ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)

Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
Թեհրանում
հայ ավետարանական համայնքն իր եկեղեցու կողքին ունի 6-դասյա մի դպրոց, որը կոչվում
է Մեսրոպյան «Գոհար» դպրոց (հիմնվել է 1949 թ.)։ Այս դպրոցն իր հիմնադրման օրվանից
հովանավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Ավետարանչական Ընկերության կողմից։
Ներկայումս այդ դպրոցը գտնվում է Ազգային Թեմականի դպրոցների ցանկում և կառավարվում
է Թեհրանի Թեմական խորհրդի կողմից, ինչպես մյուս ազային դպրոցները։ Ավետարանական համայնքն
ունի նաև մի ժողովարան Թեհրանի Մաջիդիե թաղամասում՝ «Հոգեշունչ» անունով, մի ժողովարան
Զարքեշի թաղամասում «Շնորհալի» անվամբ և «Հայ ավետարանական երիտասարդաց միությունը»՝
«Ավետիք» անունով։ Եկեղեցում գործում է նաև Կանանց միությունը։ Եկեղեցին ունի իր ամսաթերթը,
որը հրատարակվում է երեք ամիսը մեկ անգամ (այն կոչվում է «Սուրհանդակ», հիմնադրվել
է 1980 թ.)։ Եկեղեցին ունի նաև «Մուդոյեան» անունով գրադարան և կիրակնօրյա դպրոց՝ երեք
դասարաններով։ Թեհրանի Հայ Ավետարանական եկեղեցու առաջին ձեռնադրված հովիվն է եղել
վերապատվելի Միհրան Տամպուրճյանը, որը Թեհրան է ժամանել Խարբերդից 1888 թ., իսկ
1892 թվականից ստանձնել է Թեհրանի Հայ ավետարանական եկեղեցու քարոզչի պարտականությունը։
Նա Իրանի զանազան քաղաքներում մնացել և գործել է մոտ 29 տարի։

Իրանի Հայ
Ավետարանական եկեղեցին սերտ կապերի մեջ է Հայաստանի Ավետարանական եկեղեցու հետ։ Նրանց
կողմից կազմակերպվում են զանազան համատեղ միջոցառումներ։ Իրանի Հայ Ավետարանական եկեղեցին
նյութական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կարիքավոր երեխաներին, նվիրատվություններ
է կատարում զանազան բարեգործական նպատակների համար, Հայաստանում իրագործում է զանազան
ծրագրեր և այլն։ Հայ Ավետարանական եկեղեցու կանոնադրությունը, ինչպես առհասարակ մյուս
եկեղեցիներինը ևս, վավերացվում է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործոց նախարարության
կողմից։ Եկեղեցական ընտրությունները ևս տեղի են ունենում հիշյալ նախարարության վերահսկողությամբ։

Իրանում
հայ ավետարանական եկեղեցու կապերը հայ Առաքելական և կաթողիկե եկեղեցիների հետ բարեկամական
են։ Ավետարանականները ևս մյուս հարանվանությունների հետ տոն օրերի մեծ մասը միասին
են նշում։ Այդ երեք հարանվանությունները ապրիլի 24-ին միասին կազմակերպում են համահայկական
կամ միջմիութենական միջոցառումներ։ Իրանի հայ ավետարանականները կապեր են պահպանում
Հայաստանի ավետարանչական կենտրոնի հետ։
1991 թվականից
սկսած, այսինքն Հայաստանի անկախության ձեռք բերումից հետո Իրանի հայ ավետարանական եկեղեցին
նյութական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի առանձին կառույցներին։

Իրանում
գործող բողոքականության հարանվանություններից է նաև Յոթերորդ օրվա շաբաթապահ (ադվենտիստական)
եկեղեցին։ Ժամանակին Թեհրանում եղել է հարյուրի հասնող հայ համայնք, սակայն ներկայումս
արտագաղթի պատճառով այդ թիվը հասել է մոտ 30-ի։ Իրանում չնչին թիվ են կազմում նաև հայ
ուղղափառներն ու ունիթորները։ Ուղղափառ շատ քիչ հայեր բնակվում են Ատրպատականում, իսկ
ունիթորները, որոնք Սեֆյան դինաստիայի շրջանում իրանահայ համայնքում մեծ մասշտաբների
հասնող «հոգիների որս» էին իրականացնում, այժմ կորցրել են իրենց հեղինակությունը, և
նրանցհարող հայերի թիվը չնչին է։

Հարկ է
նշել, որ Իրանում հայ Առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների կապերը բարեկամական
են։ Նրանց հարաբերություններում եկեղեցական տագնապ կամ կրոնական հարց գոյություն չունի,
ընդհակառակը, առկա է առողջ համագործակցություն։ Հայ կաթողիկե և ավետարանական համայնքների
հոգևոր հովիվները կրոնական և ազգային տոների առթիվ այցելում են հայ Առաքելական եկեղեցու
Թեհրանի թեմի առաջնորդարան և մասնակցում բոլոր ձեռնարկներին։ Նրանք անխտիր մասնակցում
են նաև հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին։ Դա կատարվում է երեք
համայնքապետերի՝ հայ Առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների
հովանավորությամբ՝ աղոթքով, պատարագով և գեղարվեստական բաժնով։ Նրանց կողմից միասնաբար
են նշվել նաև հայ գրերի գյուտի 1600, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու
1700-ամյակը և այլ հոբելյանական առիթներ։ Այդ երեք եկեղեցիների հովիվները զանազան առիթներով
մասնակցում են նաև միջեկեղեցական ժողովներին և այլ միջոցառումների։ Առհասարակ Իրանի
հայ համայնքի բոլոր դավանական խմբերը ներառված են և գործուն մասնակցություն են ունենում
համայնքի ազգային-եկեղեցական կյանքում։
Իրանի երեք
հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ
կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների
ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
Վահան Բայբուրդյան
(պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

(1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայ-ռուսական հարաբերություններր դարերի պատմություն ունեն: Սկզբնական շրջանում դրանք կրել են առեւտրատնտեսական եւ կրոնական, իսկ ժԸ. դարի սկզբից (Իսրայել Օրու գործունեությամբ) նաեւ դիվանագիտական բնույթ:

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
Հայոց բազմահազարամյա պատմության շղթայում բացառիկ փուլ է Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ միջազգային առևտրական ուղիներում Հայ վաճառականների ծավալած հարուստ գործունեությամբ: