Հայտնի անհայտ եմ...

Մտածելուց Հոգնել է միտքս... դանդաղե՝լ Կանգառ է փնտրում:
Նոել Քեշիշյան
Հայտնի անհայտ եմ
Միթե՞ սա ես եմ:
Երբ Աստված ժպտում է բառեր են քայլում,
Քո՝ նման նրա՝ նման, ո՝վ ի՛ր նման
Բոլոր մարդուկների նման,
Բայց ոչ իմ նման:
Ես հայտնի անհայտ եմ մեր քաղաքում,
Կարծես մատներիս արանքում կորած լինեմ,
Նույնիսկ հայելին ինձ չի ճանաչում:
Իմ եսի հետքերը շատ են տարածքում,
Երբ ամբոխի արանքում եմ տեղից տեղ շարժվում
Միայն մարդաճանաչն է ինձ նկատում:
Անճանաչելիության ծովի կաթիլս եմ փրկում,
Գոլորշեղեն բառ եմ դառնում, ու ամպից կախվում
Մի այլ տեղ վայր եմ թափվում
Ու համբուրում եմ սիրահարներիս,
Կաթիլ կաթիլ բառերով:
***************
Քամին ասաց
Դալար ճյուղերը ծառի'
Թևթևի տված ու անհոգ
Քամու համբույրներից շվատ
Պար էին բռնել շվիահար աշուղ Քամուց։
Քամին ասաց
- բնավորվե՝ք կանաչ կյանքով, ձեր հողում
Հսկաներ դարձեք ձեր արմատագիրկ դաշտերում,
- ես թույլերին գարնան տաղով եմ պարի կանչում,
Բայց երբեմն էլ հսկաների արմատներն եմ փորձում,
Իմ գալ ու գնալը իզուր չէ,
Կյանքի դասեր եմ ուսուցում։
*****************
Խաղաղություն եմ կանչում
Կլսի՞ կգա՞ արդյոք....
..................
Մայրամուտը՝ ամեն օր գալիս
Ու մտահորիզոնս գրկում է,
Մթությունը ինձ հասկանում է,
Երբ երազիս անվանդակ թռչնին եմ կանչում,
.... գիշրաթև խաղաղությանը:
********************
Կանգառ
Մտածելուց
Հոգնել է միտքս... դանդաղե՝լ
Կանգառ է փնտրում:
Բայց դու մի վախեցիր,
Քո սիրո մասին
Սիրտս չի մտածում
Դեռ մի բան էլ արագանում ...
******************
Արևածաղիկ
Լուսաբացին երևակայեցի
դու իմ գարնան արևն ես,
Ակամայից
Սիրտս դարձավ արևածաղիկ,
Շրջվեցի....
*********************
Տեսապատկեր
Ուզում եմ ժպտալ կյանքիս ուրախ օրերին,
Բայց վախենում եմ հայելին չհանդուրժի
Ու փշրվի սրտանց:
Գրեցի այս տողերը բայց չկարողացա ստուգել
Ճիշտ եմ թե՞ սխալ:
Ակնոցս բաճկոնիս գրպանն է
Նա մերժում է ինձ տալ որ չվերադառնամ անցյալ:
Մի հարց ունեմ տեսնեմ ո՞վ կիմանա,
Ինչու՞ են այսքա՜ն թևակոտոր թռչուններ թափվում
Ոտքերիս տակ ամեն առավոտ
................
Հավատք եմ բերել ագռավների ասածներին որ ասում են.
Մի օտարական փախցրել է ծառերի աչքերից
Այն տեսապատկերը՝
Որ կյանք էր բաբախում մեջը՝
Ու մաքրասիրտ նորածինների գրված նամակները
Արագիլներին:
Նոր-Ջուղա, Սպահան
Նմանատիպ Լուրեր





