ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազատության գլուխը ստրուկի մարմնի վրա

Ալեքսիս դը Տոկվիլի խորաթափանց մտքերը հեղափոխության, ժողովրդավարության եւ ազատության մասին

«Ազատության ամենակարճ ճանապարհը բերում է ստրկության ամենավատ ձեւին»: Այդ միտքը պատկանում է Ալեքսիս դը Տոկվիլին՝ ֆրանսիացի մտածողին, ազնվականին, որի համար ընդունելի էին հանրապետությունը եւ ժողովրդավարական կարգերը, եւ որը, միեւնույն ժամանակ, այդ երկուսի վերաբերյալ լուրջ վերապահումներ ուներ՝ հասկանալով, թե դեմագոգների իշխանության գալը ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Մեջբերված ասույթն ընդունված է կոչել «Տոկվիլի ոսկյա օրենք»: Խոսքն այն մասին է, որ երբ չկան ազատության եւ ժողովրդավարության ավանդույթներ (ես այստեղ կկիրառեի «մշակույթ» բառը), նման երկրում ժողովրդավարական բարեփոխումները կարող են վտանգավոր դառնալ եւ, ի վերջո, հանգեցնել բռնապետության վատագույն ձեւին՝ օխլոկրատիային` ամբոխի դիկտատուրային, իսկ դրանից հետո գալիս է «իսկական տիրանիան»՝ միահեծան «առաջնորդով»: Իհարկե, այդ օրինաչափությունների զուտ տեսական «սկզբնաղբյուրն» է Պլատոնի «Պետությունը» (դրա մասին գրել եմ իմ նախորդ վերլուծություններից մեկում)՝ այն տարբերությամբ, որ Պլատոնը կառավարման իդեալական ձեւ էր համարում միապետությունը, իսկ Տոկվիլը 19-րդ դարում, բնականաբար, հասկանում էր, որ պատմական իմաստով հանրապետությանը այլընտրանք չկա: Բայց օխլոկրատիայից դեպի բռնապետություն անցումը երկու հեղինակներն էլ ճիշտ են նկատել, եւ Տոկվիլը դրա հաստատումներն է ստացել իր երկրի պատմական փորձով ու իրադարձություններին հետեւելով: Նախեւառաջ՝ նկատի ունենք երեք հեղափոխությունները, որոնցից առաջինը (1798-93 թթ) նա չէր տեսել՝ դրա մասին իրեն պատմել էին ծնողները (որոնք ինչ-որ հրաշքով խուսափել էին գիլյոտինից), ինչպես նաեւ՝ պատմական փաստաթղթերը: Իսկ 1830 եւ 1848 թվականների հեղափոխությունների ժամանակ նա հանդես էր գալիս ոչ միայն որպես ականատես, այլեւ՝ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի պատգամավոր: Արդեն իսկ վերը շարադրվածից պարզ է, որ նա հեղափոխությունների ջատագովը չէր. Տոկվիլի խոսքերով՝ հեղափոխությունը բաժանում է հասարակությունը երկու մասի՝ «նրանց, ովքեր ոչ մի բան չունեն եւ միավորված են ընդհանուր ատելությամբ, եւ նրանց, ովքեր ամեն ինչ ունեն եւ միավորված են ընդհանուր սարսափով»: Այդքանով հանդերձ՝ նա տեսնում էր հեղափոխությունների պատմական անհրաժեշտությունը եւ ոչ մի համակրանք չուներ նաեւ ռոյալիստների՝ թագավորական իշխանության ռեստավրացիայի կողմնակիցների հանդեպ՝ հասկանալով, որ վերջիններիս գնացքն արդեն գնացել է:

Տոկվիլի տեսությունն իր փայլուն հաստատումն է ստացել 1848 թվականի հեղափոխության եւ դրան հետեւած իրադարձությունների ժամանակ: Այդ հեղափոխության ամենակարեւոր հետեւանքներից մեկն այն էր, որ Ֆրանսիայում առաջին անգամ ընտրական իրավունքը դարձավ «համընդհանուր» (այդ բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ խոսքը 20 տարեկանը լրացած տղամարդկանց մասին է՝ կանայք դեռ երկար ժամանակ զրկված էին ընտրելու իրավունքից): Տոկվիլը հասկանում էր, որ դա մի կողմից ժողովրդավարության խոշոր նվաճում էր, իսկ մյուս կողմից՝ շատ վտանգավոր քայլ: «Ներմուծելով համընդհանուր ընտրական իրավունք, նրանք (այսինքն՝ հեղափոխականները – Ա.Ա.) կարծում էին, որ ժողովրդին դրդում են պաշտպանել հեղափոխությունը, բայց իրականում նրանք զանգվածներին զենք են տվել, որը կարելի է օգտագործել հեղափոխության դեմ», – գրում էր նա այդ տարիներին: Եվ շատ արագ պարզվեց, որ «լիբերալ արիստոկրատը» միանգամայն իրավացի էր: Բայց մարտավարական առումով նա իր քաղաքական գործունեության մեջ մի կարեւոր բացթողում թույլ էր տվել: Տոկվիլը Ֆրանսիայի նոր սահմանադրության նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամ էր: Այդ հանձնաժողովի ընդհանուր տրամադրությունն այն էր, որ հանրապետության նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, ինչին մեր հերոսը դեմ էր՝ ենթադրելով, որ այդպիսով նախագահը կդառնա միապետի նման մի բան: Բայց, քանի որ նախագահի կարգավիճակի վերաբերյալ իր տեսակետը չանցավ, նա համոզեց հանձնաժողովին, որ երկրի ղեկավարը հնարավորություն ունենա ընտրվելու միայն մեկ ժամկետով: Տրամաբանությունը պարզ էր. եթե ժողովուրդը մի անգամ սխալվել է, նա չպիտի տարբերակ ունենա երկրորդ անգամ նույն հիմարությունն անելու: Բայց այդ կետը հետագայում ծառայեց ժողովրդավարության եւ հանրապետության դեմ: 1849 թվականին առաջին «համընդհանուր եւ համաժողովրդական» ընտրություններով նախագահ ընտրվեց Լուի Բոնապարտը՝ Նապոլեոնի զարմիկը, մի անձնավորություն, որի մասին Տոկվիլը խիստ բացասական կարծիք ուներ: Ինչու էին ընտրողները նրան ձայն տվել: «Նրան ձայն տվեցին թե՛ լիբերալները, թե՛ դեմագոգները (այդպես էր Տոկվիլն անվանում սոցիալիստներին – Ա.Ա.) եւ թե՛ լեգիտիմիստները (պահպանողականները – Ա.Ա.), որովհետեւ ազգը նման էր ոչխարների նախրի, որն իրեն գցում էր այս կողմ եւ այն կողմ՝ չտեսնելով ճանապարհը», – բացատրում է մտածողը, ըստ որի, նոր նախագահը չուներ մտավոր համապատասխան մակարդակ եւ հմտություններ՝ երկիրը ղեկավարելու համար, բայց փոխարենն օժտված էր անսահմանափակ իշխանատենչությամբ, ատելով ատում էր ներկայացուցչական մարմինները եւ չէր ցանկանում որեւէ մեկի հետ իր միանձնյա իշխանությունը կիսել: Շրջապատն էլ «ազգային առաջնորդին» համապատասխան էր. այն «բաղկացած էր խավարասերներից, արկածախնդիրներից եւ ծառայամիտներից», – տեղեկացնում է մեզ հեղինակը: Եվ ահա եկավ մի պահ, երբ Լուի Բոնապարտը պահանջեց խորհրդարանից, որ երկրորդ ժամկետով վերընտրվելու սահմանափակումը վերացվի: Ազգային ժողովն այդ պահանջը մերժեց, եւ «համաժողովրդական» քվե ստացած նախագահը սկզբից լուծարեց խորհրդարանը, իսկ հետո` 1851-ին իրեն կայսր հռչակեց: Նապոլեոն Երրորդը երկրում հաստատել էր ոստիկանապետություն եւ, ինչպես ասում են, «իշխում էր երկար եւ երջանիկ», մինչեւ որ 1871 թվականին, չափազանց անտաղանդ ռազմական ղեկավար լինելով, խայտառակ պարտություն կրեց Պրուսիայից, գերի հանձնվեց ու այլեւս Ֆրանսիա չվերադարձավ: Իսկ Տոկվիլն այլեւս քաղաքականությամբ չէր զբաղվում, միայն գրում էր: Իր առաջին գիրքը նա գրել էր այդ իրադարձություններից երկու տասնամյակ առաջ՝ գիրքն ամփոփում էր ամերիկյան ժողովրդավարության ուսումնասիրության իր փորձը: Իսկ երկրորդը գրվել էր 1850-ական թվականներին եւ կոչվում էր «Հին կարգերն ու հեղափոխությունը»: Ավարտեմ այդ գրքից մեջբերումով. «Երբ ֆրանսիացիները ձգտում էին ոչնչացնել բացարձակ իշխանությունը, նրանք սահմանափակվում էին նրանով, որ Ազատության գլուխը դնում էին ստրուկի մարմնի վրա»:  

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: