Որոշ փորձագետներ Թուրքիայի արտգործնախարարի այցերի շարքը, այդ թվում՝ Իրան, նախևառաջ բնորոշում են որպես ճանաչողական, քանի որ այդ պաշտոնում նշանակվելուց հետո սրանք Հաքան Ֆիդանի առաջին այցերն են։ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվա էր այցելել, որից հետո էլ մեկնել էր Թեհրան․
«Դիրքորոշումների վերահաստատում էր տարածաշրջանային տարբեր հարցերի հետ կապված, այդ թվում՝ Սիրիայի և Հարավային Կովկասի»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը նկատում է, որ առաջիկայում էլ նախատեսվում է Իրանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների հարցերով Գերագույն խորհրդի նիստ, հետևաբար՝ Ֆիդանի այցը Թեհրան նաև միտված է դրա նախապատրաստական աշխատանքներին, քանի որ այդ նիստին մասնակցելու համար Իրանի նախագահն է մեկնելու Անկարա։ Դիրքորոշումերի հստակեցումը տեղավորվում է նաև այդ հանդիպումների տրամաբանության շրջանակներում՝ ասում է փորձագետը։
Իրանական «Mehr»-ը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Մասնավորապես նշվում է, որ Իրանցի պաշտոնյաներն անդրադարձել են կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լինելը տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:
Բոլոր երկրները պետք է հարգեն հարևան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Անհրաժեշտ է հակազդել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում օտար պետությունների ներկայությանը, Իրանի դիրքորոշումն է վերահաստատել նախագահ Ռայիսին՝ այդ համատեքստում ընդգծելով տարածաշրջանային պետությունների միջև խնդիրները երկխոսության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը շեշտել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում տարանցիկ ուղիների արգելափակումը:
«Եկել է ժամանակը թողնելու լարվածության ու հակամարտությունների շրջանը և առաջ շարժվելու դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության շրջան։ Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իլհամ Ալիևի հետ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ իրանական կողմի նման ձևակերպումներում խոսքը, բնականաբար, վերաբերում է հենց հայ-իրանական սահմանին։ Չնայած Թուրքիայի կողմից գործադրված բազում ջանքերին, այս պահի դրությամբ իրանական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Ինչ վերաբերում է «Ալիևի հետ լավ պայմանավորվածություններին», ինչի մասին նշել է Աբդոլահիանը. իրանագետը նկատում է.
«Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ալիևի և Աբդոլահիանի վերջին հանդիպման մասին է, որից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ալիևը հավաստիացումներ է տվել, թե հայ-իրանական սահմանը վերացնելու մտադրություն չունեն»։
Իրանագետի խոսքով, դա Իրանի գլխավոր մտահոգությունն է, որի մասին պարբերաբար բարձրաձայնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի հետ հանդիպումներում։ Այս անգամ էլ Իրանը հիշեցնում է իր «կարմիր գծերի» մասին, քանի որ չի վստահում Ալևի հավաստիացումներին։
«Այսինքն, այն, որ Ալիևը բառացի հայտարարում է, թե նման ցանկություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ նման ցանկություն չկա, և չի նշանակում, որ իրանական կողմի կասկածները փարատվել են»։
Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ իրենք համաձայն են Հաքան Ֆիդանի առաջարկին, որը վերաբերում է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ձևաչափի վերականգնմանը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար ավելի ամուր համագործակցության նպատակով։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն էլ Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանի երկրների միջև առկա թյուրըմբռնումները հարթելու համար «3+3» ձևաչափն է արդյունավետ միջոց համարել։
Փորձագետները, սակայն, կարծում են, որ տվյալ ձևաչափը հեռանկարային չէ։ Բավականին երկար ժամանակ է այդ մասին խոսվում, սակայն, ընդամենը մեկ հանդիպում է անցկացվել այդ ձևաչափով։ Իրանագետ Ժաննա Վարդանյանի խոսքով՝ Իրանը «3+3»-ի առաջնային ջատագովն է, քանի որ սկզբունքային մոտեցում ունի տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային երկրների միջոցով լուծելու հարցում և դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։
«Կարծում եմ՝ մյուս կլողմերն առանձնապես շահագրգռված չեն այս ձևաչափով հանդիպումների անցկացմամբ։ Համենայնդեպս, Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն, որ այն լինի քաղաքական. նրանք ցանկություն չունեն, որ Իրանը լինի մի ձևաչափում, որտեղ Իրանը կարող է երկու երկրների դիրքորոշումներին հակասող դիրքորոշում որդեգրել, հակասող մոտեցումներ ցուցաբերել»։
Լավագույն դեպքում «3+3» ձևաչափը կարող է գործարկվել ու գործել տնտեսական հարցերի շուրջ։ Վրաստանը ևս այս ձևաչափին մասնակցելու ցանկություն չունի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, հետևաբար, ըստ փորձագետի, դրա լիարժեք գործարկումն իրատեսական չէ։