ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)

Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մինչև Իրանում սահմանադրական կարգերի հաստատումը իրանահայ համայնքի իրավական խնդիրները կարգավորվել են շահական հրովարտակների և նահանգային ու գավառական իշխանություների որոշումների հիման վրա։ Իսկ իշխանությունների մոտ համայնքը ներկայացրել են եկեղեցին, հանձինս թեմակալ առաջնորդի և իշխանությունների մոտ կանգնած հայ անհատների, առանց հստակ իրավական սահմանումների։ Եկեղեցուն թույլատրված է եղել ներքին ինքնավարությանը համապատասխանելու ձևով վարելու իր ազգային, մշակութային, կրոնական գործերը՝ համաձայն սեփական օրենքների և ավանդույթների։ Առհասարակ հայերի իրավական դրությունն ապահովված էր ոչ միայն պետական իրավունքով, այլև ավանդույթների և սովորությունների ուժով։

Դարերով սրբագործված այդ արտոնությունները փոխանցվում էին մեկ կառավարությունից մյուսին։ 1905-1911 թթ. սահմանադրական շարժման հետևանքով ընդունված առաջին իրանական սահմանադրության մեջ (այն հաստատվել է 1906 թ.) նկատի էր առնվել միայն երկրի բնակչության դավանանքը, առաջնորդվելով իսլամական ումմայի (համայնքի) սկզբունքով։ Իսկ բնակչության լեզվական և էթնիկական հատկանիշներին ոչ մի նշանակություն չէր տրվել։ Բազմազգ պետության մեջ միայն պարսկերենը հայտարարվեց որպես պետական լեզու, իսկ մահմեդականությունը դավանող բոլոր ժողովուրդներն ու ցեղերը հայտարարվեցին լոկ իրանցիներ։ Քանի որ սահմանադրության կարևորագույն մասը՝ հիմնական օրենքը, կազմված էր մահմեդական կրոնի սկզբունքներով, ուստի երկրում բնակվող ոչ մահմեդական ազգերը՝ հայերը, հրեաները, զրադաշտականները և ասորիները անվանվեցին ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություն։ Կրոնապետերի իրավասությանը հանձնվեց տվյալ համայնքի բոլոր ներքին հարցերի լուծումը։ Այլ կերպ ասած՝ մահմեդական կրոնապետերի իրավունքները նույնությամբ տարածվեցին ոչ մահմեդական կրոնապետերի վրա։ «Կրոնական փոքրամասնություն» հասկացությունը ինքնստինքյան վերացնում էր ազգային վարչություններ ունենալու հնարավորությունը և ազգությունների ղեկավարությունը հանձնվում էր հոգևորականությանը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների այդպիսի սահմանափակումը, փաստորեն, չէր կարող արգելք չհանդիսանալ նրանց մշակույթի, ազգային դպրոցների ինքնուրույնությունը պահպանելու և առհասարակ ազգային անկաշկանդ զարգացման առջև։ Ընդհանրապես սահմանադրական օրենքների ոչ մի հոդվածով փոքրամասնությունների իրավունքները չէին որոշվում։ Միայն Հիմնական օրենքի այսպես կոչված հավելումների 8-րդ հոդվածի մեջ նշվում էր, որ «Իրանի պետության բնակիչները պետական օրենքի առջև հավասար են։ Ի թիվս մյուս փոքրամասնությունների, ըստ սահմանադրության, հայերը և նրանց համայնքը ևս պաշտոնապես ճանաչվեց որպես կրոնական փոքրամասնություն, որով նրանց իրավունք էր տրվում ազատորեն դավանել իրենց կրոնը և ընտանեկան հարցերում (ամուսնություն, ամուսնալուծություն, ժառանգություն, կտակ և այլն) առաջնորդվել իրենց դավանած կրոնական օրենքներով։ Սրանով, կարելի է ասել, քաղաքացիական իրավունքի տեսակետից իրավիճակը էական փոփոխություն չկրեց, այլ օրենքով ամրագրվեց այն, ինչ արդեն իսկ գոյություն ուներ որպես չգրված օրենք։

1935 թ. Ռզա շահ Փահլավիի կառավարությունը հրապարակեց «Իրանահայության ընտանեկան և ժառանգական օրենքների ժողովածուն», որը հայ համայնքի ներքին իրավունքների ճանաչման, համակարգման և միաժամանակ վերահսկման փորձ էր։ Այդ փաստաթուղթը որպես կրոնական փոքրամասնություն հայերին տրամադրում էր ներքին ինքնավարություն, այսինքն տեղական իշխանությունները համարյա չէին խառնվում հայկական համայնքի անդամների միջև հարաբերություններին։ Հայ հոգևորականությունն էլ օգտվում էր ազդեցությունից միայն իր հոտի շրջանակներում, որևէ կշիռ չունենալով հայ համայնքից դուրս գործերի վրա։ Առհասարակ իրանահայ համայնքի կարգավիճակը այնպիսին էր, որ նա համարվելով կրոնական եկեղեցական համայնք, երկրի քաղաքական հարցերին միջամտելու իրավունք չուներ։ Ռզա շահի կողմից հրապարակված վերոհիշյալ փաստաթղթում անթաքույց ձևով երևում է «ազգային փոքրամասնություն» եզրի նկատմամբ վերապահ վերաբերմունք։ Խնդիրը կայանում է նրանում, որ որպես պաշտոնական գաղափարախոսություն ընդունված պանիրանիզմի կողմից համաիրանական գիտակցության մեջ էթնիկ ինքնատարբերակումը դիտվել է որպես վնասակար, ավելին, Իրանի պետական շահերի տեսակետից վտանգավոր երևույթ։ 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո ընդունված սահմանադրությունը (այն գործում է 1979 թ. դեկտեմբերից) ամբողջապես խարսխված է կառավարման իսլամական ձևի կամ այսպես կոչված «վելայեթե ֆաղիհ» սկզբունքի վրա։ Դա նշանակում է, որ Իրանում ժամանակակից իրավունքը ենթակա է կրոնական նորմերին։ Սահմանադրությունը երկրի քաղաքացիների համար ճանաչում է բազմաթիվ քաղաքացիական իրավունքներ, սակայն հատուկ շեշտվում է, որ այդ իրավունքները պետք է համապատասխանեն իսլամի սկզբունքներին։

1979 թ. սահմանադրությունը ազգություններ և ազգային բաժանումներ չի ճանաչում։ Լինելով աստվածապետական (թեոկրատական) պետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդունում է փոքրամասնությունների կրոնական որակումը, մերժելով էթնիկական տարբերակումները։ Հիմնական օրենքում ասվում է, որ «իսլամական համայնքը դա մի միասնական ազգ է», որ «բոլոր մահմեդականները կազմում են մեկ համայնք կամ ումմա (հոդված 11)։ Դա նշանակում է, որ Իրանի տարածքում ապրող բոլոր իսլամական ժողովուրդները, անկախ իրենց լեզվից, ազգությունից և  այլ հատկանիշներից հանդիսանում են իրանցիներ և իսլամական ումմայի անդամներ։ Այդ մոտեցումը խարսխված է ոչ միայն ումմայի վերաբերյալ իսլամական հանրահայտ սկզբունքի վրա, այլև ըստ էության հանդիսանում է պանիրանիզմի գաղափարախոսության մի տարատեսակ, ավելի ստույգ՝ շիականության վրա խարսխված պանիրանիզմի գաղափարախոսություն։ Սահմանադրության 19-րդ հոդվածում նշվում է, որ «իրանցիներն անկախ իրենց ազգային, ցեղային պատկանելությունից օրենքի առջև հավասար են, և մաշկի գույնը, ծագումը կամ լեզուն և այդօրինակ այլ հատկանիշները չեն կարող արտոնություն համարվել»։ Իսկ սահմանադրության 20-րդ հոդվածն ազդարարում է, որ բոլոր մարդիկ, ինչ սեռից էլ լինեն, իրավունք ունեն հավասար չափով օգտվելու քաղաքական, տնտեսական, հանրային, մարդասիրական ու մշակութային բոլոր իրավունքներից ու իրավասություններից՝ իհարկե իսլամական սկզբունքների սահմաններում»։ Այսպիսով, ազգի հատկանիշ է ճանաչվում կրոնը, անտեսելով հավատացյալների այլազանությունը ըստ ազգային հատկանիշի։ 1979 թ. ընդունված իսլամական սահմանադրությունը ևս, հետևելով իր նախորդի՝ 1906 թ. ընդունված սահմանադրության օրինակին, երկրի ոչ մահմեդական ազգային փոքրամասնություններին ճանաչեց որպես կրոնական փոքրամասնություններ։ Սահմանադրության 13- րդ հոդվածում ասվում է. «Զրադաշտական, հրեա և քրիստոնյա իրանցիները պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնություններ են, որոնք օրենքի սահմաններում ազատորեն կարող են կատարել իրենց կրոնական ծեսերը, ինչպես նաև համաձայն իրենց կրոնքի, զբաղվել նոտարական գործերով և կրոնագիտական աշխատանքներով»43։ 14-րդ հոդվածում սահմանադրությունը Իրանի մահմեդական բնակչությանը հրահանգում է. իսլամի սուրբ Գրքի՝ Ղուրանի թելադրանքով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը և մահմեդականները պարտավոր են ոչ մահմեդականների նկատմամբ բարյացակամ, բարեհաճ և արդար վերաբերմունք դրսևորել՝ պահպանելով վերջիններիս մարդկային իրավունքները»։ Նույն հոդվածում պարզաբանվում է, որ այդ «սկզբունքը տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր դավեր չեն նյութում իսլամի և Իսլամական Հանրապետության դեմ»։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը բացառում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ռասայական կամ խտրական դրսևորման որևէ քայլ։ Հիմնական օրենքի 19-րդ հոդվածում այդ առթիվ ասվում է. «Իրանի ժողովուրդը, անկախ էթնիկական կամ ցեղային պատկանելիությունից, օժտված է հավասար իրավունքներով և մարդու մաշկի գույնը, ռասան, լեզուն, մեկը մյուսի նկատմամբ առավելության պատճառ դառնալ չի կարող»։ Այսպիսով, Իրանում ոչ մահմեդականները՝ հայերը, ասորիները, հրեաները և զրադաշտականները համարվում են ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություններ։ Սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես ընդունված այդ չորս կրոնական փոքրամասնություններն ունեն իրենց էթնիկ բնորոշիչները։ Այդ փոքրամասնություններից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր սեփական մշակութային ավանդույթները, իր էթնիկական յուրահատկության գծերը և այլն։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն, Իրանի պաշտոնական լեզուն պարսկերենն է (ֆարսի), որը հանդիսանում է պետական գրագրությունների լեզու։ Այդ առթիվ ասվում է հետևյալը. «Իրանի ժողովրդի պաշտոնական գիրը և ընդհանուր լեզուն պարսկերեն լեզուն է։ Պաշտոնական փաստաթղթերը, գրագրությունները, տեքստերը և դասագրքերը պետք է կազմվեն այդ լեզվով և գրով, սակայն տեղական ու էթնիկ խմբերի լեզուների օգտագործումը մամուլում և զանգվածային լրատվամիջոց ներում և պարսկերեն լեզվին զուգահեռ նրանց գրականության ազատ դասավանդումը թույլատրելի է»։ Մնացած շատ հարցերում, օրինակ, կրթության, առողջապահության, քաղաքացիական այլևայլ իրավունքների և այլն սահմանադրությունը չի սահմանափակում կրոնական փոքրամասնությունների իրավունքները և չի միջամտում նրանց ներքին կյանքին։ Իրանում հայերն իրավունք ունեն ազատորեն կազմակերպելու իրենց ազգային կյանքը, ազատորեն դավանելու սեփական կրոնը, ունենալու իրենց կրթական հաստատություններն ու մարզական-մշակութային միությունները, զարգացնելու ազգային մշակույթը և այլն։ Այդ առումով նրանք Իրանի լիիրավ քաղաքացիներն են և որպես այդպիսին մասնակցում են բոլոր տեսակի համապետական նշանակություն ունեցող ընտրություններին։

Հայերն օգտվում են էթնոդավանական փոքրամասնություններին վերաբերող բոլոր իրավունքներից։ Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։ Այդ օրենքը, ընդօրինակելով սահմանադրությունը, ազդարարում է, որ Իրանում կրոնական կամ էթնիկ անհանդուրժողականությունը հետապնդվում է։
Այսպիսով, 1979 թ. իսլամական վարչակարգի իշխանության գալուց հետո հայերին տրված իրավունքները պետականորեն ամրագրվեցին։ Հարկ է նշել, որ ազգային հարցը ժամանակակից Իրանում չի կարելի մեկնաբանել միանշանակ ձևով։ Այդ երկրում այն մշտապես ունեցել և ներկայումս էլ ունի իր յուրահատկությունները։ Այսպես, ԻԻՀում փոքրամասնությունների (անկախ նրանց կրոնական-ազգային պատկանելությունից), ազգային ինքնագիտակցության ձևավորումը նրանց գիտակցության միջից դեռևս դուրս չի մղել այս կամ այն չափով նրանց պատկանելության գիտակցությունը համաիրանական հոգեբանական ընդհանրությանը, որը պայմանավորված է պատմական ճակատագրի միասնությամբ, միասնական պետականությամբ, ավանդույթներով և վերջապես իրանական մշակույթի ողջ հավաքականությամբ, որի զարգացման մեջ անվիճելի ներդրում ունեն Իրանի բոլոր ժողովուրդները։ Իրանում հայկական «ազգային իշխանության» և պետության փոխհարաբերությունները հիմնականում կարգավորվում են Թեմական խորհրդի կամ նրա վստահված անձանց միջոցով և ամբողջովին անվերահսկելի են համայնքի անդամների կողմից։ «Ազգային իշխանությունը» իր ձեռքում է պահում համայնքի ղեկը և իր հսկողությունից դուրս որևէ շփում պետական մարմինների հետ համարվում է անթույլատրելի։ Ազգային կառույցը իր ուսերին է վերցրել նաև կրթական, բարեգործական, մշակութային, մարզական, քաղաքական և կալվածատնտեսական խնդիրներ։ Առհասարակ հարկ է նշել, որ «Ազգային իշխանություն» անվանումը ինքնին չափազանց հավակնոտ է, որովհետև համայնքը ազգ չէ, ոչ էլ համայնքային կառույցն է իշխանություն։ Կա նաև ներքին մի երկվություն. դա հոգևոր և աշխարհիկ իշխանության խնդիրն է։ Ինչպես գիտենք, թեմերը կրոնական կառույց են, իսկ Իրանում Թեմական խորհուրդը առավելապես զբաղվում է ոչ կրոնական գործերով։ Որպես կանոն, իրանահայ համայնքի ազգային կառույցների մեծագույն մասը գտնվում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ազդեցության տակ։ Իրանում Պատգամավորական ժողովի ընտրություններն ընթանում են բավականին թեժ ընտրապայքարի պայմաններում։


Սակայն Պատգամավորական ժողովի ընտրությունների մեխանիզմը այնպիսին է, որ ըստ էության բացառվում է որևէ ընդդիմադիր ուժի հնարավորությունը Պատգամավորական ժողովում մեծամասնություն կազմելու համար։ Կարևոր ենք համարում նաև նշել, որ իրանահայության մեջ որևէ այլ ավանդական կամ նոր ընդդիմադիր ուժի մինչև օրս չի հաջողվել ինչ որ չափով հակակշռել գործող «ազգային իշխանությանը»։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:
(1),պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայ-ռուսական հարաբերություններր դարերի պատմություն ունեն: Սկզբնական շրջանում դրանք կրել են առեւտրատնտեսական եւ կրոնական, իսկ ժԸ. դարի սկզբից (Իսրայել Օրու գործունեությամբ) նաեւ դիվանագիտական բնույթ:
հայ,վաճառականության,պերճանքն,ու,փայլը՝,17-րդ,դարում,(մաս,բ) , ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
Հայոց բազմահազարամյա պատմության շղթայում բացառիկ փուլ է Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ միջազգային առևտրական ուղիներում Հայ վաճառականների ծավալած հարուստ գործունեությամբ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: