Հայաստանում կհետազոտվի աուտիզմն ու Ալցհեյմերի հիվանդությունը
Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ, հայտնում են Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից։
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:
«Այն նպատակ ունի մեկդարյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը, հաշվի առնելով, որ բուհը 100 տարվա ընթացքում ոչ միայն ապահովել է ամուր թիկունք՝ սպիտակ բանակը, այլև հանդիսացել է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որի գեներացված միտքը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերը և թույլ է տալիս առարկայացնել նման ծրագրերում»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ծրագիրը ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Կենտորնում մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը:
Երկու գերատեսչությունների ղեկարաները այսօր եղել են բուհում, շրջել «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու հնարավորություններին։
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երեք խոշոր դրամաշնորհային ծրագրում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում:
Կառուցվող կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
Կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: