Մի քարի պատմութիւն

Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը

Շահէն Յովսէփեան
Սիսիան քաղաքի Նիկողայոս Ադոնց պատմութեան թանգարանի բակում գտնւում է Սիւնեաց արքայ՝ Գրիգոր Բ.ի քարէ դագաղը (սարկոֆագը), որը պատահաբար գտնւել է Սիսիան քաղաքից վեց կիլոմետր հեռու՝ Շաքի գիւղում, շինարարութեան ընթացքին 1985 թ.:
Սարկոֆագի երկարութիւնը 2,18 մ, լայնքը 0,7 մ և բարձրութիւնը 0,48 մ է, որի ծածկաքարը չի գտնւել: Այն պատրաստւել է, մի կտոր բազալտ քարից: Նրա յատակի կենտրոնական մասում հինգ սանտիմետր տրամագծով ծակ կայ, որը աւելի ուշ շրջանի է, հաւանաբար սարկոֆագը օգտագործւել է որպէս ջրաւազան:

Գրիգոր Բ.թագաւորի սարկոֆագը
Նկատի առնելով, որ սարկոֆագի արտաքին պատի նեղ մասում կայ արձանագրութիւն, փաստում է, որ այն թաղւած չի եղել հողի մէջ: Արքայի դին տեղաւորելով քարէ դագաղի մէջ ծանրակշիռ և հաւանաբար պատկերաքանդակ ծածկաքարը դրւել է նրա վրայ: Նկատի առնելով, որ աւելի ուշ այն դառել է ջրաւազան, պարզւում է, որ նախապէս դագաղը բացել ու թալանել են, իսկ ծածկաքարը հաւանաբար ոչնչացւել և սարկոֆագը լքւել է, որը աւելի ուշ իր նախնական վայրից տեղափոխելով, օգտագործել է որպէս ջրաւազան: Կայ այն տեսակետը, որ Գրիգոր Բ. թագաւորին թաղել են Շաքիի վանքում, որից այժմ ոչ մի հետք չկայ:
Հայկական Լեռնաշխարհում սարկոֆագային թաղումները կատարւել են Ուրարտական շրջանից և պահպանւել մինչև Միջնադարեան շրջան: Սարկոֆագով թաղումները կատարւում էին արքայների և բարձրաստիճան իշխանների պարագայում: Նման թաղումների մինչև օրս պահպանւած օրինակներից մէկն է Կիլիկիայի թագաւոր՝ Լևոն Ե.ի սարկոֆագը իր ծածկաքարով:

Լևոն Ե. Թագաւորի սարկոֆագը
Սիւնիքի (նաև Բաղաց և Կապանի անունով) թագաւորութիւնը կազմաւորւել է 970 թ., Սիւնիքի գահերեց իշխան Սմբատի միջոցով, որի մէջ էր մտնում Սիւնիքի մեծ մասը, Նախիջևանի մի մասը և որոշ հարևան շրջաններ, ընդհանուր 7377 կիլոմետր քառակուսի տարածքով: Մայրաքաղաքը սկզբում Շաղատում էր, որը 10-րդ դարի վերջին տեղափոխւեց Կապան քաղաք:
Սիւնեաց Սենեքերիմ թագաւորը յաջողել էր հաշտութեան դաշինք կնքել սելջուկ Մելիք Շահի հետ և ապահով պահել իր տարածքը նրանց ներխուժումից, բայց վիճակը փոխւեց երբ մահացաւ Մելիք Շահը և նրա ժառանգները արշաւանքներ սկսեցին դէպի Սիւնեաց թագաւորութիւն այն կործանելու նպատակով: 1094 թ. սելջուկ ամիրան միջնորդութեամբ Շիրակի Գրիգոր Ապիրատ իշխանի, իր մօտ է հրաւիրում Սենեքերիմ թագաւորին հաշտութեան դաշինք կնքելու համար, որը Բաղաբերդից իջնում է, բայց նրան թուրքերը դաւադրաբար սպանում են:
Սենեքերիմին յաջորդում է նրա աւագ որդին՝ Գրիգոր Բ.ն, որի թագաւորութեան ամբողջ շրջանը անցնում է սելջուկների դէմ պատերազմով: Սելջուկներին յաջողում է 1157 թ. գրաւել Մեղրի բերդը ապա Կապան քաղաքը և Սիւնեաց թագաւորութեան մայրաքաղաքը տեղափոխւում է Բաղաբերդ:
Գրիգոր Բ. թագաւորը երկու դուստր ունէր, Կատա և Շուշիկ անուններով, որոնցից Կատային ամուսնացրել էր Խաչենի Հասան Գեռաքարեցի թագաւորի հետ: 1166 թ. մահանում է Գրիգոր Բ.ն և Սիւնեաց թագաւորութիւնը անցնում է նրա փեսային՝ Հասան Խաչենցուն, որը չի կարողանում պահպանել ժառանգած թագաւորութիւնը և 1170 թ. սելջուկները գրաւում են անառիկ Բաղաբերդը, որտեղ այրում են աւելի քան 10հազար մատեան:
Ստեփանոս Օրբելեանը իր «Վասն թագաւորացն Սիւնեաց» աշխատութեան մէջ Գրիգոր Բ. թագաւորի մասին գրել է հետևեալը ...
Որոյ վերջին Սենեքերիմ
Նաեւ Գրիգոր որդի նորին
Ապա եւ զայս ի բարձ բարձին
Ի ժամանակս Ելտըկուցին
Ազգն այլասեռ պարսկային
Որք հրով զաշխարհ տոչորեցին
Ի վեց հարիւր մեր թւականին
Եւ տասն եւ հինգ յաւելւածին
Նշւած 615 թւականը, ներկայիս թւարկութիւնով դառնում է 1166 թ., որը Գրիգոր թագաւորի մահւան թիւն է, Սիւնիքի վերջին թագաւորը: Իսկ Ելտըկուցը, սելջուկ զորավար Շամսադդին Ելտկուզ Աթաբէկ ամիրան էր, որը երկար տարիներ ասպատակել է Սիւնիքը: Պատմիչը Գրիգոր Բ. թագաւորի մահւան և նրա թաղման մասին ոչ մի տեղեկութիւն չի ներկայացնում:

Սարկոֆագի արձանագրութիւնը
Գրիգոր Բ. թագաւորի սրակոֆագի վրայի կարճ արձանագրութիւնն է ... ԶՏԱՌԱ|ՊԵԱԼ ԳՐԻԳՈ|ՐԻ ՅԱՐՔԱՅ:

Արձանագրութիւնը ըստ Արսէն Յարութիւնեանի
Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելեանի վկայութեան, Գրիգոր թագաւորը ամբողջ կեանքի ընթացքում պատերազմել է սելջուկների դէմ, որի համար էլ հաւանաբար նրա սարկոֆագի վրայ քանդակել են ԶՏԱՌԱՊԵԱԼ բառը:
Նմանատիպ Լուրեր

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:

Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից

Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:

Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

Տարոնի սոխակը՝ Արմենակ Շահմուրադյան -145
Նրան զորավիգ են եղել Կոմիտասը, Արշակ Չոպանյանը, անվանի երգչուհի Պոլինա Վիարդոն, Ալեքսանդր Մանթաշյանը: