Մի քարի պատմութիւն
Հայկական Լեռնաշխարհում տարբեր ծածկագրերով վիմագիր բազմաթիւ քարեր կան, որոնցից ամենահինը գտնւել է Երեւան քաղաքից արեւմուտք՝ Աւան թաղամասի Ս.Աստւածածին եկեղեցու պատին, որը այժմ պահպանւում է Երեւանի Պատմութեան թանգարանում:
Աւանի Ս.Աստւածածին եկեղեցին
Արձանագրութիւնը 7-րդ դարից է, որը երկլեզու է, Հայերէն եւ Հունարէն ու պատկանում է Եզր Ա. Փառաժանակերտցի կաթողիկոսի (630-641 թթ) ժամանակաշրջանին:
Ծածկագիր արձանագրութիւնով քարը
Քարի վրայի արձանագրութիւնն է ըստ հետեւեալի... «ՏՐ ԵԶՐ ՉՌԼԿԶ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱ|ՐԻՏ ΔωΛΟΣ Τω ΘΕω ՍԱՄԷՂ ՇՌԱ|ՌԼ Ք»
Սոյն արձանագրութեան մի մասը ծածկագիր է, որը ուսումնասիրել եւ վերլուծել են Կարօ Ղաֆադարեանը եւ Խաչիկ Յարութիւնեանը ու բացայայտել ամբողջական արձանագրութիւնը, որի վերլուծութիւնը բառ առ բառ կը ներկայացնենք ըստ հետեւեալի ...
ՏՐ ամփոփած ձեւն է ՏԷՐ-ի
ԵԶՐ Եզր կաթողոկոսի անունն է:
Այբուբենի թւային համակարգը
ՉՌԼԿԶ ծածկագիր է, որի բացայայտման համար պիտի օգտւել այբուբենի թւային համակարգից:
Չ թիւը 700 է, որը փոխւում է 70-ի ու դառնում Հ տառը
Ռ թիւը 1000 է, որը փոխւում է 1-ի ու դառնում Ա տառը
Լ թիւը 30 է, որը փոխւում է 300-ի ու դառնում Յ տառը
Կ թիւը 60 է, որը փոխւում է 600-ի ու դառնում Ո տառը
Զ թիւը 6 է, որը փոխւում է 6000-ի ու դառնում Ց տառը
Որի արդիւնքում ստացւում է ՀԱՅՈՑ բառը:
Հարկ է նշել, որ թւային համակարգից օգտւելու համար, պիտի նկատի առնել որ միաւոր/հազարաւոր թւերը իրար հետ են փոխւում, իսկ տասնաւոր/հարիւրաւոր թւերն էլ իրար հետ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱ|ՐԻՏ, որը բերւել է ամբողջութեամբ:
ΔωΛΟΣ Τω ΘΕω Հունարէն նախադասութիւն է, որի թարգմանութիւնն է ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ
ՍԱՄԷՂ որը արձանագրութեան հեղինակի կամ պատւիրատուի անունն է:
ՇՌԱՌԼՔ ծածկագիր է, որի բացայայտման համար պիտի օգտւել այբուբենի թւային համակարգից, վերը նշւած ձեւով:
Շ թիւը 500 է, որը փոխւում է 50-ի ու դառնում Ծ տառը
Ռ թիւը 1000 է, որը փոխւում է 1-ի ու դառնում Ա տառը
Ա թիւը 1 է, որը փոխւում է 1000-ի ու դառնում Ռ տառը
Ռ թիւը 1000 է, որը փոխւում է 1-ի ու դառնում Ա տառը
Լ թիւը 30 է, որը փոխւում է 300-ի ու դառնում Յ տառը
Որի արդիւնքում ստացւում է ԾԱՌԱՅ բառը:
Ք ամփոփած ձեւն է ՔՐԻՍՏՈՍ-ի:
Արդիւնքում ստացւում է հետեւեալ նախադասութիւնը... «ՏԷՐ ԵԶՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱՐԻՏ ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ ՍԱՄԷՂ ԾԱՌԱՅ ՔՐԻՍՏՈՍԻ»:
Այս արձանագրութեան արմատները պիտի փնտրել դաւանական վեճերի մէջ: Հայ Առաքելական եկեղեցին 633 թ. Բիւզանդիայի կայսրութեան ճնշման տակ ընդունեց Քաղկեդոնական դաւանանքը, որը տեւեց մինչեւ 726 թւական: Այդ որոշումը կայացրեց Եզր Ա. Փառաժանակերտցի կաթողիկոսը, որը մի խումբ հոգեւորականներ չնդունելով, չեն ենթարկւել որոշմանը եւ պայքարել են Քաղկեդոնութեան դէմ: Ըստ երեւոյթի Սամէղը նպատակ ունենալով հաստատել կաթողիկոսի որոշումը, սոյն երկլեզու ծածկագիր արձանագրութիւնը թողել է յատկապէս Աւանի Ս.Աստւածածին եկեղեցու պատին, որը 6-րդ դարի վերջին Հայ Քաղկեդոնական եկեղեցու կաթողիկոսանիս տաճարն է եղել: Իսկ ծածկագիր գրելու պատճառը, մի գուցէ այն չը վնասելու նպատակով էր:
Շահեն Հովսեփյան