ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դիտանկյուն

Ֆիլմարվեստը իշխանության ոլորտում

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Այն օրվանից, երբ միջազգային հռչակի տիրացած կինոաստղ՝ Ռոնալդ Ռիգանը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ, շատ բան փոխվեց դիվանագիտության մասին, մինչ այդ գոյություն ունեցող, մարդկանց պատկերացումներում: Անշուշտ, հիշում եք, թե ինչպիսի սենսացիոն զգացումներ ու հակազդություններ առաջ բերեց անցյալ դարի այս ընտրությունը բովանդակ աշխարհում. հոլիվուդյան ուեստերն (քավբոյական) ֆիլմերի դերասանը՝ աշխարհի մեծագույն պետության պրեզիդե՞նտ...

Այդուհանդերձ, նորմալ ընկալվեց, կամ քչերը զարմացան, երբ նա հաղթեց նաև երկրորդ շրջանի ընտրություններում: Թե' ժողովուրդը և թե' կուլիսների ետևում կանգնածները գոհ էին նրա գործելակերպից: Նրանք մինչև անգամ սիրով ու ներողամտությամբ էին վերաբերվում, երբ նախագահության վերջին օրերին, ծերունազարդ դերասան-պրեզիտենդը երբեմն ննջում էր պաշտոնական միջոցառումների ընթացքում… Հետագային, շատ ավելի նորմալ ընկալվեց նաև արկածային ֆիլմերի դերասան՝ Արնոլդ Շուարթցինեգրի Կալիֆորնիայի նահանգապետ ընտրվելու հանգամանքը: Իհարկե, սկզբում եղան հեգնական արտահայտություններ, բամբասեցին, պարսավեցին, հետո հոգնեցին, լռեցին ու մոռացան. սկսեցին նույնիսկ սիրել, այսինքն՝ ընդունեցին: Ի՞նչ կա, որ՝ չնայած իր մկանուտ բազուկներին ու կոպիտ դիմագծերին, մարդը հիանալի ծառայություններ է մատուցում Նահանգին ու բնակչությանը: Ճիշտ է, ԱՄՆ-ի հաջորդ պրեզիդենտները կամ այլ երկրների պարագլուխները Ռոնալդ Ռեյգենի պես դերասան չէին, բայց օժտված էին մասամբ գեղեցիկ արտաքինով, մարդկանց զարմացնելու հունարով ու դերասանական այլ ընդունակություններով. Քլինտընը, Բուշը, իսկ այլ երկներիում՝  Սարկոզին, ներկայիս կատակերգու Զելենսկին՝ ձեզ օրինակ

Մի խոսքով, մարդիկ հասկացան և համոզվեցին, որ մեր դարում դերասաններն ունեն իշխանավոր դառնալու բոլոր տվյալները կամ՝ հակառակը: Չէ՞ որ, դիվանագիտության կարևորագույն ֆունկցիաներից մեկը՝ սեփական ժողովրդի սանձը միշտ ձգած պահելու մեջ է կայանում (մի քիչ թուլացրիր, կորած ես. դեռ ներքին ահագնացող շարժումները մի կողմ, անմիջապես գործի են անցնում գերմեծերը՝ տվյալ երկրում իրենց ազդեցությունը խորացնելու և շահերը ապահովելու միտումով): Իսկ, ի՞նչն է մեր օրերում ավելի շատ թմրեցնում մարդկանց ուղեղները, եթե ոչ հեռուստակայաններից տարերայնորեն սփռվող տեսահոլովակները, արկածային ֆիլմերը, սերիալները, դրանց արանքում համոզիչ հնչող լուրերը և այլ հասարակական հրատապ թեմաներով մատուցվող հաղորդումները: Զուր չէր, որ Մեծն Բրիտանիայի թագուհին, անտեսելով Լորդերի Պալատի բուռն բողոքն ու ընդդիմությունը, երկրի բարձրագույն շքանշանով պատվեց Բիթըլզներին (“The Beatles”), որովհետև, պատկերացրե'ք, միայն չորս երգիչներից կազմված այդ խումբը երկար ժամանակ այնպես էր զբաղեցրել ու բթացրել անգլիացի երիտասարդության ուղեղները, որ հնարավոր չէր դա անել պետական բիւջեից հատկացվող հսկա ծախսերի գնով՝ կամ որևէ այլ... սցենարի կիրառմամբ: Շքանշանը հո՞ չտրվեց նրանց նոր սանրվածքի կամ վոկալ ընդունակությունների համար... Գուցե ասվի, որ այստեղ խոսքը գնում է ոչ թէ ֆիլմարվեստի, այլ երգարվեստի մասին, սակայն նկատի ունեցեք, որ երգարվեստն էլ դարձել է ինչ-որ ֆիլմ-երգ-արվեստ, որովհետև հիմա ավելի շատ նայում են, քան լսում. այլ խոսքով ֆիլմարվեստը իր դյութական հմայքներով նույնիսկ «չ'երգիչներին» էլ դարձնում է հռչակավոր երգիչներ, որի համար, իրոք, շատ բան պետք չէ. բավական է ունենալ «գլխավոր» հովանավոր, հմայիչ ու ցանկահարույց արտաքին, դերասանական ունակություններ ու հմուտ ռեժիսոր:

Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ամբոխներին հանդարտեցնելու, զսպելու և հլու-հնազանդ դարձնելու հոգեբանական լավագույն միջոցներից մեկը, ըստ ամենայնի, ֆիլմարվեստն է: Տվյալ պարագային, պահանջվում է, որ իշխանավորները լինեն հմուտ սցենարիստներ, կազմակերպիչներ, ռեժիսորներ, երբեմն՝ դերասաններ, իսկ չինովնիկները՝ ֆիլմարվեստին ծառայող օպերատոր- նկարահանողներ, ձայնի ու լույսի պատասխանատուներ, մոնտաժողներ և այլն: Անցան այն ժամանակները, երբ ցանկացած ցեղի առաջնորդ պետք է լիներ զտարյուն ազնվական, զարգացած ու մի գլխով բարձր կանգնած հասարակ ամբոխից: Դե, այն ժամանակ հեռուստացույց,  ինտերնետային կայքէջներ ու հազար ու մեկ ԶԼՄ-ներ չկային: Առաջնայինը առաջնորդի խելքն ու իմաստությունն էր. առաջնորդը նստում էր գահին ու իր խոսքը մանկլավիկների ու սուրհանդակների միջոցով հասցնում էր ժողովրդին: Էականը առաջնորդի կողմից սահմանված օրենքն էր, ինչպես նաև՝ բեղերը, երկաթե բռունցքը կամ ծանր, ճզմող սապոգները: Ո՞վ կհամարձակվեր խոսել, նույնիսկ բարձրաձայն փռշտալ կամ հազալ, այնպես էին ռադը կորցնում, որ անունն էլ մոռացվում էր…

Իսկ հիմա, արի ու տես, պարտադիր է դարձել խոսքի ազատությունը: Դա ևս դժվար չէ ապահովել կամ ներկայացնել ֆիլմարվեստի շնորհիվ, լինի դա՝ պրեզիդենտին վարկաբեկող մի կինոնկարի, կամ՝ օրինակ, Բուշի խոսելաձևը նմանակող տաղանդավոր մի կոմիկ-դերասանի հեռուստատեսային ելույթի միջոցով: Քաղաքական ազատության նման հրապարակային դրսևորումից հետո, այլևս ո՞ւմ մտքով կանցնի ցենզուրայի կամ այլ սահմանափակումների առկայության փաստը: Թո'ղ, որոշ հոռետես մարդիկ, որոնք, առհասարակ, դժգոհ են ամեն ինչից, ինչքան ուզում են կոկորդ պատռեն, ասեն, որ նման բաներով ժողովրդի աչքին թոզ են փչում, որ ժողովրդավարությունը շինծու է, որ հաճախ, նախապես մշակված քրեական բնույթի սցենարներով, վթարի, «բնական» արկածների կամ «անձնական» վրիժառության զոհ են գնում մի քանի անհանգիստ այլախոհ գրողներ կամ լրագրողներ (ինչպես, կոմունիստության օրոք, Հայաստանում կերան շատերի գլուխը), և այլն, և այլն. ո՞վ կհավատա նման անհիմն բանսարկություններին, երբ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ ծաղրում են երկրի պրեզիդենտին...

Այնուամենայնիվ, հաջողակ իշխանավոր դառնալու համար, բավական չեն միայն ֆիլմարվեստի նրբություններին քաջատեղյակ լինելը կամ տվյալ բնագավառում ունեցած բնածին ընդունակությունները: Անհրաժեշտ է կատարյալ վարպետությամբ պատրաստել քաղաքական սցենարներն ու դեկորացիան, կատարել վստահված անձանց ճիշտ դերաբաշխում, օգտվել ֆիլմարվեստի նորագույն տեխնոլոգիայից. կարճ ասած՝ հերթական կադրը մատուցել անթերի, բնական նրբերանգներով ու օսկարյան մակարդակով, այնպիսին, որ մարդիկ հալած յուղի պես ընդունեն յուրաքանչյուր վարկած ու հիմնովին չեզոքացվեն թագնված տեսախցիկների միջոցով կատարված իբրև, ճշմարտությունը պատկերող նկարահանումները: Աստված ոչ արարսցէ՝ մի փոքրիկ սայթաքում կամ թերացում, և ապարդյուն կանցնեն թափված բոլոր ջանքերը: Կբացվի անողոք քննադատության կծիկը. Խոշորացույցի տակ կդրվեն բոլոր մանրունքները, նավթալինի սնդուկից դուրս կհանվեն վաղուց մոռացված դեպքեր ու դեմքեր՝ հին դարմանը քամուն կտան, կկատարվեն եղած ու չեղած իրադարձությունների բացահայտումներ, ոմանք հանդես կգան երկրի հեղինակությունը վարկաբեկող միջազգային հետաքննության պահանջարկով, որոնց արդյունքում հետզհետե կխախտվի կամ առնվազը կնսեմանա իշխանությունների նկատմամբ մարդկանց սերն ու հավատքը: Երեկվա ժողովրդականություն վայելող իշխանավորը, մեկ էլ տեսար Սադամ Հոսեյնի պես, գահավիժեց անդունդը, եթե դրությունը փրկելու համար ժամանակին օգնության չհասնի դարձյալ ֆիլմարվեստը՝ հրամցված պետական ու մասնավոր հեռուստաալիքների հրաշագործ կադրերով ու զուգակցված ամբոխի կամ խաժամուժի ուղեղները լվացող քաղաքական գովազդներով ու չդադարող անոնսներով:

Եվ այսպես շարունակ...

Երանի, մեր իշխանավորներն էլ որոշ չափով տեղյակ լինեին իշխանական այս կարևորագույն ազդակի՝ ֆիլմարվեստի գաղտնիքներին: Թեև պիտի խոստովանել, որ հոլիվուդյան հզոր ու բարձրորակ ֆիլմարվեստի համեմատությամբ՝ մերը այնքան էլ զարգացած չէ, մերն ուրիշ է:

 

 

2008-04-24

Թեհրան

 

 

   


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: