Մի քարի պատմութիւն
Ջուղա քաղաքից 21 կմ արեւմուտք, Արաքս գետի ափին, գտնւում է Դարաշամբ (Դարէշամ) լքւած հայկական գիւղի աւեարակները, որի արեւելեան ծայրամասում մինչեւ օրս կանգուն է Ս.Աստւածածին եկեղեցին:
Ս.Աստւածածին եկեղեցին
Եկեղեցին վերակառուցւել է վարդապետ Արիստակէս Շամբեցի միջոցով 1628 թ., որը աւելի ուշ դառաւ Տաթեւ վանքի վանահայր: Եկեղեցու վերակառուցման ժամանակ նրա պատերի մէջ տեղադրւել են տարածաշրջանից հաւաքած բազմաթիւ խաչքարեր:
Խաչքարերից մէկը կոչւում է Շմաւոնի խաչքար, ըստ նրա վրայի արձանագութեան, որը տեղադրւած է եկեղեցու ներսի պատի մէջ:
Շմաւոնի խաչքարը
Խաչքարը պատրաստւել է 1610 (ՌԾԹ) թւականին Ս.Ստեփանոս Նախավկայ վանքի վանահայր Շմաւոն Արքեպիսկոպոսի (1601-1614 թթ.) պատւերով, իսկ տեղադրման վայրը հաւանաբար սոյն վանքի տարածքում է եղել, որը 1628 թ. տեղափոխելով Դարաշամբ գիւղը, տեղադրւել է Ս.Աստւածածին եկեղեցու պատի մէջ: Բայց պարզ չէ ինչ պատճառով է խաչքարը այդքան հեռու վայրից տեղափոխւել Արաքս գետի ափը:
Չնայած, որ 1604 թ. Շահ Աբբաս Ա-ի բռնագաղթից յետոյ դադարեց խաչքարերի կերտումը Ջուղա քաղաքում եւ հարակից շրջաններում, բայց Շմաւոնի խաչքարի ոճը, որը Ջուղայի խաչքարերի դպրոցին է պատկանում, ապացուցում է որ դեռեւս շարունակւել է սոյն ոճով խաչքարերի կերտումը:
Խաչքարը ունի արձանագրութիւն բաղկացած չորս տողերից, որտեղ յիշատակւում է նրա անունը եւ խաչքարի կերտման թւականը, ըստ հետեւեալի «Խ[ա]չս յ[ի]շ[ա]տ[ա]կ | Շմաւոն | եպ[ի]սկ[ոպո]սին | թվ[ին] ՌԾԹ»:
Շահէն Յովսեփեան