ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևյան վարչակարգի կրոնական քաղաքականությունը

Ադրբեջանական Հանրապետության պատմության տարբեր շրջափուլերում, նաև ներկայում գործող վարչակարգի որդեգրած քաղաքականության արդյունքում բռնաճնշումների, հետապնդումների և խտրականության են ենթարկվել շիայադավան հավատացյալները, բարձրաստիճան հոգևորականները։


ԽՍՀՄ փլուզումից և անկախությունից հետո Ադրբեջանական Հանրապետությունը բախվեց ինքնության փնտրտուքների և գաղափարական անորոշության։ Սկիզբ առած կրոնական վերածնունդը ճանապարհ հարթեց արտերկրից թափանցող իսլամական տարաբնույթ հոսանքների համար, ինչպիսիք էին սալաֆիականությունը (արաբական երկրներից, հիմնականում՝ Սաուդյան Արաբիայից և Քուվեյթից, Հյուսիսային Կովկասից), գյուլենականությունը, (Թուրքիայից), սուֆիական թարիքաթները (Թուրքիայից, Հյուսիսային Կովկասից) և նաև շիայականության իրանական մոդելը (Իրանի Իսլամական Հանրապետությունից)։ Դրանցից յուրաքանչյուրը, օգտագործելով իրեն բնորոշ մեխանիզմներ ու լծակներ, աստիճանաբար ներարկվեց աթեիստական գաղափարախոսությամբ սահմանափակված հասարակության զգալի հատվածի գիտակցության մեջ՝ ստեղծելով այլընտրանք պաշտոնական հոգևորականությանը։
Միևնույն ժամանակ ադրբեջանական իշխանությունների կողմից որպես արտաքին քաղաքականության ռազմավարական կարևոր ուղղություն ընտրվեց «կրոնական դիվանագիտությունը»։ Իսլամի գործոնն օգտագործվեց տարաբնույթ միջազգային կառույցներում Ադրբեջանի խնդիրների առաջմղման, ադրբեջանամետ դիրքորոշումների արձանագրման և այլ նպատակներով։ Որպես նշվածի վառ օրինակ ԼՂ հիմնախնդրի՝ միջազգային, նաև իսլամական գաղափական բովանդակություն ունեցող կազմակերպություններում (Իսլամական համագործակցության կազմակերպություն, Թյուրքական խորհուրդ, Արաբական պետությունների լիգա և այլն) առաջմղումն էր։
Բայց և այնպես, հետանկախական շրջանում իսլամի գործոնն աստիճանաբար վերածվեց նաև Ադրբեջանի ներքաղաքական կյանքում առանցքային օրակարգ թելադրող իրողություններից մեկի։ Ավտորիտարիզմի ճանապարհով ընթացող ալիևյան վարչակարգի՝ քաղաքական դաշտի ամայացմանը միտված նպատակային քաղաքականության արդյունքում հասարակության կրոնական և հավատացյալ շերտերը ժամանակի ընթացքում վերածվեցին Ադրբեջանի ամենակարծր գաղափարական և մոբիլիզացիոն ներուժ ունեցող խմբերի՝ լուրջ վտանգ ներկայացնելով իշխանությունների համար։ Խոսքը հատկապես բնակչության մեծամասնության շրջանում դավանվող իսլամի շիայական ուղղության հետ կապված անձանց և հաստատությունների մասին է, որոնք պատմականորեն սերտ գաղափարական, նյութական առնչություններ են ունեցել Իրանի հետ։ Հետևաբար՝ Ադրբեջանական Հանրապետության պատմության տարբեր շրջափուլերում, նաև ներկայում գործող վարչակարգի որդեգրած քաղաքականության արդյունքում բռնաճնշումների, հետապնդումների և խտրականության են ենթարկվել շիայադավան հավատացյալները, բարձրաստիճան հոգևորականները։ Իրանի գործակալներ լինելու մեղադրանքով հարուցվում են քրեական գործեր, տարբեր պատճառաբանություններով քանդվում են մզկիթները, արգելվում են շիայական ծեսերն ու արարողությունները։
Այս քաղաքականությունը պայմանավորող պատճառներ են՝
  1. Ադրբեջանում այլախոհության ճնշումը և տիրող վարչակարգի կողմից նախընտրելի մոդելով պետության ներկայացումը միջազգային դաշտում։
  2. Արտաքին ազդեցության վերացումը։ Մասնավորապես, հատկանշական է կրոնական գործոնով պայմանավորված իրանաֆոբիան, որը հիմնվում է համաշխարհային իրանաֆոբիայի այն հիմնադրույթի վրա, որ Իրանի քաղաքական համակարգն իսլամական է, և այդ մոդելի արտահանումը իսլամական մեծամասնություն ունեցող ցանկացած երկիր ռազմավարական առաջնահերթություն է ԻԻՀ համար: Եվ չնայած Ադրբեջանական Հանրապետությունը Սահմանադրության 7-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է որպես աշխարհիկ պետություն, իսկ 18-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ կրոնը տարանջատված է պետությունից, սակայն Ադրբեջանի բնակչության մեծամասնության կրոնական ինքնության ընդհանրությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ադրբեջանում առաջ է բերում համոզմունք, որ իրենց պետությունն իսլամական հեղափոխության և գաղափարների թիրախ է: Կրոնական հողի վրա առաջացած իրանաֆոբիան ապացուցվում է կրոնի նկատմամբ Ադրբեջանի պետական վերահսկողությամբ։
  3. Իսլամի «ադրբեջանականացման» փորձը, այսինքն՝ կրոնը գործող իշխանության նպատակներին ծառայեցնելը և ըստ այդմ՝ այն օգտագործելն ու մեկնաբանելը։
Կրոնական դաշտում պետական վերահսկողության արդյունքում առաջին զանգվածային արգելքը գրանցվել է 2002 թ., երբ Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի ստեղծումից կարճ ժամանակ անց կառավարությունը փակեց երկրում գործող իսլամական մադրասեները (14-ը միայն հարավային շրջաններում), որոնց մեծ մասը ղեկավարվում էր իսլամական երկրներից եկած հոգևորականների կողմից: Փակման համար իրավական հիմք էր ծառայում «Դավանանքի ազատության մասին» օրենքը, որով Ադրբեջանում օտարերկրյա քաղաքացիներին արգելվում էր կրոնական քարոզչությամբ զբաղվել, իսկ կրոնական կրթությունը երկրում Կովկասի մուսուլմանների վարչության՝ ԿՄՎ-ի մենաշնորհն էր:
2004 թվականից ի վեր խստացվեց երկրի սահմաններում կրոնական գրականության ներմուծման նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ երկրի տարածքում կրոնական գրականության վաճառքի կետերում գրականության բռնագրավման մի շարք դեպքեր արձանագրվեցին: Ավելի ուշ կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեն հրապարակեց երկրում վնասակար կրոնական գրականության ցուցակը: 2006 թ. ամռանը երկրի հեռուստա և ռադիոալիքներով հանկարծակի արգելվեցին կրոնական բնույթի հաղորդումները։ 2007 թ. կրոնական միությունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեն փակեց երկրում գործող կրոնական համայնքների կազմում Ղուրանի 19 դասընթաց։
Այնուհետև, 2007 թ․-ից իշխանությունները իսլամիստների դեմ պայքարի քողի տակ բախումներ հրահրեցին ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու, ազան հնչեցնելու, կրոնական արարողություններ իրականացնելու, ինչպես նաև մզկիթները փակելու և քանդելու գործողությունների միջոցով :
Իշխանությունների վարած կրոնական քաղաքականության արդյունքում 2010 թ․ դեկտեմբերից դպրոցներում կնոջ մարմինը ոտքից գլուխ ծածկող իսլամական հագուստ` հիջաբ կրելու արգելքը ուժի մեջ մտավ։ Այն հանգեցրեց շիաների բազմամարդ բողոքի ցույցերի, որին հետևեցին ձերբակալությունները: Ակցիաներ անցկացվեցին Բաքվում (դեկտեմբերի 10-ին), Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլի քաղաքում (դեկտեմբերի 15-ին), Բաքվից 30 կմ հյուսիս-արևելք գտնվող Նարդարան ավանում (դեկտեմբերի 18-ին), Գանձակում (դեկտեմբերի 24-ին): Չնայած ցույցերին՝ Ադրբեջանի պաշտոնյաներն անդրդվելի մնացին արգելքի չեղարկման հարցում: Կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել էր, որ բոլոր դպրոցականները պետք է գնան դպրոցական միասնական համազգեստով, իսկ հիջաբ կրելու արգելքը հիմնավորելու համար  վկայակոչել էր «կրթության մասին» օրենքի 14.10-րդ հոդվածը: Սակայն այդ հոդվածի համաձայն՝ «բոլոր ուսումնական հաստատություններում կրթություն ստացողների համազգեստը որոշվում է տվյալ հաստատության կանոնադրությամբ»: Մարդանովի կարծիքով՝ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաները կազմակերպվում են երկրի ներսում և դրսում որոշակի խմբերի կողմից (ակնարկ է արվում Իրանի Իսլամական Հանրապետությանը): Դեռևս 2007 թ. մեկ շաբաթ Սումգայիթ քաղաքի դպրոցում հիջաբ կրող աղջիկները չէին կարողանում դասերին մասնակցել։ Հանրության միջամտությունից հետո միայն նրանց թույլ տվեցին մասնակցել պարապմունքներին։
Դեկտեմբերի 10-ին Բաքվում Ադրբեջանի կրթության նախարարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիային հարյուրավոր մարդիկ են մասնակցել՝ վանկարկելով «ազատություն հիջաբին», «հիջաբը մեր պատիվն է»: Արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 16 անձի: Դեկտեմբերի 15-ին Մասալլի քաղաքում գրեթե երկու կիլոմետրանոց երթի մասնակիցները կրոնական պաստառները բռնած կոչ են արել աջակցել հիջաբ կրելու իրավունքին և ընդհանրապես իսլամական արժեքներին:
Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո ոտքի կանգնեցին նաև նարդարանցիները. դեկտեմբերի 18-ին Նարդարան ավանի իմամ Հուսեյնի անվան հրապարակում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին մոտ 200 մարդ էր միացել։ Նրանք իրենց ձեռքում պահել էին սև ու կանաչ դրոշներ և վանկարկում էին «կմեռնենք, բայց հիջաբից չենք հրաժարվի»:
Դեկտեմբերի 24-ին բողոքի ձայն բարձրացրին Գանձակի հավատացյալները՝ վանկարկելով «Ալլահ Աքբար»: Ի պատասխան՝ ոստիկանությունը ցրեց ակցիան՝ ձերբակալելով ավելի քան 10 մարդու:
Ընդդիմադիր քաղաքագետ Զաֆար Գուլիևի մեկնաբանությամբ՝ հիջաբ կրելու արգելքի շուրջ ծագած սկանդալն ադրբեջանական իշխանությունների «իսլամաֆոբիայի» արտացոլումն է, և իսլամի հանդեպ պաշտոնյաների վախը եղել է այն գործոններից մեկը, որը հանգեցրել է մզկիթները փակելու և կրոնական բովանդակությամբ գրականության տարածումը սահմանափակելու կառավարության վերջին միջոցառումներին:
Բաքվում իսլամական հագուստ վաճառող մի ընկերության սեփականատեր ասել է, որ գլխաշորով շատ կանայք իրենց խանութ են գալիս աշխատանք փնտրելու, քանի որ այլ վայրերում խտրականության են բախվում: Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետկոմիտեի գլխավոր խորհրդական Այնուր Վեյսալովայի խոսքով՝ պետական հիմնարկների աշխատակիցներին հիջաբի պահպանման ոչ պաշտոնական արգելք կա: Նա հավելել է, որ երբեք աշխատավայրում հիջաբի նկատմամբ խտրականության վերաբերյալ բողոք չի ստացել: Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիայից Նովելլա Ջաֆարովան ասել է, որ խտրականության մասին չեն տեղեկացվել, եթե իմանան, հարցը կբարձրացնեն։ Իրականում հիջաբ կրող կանայք գիտեն, որ իրենց ոչ ոք չի լսի, ուստի այդ հարցով չեն էլ դիմում:
Հիջաբի արգելքի դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել է նաև Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը։ 2007 թ․-ից ի վեր կուսակցության առաջնորդ եղած շիա գիտնական Մովսում Սամադովը, ի սկզբանե խուսափելով գործող վարչակարգի ուղղակի քննադատությունից, սահմանափակվել է գրեթե բացառապես հակաարևմտյան հռետորաբանությամբ, սակայն Սամադովը հատկապես բացահայտ սկսեց գործել, երբ 2009 թ.-ից ի վեր ողջ երկրով մեկ մզկիթների փակման արշավը թափ հավաքեց, իսկ 2010 թ. դեկտեմբերից դպրոցներում հիջաբ կրելու արգելքը ուժի մեջ մտավ: Նա աստիճանաբար սկսեց քննադատել վարչակարգի կոռումպացված և անազնիվ բնույթը [2]: 2011 թ. հունվարի 2-ին կուսակցության Գլխավոր ասամբլեայի ելույթում նա հերքել է այն պնդումները, թե հիջաբի աջակցության ակցիաները կազմակերպվել են արտասահմանյան ուժերի կողմից: Ավելի ուշ դատապարտել է 4 մլն մարդու արտագաղթի հանգեցրած իշխանության քաղաքականությունը։ Հիշեցնելով, որ այժմ Մահարամ ամիսն է, Սամադովը 1400 տարի առաջ Քերբալայում տեղի ունեցած իրադարձությունները համեմատել է այսօրվա Ադրբեջանի հետ: Իլհամ Ալիևին համեմատել է Մուհամմադ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնին և նրա կողմնակիցներին սպանած Յազիդ իբն Մուավիայի հետ: Պատանեկության տարիներին Յազիդը մոլախաղերով է զբաղվել, մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Ալիևին դա նույնպես խորթ չէ։ Յազիդն իշխանության գալով՝ ձգտում էր կանխել ազանը, և այսօր Ադրբեջանում այդ գործընթացներն ընթացքի մեջ են, քանդվում են նաև մզկիթները: Ինչպես Յազիդը, այնպես էլ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ստեղծում է իր հոր՝ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը և մարդկանց խրախուսում երկրպագել նրան: Հետո երկրում ավելի շատ ողբերգություններ տեղի կունենան, քանի որ երկրի կառավարությունը լիովին կախված է հրեաներից: Այդ պատճառով ադրբեջանական ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և վերջ դնի բռնապետական ռեժիմի իշխանությանը»: Հիջաբի արգելքի հետ կապված Մովսում Սամադովն ասել է. «Թույլ մի տվեք որևէ մեկին մտածել, որ այս արգելքի բերած դժբախտությունը լուսանցքում կմնա»: Ի պատասխան՝ հունվարի 7-ին Մովսում Սամադովը և կուսակցության ևս մի քանի անդամներ ձերբակալվեցին:
Ի շարունակություն՝ 2011 թ. հունվարի 3-ին Նարդարանի բնակիչները Իլհամ Ալիևին ուղղված խնդրագրի տակ մոտ 2500 ստորագրություն են հավաքել՝ խնդրելով վերացնել հանրակրթական դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Այնուհետև փետրվարի 17-ի բողոքի ակցիայի ժամանակ են նաև իրենց դժգոհությունը հայտնել հիջաբի արգելքի և դրա դեմ հանդես եկող հավատացյալների հետապնդման կապակցությամբ: Մայիսի 6-ին անցկացվեց հավատացյալների առաջին զանգվածային բողոքի ակցիան տարեսկզբին Ադրբեջանի իսլամական կուսակցության գործիչների ձերբակալությունից հետո: Այդ ժամանակ էլ ձերբակալվել է աստվածաբան, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն՝ վերոնշյալ արգելքի դեմ ակցիային մասնակցելու համար: Հետագայում նրան դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։
Ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու, այդ թվում՝ անձը նույնականացնող փաստաթղթերում լուսանկարվելու համար կանանց իրավունքների պաշտպանությամբ հանդես է եկել նաև «Խղճի և դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնը» (DEVAMM) [3], որին դեռ կանդրադառնանք:
Մեծ հավանականությամբ՝ հիջաբի արգելքի մասին հայտարարությունը սադրանք էր՝ կոչված դրդելու շիա առաջնորդներին բողոքի դուրս գալ և դրանով իսկ կառավարությանը տրամադրել իսլամական ծայրահեղականության վերահաս սպառնալիքի ապացույցներ [4]:
Կարելի է եզրակացնել՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններն իսլամիստների դեմ իբր պայքարելու քողի ներքո գիտակցական ու նպատակաուղղված ճնշումներ են գործադրում շիայականության հետևորդների նկատմամբ:
orbeli.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արդյոք,արժեքների,վերաիմաստավորումը,կփրկի,աշխարհը,կլիմայական,փոփոխությունների,ծանր,հետևանքներից , Արդյոք արժեքների վերաիմաստավորումը կփրկի աշխարհը կլիմայական փոփոխությունների ծանր հետևանքներից
Արդյոք արժեքների վերաիմաստավորումը կփրկի աշխարհը կլիմայական փոփոխությունների ծանր հետևանքներից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք փայտե տներ կառուցել առանց ծառ կտրելու: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք այնպես որսալ, որ ձու արտադրող էգերը մնային ծովում։
.արցախ-հայաստան-սփյուռք,միասնություն,է,մեզ,պետք,առավել,քան,երբևէ,լաչինի,միջանցքում,ստեղծված,իրավիճակը , .Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնություն է մեզ պետք առավել քան երբևէ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
.Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնություն է մեզ պետք առավել քան երբևէ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Այստեղ է, որ շատ կարևոր է միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել ստեղծված իրավիճակի և այն հնարավոր ծանր հետևանքների մասին, որոնք արդեն կան և կարող են էլ ավելի բարդանալ մոտ ապագայում, եթե Լաչինի միջանցքը չբացվի:
ինչպես,են,ավարտվում,համաշխարհային,արժույթները , Ինչպես են ավարտվում համաշխարհային արժույթները
Ինչպես են ավարտվում համաշխարհային արժույթները
Արդյոք դոլարը պատրա՞ստ է կորցնել իր գերակայությունը համաշխարհային տնտեսական և ֆինանսական գործարքներում: Շատ փորձագետներ, ըստ երևույթին, այդպես են կարծում։ Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Բարի Էյխենգրինը(Barry Eichengreen) project-syndicate-ում։
աղթամարի,սուրբ,խաչ,եկեղեցւոյ,պատարագն,այս,տարի,աւելի,բազմամարդ,եղած,է , Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ պատարագն այս տարի աւելի բազմամարդ եղած է
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցւոյ պատարագն այս տարի աւելի բազմամարդ եղած է
Վանայ լիճի Աղթամար կղզիին վրայ գտնուող Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ կայացած է հերթական պատարագը, որ, ի տարբերութիւն նախորդ տարուան, իր վրայ սեւեռած էր աւելի մեծ ուշադրութիւն:
ռուսաստանը,հարավային,կովկասում,«հաջող,օպերացիաներ,իրականացնում»,նատօ,թուրքիայի,սակայն,մեղադրում,է,հայաստանին՝,«նատօ-ի,անդամ,երկիր,բերելու»,և,ամն-ի,հետ,զորավարժության,համար , Ռուսաստանը Հարավային Կովկասում «հաջող օպերացիաներ է իրականացնում» ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ
Ռուսաստանը Հարավային Կովկասում «հաջող օպերացիաներ է իրականացնում» ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ
Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետհամատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
պատրաստ,ենք,օգնել,հհ-ին,տարածաշրջանում,և,նրա,սահմաններում,ցանկացած,փոփոխություն,իրանի,համար,կարմիր,գծեր,են.,ռայիսի,09/09/2023,schedule,16:49 , Պատրաստ ենք օգնել ՀՀ-ին, տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են. Ռայիսի
Պատրաստ ենք օգնել ՀՀ-ին, տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են. Ռայիսի
Իրանը պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։ Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: