ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը և Հայաստանը պետք է բարձրացնեն միմյանց ճանաչողության մակարդակը. Իրանի դեսպանի հարցազրույցն «Արմենպրես»-ին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարամյակների պատմական առնչություններ ունեցող երկու հարևան և բարեկամ ազգերը՝ հայերն ու իրանցիները, այս տարի՝ 2022 թ. փետրվարի 9-ին, նշում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Այս կարևոր տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար:

Video Player
 

Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը պետք է հասնի քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին:

 
 

«Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը», - ասաց Իրանի դեսպանը՝ շեշտելով, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:

Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորում է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:

«Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», - շեշտում է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:

Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:

Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դիվանագիտական առաքելություն է իրականացնում Երևանում մոտ երկու տարի: Նա Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2020 թ. հունվարի 22-ին, իսկ իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2020 թ. փետրվարի 4-ին՝ փոխարինելով դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

Աբբաս Բադախշան Զոհուրին քաղաքագետի կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում: Իրանի արտգործնախարարությունում սկսել է աշխատել որպես փորձագետ 1993 թվականից: Մինչ Հայաստանում նշանակվելը 59-ամյա դիվանագետը եղել է Համբուրգում Իրանի գլխավոր հյուպատոսը, այնուհետև՝ ԻԻՀ ԱԳՆ Կրթության և ադմինստրացիայի գլխավոր վարչության պետը:

Զրույցի սկզբում դեսպան Զոհուրին մեր խնդրանքով խոսեց իրանական հարուստ պոեզիայի և իրանցի հռչակավոր բանաստեղծների մասին, որոնց ուղերձը, դեսպանի խոսքով, համամարդկային է և լսելի բոլոր ժամանակաշրջաններում:

Սիրված պոետների հարուստ գրականությունից դեսպան Զոհուրին առանձնացնում է Սաադիի՝ համամարդկային և հումանիստական վեհ գաղափարներ քարոզող հետևյալ տողերը.

«Մարդիկ սերում են միևնույն մարմնից

Եվ նույն շաղախից են՝ արարչական.

Եթե մեկ անդամ ցավի աշխարհից,

Հանգիստ չի մնա և ոչ մի անդամ»:

--------------------------------------------------------------------------

- Բարև Ձեզ, պարոն դեսպան:

- Բարև Ձեզ, ինչպե՞ս եք:

- Շատ լավ: Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու և հարցազրույցի մեր առաջարկն ընդունելու համար:

- Շատ լավ: Ես էլ Ձեզնից եմ շնորհակալ:

- Պարո՛ն դեսպան, հայ և իրանցի ժողովուրդները հազարամյակների շփումներ ունեն, սակայն որքան էլ առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ թվա՝ այդուհանդերձ, հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 30 տարի առաջ են հաստատվել: Այդ առիթով ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, և քաղաքական հարաբերությունների ի՞նչ բազայով են, ըստ Ձեզ, Հայաստանը և Իրանը մոտենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարեդարձին:

­- Շատ բարի: Հանուն բարեգութ և գթասիրտ Աստծո: Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականություններից է բոլոր հարեւանների հետ համագործակցության խթանումն ու ընդլայնումը: Իրանի և Հայաստանի ժողովուրդները ունեն պատմական երկարամյա հարաբերություններ, և դա հիմք է հանդիսանում պատշաճ հարաբերություններ ունենալու և այդ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Երկու կողմերն էլ այն կարծիքին են, որ հարաբերությունները կարող են առավել զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի՝ հատկապես տնտեսական ոլորտում, որը պետք է հասնի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին: Հատկապես այս ոլորտում մենք պետք է կարողանանք ավելի արդյունավետ և լայն համագործակցել:

Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը: Այս առումով պետք է ավելացնենք պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը, և երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ գործունեություն ծավալի: Երկու երկրների ազդեցիկ և մտավորական խավերը միմյանց ճանաչելու նպատակով պետք է փոխադարձ այցեր իրականացնեն և շփվեն միմյանց հետ, պետք է զարգացնել հանրային կապերը, ավելի արդյունավետ օգտագործել կազմակերպվող ցուցահանդեսների հնարավորությունները:

Բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, մեծ խոչընդոտներ գոյություն չունեն, և մենք պետք է ուղեգծեր սահմանենք բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

- Շատ կարևոր և ճիշտ նկատառում էր, պարոն դեսպան, որովհետև երկար տարիներ հայ և իրանցի փորձագետները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները միշտ ասում են, որ քաղաքական հարաբերությունները գերազանց են, շատ բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական հարաբերությունները և առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում այդ մակարդակին: Ի՞նչն է պատճառը: Շուկա՞ն է փոքր, թե՞ ճանապարհների կամ այլ խնդիրներ կան:

- Տպավորությունս այնպիսին է, որ մենք տնտեսական հարաբերությունները խթանելու համար անհաղթահարելի խոչընդոտներ չունենք: Առևտրատնտեսական շրջանառությունը տեղի է ունենում որոշակի ֆիզիկական և իրավական համատեքստում: Ֆիզիկական ոլորտում, այո՛, տրանսպորտային ուղիները շատ կարեւոր են: Կարևոր են նաև տնտեսական համաձայնագրերն ու կանոնակարգերը: Տրանսպորտային առանցքային հարցերում կարևոր են ճանապարհների որակը և ճանապարհների օգտագործման կանոնակարգերը, այդ թվում ճանապարհային տուրքերի հարցը: Ուրախալի է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում այս խնդիրներին: Մենք ևս Իրանում ունենք նմանատիպ մոտեցում և փորձում ենք բացահայտել ու վերացնել իրանական կողմում առկա հնարավոր խոչընդոտները՝ առևտրատնտեսական հարաբերությունների գործընթացը առավել դյուրացնելու  համար:

Տնտեսության օրակարգում ընդգրկված են նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև լավ հարաբերությունների ձևավորման հարցը, ինչին կրկին կնպաստի փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և մասնագիտական նիստերի անցկացումը:

Պետք է խոստովանենք, որ անցած տարիներին երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, առանց որևէ լուրջ խոչընդոտների, երկու կողմում էլ դանդաղ է ընթացել: Համենայն դեպս, մենք եղել ենք ու կլինենք հարևաններ:

Հաջորդ խնդիրը վերաբերում է երկու երկրների միջև անավարտ մնացած նախագծերին: Օրինակ, ավելի քան երկու տասնամյակ է, ինչ քննարկվում է երկու երկրների միջև ճանապարհների վիճակի հարցը, և երկու կողմերն էլ ընդունել են, որ երկու երկրների միջև ճանապարհը պետք է բարեկարգվի: Այն նախագծերը, որոնց իրագործումը երկու կողմերն էլ անհրաժեշտ են համարում, պետք է ավելի արագ ավարտին հասցվեն:

- Հիմա նաև խոշոր նախագծերին էլ կանդրադառնանք, բայց մինչ այդ՝ տրանսպորտային կապերի հարցը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա: Սյունիքում նախորդ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական սահմանապահների առաջացրած խնդիրներից հետո (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում հիմա արդեն ադրբեջանական մաքսակետեր են տեղակայվել) ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Սյունիքում անցնող տրանսպորտային հաղորդակցության վիճակը, և գոհացնո՞ւմ է արդյոք իրանական կողմին այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը: Երկուստեք ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ճանապարհային խնդիրները լուծելու համար:

Բոլոր երկրներն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու տարբեր ուղիներ են փնտրում: Այդ իսկ պատճառով Հայաստանի տարածքով երթուղիները մեզ համար շատ կարևոր են: «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս – Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար:

Իրանի հարավային նավահանգիստներից մինչև Հայաստանի սահման համապատասխան երկաթուղային ուղիներ և մայրուղիներ կան, և օրակարգում է գտնվում այդ երթուղիների հետագա ընդլայնման հարցը: Երկու երկրների սահմանից մինչև Քաջարան ընկած հատվածի հարցում երկու կողմերն էլ համաձայնել են, որ ճանապարհը պետք է բարեկարգվի, և մենք պատրաստ ենք այդ նախագծին հնարավոր մասնակցություն ցուցաբերել:

Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սեւ ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլեւ այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար:

Մենք պետք է ուշադրություն դարձնենք Իրանը Հայաստանին միացնող երկաթուղային տարբերակին՝ հատկապես տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանակում: Որովհետև մենք մինչև Ջուլֆա երկաթգիծ ունենք, և եթե ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունը վերջնական տեսքի բերվի և կյանքի կոչվի՝ Երևանի հետ կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային գծով:

Պետք է ընդգծեմ, որ մենք կարևորում ենք Նորդուզի սահմանից Սյունիքի մարզով դեպի Երևան տանող ցամաքային ճանապարհը: Սա մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին է: 2020 թ. պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մենք Գորիս–Կապան ճանապարհահատվածում երթուղու խափանումների ականատես եղանք: Հայաստանի կառավարությունը այլընտրանքային երթուղի ստեղծելու համար մեծ ջանքեր գործադրեց, և իրանական բազմաթիվ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ օգտվում են Տաթևի այլընտրանքային ճանապարհից: Տաթև-Գորիս ճանապարհահատվածում կան որոշակի խնդիրներ, ինչը երբեմն խոչընդոտում է կցորդով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությանը: Մենք ուշադիր հետևում ենք Տաթև-Լծեն ճանապարհի նախագծի իրագործմանը և հուսով ենք՝ այդ նախագծի աշխատանքները գարնանը կավարտվեն, ինչի շնորհիվ լուծում կստանան ընթացիկ խնդիրները:

- «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը Իրանի առաջարկած խոշոր նախագծերից է, որին մասնակցում է նաև Հայաստանը: Ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի մի քանի հանդիպում է արդեն տեղի ունեցել: Ձեր տեղեկություններով՝ ե՞րբ է գործնական փուլ մտնելու այս նախագծի իրականացման գործընթացը:

- «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի շուրջ արծարծվող հարցերից են անդամ երկրների մասնակցությամբ անցկացվող նիստերն ու քննարկվող փաստաթղթերը: Նախատեսվում է փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու նպատակով հաջորդ հանդիպումը անցկացնել Բուլղարիայի հյուրընկալությամբ: Երկրորդ խնդիրը երթուղու երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն է, ամենակարեւորներից է Հայաստանի տարածքով «Հյուսիս – Հարավ» ճանապարհի հատվածներին առնչվող նախագիծը: Հուսով ենք շուտով ականատեսը կլինենք ծրագրի ֆինանսավորման հստակեցմանը և իրականացմանը:

- Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը այս միջանցքում որպես տարանցիկ երկիր, ի՞նչ օգուտներ կարող է ստանալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական իմաստով:

Իրանում ունենք օգտագործման համար հարմարավետ երթուղիներ, հատկապես երկաթուղային լայն ցանց: Հայաստանի տարածքում մնացած հատվածը կառուցելու դեպքում կբարձրացվի հայկական երթուղու գրավչությունը: Հայաստանի դիրքը միջազգային առևտրատնտեսական ակտիվության քարտեզներում կբարելավվի: Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները:

- Հնդկաստանը արդեն մասնակցո՞ւմ է ծրագրին, թե՞ պատրաստակամություն է հայտնել միանալու:

- Բոլորս գիտենք, որ վերջերս Հնդկաստանի արտաքին գործերի նախարար պարոն Ջայշանքարը առաջին անգամ Հայաստան այցելեց, և այս հարցը Հայաստանի պաշտոնյաների հետ զրույցի թեմաներից մեկն է եղել: Սա ցույց է տալիս, որ Հնդկաստանը հետաքրքրված է այս հարցով:

- Նախիջևանի երկաթուղու մասին Դուք արդեն խոսեցիք: Այս թեմայով պաշտոնական վերջին տեղեկությունն այն է, որ ինչպես դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն էր տեղեկացրել՝ կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ Հայաստանը երկաթուղով ճանապարհ կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ինչպե՞ս եք գնահատում Նախիջևանով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը և առհասարակ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման շուրջ քննարկումները, որ ընթանում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով:

- Նախքան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրները Իրանի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղին ակտիվ էր, և երթուղին ենթակառուցվածքային առումով պատրաստ է, թեև ավելի լայն օգտագործման համար կարող է՝ չնչին աշխատանքների անհրաժեշտություն լինի: Եթե Նախիջևանի և Երևանի միջև ապաշրջափակման գործընթացը տեղի ունենա, ապա Իրանի և Հայաստանի միջև կունենանք կարճ և արագընթաց երկաթուղային ճանապարհ: Ողջունելով ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցությունները՝ մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս երթուղիով երկաթուղային հաղորդակցություն հաստատելու համար:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:

- Իսկ ինչպե՞ս է առհասարակ պաշտոնական Թեհրանը վերաբերվում տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, գործընթացներին, այդ թվում՝ երկաթուղու բացմանը, և քաղաքական առումով որչա՞փ հավանական եք համարում Նախիջևանի երկաթուղու բացումը:

- Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, որն իրականցվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք նման ապաշրջափակման գործընթացին և կողջունենք հարևան երկրների պայմանավորվածությունները: Երկխոսությունը պետք է փոխարինի բռնի մեթոդներին:

 

- Պարո՛ն դեսպան, նախորդ տարվա լարվածությունից հետո ի՞նչ վիճակում են այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ըստ Ձեզ՝ դրանք ի՞նչ աստիճանի են ազդում հայ-իրանական հարաբերությունների և ընդհանուր տարածաշրջանի կայունության վրա:

- Իրանի հատկապես ներկայիս կառավարության քաղաքականությունն է՝ նպաստել ու ընդլայնել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Երբեմն թյուրիմացություններ են առաջանում հարեւան երկրների հարաբերություններում: Բարեբախտաբար, Իրանի և Ադրբեջանի միջև ծագած հարցերը լուծվել են, և մենք հետևում ենք, որպեսզի տրամաբանական և ճանաչված սկզբունքների և կանոնների շրջանակում հարաբերություններ հաստատենք մեր հարևանների հետ:

Իհարկե, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր հարևանները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանում խնդիրներ ստեղծելու նպատակ հետապնդող արտաքին դավադրություններին, հատկապես՝ Իսրայելի վարչակարգի կողմից:

Ձեր հարցի վերջին հատվածի վերաբերյալ պետք է նշեմ, որ որևէ հիմք չկա մտածելու, թե Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններում ծագած խնդրի լուծումը նշանակում է անտեսել Հայաստանի հետ կարևոր հարաբերությունները:

- Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ նաև հետպատերազմական ցնցումներ էին լինում, պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի նախորդ արտգործնախարար Մոհամադ Զարիֆի, մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է Իրանի համար: Կարո՞ղ եք արդյոք այժմ վերահաստատել այդ դիրքորոշումը: Եվ այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումները և ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրադադարի խախտումները:

- Կրկնում եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հարգվեն: Երկրների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Լարվածությունն ու հակամարտությունները վնասից բացի այլ բանի չեն հանգեցնում կողմերին:

- Ինչպե՞ս եք գնահատում Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի՝ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած առաջին հանդիպման արդյունքները: Ըստ Ձեզ՝ այն կնպաստի՞ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

- Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ կապված տարածաշրջանային համագործակցությունների զարգացման հետ: «3+3» ձևաչափն իր ուղու սկզբնական փուլում է գտնվում, և դեռ վաղ է գնահատական տալ այդ ձևաչափի կատարողունակության մասին: Հուսով ենք, որ այս հարթակում ներգրավված բոլոր երկրների ջանքերը կնպաստեն դրա հաջողությանը: Իրանը ներկա է եղել առաջին հանդիպմանը, իսկ հաջորդ հանդիպումները ևս պետք է պլանավորվեն: Թույլ տվեք կանխակալ կարծիք չհայտնել: Մենք բոլորս պետք է շարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ հիմնված բոլոր կողմերի համաձայնության և կոնսենսուսի վրա:

 

- Մեկ այլ կարևոր հարց՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության մասին: Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը ի՞նչ օգուտներ կարող է բերել երկու կողմի երկրներին: Իրանը մտադրություն ունի՞ անդամակցելու ԵԱՏՄ-ին:

- Իսլամական խորհրդարանի հավանությամբ Իրանը մոտ երեքուկես տարի առաջ Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրային համաձայնագիր է կնքել: Ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերումը թույլ կտա մեծացնել երկու կողմերի միջև առևտրի ծավալները: Սա այն հարցն է, որը օրակարգում է՝ որպես առեւտրային հարաբերությունների ընդլայնման գործոն:

- Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Քաղաքական ի՞նչ ուղերձ է պարունակում Թեհրանի այս որոշումը՝ հաշվի առնելով Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակը, որի մասին արդեն խոսեցինք:

- Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի քայլը բնական է, և հաշվի առնելով սահմանից մինչև Երևան հեռավորությունը, ինչպես նաև Իրանի աշխարհագրական լայնությունը՝ բնական է, որ յուրաքանչյուր երկիր կարող է մյուս կողմում ունենա դիվանագիտական ներկայացուցչություններ: Անհրաժեշտ էր, որպեսզի մենք Սյունիքի մարզում ակտիվ ներկայություն ունենանք: Որպես կանոն, օրական մի քանի հարյուր իրանական բեռնատարներ են անցնում Սյունիքի մարզի ճանապարհներով: Սյունիքում մենք բազմաթիվ տնտեսական և հյուպատոսական խնդիրներ ունենք, և հաշվի առնելով մեծ հեռավորությունը՝ պետք է ներկայացուցչություն ունենանք Սյունիքի մարզում, որպեսզի տեղում ավելի լավ զբաղվենք խնդիրներով: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք իրանական կողմում «Արաս» և հայկական կողմում «Մեղրի» ազատ գոտիների հետ կապված հարցերին:

- Եվ վերջում վերադառնանք մեր հարցազրույցի հիմնական թեմային՝ Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ինչպե՞ս կբնորոշեք հայ-իրանական հարաբերությունները ավելի պարզ լեզվով և ի՞նչն է Ձեր կարծիքով միավորում Հայաստանը և Իրանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ բազմաթիվ ծրագրեր ենք նախատեսել: Հաշվի առնելով մշակութային և պատմական կապերից բխող կարողությունները՝ մենք կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունը, այդ թվում՝ ակադեմիական և մշակույթի ոլորներում: Իրանն ու Հայաստանը և հատկապես մահմեդական իրանցիներն ու ոչ մահմեդական հայերը խաղաղ գոյակցության լավ օրինակ են, որը կարելի է ներկայացնել ողջ աշխարհին:

- Իսկապես, հայ-իրանական հարաբերությունները միջկրոնական հանդուրժողականության և ինչպես Դուք շեշտեցիք՝ խաղաղ գոյակցության օրինակելի մոդել են:

- Սա այն կարևորագույն հնարավորությունն է, որը կօգնի մեզ տարբեր ոլորտներում մեկս մյուսին հենվելով՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները:

- Շնորհակալ եմ շատ, պարոն դեսպան, հետաքրքիր հարցազրույցի համար:

- Ես էլ եմ շնորհակալություն հայտնում:

 

 

Հարցազրույցը վարեց  Արամ Սարգսյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: