1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։
Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը ուշ գիշերին:
ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը:
ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին:
Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց.
Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին:
Աղբյուր՝ armradio.am