ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հարցազրույց Ռուբեն Մեհրաբյանի Հետ(2)

« Մեր Ուղին»ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

– Շատ քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ համաձայն լինելով հանդերձ, որ ռուսներից օր առաջ ազատվել է պետք, գտնում են, որ այս պահին դա անհնար է՝ պայմանավորված բազմաթիվ հայտնի գործոններով: Դա իրո՞ք այդպես է, թե ռուսներից մնացած «ահի» հոգեբանական մնացորդներն են: – Մեր հասարակության տարբեր շերտերում շրջանառվում են տարբեր, որոշ դեպքերում նաեւ հակամետ խոսույթներ/դիսկուրսներ, ինչը հայկական քաղաքական մտքի հարստությունն է, եւ դա պետք է գնահատել, անկախ նրանից, թե ինչի հետ ենք մենք համաձայն կամ ոչ։ Ձեր նշված հարցադրումը եւս կա, եւ այն ուժգնացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այդ հարաբերություններն անամպ չէին սկսած անկախության առաջին օրերից, երբ ռուսական բանակն էր, որն Էլչիբեյի բանդաների հետ միասին՝ 1992-ի հուլիս-օգոստոսին ներխուժեց եւ գրավեց Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը, էլ չեմ խոսում մինչ այդ, «սովետի» վերջին ամիսներին Արցախում հաստատված՝ ռուս գեներալ Սաֆոնովի հակահայ, հանցագործ, ահաբեկչական ռեժիմը, «Կոլցո» օպերացիաները սովետական Ադրբեջանի տարածքում՝ ադրբեջանական քրեական խաժամուժի հետ միասին։ Հայ հասարակության մեջ հարցերը հստակեցվեցին արդեն 2013-ից, երբ Հայաստանը «բերման ենթարկվեց» ԵԱՏՄ կոչված հակաքաղաքակրթական ախոռը, որտեղ չկա ոչ Եվրոպա, ոչ Ասիա, ոչ տնտեսություն, ոչ էլ միություն, այլ կա միջնադարյան Մոնղոլական հորդային բնորոշ՝ Չինգիսխանի «յասա»-յով առաջնորդվող մի ժողովուրդների բանտ։ Այդ նվաստացումն էր, որ ճանապարհ բացեց Քառօրյա ապրիլյան պատերազմին, նաեւ այն ընկալմանը, որ մեզ պատած այս արատավոր շրջանը պետք է կտրել, այս ճահճի միջից, որի մեջ մենք թաթախվել ենք, պետք է դուրս գալ դեպի քաղաքակրթության լուսավոր ճանապարհ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ թաթախվելն այնքան խորն է, հարակից հանգամանքներն այնքան զորեղ, որ միայն ցանկությունը բավարար չէ։ Իսկ 44-օրյա պատերազմը, որը մեզ դրեց վատթարագույն վիճակի մեջ նաեւ այս համատեքստում՝ էլ ավելի է ընդգծում այդ իրողությունը, որ, նախ, մեզ իրատեսությունը չպետք է դավաճանի եւ, դրան զուգահեռ, չպետք է առաջնորդի վախը, լինի դա թուրքերի, թե ռուսների նկատմամբ։ Եվ շատ կարեւոր է, որ իշխանական պաշտոնյաների՝ հասկանալի կաշկանդվածության պայմաններում հասարակության մեջ գտնվել է այնքան ուժ, որպեսզի իրերը կոչվեն իրենց անուններով։ Նաեւ, մեզ չպետք է լքի իդեալիզմը (չշփոթել ռոմանտիզմի հետ), որը համադրվելով իրատեսության հետ՝ մեր առաջ կհարթի մեր ճանապարհը։ Համենայն դեպս, համոզված եմ, որ դա միանգամայն հնարավոր է, ես հավատում եմ Հայ ժողովրդի ներուժին։ Սա հետեւողական, հույսով եւ հավատով լցված աշխատանք է, որը պետք է կատարվի։ – Երբ մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, շատ է խոսվում ՀԱՊԿ-ԵԱՏՄ-ից պոկվելու և ՆԱՏՕ-ԵՄ գնալու մասին: Հայասատանն ունի՞ այդ հնարավորությունը, և եթե այո, մեզ վրա ի՞նչ կնստի այդ ամենը: – Բացարձակապես ակնհայտ է, որ միայն Հայաստանի ցանկությունը, նույնիսկ եթե այն արտահայտվի պետական մակարդակով՝ բավարար չէ դրան հասնելու համար, այս «փողոցը» երկկողմանի երթեւեկությամբ է։ Օրինակը՝ Վրաստանը եւ Ուկրաինան։ Ակնհայտ է նաեւ, որ ՆԱՏՕ-ն իր ամբողջության մեջ պատրաստ չէ իր շարքերն ընդունել հետխորհրդային երկրներին, նույնիսկ նրանց, ովքեր պետականորեն ուղղակի նվիրված են Դաշինքի գաղափարին եւ սկզբունքների, քանզի նրանք պատրաստ չեն առճակատվելու Մոսկվայի հետ, որն, ինչպես տեսնում ենք, պատրաստ է ամենակոշտ միջոցներով դրան խանգարել։ Մյուս կողմից, հաշվի առնելով այդ իրողությունը, ՆԱՏՕ-ն եւ դրան անդամակցող երկրները միանշանակորեն դեմ են, որպեսզի Մոսկվան օրինականացնի եւ լեգիտիմացնի իր կողմից միջամտության «իրավունքը» հետխորհրդային երկրներում։ Հետեւաբար, այսօր հնարավորությունների «միջանցքը» դա է։ Երբ վաղը իրողությունները կփոխվեն, այդժամ էլ կխոսենք նոր հնարավորությունների մասին։ Սակայն այսօր տեսնում եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանը դիվերսիֆիկացնի/բազմազանեցնի իր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին, անվտանգության, արտաքին տնտեսական, պաշտպանական, միջազգային ռազմատեխնիկակական համագործակցության ճարտարապետությունը եւ բալանսավորի իր՝ ծանրացած միակողմանի կախվածությունը «դարավոր բարեկամից»։ Բայց նախանշաններ չեմ տեսնում, թե նման քաղաքական որոշում է ընդունված։ Իսկ սա, նախ եւ առաջ, մեր իշխանության գլխավոր առաջնահերթությունների շարքում պետք է լինի։ – Մի քանի տարի հետո լրանում է ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը: Եթե Ադրբեջանը նոր գին պահանջի ռուսներից, նրանք ինչքա՞ն են պատրաստ զիջելու Հայաստանի հաշվին: Ո՞րը պիտի լինի մեր գործողությունն այսօր այդ առևտրում չճզմվելու համար: – Անշուշտ, չորս տարուց պակաս ժամանակահատվածը պատմականորեն չնչին է, սակայն, հաշվի առնելով, թե ինչ արագություններով է ամեն ինչ փոխվում եւ դեռ կարող է փոխվել, դժվար է, գուցեեւ անիմաստ՝ ընկնել կանխատեսումների գիրկը։ Սակայն, բացարձակապես ակնհայտ է, որ մեր վարքն այդ «իքս» պահին պայմանավորված է լինելու նրանով, թե մենք մեր ներքին՝ տնային աշխատանքը երկրի ներսում ինչպես ենք կատարել։ Քանզի դրանով է պայմանավորված լինելու մեր դիմադրողականությունը եւ սեփական շահերը հետապնդելու կարողությունները։ Բաքուն չի էլ թաքցնում, որ ցանկանում է օր առաջ նախկին սովետական Ադրբեջանի տարածքում «վերջնականապես լուծել Հայկական հարցը», այնպես, ինչպես դա արեցին նացիստները հրեաների նկատմամբ Գերմանիայում (ի դեպ, եզրույթը նրանցն է), այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ողջ Ադրբեջանում, եւ այն, ինչ մնացել է Արցախից՝ միակ բացառությունն է։ Ակնհայտ է, որ ռուսական զորքը դիտարկվում է որպես դրա թիվ մեկ խոչընդոտ։ Ուստի մենք պետք է առավել արդյունավետությամբ այդ ժամանակահատվածն օգտագործենք՝ հավելյալ երաշխիքներ ձեւավորելով Արցախի համար։ – Ի՞նչ կասեք անընդհատ շրջանառվող 3+3, այնուհետև 3+2-ի մասին, հատկապես, որ օրերս Վրաստանի պահվածքը բավական մեծ հավանության է արժանացել մեր հասարակության կողմից: – Դա մի դեռեւս չձեւավորված հարթակ է, որն իբր կոչված է տարածաշրջանային հարցերով բանավեճերը հանգուցալուծման տանելու համար, իր ձեւաչափով դա նույն՝ Կարսի եւ Մոսկվայի հանցավոր պայմանագրերին է կրկնում, եւ իրականում կոչված է Արեւմուտքին տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելուն, Հայաստանի եւ Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելուն եւ Հարավային Կովկասում Ադրբեջանի անվերապահ գերակայությունը՝ ռուս-թուրքական «տանիքի» ներքո ապահովելուն։ Բնականաբար, միանգամայն հասկանալի է, որ Վրաստանն, ունենալով առանձնաշնորհյալ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ պետք է մերժեր այդ անպարկեշտ առաջարկությունը, ինչն անվերապահ հավանության պետք է արժանանար հայ հասարակության քաղաքականացված սեգմենտում։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը, դուռը չշրխկացնելով, այնուամենայնիվ, հայտարարել է, որ չի քննարկելու այդ ձեւաչափում հարցեր, որոնց քննարկելու տեղն այլ ձեւաչափեր են։ Անշուշտ, դա իր մեջ որոշակի դժվարություններ է պարունակելու, հաշվի առնելով ցինիզմի այն ծավալը, որն առկա է Անկարայում եւ Մոսկվայում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է տեր կանգնել իր իսկ որդեգրած սկզբունքին եւ իր իսկ համար հավելյալ դժվարություններ ապագայի համար չստեղծել։ – Ինչպես հայտնի է ռուսները պատրաստակամ են օգնելու թուրքերին TF-X հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու հարցում, ինչպես նաև շարունակելու են վաճառել հակաօդային C-400 համակարգեր ու նաև դրանց համար նախատեսված պաշտպանական լրակազմեր: Միևնույն ժամանակ ռուսներից զենք գնելու պատճառով F-35-ի ծրագրից դուրս մնացած թուրքերն ամեն դեպքում օգտվում են ամերիկյան աջակցությունից, որոնք հայտարարել են, որ Թուրքիայի սահմանը՝ ՆԱՏՕ-ի սահմանն է ու պատրաստակամ են արդիականացնել թուրքական ողջ ավիացիան: Մենք ի՞նչ պահվածք պիտի դրսևորենք այս պարագայում: – Իհարկե, մենք չէ, որ պետք է Վաշինգթոնին եւ Անկարային, նաեւ Մոսկվային բացատրենք, թե ո՞րն է իրենց շահը։ Ակնհայտ է, որ գնում է մեծ առեւտուր, որտեղ խաղադրույքները չափազանց բարձր են։ Բնականաբար, մեր շահերից է բխում, որպեսզի Թուրքիան մնա ԱՄՆ-ի ուղեծրում, քանզի դա ամենավճռական զսպող գործոնն է, որն Անկարայի նկատմամբ կարող է գոյություն ունենալ։ Եւ իհարկե, ռուս-թուրքական այս տեւական եւ խորը գնացող սիրախաղը խիստ վտանգավոր է մեզ համար։ Սրան համարժեք պահվածքը տեսնում եմ, կրկին, նրանում, որ Հայաստանն օր առաջ դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները, առաջին հերթին՝ խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ընդհանուր արժեքային հենքի վրա, «Ռազմավարական երկխոսություն» կոչվող ձեւաչափով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին օժտի ռազմավարական բովանդակությամբ։ – Սահմանազատման ու ապառազմականացման խոսելիս, մարդկանց ամենից շատ մտահոգում է միջանցք/ճանապարհ կոչվածն ու դրա հետևանքները: Մեր հասարակությունը չի վստահում այդ միջանցք/ճանապարհին և առ ոչինչ է համարում Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին կապվելու ապագան: Ստացվում է, որ թուրքերը օգտագործելու են իրենց հնարավորությունը, իսկ մենք՝ ոչ: Ինչպե՞ս է դասավորվելու մեր ծրագրերը այդ հարցի շուրջ: – Պաշտոնական Երեւանն այստեղ որդեգրել է միանշանակ եւ սկզբունքային դիրքորոշում, ըստ որի՝ որեւէ լուծում, որը ենթադրում է հայկական ինքնիշխանության որեւէ սահմանափակում որեւէ հայկական տարածքում՝ անընդունելի է։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը համոզված կերպով միտված է փոխադարձության սկզբունքով բոլոր հաղորդակցությունների, առաջին հերթին՝ երկաթուղու ապաշրջափակմանը։ Այստեղ, բնականաբար, տեղ չունեն մերկապարանոց հռչակագրերը կամ դատարկ խոստումները, եւ փոխադարձ պարտավորությունները պետք է փաստաթղթավորվեն եւ ֆիքսվեն այնպես, որ տարընթերցումների հնարավորություն իսկ չմնա։ Համոզված եմ, որ այս որոշումը բխում է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի շահերից, ուստի կան բոլոր հիմքերը համարելու, որ հաջողության նախադրյալներն առկա են։ – Ո՞րն է լինելու մեր տրամաբանությունը Արցախի հետագա ճակատագրի հետ կապված: – Այստեղ հակիրճ կլինեմ։ Արցախը պետք է լինի, մնա եւ շարունակի զարգանալ, որպես հայկական տարածք, որտեղ պետք է լինի հայկական, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն։ Մնացած հարցերն ածանցվում են այս տեսլականից։ – Ո՞րն եք համարում այս պահին ամենամեծ խնդիրը, որը քանի դեռ լուծված չէ, թույլ չի տալու մյուս խնդիրները ևս լուծել: – Լինելով համոզված ինստիտուցիոնալիստ, պետք է շեշտեմ, որ գլխավոր խնդիրը՝ մեր պետական եւ հասարակական ինստիտուտների կայացած չլինելն է։ Այո՛, երեսուն տարին, ինչպես պարզվում է, բավարար չէ լիարժեք հասարակական-պետական կյանքը լավ պատկերացնող հասարակություն ունենալու համար։ Մեր կրթական համակարգը ե՛ւս դեռ ունակ չէ այդ խնդիրը լուծել պատշաճ կերպով։ Այո՛, խնդիրը՝ հասարակական-պետական կյանքին պատրաստ քաղաքացին է, որոնք կան, բայց դեռ քիչ են։ Առանց այդ խնդիրը լուծելու՝ մնացյալ խոսակցությունները դառնում են անիմաստ, իսկ տարրական հարցերի լուծումները չարդարացված չափով մեծ ջանք եւ ռեսուրս են խլելու մեզանից։ Ահա՛ դրանից պետք է սկսել, եւ այդ առումով կրթական համակարգի բարեփոխումների մասին որոշումները համարում եմ ռազմավարական կարեւորության, ոչ պակաս, քան մեր զինված ուժերինը կամ այլ ոլորտի։ mer-oughin.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: