ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Մահալաթի Աթեշքուհ լեռան ատրուշանը
Մահալաթ քաղաքի Աթեշքուհ լեռան լանջին գտնվող ատրուշանը Իրանի Մարքազի նահանգի ամենամեծ պատմական շինություններից է: Ատրուշանի կառուցման թվականը վերագրվում է Սասանյանների դարաշրջանին։ Կառույցը բաղկացած է 3 հատվածից՝ Արևելյան սրահ, Արևմտյան սրահ և Միջանցք։ Ատրուշանի գլխավոր կամ արևելյան սրահը, որը հավանաբար եղել է կրակարանն ու աղոթավայրը, ներառում է քառակուսի սրահ՝ պատրաստված քարե և շաղախե 4 ամուր սյուներով։ Ատրուշանում կրակ վառելու համար նախատեսվել էր մի վայր։ Կառոյցը գտնվում է մի կանաչապատ վայրում։ Ներկայումս ատրուշանը հիմնովին քանդվելու վտանգի տակ է գտնվում։ Այս պատմական շինությունը 1938 թվականի նոյեմբերի 12-ին, 311 համարի ներքո գրանցվել է որպես Իրանի պատմամշակութային ժառանգության մաս։ Աթեշքուհ լեռան լանջին գտնվող այս ատրուշանում, որը Մահալաթ քաղաքի տեսարժան վայրերից է համարվում և գտնվում է Աթեշքուհ գյուղում, այժմ կրակ չի վառվում։ Տաճարից մնացել են ավերակներ և միայն դրա սյուներն են կանգուն։ Ատրուշանը գտնվում է Նիմվարից Դելիջան տանող ճանապարհից 5 կմ և Մահալաթ քաղաքից 13 կմ հեռավորության վրա՝ Աթեշքուհ գյուղի մոտակայքում, Աթեշքուհ լեռան լանջին և համանուն գետի կողքին։ Այն զբաղեցնում է մոտ 600 քմ տարածություն։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: