանք բյուրեղացնելով առայժմ խնայում է առավել հիշարժանները: Վերջինների թվում, ըստ իս կան այնպիսինները, որ թերևս արժեր գրի առնել, մանավանդ, որ զգում եմ, թե անցնող ժամանակը կամաց-կամաց խամրեցնում է նաև այն ամենն, ինչն այսօր դեռևս թարմ է թվում:

Առ ի փորձ կամ քննություն ցանկանում եմ համբերատար ընթերցողիս ներկայացնել հուշերիցս մեկը, որն առնչվում է Արճեշի Բերդաղ գյուղից սերող մեր տոհմի պատմությանը:

Ընդհանրապես, պապին տեսած և հետը զրուցած թոռներից շատերն են ափսոսում, որ իրենց ժամանակին շատ բաների մասին, որ կարելի էր և անհրաժեշտ էր խոսել պապի հետ՝ չի արել կամ արել է մասնակի: Ես էլ հենց այդպիսինների թվում եմ, ով տարիների հեռավորությունից անչափելի ափսոսանք է զգում, որ իր ժամանակին պապի հետ այնքան կարևոր բաների մասին չի զրուցել: Այս խնդրում, այնուամենայնիվ, մի մխիթարություն ունեմ և դա այն է, որ պապիս մահվանից (1983) մեկ, թե երկու տարի առաջ զրուցել էի մեր տոհմի մասին ու ըստ պապիս իմացածների կազմել էի Բերդաղից սերող մեր ազգի տոհմածառը:

Այդ օրերից ավելի քան երկու տասնամյակ անց՝ 2004-ին բախտ ունեցա ոտք դնել պապիս շուրթերից այնքան հաճախ արտաբերված ու նաև հորս բանաստեղծություններում բազմիցս հիշատակված մեր տոհմի օրրան՝ Արճեշ գավառի Բերդաղ գյուղը:

2004 թ. ձեռնարկած ճամփորդությունս առաջնեկն էր՝ դեպի Արևմտյան Հայաստան իրականացված մեր իրարահաջորդ բազմօրյա ճամփորդությունների շարքում և հենց այդ առաջին առիթից օգտվելով էլ մեծ ցանկություն ունեի Բերդաղում լինել:

Մեր փոքրիկ խումբն այժմ Էրջիշ կոչվող Արճեշ քաղաք հասավ հուլիսի 30-ին: Հիշում եմ քաղաքամիջում մայթով քայլող մի բնակչին ուղղած մեր հարցը, թե որտեղ կարող ենք մաքուր, բայց և ոչ թանկ հյուրանոց գտնել: Անցորդն անմիջապես հարցրեց մեր, ո՞ր երկրից լինելը և Հայաստանի անունը լսելով պատրաստակամ մատնանշեց մի հյուրանոց, որն ինչպես պարզվեց իրապես թե՝ հարմարավետ էր և թե մատչելի: Գիշերակացի խնդիրը լուծելուց հետո դեռ մինչև օրվա վերջ մի քանի ժամ լույս ունեինք և դեռ կհասցնեինք մի որևէ գյուղ այցելել: Ընտրությունն իհարկե պիտի կանգ առներ Բերդաղի վրա, որն, անշուշտ, կարելի էր այցելել նաև հաջորդ օրը, որով լույսով ավելի ժամ կհատկացնեինք գյուղին, բայց այդպես վարվելու համար համբերությունս չհերիքեց և րոպեներ անց մենք արդեն Բերդաղի ճանապարհին էինք: Ճիշտն ասած անպայման այդ օրը գյուղ հասնելու համար մեկ այլ դրդապատճառ էլ ունեի: Հուլիս 30-ը ծննդյանս օրն էր և կարծես ինքս ինձ ուզում էի նվեր անել՝ հատկապես այդ օրը պապերիս գյուղ ոտք դնելով:

Հազիվ կես ժամ անց հասանք ներկայումս Դինլենջե վերանվանված Բերդաղի մատույցներին: Գյուղեզրի առաջին կառույցը մի փոքրիկ խանութ էր, որի մուտքի առջև երկարած ծածկի ներքո խմբված քրդերը դիտում էին ընկերակից զույգի նարդու խաղը:

Թարգմանի միջոցով ներկայացրինք մեր այցի նպատակը: Խաղն ընդհատած քրդերից մեկն ասաց, թե մեր հարցումներին գյուղում միայն մեկ անձ կա, որ հնարավոր է կարողանա պատասխանել և ներկա երիտասարդներից մեկին հանձնարարեց շտապով հրավիրել բանիմաց համագյուղացուն: Հազիվ 10 րոպե անց երիտասարդը վերադարձավ միջահասակ և ոչ այնքան տարեց մի մարդու հետ: Մենք մեր հարցումները կրկնեցինք նաև այս մարդու համար, որում հատկապես շեշտեցինք, որ ինքս բերդաղցու ծոռ եմ և, որ իմ պապիս հայր՝ Գևորգն այս գյուղի ծնունդ էր ու նա էլ Հովհաննեսի (Ախանես աղա) որդին էր, իսկ վերջինս էլ Բերդաղի ռեիս Կարապետի որդին էր (ի դեպ, նրանից էլ առել ենք մեր ազգանունը): Ինձ շատ էր հետաքրքրում, թե այս անունները մի որևէ բան կհուշեն գյուղի ներկայիս բնակիչներին և ի մասնավորի այս մարդուն, ով հայտնի էր գյուղի հայերին վերաբերող պատմությունների իմացությամբ:

Մեր հարցումների ավարտին մարդն առանց մի խոսք արտաբերելու գլխի շարժումով իրեն հետևելու նշան արեց ու առաջ անցավ: Հինգ հոգուց բաղկացած մեր խումբն էլ իսկույն սկսեց հետևել այս ու այն տնամերձ հողակտորները հատող, դրանց ոչ բարձր պատնեշների, երբեմն նաև առուների վրայից պարբերաբար և նկատելի դյուրությամբ ցատկող մեր առաջնորդին: Ընդամենը մի քանի րոպե այսպես քայլելուց հետո մեր առաջնորդը կանգ առավ հերթական շրջափակ հողակտորի կենտրոնում և լուռ ու համբերատար սպասեց, որպեսզի պոչ-պոչի իրար հետևից քայլող մեր խմբի բոլոր անդամները տեղ հասնեն: Մեզանից բացի մոտիկ տնից անմիջապես այդտեղ էր եկել նաև տվյալ հողամասի տերը, ով հարցական հայացքով մերթ մեզ էր դիտում, մերթ էլ իր՝ ակնհայտորեն մեծ հարգանք վայելող համագյուղացուն, ով մի կարճ լռությունից հետո դեմքն իմ կողմն ուղելով, բայց խոսքը թարգմանին հասցեագրելով ասաց. –դու քո պապերի հողամասի վրա ես կանգնած: Նաև ավելացրեց. –առաջ այստեղ միայն խաղողի վազեր էին, որոնց վայրենացած մնացորդները տեղ-տեղ դեռ նշմարվում են հողամասի շրջապարսպի վրա: Մեր ժողովուրդը խաղողագործությամբ չի զբաղվում, ուստի տարածքն ազատվել է անասնակեր ցանելու համար:

Այս կարճ բացատրությունների ավարտին մեզ պես ունկնդիր դարձած հողամասի տերը գրեթե վազքով դեպի իր տունն ուղղվեց և մի խումբ կանանց ու աղջիկների հետ սփռոցը, մութաքիներն ու թեյի պարագաները ձեռքներին արագ վերադարձավ: Մեզ առաջարկեցին մեր պապերին պատկանած հողամասի մեջտեղում, հենց մեր կանգնած տեղում՝ թեյի նստել: Թեյախմության պահին տան տերն ասաց, թե՝ չի կարող նվիրել, բայց սովորականից շատ ավելի ցածր արժեքով կարող է իմ պապական հողամասն ինձ վաճառել, եթե իհարկե այն գնելու ցանկություն ունենամ:

Մեր առաջնորդ քուրդը նաև շեշտեց, որ հարևան Փանիկ գյուղում են բնակվում այս նույն հողատիրոջ շառավիղները, ովքեր փաստորեն իմ արյունակիցներն էին: Այս տեղեկությունը պարզապես ցնցեց ինձ, բայց արդեն օրվա վերջն էր, ուստի որոշեցի Փանիկի այցելությունս թողնել առավոտյան:

Թեյից հետո, քրդերը մեզ առաջնորդեցին նաև հարևանությամբ գտնվող աղբյուրը, շեշտելով, թե դա էլ է նույն հողատիրոջն, այսինքն՝ իմ պապերին պատկանել: Աղբյուրին կից երեսնիվայր մի խաչքար կար: Այն տեսնելու համար քրդերն օգնեցին շրջել:

Հասցրեցինք տեսնել նաև միակ պարզ խաչքարով հայոց գերեզմանոցատեղին և ձորամիջի ջրաղացի ավերակները:

Անսպասելի տպավորությունների ազդեցության ներքո վերադարձանք Արճեշ քաղաք, երբ արդեն բոլորովին մութ էր: Սակայն, այստեղ պարզվեց, որ Ջավախքից վարձակալած մեր մեքենան ինչ-որ խնդիր ուներ, ուստի այն վերացնելու համար անհրաժեշտ էր առավոտյան նախ արհեստանոց հասնել:

Առավոտյան ինքս անիմաստ համարեցի արհեստանոցում լինել, այլ որոշեցի սպասել հյուրանոցում: Մոտ երկու ժամ անց, նորոգության խնդիրը լուծած մեր մեքենան վերադարձավ, սակայն որոշ տհաճ լուրերի հետ մեկտեղ: Բանն այն էր, որ երբ նորոգող արհեստավորներն իմացել էին, թե մենք ո՞ր հյուրանոցում էինք իջևանել, զարմանքով նշել էին, թե դա քաղաքի 25 հյուրանոցների թվում միակն է, որի անձնակազմը թուրքեր էին և որը պարզապես լրտեսանոց էր և անկեղծ զարմացել էին, թե ինչպես ենք գտել հենց այդ հյուրանոցը:

Իրենց իմացած զանազան հնավայրերն առաջնորդելու պատրաստակամությամբ արդեն մեր մեքենայում գտնվող արհեստանոցի աշխատակից երկու քուրդ երիտասարդները հյուրանոցի աշխատակազմից նկատվելու մտավախությամբ նույնիսկ մեքենայից դուրս չէին եկել: Ինչևէ, գուցե նույնիսկ տեղի տալով ավելորդ զգուշավորությանը որոշեցինք Արճեշում այցելելիք մյուս վայրերը թողնել ապագային: Այդպիսով հուլիսի 31-ին միայն Զիլանի շրջանում մի քանի հնավայրեր այցելելուց հետո մենք հեռացանք Արճեշի սահմաններից և հարևան Թիմար գավառի զանազան գյուղերն ու հնավայրերն այցելելուց հետո մի քանի օրից հասանք Վան քաղաք: Այստեղ մի հյուրանոցում հանգրվանելով մոտ մեկ շաբաթ շարունակ շրջագայեցինք Վան-Տոսպ և Հայոց ձոր գավառների գյուղերում:

Երևի մի 10 օր էր անցել, ինչ մենք դուրս էինք եկել Արճեշի շրջանից, երբ հերթական երեկոյան հյուրանոցի հերթապահն իրազեկեց, թե ցերեկը երկու հոգի՝ հայր և որդի մեզ էին հարցրել և հեռախոսահամար թողնելով խնդրել, որ իրենց հետ կապվեինք: Զանգեցինք և ո՜վ զարմանք, փանիկաբնակ բերդաղցի արյունակիցներս էին, ովքեր մեր մասին Բերդաղից լուրն առնելուց հետո փաստորեն օրեր շարունակ հարց ու փորձով գավառից գավառ, գյուղից գյուղ մեզ էին փնտրել ու վերջապես գտել:

Հարգելի ազգակիցներս, չէի կարծում, թե գրվածքս կարող էր այսպես հետաքրքրական նկատվել: Տեսնում եմ ավելի քան 200 հավանություն, որ նույնն է թե այդչափ ընթերցող: Խոստովանում եմ այս փաստն ինձ այնչափ վստահություն ներշնչեց, որ առանց երկար ընդմիջման ահա՛ ներկայացնում եմ շարունակությունը.

Երբևէ երևակայել իսկ չէի կարող, թե ճամփորդություններիս ժամանակ պատմական հուշարձաններից զատ նաև ազգականներ պիտի հայտնաբերեի, բայց ինչպես ասում են «մեծ աշխարհ է, ամեն ինչ կարող է պատահել»:

Վանի «Ենի Չալդրան» հյուրանոցից նորահայտ ազգականներիս հետ մեր հեռախոսազրույցը միմյանց փոխանցվող գրեթե նույնական հարցերից էր բաղկացած. ովքե՞ր եք, ո՞ւմ թոռներն եք, մեր տոհմի ո՞ր ճյուղն եք, ձեր պապի հոր անունն է՞նչ էր, իսկ պապի` պապի անո՞ւնը և այլ այդպես: Իհարկե թուրքերենով և այն էլ թարգմանի միջոցով իրականացվող մեր զրույցը հեռու էր բավարար համարվելուց: Ինչպես պարզվեց (որ և անշուշտ սպասելի էր) ազգականներս քրդախոս էին, բայց և ազատ տիրապետում էին թուրքերենին, մինչդեռ հայերենն իսպառ մոռացության էին մատնել: Զրույցի մեխը մեզ Արճեշ վերադարձնելն էր, որպեսզի հնարավորություն ունենայինք մեր տոհմի իրարից շուրջ մեկ դար կտրված երկու ճյուղերի մասին հանգիստ պայմաններում երկար խոսել: Սակայն, ըստ իմ նախապես որոշած աշխատանքային երթուղու մեր հաջորդ հանգրվանը պետք է լիներ Վանա լճի հարավային շրջանը, որն Արճեշի համեմատ լճի ճիշտ հակադիր կողմում էր: Իհարկե անչափ մեծ էր անմիջապես հանդիպելու գայթակղությունը, բայց տեղի տվեցի նաև Արճեշում երկրորդ անգամ հայտնվելս կասկածի առարկա դարձնելու հնարավորության մտավախությանը: Վերջապես, առաջին ճամփորդությունս էր, մեջս մի անբացատրելի լարվածություն կար (որ իհարկե արդեն հաջորդ ճամփորդության ժամանակ իսպառ ցրվեց) և ամեն կերպ ձգտում էի չվտանգել զբոսաշրջիկի անվան ներքո իրականացվող աշխատանքը, ուստի և որոշեցի չշեղվել մեր աշխատանքային ծրագրից և նորագյուտ ազգականներիս հետ այնքան ցանկալի հանդիպումը հետաձգեցի հաջորդ տարվան:

Մինչև 2005 թ. ամառը, երբ մեր խումբը կրկին ճանապարհվեց դեպի Արևմտյան Հայաստան, փանիկաբնակ բերդաղցի ազգականներիս տարբեր առիթներով ու նաև անառիթ մի քանի զանգով ողջունել էի և ամեն անգամ վստահեցրել, որ մեր առաջիկա հանդիպմանն այլևս ոչինչ չէր խոչնդոտելու:

Օգոստոսի 3-ը, դեպի Արևմտյան Հայաստան իրականացված երկրորդ ճամփորդության 8-րդ օրն էր: Այդ օրը Հուսկանորդու և Արգելանի վանքերն այցելելուց հետո որոշեցի մի զանգով ազգականներիս իմացնել, որ մենք Բերկրիի շրջանում ենք և մեկ-երկու օրից կլինենք Արճեշում և վերջապես կհանդիպենք:

Զանգի պատասխանը հետևյալն էր. –Հիմա որտե՞ղ եք, պատասխանում ենք` Բերկրիի ջրվեժի մոտ, –խնդրում ենք սպասեք, մենք գալիս ենք ձեզ ընդառաջ:

Ժամ չանցած երկու մեքենա կանգնեց ջրվեժի հարևանությամբ գտնվող փոքրիկ հրապարակում: Չգիտեմ` մեքենաներից դուրս եկած անձերի հարցական ու որոնող դեմքերի արտահայտությունների, թե՞ որևէ կերպ անմեկնաբանելի զգացողություններիս դրդմամբ քայլեցի դեպի իրենց, դեպի` ճիշտ 90 տարվա անջրպետով միմյանց գոյությանն անհաղորդ մնացած ազգականներս:

Տարիներ են անցել, բայց նույնիսկ այս պահիս, երբ սույն տողերն եմ շարադրում դարձյալ խեղդում է այն նույն հուզմունքը, որն ապրել եմ 2005-ի օգոստոս 3-ին անծանոթ արյունակիցներիս հետ գրկախառնվելուս պահին:

Կարճ ծանոթությունից հետո հետևելով մեր առաջնորդներին անմիջապես շարժվեցինք դեպի Արճեշ: Քաղաքում կանգ առանք մի տան առջև: Մեր խմբին, որ այս անգամ բաղկացած էր 7 հոգուց, ներս հրավիրեցին: Մեր զրույցը բավական երկար տևեց: Կարողացա պարզել, որ իմ առջև էին 1983 թ. վախճանված Բաղդասար պապիս պապ` Հովհաննեսի (Ախանես աղա) եղբոր` Ղազարի ծոռներն ու նրանց երեխեքն ու թոռները: Շատ էին պատմում հատկապես Բերդաղցի Ղազարից, նրա հերոսություններից, բարությունից, ազգասիրությունից և ի վերջո դավադիր սպանության մասին:

Զարմանքով պարզեցի այն հզոր ցանցի գոյության մասին, որ առկա էր հեռու-մոտիկ գյուղերում ապրող սակավաթիվ մահմեդականացած հայերի շրջանում: Երբ հարցրի, թե ինչպիսի՞ն է ձեր հարաբերությունները ձեզ շրջապատող հարյուր հազարավոր քրդերի հետ, հնչեց մի պատասխան, որն անկեղծ ասած ինձ տարօրինակ թվաց: Հարցիս տրված կարճ պատասխանը հետևյալն էր. – քրդերը մեր դեմ շատ փորձեցին, բայց չկարողացան: Ես չկարողացա հասկանալ, թե այդ ինչպե՞ս կարող է պատահել, որ հարյուր հազարավոր քրդերի շրջապատում գտնվող այս ու այն գյուղում մեկ-երկու կամ հինգ-տասը տուն մահմեդական հայերը լուրջ խնդիրներ ունենալու պարագայում, որպես հակադիր կողմ կարողանան իրենց կշիռն ու ինքնությունը պահել: Ավելին, եթե անկեղծ լինեմ, ապա պիտի խոստովանեմ, որ այդ պահին այս պատասխանը մտքիս մեջ մինչև իսկ մի տեսակ գոռոզամտության կամ սնապարծության վերագրեցի, բայց չուզեցի թերահավատությունս բարձրաձայնել, մանավանդ, որ այս պատասխանն ինձ տվողը մի 75-80-ին մոտ պատկառելի, անգամ չեմ վարանում ասել` ազնվական դիմագծերով ալեհեր անձնավորություն էր:

Հաջորդ առավոտյան Փանիկի իրենց տունն այցելելու պայմանավորվածությամբ ուշ երեկոյան հրաժեշտ տվեցինք և գիշերեցինք իրենց առաջարկած հյուրանոցում:

Առավոտյան եկան մեր հետևից ու միասին ճամփա ընկանք դեպի Փանիկ գյուղ: Ես այդպես էլ նորագյուտ ազգականներիս չհարցրեցի, թե ե՞րբ կամ ի՞նչ պատճառով էին Բերդաղից փոխադրվել հարևան Փանիկ (պատմական` Բանոն) գյուղը, բայց ենթադրում եմ, որ պատճառը կարող էր տնտեսական լինել: Ազգականներիցս մեկը, ում պարզապես դիմում էին Հաջի անվամբ տեղավորվել էր մեր մեքենայում և ամբողջ ճանապարհին մերթ մեքենայի աջ, մերթ ձախ կողմերում մատնացույց էր անում դեպի երբեմն մինչև շատ հեռուներում հազիվ նշմարվող սարերը փռված արոտավայրերը կամ էլ անծայրածիր վարելահողեր ու հենց այնպես, կարծես իմիջիայլոց անընդհատ արտաբերում նույն նախադասությունը. «սրանք իմ հողերն են», «սրանք էլ են իմը» և այդպես շարունակ:

Որ ճիշտն ասեմ, դեռ երեկվա չմարսածս պատասխանի ֆոնին («քրդերը մեր դեմ շատ փորձեցին, բայց չկարողացան») գումարվող նաև այս` համարյա անհավանական թվացող հավաստիացումներն իմ մեջ առ նորագյուտ ազգականներս մի տեսակ անվստահության զգացումներ էին առաջացրել: Ավելին` աջ ու ձախ «իմ հողերն են» արտահայտությունը ակամա ինձ հիշեցրել էր «Կոշկավոր կատուն» մույլտֆիլմի այն դրվագը, երբ թագավորին անվերջ ասվում էր, թե սրանք ամենը մարկիզ Կարաբասի տիրույթներն են:

Հետևում թողնելով Բերդաղը վերջապես հասանք Փանիկ: Ինչպես տեղում պարզվեց ազգականներիս տունը գտնվում էր բուն գյուղից քիչ մեկուսի դիրքում, շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող բլրակի վրա: Երբ տեղ հասանք, առաջինն ուշադրությունս գրավեց գյուղտեխնիկայի առատությունը (տրակտորներ, կոմբայն, շարքացան, կցորդներ և մեքենաների օժանդակ շատ այլ նմուշներ: Նաև շատ աշխատակիցներ, որ ամեն մեկն առանց աշխատանքից կտրվելու բավարարվեց անծանոթներիս ուղված սոսկ հարգալից` բարի գալուստ մաղթելով:

Մեզ հրավիրեցին տուն: Այստեղ առաջինը, որ աչք զարնեց քրդական կենցաղին խորթ` կահույքի առկայությունն էր: Ինձ համար միանգամից հայտնի դարձավ, որ գոնե ազգականներիս օրինակով կարող էի նշել, որ մահմեդական ու քրդախոս դարձած հայերը քրդական կենցաղով չէին ապրում, զոր օրինակ` պատերի շուրջ դասավորված բարձերին նստելու փոխարեն տեղավորվեցինք դիվան-բազկաթոռներին:

Ես նստել էի դիվանին, բայց կամքիցս անկախ վիզս ծռվել էր թիկունքիս կողմը, քանի որ մեր ետևի պատից իրար կողք կախված էր կալաշնիկով ավտոմատների տեսականին: Դրանցից միանգամից ճանաչեցի ԱԿՍ և ԱԿՄ տեսակները:

Մեր զրույցը մեր տոհմի մասին այստեղ արդեն շատ քիչ շոշափվեց, քանի որ այդ նյութն արդեն հիմնականում քննել էինք նախորդ երեկոյան: Ինքս զարմացած էի զենքի առատության և դրանք այդպես բացահայտ պահելու հանգամանքի վրա և մինչ ուզում էի հարցնել, թե ինչումն է կայանում տանն այդչափ զենք պահելու հարկավորությունը, հանկարծ շփոթված տեսքով եկավ ու կողքս նստեց մեր խմբի անդամներից մեկը` բազմատաղանդ Վահրամ Թաթիկյանը, որ այս անգամ մեր խմբին էր ընկերացել գյուղերում պահպանված հայկական գորգերն ու կարպետները լուսանկարելու նպատակով: Վահրամը նստելուն պես ցածրաձայն ասաց հետևյալը. –Լսիր կողքի սենյակում, թախտին մի հոյակապ հին կարպետ կար, նկարելու համար փորձեցի ծայրին խանգարող բարձը հեռացնել, սակայն բարձի տակ ատրճանակ կար:

Բարձի տակ ատրճանա՞կ, չէ որ սա արդեն բոլորովին այլ իրավիճակի մասին է խոսում: Չէ որ դա զենքին դիմելու համար մեկ վիճակն է: Այս ի՞նչ կացություն է: Մտքիս մեջ ծանր ու թեթև եմ անում տեսածս ու լսածս և հետևյալ հարցն ուղղում Հաջիին, –Բարեկամս ձեր տունը կարծես զինապահեստ լինի:

Հաջին մեղմ ժպտում է և թարգմանին հաղորդում հետևյալը. –Սամվելին ասա, որ ես տանս զենք չունեմ, եթե իրոք ցանկանում է իմ զենքերս տեսնել, ապա պիտի գնանք իմ յայլան: Ասում է, ելնում տեղից, անցնում հարևան սենյակն ու արագ վերադառնալով մի մակարով տեսակի ատրճանակ է մեկնում ինձ ասելով, –վերցրու, սա ինձանից քեզ հիշատակ:

Կամաց-կամաց կարծես սկսում էի հասկանալ, թե նախորդ երեկոյան ինչ ասել էր «քրդերը մեր դեմ շատ փորձեցին, բայց չկարողացան»: Փաստորեն մահմեդականացած ու նաև քրդախոս դարձած հայերը նույնիսկ այդ վիճակում էլի հանգիստ ապրելու հնարավորություն չունեին և ստիպված էին ատրճանակը բարձի տակ քնել, մինչդեռ այս մարդկանց կյանք ու բարքից, իրականությունից կտրվածս թեկուզ մտքումս` անխոհեմաբար ինձ թույլ էի տվել նշյալ արտահայտությունը սնապարծության վերագրել: Ինձ համար քիչ-քիչ պարզվող իրականությունը նոր հարցերի տեղիք էր տալիս և ուզեցի տեղեկանալ հայ-քրդական հարաբերությունների մերօրյա լարվածության պատճառների մասին: Հաջի Ազատն այսպես բացատրեց. «Քրդերի հետ մենք ընդհանրապես հաշտ ու խաղաղ ենք ապրում, բայց մեկ հարց կա, որի պատճառով երբեմն հարաբերությունները սրվում են. դա այն է, որ հայերս նրանց աղջիկ չենք տալիս, մինչդեռ պատահում է, որ մեր տղաները քրդուհիների հետ են պսակվում: Այս խնդիրը զայրացնում է քրդերին, որի պատճառով էլ երբեմն բախումներ ենք ունենում:

Ես, թե լսում էի հարցիս պատասխանը և թե մտորում մեկ այլ բանի մասին. Դա այն էր, թե ի՞նչ պիտի անեմ նվերս, ավելի մտածում էի մի ձևով, այնպես որ միայն թե չնեղացնեմ մարդուն, բայց փորձեմ հրաժարվել նվերիցս` մակարով ատրճանակից, քանի որ համոզված էի, որ դրա պատճառով ոչ միայն կարող էի Թուրքիա-Վրաստան, ապա նաև Վրաստան-Հայաստան սահմաններին լուրջ խնդիրներ ունենալ, այլև, ի վերջո մտածում էի, որ եթե նույնիսկ կարողանամ ատրճանակն անփորձանք ու բարեհաջող Երևան հասցնել` ի՞նչ եմ անելու դրա հետ Երևանում:

Ի վերջո որոշեցի Հաջիին բացատրել կացությունը և այդպիսով շնորհակալությամբ հրաժարվել նվերիցս: Ճիշտն ասած մինչ օրս չեմ գտել նվերիցս հրաժարվելու մեկ այլ ձևակերպում, որն ավելի տանելի կթվար թե՛ ինձ և թե՛ Հաջիին, բայց այն, ինչը թարգմանի օգնությամբ արտահայտեցի այդ պահին խորապես հիասթափեցրեց զենքի պաշտամունքով ապրող ազգակցիս:

Պիտի խոստովանեմ, որ մինչև հիմա, նույնիսկ այսքան տարիներ անց, ամեն անգամ երբ մտաբերում եմ այդ պահը, որևէ կերպ չարդարացվող ամոթի ծանր զգացումներս պաշարում են ինձ, քանի որ անմիջապես աչքիս առաջ հայտնվում է հաջի Ազատի հուսախաբ և ակնհայտորեն հիասթափված դեմքը, որ ճիշտ է` ոչ մի բառ չարտասանեց, բայց իր դեմքի արտահայտությունն ինձ պարզորոշ ասում էր հետևյալը. «սա էլ իրեն տղամարդ է կարծում, տղամարդուն զենք եմ նվիրում, չգիտես ինչ պատճառաբանություններ է առաջ բերում և զենքից հրաժարվում, թու՛ քեզ տղամարդ ասողի…»: Այս խոսքերն էին, որ կարդացի այդ պահին իմ պատճառով տխրությամբ գլուխը կախ գցած ատրճանակը բարձի տակ քնող արյունակցիս դեմքին:

Օրվա ընթացքում հաջի Ազատի և նրա որդիներից մեկի` Հիքմեթի առաջնորդությամբ այցելեցինք մի քանի հարևան գյուղերը. Արմիզոնք, Գանձակ, Ծակծակ և Տիլան: Վերջինումս հայերեն արձանագրություններով ժայռախաչեր տեսանք, իսկ Ծակծակի մոտ ակնհայտորեն հայ քարգործ վարպետների ձեռքի աշխատանք` մի լավ պահպանված մահմեդական դամբարան: Օրվա վերջին կրկին վերադարձանք Փանիկ և միմյանց հրաժեշտ տվեցինք, առաջին իսկ առիթով անպայմանորեն կրկին հանդիպելու հաստատակամությամբ:

Բաժանումից հետո անվերջ մտածում էի, թե որքան ավելի ջերմ և արդյունավետ կլիներ մեր հանդիպումը, եթե ոչ իրենք` հայերեն, ապա գոնե ես` թուրքերեն կամ քրդերեն տիրապետեի: Ախր զրուցելու այնքան շատ բան կար, որ պարզապես անհնար էր անվերջ թարգմանի օգնությամբ գլուխ բերել:

Տարիները հաջորդեցին միմյանց և մեր հերթական հանդիպումը տեղի ունեցավ միայն 2013 թ.: Մինչ այդ, իհարկե, յուրաքանչյուր տարվա մեջ միմյանց որպիսությամբ հետաքրքրվում և ողջունում էինք կարճ հեռախոսազրույցներով:

 

2013-ին ինձ մի նոր և շատ հաճելի անակնկալ էր սպասում, քանի որ հաջի Ազատն այս անգամ մեզ առաջնորդեց արճեշաբնակ մեր մեկ այլ ազգականի` Ֆերիդի տուն, ով մեր տոհմի` Հայրենիքում մնացած ճյուղի տոհմաբանության վերաբերյալ բավականաչափ նոր և լրացնող տեղեկություններ փոխանցեց: Ի դեպ, արդեն այս անգամ մեզ հետ ունեինք և մեր ազգականներին էինք փոխանցում Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Թուրքերեն-հայերեն բառարան-զրուցարանը», որ հրատարակել էինք մասնավորապես լեզվակորույս մահմեդական հայերին նվիրելու նպատակով: Ֆերիդի հաղորդած տեղեկություններն իրապես շատ արժեքավոր էին: Դրա շնորհիվ արդեն կարելի է ասել բերդաղցիների մեր տոհմածառը գրեթե ամբողջացավ: Վերջինս պատրաստվում եմ զետեղել «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Արճեշ» հատորի Բերդաղ գյուղի բաժնում ի վայելումն պատմա-բանասեր հասարակության:

Ի դեպ, Բերդաղից սերող մեր տոհմի մի ճյուղին էլ հետաքրքիր դիպվածով հայտնաբերեցինք Մանազկերտի շրջանի Հաջի-Յուսուֆ գյուղում 2007 թ.:

Նախ նշեմ, որ այդ ճամփորդությունը սկիզբ էր առել 2007 թ. սեպտեմբերի 28-ին, և նրա 14-րդ օրն էր, որ մենք Մանազկերտի մոտերքում գտնվող Արադերե (նախկինում` Փրեմասիան) գյուղում ծանոթացանք մահմեդականություն ընդունած մի եզդու հետ, որն էլ մեզ տեղեկացրեց այն մասին, որ մոտերքում գտնվող Հաջի-Յուսուֆ գյուղում հայեր կային: Մեր ուղեկցի հետ հասանք նշյալ գյուղն ու հայտնվեցինք բազմանդամ հայ ընտանիքի հյուրընկալ հարկի ներքո: Պարզվեց, որ փարթամ ու ալեխառն մորուսով տան ավագ` Ալի Քաչրանը թոշակի անցած գյուղի նախկին իմամն էր: Այստեղ մեզ վկայեցին, որ իրենք սերում էին 1919 թ. սպանված բերդաղցի Գևորգից (Կևո), որի թոռը` Օմարի որդի` Ալի Քաչրանն ու նրա որդիներն ապրում էին այս գյուղում: Բերդաղցիների այս ճյուղի ներկայացուցիչները վկայեցին, որ իրենք Փանիկում ապրող բերդաղցիների ազգականներն էին, այսինքն` նույն տոհմից, սակայն ինձ չհաջողվեց ճշգրտիվ հասկանալ, թե իրենք մեր տոհմի որ ճյուղն էին ներկայացնում: Ալի Քաչրանի որդիների հետ զրույցում շեշտվեց, որ իրենք իմանում էին, որ իրենց պապ Օմարն (Գևորգի որդին) ուներ նաև հայկական անուն, սակայն նա մինչ ի մահ որդիներին ու թոռներին այդպես էլ չի ասել, թե իր հայկական անունն ի՞նչ էր:

Հարկ է հիշատակեմ նաև այն միջադեպի մասին, որ տեղի ունեցավ այն պահին, երբ մենք խորասուզված ուսումնասիրում էինք 1920-ականներից մնացած կալվածագիրը (թափուն), որտեղ, որպես սեփականատեր հիշված էր Կևոյի որդի Օմարը: Ահա այդ պահին մեկ էլ ակնհայտորեն շփոթված դեմքով սենյակ մտավ մի երիտասարդ և մեր զրուցակցի (Ալի Քաչրանի որդու) ականջին մի բան փսփսաց: Վերջինս դիմելով մեզ ասաց հետևյալը. –բարեկամներ պարզվում է արդեն 14 օր է, ողջ Թուրքիայում ժանդարմերիան ձեզ է փնտրում, եթե մեզ ասեք, թե ինչ է պատահել, գուցե մենք էլ հասկանանք, թե ձեզ ինչով կարող ենք օգնել: Առաջին պահին անակնկալի եկանք, որ մեզ հետ կապված նման խնդիր է ծագել, բայց և շուտով գլխի ընկանք, թե ինչ է պատահել: Բանն այն է, որ սահմանը հատելուց ի վեր մենք որևէ հյուրանոցում չէինք գիշերել, այլ միայն վրաններում, իսկ հենց հյուրանոցների հաղորդած տվյալների շնորհիվ են պարզում, թե օտարերկրացիները որ օրը` որտեղ են հասել: Սրանով փաստորեն արդեն 14 օր էր, որ պատկան մարմինները մեր հետքը կորցրել էին, բայց թե որտեղից որտեղ խնդիրը հասել էր Հաջի-Յուսուֆ գյուղ, այ դա արդեն զարմանալի էր: Ինչևէ, հաջի-յուսուֆաբնակ բերդաղցիներիս էլ այսպես հայտնաբերելով, ճանաչելով ու ողջագուրվելով հրաժեշտ տվեցինք:

Այն էլ ասեմ, որ 2013-ին հաջի Ազատին պատմեցի, որ Հաջի-Յուսուֆում էլ մեր տոհմից մարդիկ ունենք: Պարզվեց, որ ինքը լավ գիտեր այդ մասին և ընտանիքներով կապի մեջ էին: Սրանով հանդերձ ոգևորություն ապրեց, երբ իմացավ, որ ես էլ արդեն ճանաչում եմ իրենց:

Արդեն տարիներ է, որ փափագում եմ հայրենի Արճեշում ապրող բերդաղցի ազգականներիս Հայաստանի Հանրապետություն հրավիրել (չեմ ասում Հայաստան, քանի որ այդ կոպիտ սխալիս համար մի անգամ միանգամայն տեղին դիտողություն եմ ստացել. հարցիս, թե չե՞ք ուզում Հայաստան այցելել, ստացել եմ այս պատասխանը. –ինչու մենք որտե՞ղ ենք ապրում): Դեռևս ամեն անգամ ինչ-որ արգելառիթ պատճառներ են հայտնվում, բայց միևնույնն է, վստահ եմ, որ մի օր կարժանանամ բերդաղցի արյունակիցներիս այստեղ` երևանյան տանս հյուրընկալելու վայելքն ապրելուն:

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: