ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)

ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրանի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական համայնքների, բոլոր տեսակի կազմակերպությունների, կրթական, հայրենակցական, բարեգործական և այլ կարգի միությունների գործունեության գլխավոր նպատակը անկասկած հայոց լեզուն, հայ մշակույթը, հայ բնակչության ինքնությունը կենսունակ պահելն է, այլ կերպ ասած, հայապահպանությունը։ Այդ կարևորագույն խնդիրը ինչպես սփյուռքի բոլոր համայնքներում, այնպես էլ իրանահայ համայնքում իրականացվում է դպրոցների, զանազան կրթական հաստատությունների, մշակութային ու մարզական միությունների գործունեության միջոցով։ Ինչպես սփյուռքի մյուս համայնքներում, Իրանի հայ համայնքում ևս հայապահպանման գործում մեծ դեր են խաղացել հայկական դպրոցները։ Իրանահայ համայնքում դպրոցաշինությունը ունի հին ավանդույթներ։ Դեռևս XVII դարի 30-ական թթ. Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայում բացվել է դպրոց, որը ժամանակակիցները կոչել են համալսարան կամ ճեմարան։ Համայնքում առաջին աշխարհիկ դպրոցները ստեղծվել են XIX դ. առաջին կեսերին, Նոր Ջուղայում 1833 թ., Թավրիզում՝ 1835 թ., իսկ Թեհրանում 1870 թ.։ Առավել հայտնի են Նոր Ջուղայի «Ազգային կենտրոնական» (1880), Թավրիզի «Արամյան» (1835), «Հայկազյան» (1882), «Թեմական կենտրոնական» (1909), Թեհրանի «Հայկազյան» (1870) դպրոցները։ Մինչ այդ, իրանահայ համայնքում գոյություն են ունեցել այսպես կոչված «խալիֆայական» դպրոցներ, որոնք սկիզբ են առել դեռևս XIIXIII դարերում։ Այս դպրատուն-վարժարանները տեղավորված էին եկեղեցիների ու վանքերի խցերում և կրոնական բնույթ ունեին։
Ուսումնական գործը հետ չէր մնում նաև գավառներում, ուր սկսած XIX դ. վերջերից բացվեցին տասնյակ դպրոցներ։ 70-ական թվականներին արդեն դպրոցներ կային Սալմաստի Հաֆթվան, Փայաջուկ, Ղալասար գյուղերում։ Դարի վերջին և XX դ. սկզբին դպրոցներ բացվեցին Մարաղայում, Ուրմիայի, Մակուի և Ղարադաղի մի քանի գյուղերում, Համադանում, Ղազվինում, Մաշհադում, Սուլթանաբադում, Ռաշտում, Էնզելիում և այլուր։ Իրանի հայկական դպրոցները իրենց վրա կրում էին Կովկասի կրթական կենտրոնների ազդեցությունը։ Հայկական դպրոցների օրինակին հետևելով, պարսկական առաջին եվրոպական տիպի դպրոցը հիմնվում է Թավրիզում 1888 թ.։ Սակայն տգետ ամբոխը հարձակվում է դպրոցի վրա և ավերում շենքը։ Ուստի նոր տիպի (եվրոպական) դպրոցներ Իրանում բացվում են միայն 1898 թվականից51։ Իրանում հայկական ազգային դպրոցներին իրավական երաշխիք էր տրված շահերի մի քանի ֆիրմաններով ու փաստաթղթերով։ Իրենց սկզբնավորման օրից (XIX դ. 30-ական թթ.) մինչև 1936 թ. մի ամբողջ դար հայկական աշխարհիկ հանրակրթական դպրոցները համաձայն այդ երաշխիքների ունեցել են ներքին ինքնավարություն։ Այդ իրավունքի արտահայտությունն են եղել սեփական ուսումնական ծրագրերը, հայերեն լեզվով ուսուցումը։ Դպրոցները ստեղծվում և պահվում էին ծխականների միջոցներով և ղեկավարվում էին թեմական կամ համայնքային խորհուրդների ընտրած հոգաբարձությունների կողմից։ 1905-1911 թթ. սահմանադրական հեղափոխության հետևանքով ընդունված Իրանի սահմանադրությամբ, ճիշտ է սահմանափակ ձևով, երաշխավորվում էր ազգային դպրոցների գոյությունը։ Այսպես, Հիմնական օրենքի «լրացումների» 19-րդ հոդվածում խոսվում է ժողովրդական միջոցներով դպրոցների հիմնադրման մասին։
Սակայն չնայած այս երաշխիքին, ինչպես արդեն նշել ենք, պետության կողմից այլազգիներին «պարսկացնելու» քաղաքականություն իրագործելու նպատակով 1936 թ. Ռզա շահը հրամայեց փակել ինչպես հայկական, այնպես էլ կրոնական այլ փոքրամասնություններին պատկանող դպրոցները։ Սակայն իրանահայ համայնքը չհաշտվեց դրա հետ։ Տվյալ իրադրության պայմաններում անհրաժեշտ էր վարել ճկուն քաղաքականություն՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Հայկական բնակավայրերում սկսեցին կազմակերպվել հայոց լեզվի դասընթացներ, որոնք կոչված էին փոխարինելու հայկական դպրոցին։ Ռզա շահի գահազուրկ արվելուց հետո հայկական դպրոցները 1942-1943 թթ. վերստին հնարավորություն ստացան շարունակելու իրենց գոյությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետպատերազմյան շրջանում դպրոցական շինարարությունը հատկապես մեծ թափ ստացավ Թեհրանում, որի բնակչությունն արագ աճում էր։ Այդ տարիներին դպրոցական նոր շենքեր երևան եկան նաև Իրանի այլ քաղաքներում՝ Աբադանում, Մաշհադում, Ռաշտում և այլն։ Հայկական դպրոցների վերականգնումը ձևականորեն իրականացվեց Թավրիզի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ներսես Մելիք-- Թանգյանի՝ Իրանի նոր շահ Մոհամմադ Ռզա Փահլավիին հղած միջնորդության շնորհիվ։ Իրականում դպրոցների վերաբացման պատճառը երկրում ստեղծված դրական տեղաշարժերն էին, որոնց ճնշման ներքո կառավարությունը հարկադրված էր վերացնել ազգային դպրոցների արգելքը։ Վերականգնելով համայնքի՝ դպրոցների վերաբերյալ ունեցած իրավունքները, իրանական կառավարությունը միաժամանակ դրանցում պարտադիր կարգով մտցրեց Իրանի լուսավորության մինիստրության տարրական դպրոցների ծրագիրը։ Այդ ծրագիրն ընդունելու հետևանքով հայկական դպրոցներում ուսուցման հիմնական լեզուն փաստորեն կրկին դարձավ պարսկերենը։ Այլ կերպ ասած, հայկա կան դպրոցները «հայկական» էին միայն աշակերտների կազմով, իսկ տնօրենները և ուսուցիչների մեծ մասը պարսիկներ էին։ Դասավանդումը կատարվում էր պարսկերենով, իսկ մայրենի լեզվի ուսուցումը դուրս էր ծրագրից։ Հայկական դպրոցներում ծրագրից դուրս թույլատրված էր միայն հայոց լեզվի և կրոնի ուսուցումը։ Այդ երկու առարկաներն էլ մտցվեցին ոչ պարտադիր առարկաների շարքը։ 1946 թ. Թեհրանի թեմական խորհրդի միջնորդությամբ կրոնը ճանաչվեց որպես պարտադիր առարկա։ Սակայն հայոց լեզվի վերաբերյալ իշխանությունների որոշումը փոփոխության չենթարկվեց։ Թավրիզի ազգային դպրոցները փակ մնացին 20 տարի և միայն 1956-1957 թթ. կրկին վերսկսվեցին պարապմունքները։ Գավառական քաղաքներում, որտեղ չկային ազգային դպրոցներ, հայ աշակերտները հաճախում էին պարսկական դպրոցներ։ Նրանք զրկված էին հայոց լեզվի և հարակից առարկաների ուսուցումից։ Համայնքի թեմական մարմինների վրա էին ընկած «հայկական» դպրոցների նյութական բազայի պահպանման ու ամրապնդման, դպրոցական շենքերի կառուցման և այլ կարգի հոգսերը։ Սեփականության իրավունքների տեսակետից այդ դպրոցները համայնքի սեփականությունն էին։ Ընդհանուր առմամբ 1970-ական թվականներին Իրանի հայկական դպրոցների նյութական վիճակը ծանր էր, որովհետև միջոցները հիմնականում գոյանում էին ուսման վարձից, ունևոր մարդկանց նվիրատվություններից, կտակներից և այլն։ Իրանի հայկական դպրոցներում ուսուցումը տարվում էր արևելահայերենով։ Ուսուցումը եռաստիճան էր, դպրոցներին կից գործում էին մանկապարտեզներ։ 1960-ական թվականներին Իրանի ազգային դպրոցների թիվը 50 էր, որոնցից 23-ը՝ Թեհրանում, իսկ 27-ը՝ երկրի մյուս նահանգներում։
Իրանում հայ երեխաները, բացի ազգային դպրոցներից, սովորում էին նաև ամերիկյան, ֆրանսիական, գերմանական և այլ միսիոներական դպրոցներում։ Թեհրանում գործում էին արական Սան Լուի և իգական՝ Ժաննա դը Արկ ֆրանսիական դպրոցները։
1978-1979 թթ. հեղափոխությունից և Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորումից հետո, կրթական համակարգը Իրանում որոշակի փոփոխությունների ենթարկվեց։
Թեհրանի կրթական և ընդհանուր վարչության շրջաբերականով բոլոր դպրոցները հայտարարվեցին պետական։ Սակայն կրոնական փոքրամասնություններին թույլատրվեց ունենալ իրենց դպրոցները, որոնք այլ դպրոցների հետ ունեին համանման պայմաններ, բացի այն, որ ծրագրից դուրս մայրենի լեզվով կարող էին դասավանդվել լեզու և գրականություն, ինչպես նաև կրոն։ Ոչ մուսուլման աշակերտներին իրավունք էր տրվում, ցանկության դեպքում, սովորել պարսկական դպրոցներում։ Տարբեր կառուցվածքային փոփոխությունների իրականացման հետ միաժամանակ, 1980-1985 թթ. կրթության «կուլտուրական հեղափոխության» շրջանակներում, դպրոցների և բուհերի ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի մեծ մասը նորացվեց։ Տարրական դպրոցի համար կազմվեց «Իսլամական մշակույթի և կրոնական դաստիարակության վերաբերյալ» դասագիրք, ինչպես նաև նմանատիպ դասագրքեր կրոնական փոքրամասնությունների համար (համաձայն ԻԻՀ Սամհանադրության, իսլամի հետ միաժամանակ Իրանում պաշտոնական կրոններ են համարվում նաև քրիստոնեությունը, հուդայականությունը և զրադաշտականությունը որպես «գրոց կրոններ»)։ Նշանակալից փոփոխությունների ենթարկվեցին նաև դասագրքերի գաղափարական հիմունքները։ Շահական վարչակարգի շրջանում պաշտոնական մակարդակով գոյություն ունեցող միապետական գաղափարախոսության փոխարեն, հեղափոխությունից հետո դասագրքերում արմատավորվեց աստվածապետական սկզբունքներին նվիրված գաղափարախոսությունը։ Տարրական դպրոցի պարսկերեն լեզվի, իսլամական մշակույթի, աստվածաբանության և իսլամական աշխարհայացքի (մահմեդական դպրոցների համար) և կրոնական հավատալիքների (կրոնական փոքրամասնությունների դպրոցների համար) դասագրքերի տեքստերը կազմվեցին մի այնպիսի ձևով, որպեսզի իրագործվի «իսլամական հանրապետության քաղաքացու միասնական դաստիարակչական պրոցեսը»։ Դաստիարակչական գործընթացի հիմնական նպատակ էր հայտարարվում «իդեալական իսլամական անհատականության ձևավորումը»։ Դասագրքերում գաղափարական առումով առանձնացվեցին երկու սկզբունքներ՝ կրոնը և հայրենասիրությունը։ Կրոնական փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերում հատուկ ուշադրություն էր դարձվում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև հարաբերությունների էթիկային։ Ընդհանուր առմամբ ԻԻՀ դասագրքերի կողմից առաջարկվող արժեքային համակարգը կողմնորոշվում էր դեպի «ներդաշնակ անհատի» դաստիարակումը, անհատ, որի «ինտելեկտուալ ազատությունը» զուգորդվում է «բարձր սոցիալական ակտիվության» հետ։ Ուսումնական նյութերի թեմատիկայի փոփոխությունը հիմնականում վերաբերում էր հումանիտար ցիկլի առարկաներին և գաղափարական ուղղվածությանը։ 
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: