ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայաստանի տեսարժան վայրեր-Խնձորեսկ
Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2260 մարդ, ինչն աճել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1992)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772, 8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։ «Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։ Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։ Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։ Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։ Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, XIX դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։ Խինզիրակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: