ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հարցազրույց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի Հետ(1)

« Մեր Ուղին»ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

-Պարոն Մեհրաբյան, Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքին քաղաքական որակը, եթե համեմատենք 2020 և 2017թթ. հետ: Որո՞նք են հիմնական որակական տարբերությունները:

– Նախ, Ձեր պարբերականին առաջին հարցազրույցիս առիթով ուզում եմ ողջունել Ձեր խմբագրակազմին եւ լսարանին, շնորհակալությունս հայտնել նման հնարավորության համար։ Անցնելով բուն հարցի էությանը, պետք է ասել, որ որակի առումով մեծ փոփոխություններ կան 2020 և 2017թթ իրավիճակների միջեւ, եւ ըստ էության, չէր էլ կարող այդպես չլինել, քանզի քաղաքական դասը Հայաստանում 2018-ի հեղափոխության բերումով ենթարկվում է մասշտաբային քաղաքական սերնդափոխության։ Դա իր հետ բերում է միանգամայն այլ շարժառիթների մի ընդհանրություն, որը որակապես տարբերվում է անցյալից։ Ներկայիս քաղաքական դասը միտված է կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, կա կոնսենսուս, որ առկա իրերի դրությունը երկրի զարգացման համար խոչընդոտ է, եւ այն պետք է փոխվի, արդիականացվի։ Այլ է հարցը, որ միայն ցանկություն կամ շարժառիթ ունենալը բավարար չէ խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ են գիտելիքներ, փորձ, անհատական տվյալներ, քաղաքական կամք, հետեւողականություն, համակարգային մոտեցում եւ մտածողություն։ Ահա այդտեղ մենք ունենք լրջագույն չլուծված խնդիր։

– Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ներկայիս ԱԺ-ում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած իրար հետ խոսելու կուլտուրայի բացակայությունից մինչև հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել, նիստ հրավիրել և այլն: ԱԺ-ում հիմա իրար ավելի շատ են ծեծում ու հայհոյում, քան առաջ: Ո՞րն է դրա խորքային պատճառը:

– Հեռու եմ այն մտքից, որ պետք է բոլոր խնդիրներն, այդ թվում Ձեր կողմից նշված՝ դիտարկել «մեկ զամբյուղում», առանց դրա հիմնական պատճառա-հետեւանքային կապերը նշելու։ Այստեղ մենք ունենք երկու կողմ, որոնք գալիս են խորհրդարան միանգամայն հակառակ շարժառիթներով եւ նպատակներով։ Եթե իշխանական կողմը շահագրգռված է խնդիրներին արդյունավետորեն եւ աստիճանաբար լուծում տալ, ապա մյուս՝ այսպես կոչված «ընդդիմադիր» կազմն առաջնորդվում է «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, ինչը բացառում է որեւէ ընդհանրություններ, որոնք անհրաժեշտ են համատեղ աշխատանքի համար։ Արդյունքում մենք ունենք մի կողմից սադրիչ պահվածք, մյուս կողմից էլ, ինչպես տեսնում ենք՝ շատ դեպքերում նյարդերը տեղի են տալիս։ Անշուշտ, քաղաքացին ականատեսն է դառնում ուրվագծվող պատկերին ամբողջությամբ, եւ հաճախ խորամուխ չի լինում տարբեր պատճառա-հետեւանքային կապերի մեջ, ստանալով ընդհանուր տպավորություն, որը, հասկանալիորեն, հեռու է դրականից։ Այո՛, մենք ունենալու ենք նման պատկեր, քանի խորհրդարանում առկա են ուժեր եւ տարրեր, առերեւույթ արտաքին՝ ոչ բարեկամական սուբյեկտների հետ փոխկապակցված, որոնք կապ չունեն մեր պետության եւ հասարակության շահերի հետ, ավելին, գործում են նրանց դեմ։ Նրանք տարիներով պարազիտանում էին մեր պետության եւ բանակի՝ 1990-94 թթ հաջողությունների վրա, իսկ հիմա նրանք հավակնում են պարազիտանալ նրանց՝ 2020թ անհաջողության վրա, որի «ճարտարապետն» ու «կնքահայրը» եւս նրանք են։ Ավա՜ղ, նախադրյալներ չեմ տեսնում, որ պատկերը կփոխվի մինչեւ նոր ընտրություններ, լինեն դրանք հերթական թե արտահերթ։

– Ներքաղաքական այս վիճակը հաշվի առնելով ինչպե՞ս եք գնահատում արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները:

– Մեր անկախության հռչակումից երեսուն տարի անց մեր պետականությունը բախվում է գոյաբանական մակարդակի մարտահրավերների հետ, եւ իրավիճակը ծանրանում է մի քանի հավելյալ հանգամանքներով։ Նախ, պիտի արձանագրենք, որ միջազգային հարաբերություններում աշխարհակարգը դեգրադացվում է եւ այլասերվում, տեղ բացելով տարբեր կիսագրագետ, հավակնոտ եւ խավարամիտ բռնապետերի ռեժիմների, նրանց լկտիացման համար։ Եվ որպես կանոն, դա տեղի է ունենում ժողովրդավարությունների կամքի կաթվածի, ազատական ժողովրդավարության շարունակվող՝ գլոբալ ճգնաժամի ուղեկցությամբ, տալով այդ ռեժիմներին անպատժելիության պատրանք։ Դրա հետ մեկտեղ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ պատմության աղբանոցում հայտնված Ռուսական եւ Օսմանյան կայսրության ժառանգորդ պետություններում ռուսական եւ թուրքական շովինիզմը դրսեւորվում է առավել հոռի եւ այլանդակ ձեւերով, ստանալով պետական քաղաքականության կարգավիճակ։ Արդյունքում, մեր երկիրը հայտնվել է «ռուսական աշխարհ» եւ «թյուրքական աշխարհ»՝ իրենց էությամբ հետադիմական, հակաքաղաքակրթական, մարդու էությանը դեմ՝ նեոկայսերապաշտական դոկտրիններով պայմանավորված հետաքրքրությունների եւ այդ հենքով՝ նրանց հանցավոր համագործակցության թիրախում։ Հայաստանի անկախության շրջանի քաղաքական վերնախավերը, ցավոք, անցած տարիների ընթացքում դրսեւորել են դրամատիկ կարճատեսություն, մսխելով մեր ներքին կարողությունները, կարճաժամկետ եւ կասկածելի «օգուտների» դիմաց այդ ներուժը նվիրաբերելով Ռուսաստանին եւ անունը դնելով «դարավոր բարեկամություն»։ Մեր ներքաղաքական իրավիճակը, որին անդրադարձանք քիչ վերեւում, զգալիորեն պայմանավորված է հենց այս իրողություններով, եւ դա լրջագույն խնդիր է, քանզի անգամ եղած ներուժը գործարկելու մեծ դժվարություններ է ստեղծում։ Այս հարցի լուծման բանալին, անշուշտ, ե՛ւս մեր ներսում է, սա մշտական պայքար է՝ հանուն քաղաքակրթության եւ բարոյականության, որի ընթացքը եւ արդյունքն է մեծապես կանխորոշելու մեր վաղվա օրը։

– Ադրբեջանցիները մեր իշխանության և ընդդիմության ցանկացած խոսք միանգամից օգտագործում են սեփական քարոզչական նպատակներով, ինչն ավելի է խորացնում հասարակական լարվածությունը: Ինչպե՞ս կարելի է դադարեցնել այդ ամենը:

– Հարցն ինքնին՝ հետեւանք է, նաեւ ածանցյալ՝ այն հարաբերությունների, որոնք կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուստի Ալիեւի ռեժիմի նման պահվածքը ոչ միայն զարմանալի չէ, այլեւ թվում է միանգամայն օրինաչափական։ Այլ է հարցը, թե ինչո՞ւ է հայկական մեդիայի մի բավականին պատկառելի սեգմենտ միտումնավոր կերպով դրսեւորում նման «բարձր ընկալունակություն» Ալիեւյան պրոպագանդայի հանդեպ եւ այդ վնասակար խոսույթները հետ ներմուծում հայկական մեդիադաշտ։ Կարծում եմ, սա մեր հասարակական եւ պետական ինստիտուտների թերի կայացվածության արդյունք է, ինչպես նաեւ՝ մեր իրավաբանների, մեր իրավապահ մարմինների։ Սա խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին չէ։ Օրինակ, դժվար է պատկերացնել, որ, ասենք, 1942 թվականին ժողովրդավարական Բրիտանիայում BBC-ին կհեռարձակեր գեբելսյան պրոպագանդայի տեքստեր, կամ բրիտանական ինչ-որ պարբերական, նույնիսկ խիստ ընդդիմադիր, հենվելով այդ թունավոր նառատիվների վրա՝ կսկսեր թիրախավորել բրիտանական կառավարությանը։ Նման լրատվամիջոցը ուղղակի կգամվեր անարգանքի սյունին, նման պարբերականի «լրագրողներին» կվտարեին բոլոր մասնագիտական համքարություններից, նրանց հետ նույն տարածքում ոչ ոք չէր գտնվի, նրանց չէին էլ բարեւի։ Իրականում, նման դեպքեր եղել են նույնիսկ Բրիտանիայում․․․ Ինչեւէ։ Ասել կուզեմ, որ Ալիեւը չի դադարելու իր արտանետումները, եկեք դրա մասին մոռանանք։ Դա մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք դրա հանդեպ եւ շարժվենք առաջ։ 

– Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում հայ-ռուսական հարաբերությունների միակողմանիության մեջ: Եթե առաջ լայն մասսաների համար շատ տեսանելի չէր ռուսական գործողությունների որոշակի հատված, հիմա շատ-շատերը ռուսներին ոչ միայն դաշնակից չեն համարում, այլև ռուսների գործողությունները որակվում են հակահայկական: Արդյո՞ք պետք էր Արցախյան պատերազմն ու իր հետևանքները, դա հասկանալու համար, թե մեր «հակառուսական» տրամադրությունները պահի տակ արտահայտված հուզմունք են:

– Ռուսաստանը որպես պետություն, որը որպես «մեր դարավոր բարեկամ» է հորջորջվում, բռնազավթված է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից եւ վերածված է իր քաղաքացիների՝ ռուսաստանցիների դեմ սերիական հանցագործությունների գործիքի։ Այդ պետությունն իր բնույթով բարեկամ չէ նույնիսկ ի՛ր ժողովրդին, ուր մնաց բարեկամ լինի մեզ։ Դրան գումարած, արձանագրված է, թե ինչպիսի հանցանքներ է այն գործել Ուկրաինայի, Վրաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների դեմ։ Եվ Արեւմուտքի հետ այսօրվա «գաղափարական» դիմակայության հիմքում հենց այդ ռեժիմի ինքնապահպանման հրամայականն է, իրականում այստեղ գաղափարական ոչինչ էլ չկա, նրանք համոզված շովինիստներ էլ չեն, ըստ էության։ Սակայն, այո՛, նրանք խոսում են հայ ժողովուրդի հետ դարավոր բարեկամության մասին, բայց նրանք ատում են մեր անկախ եւ ինքնիշխան պետականության գոյության փաստն իսկ, եւ ռուսական ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր պետականությունը։ Մեր անկախության տարիներին ոչ մի երկիր, նույնիսկ Ադրբեջանը, մեր ներսից այդ աստիճան եւ այդ ծավալի չի հյուծել մեր ներուժը եւ արտաքին հարաբերություններում չի խափանել մեր պետության դիրքերը, ոնց որ Ռուսաստանն է դա արել եւ շարունակում է անել։ Նրանք ուզում են մինչեւ վերջին հայը «բարեկամություն» անել մեզ հետ, իսկ Ադրբեջանի Ալիեւյան ռեժիմն օգտագործել որպես ծանթ եւ բութ առարկա՝ մեր գլխին խփելու համար, ահա սա է ցավալի իրականությունը։ Բայց եւ այնպես, Ռուսաստանը չափազանց ազդեցիկ իրողություն է մեր իրականության մեջ, որպեսզի այն արհամարվի, պետք է հաշվի նստել այդ իրողության հետ եւ սեփական շահերը պաշտպանել այդ հարաբերություններում։

mer-oughin.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: