ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)

Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Խոսելով իրանահայ համայնքի մասին, հնարավոր չէ շրջանցել տարադավան հայերի գոյության փաստը։ Ինչպես սփյուռքահայության մյուս հատվածների, այնպես էլ իրանահայության կյանքում որոշակի դեր ունեն նաև հայ կաթողիկե, հայ ավետարական-բողոքական և այլ փոքր կրոնական համայնքները։ Դեռևս XVII դ. սկզբին շահ Աբբաս Ա-ի կողմից կազմակերպած բռնագաղթի ժամանակներից Իրան փոխադրված հայ զանգվածների մեջ կային կաթոլիկ հայեր՝ Շահրիմանյան ընտանիքի գլխավորությամբ։
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։ Հատկապես Ուրմիա լճի ավազանի հայաշատ վայրերում ֆրանցիսկյան, իսկ ապա նաև դոմինիկյան միաբանության միսիոներները եռանդուն կերպով զբաղվում էին «հոգիների որսով»։

Դեռևս 1318 թ. դոմինիկյան միաբան Բարդուղիմեոս Բոլոնիացու գործունեության շնորհիվ հաջողվում է Արտազի թեմն իր Սբ. Թադեի վանքով ամբողջովին կաթոլիկացնել։ Ակտիվ միսիոներական գործունեության շնորհիվ կաթոլիկություն է ընդունում Մարաղան՝ իր շրջակա գյուղերով։ XVII դարից սկսած ֆրանցիսկյանների, դոմինիկյանների, օգոստոսյանների (ավգուստինյանների), ճիզվիթների, և հատկապես կարմելյանների կաթոլիկական միաբանության անդամները եռանդուն գործունեություն են ծավալում Իրան տարագրված հայերի շրջանում, հատկապես Նոր Ջուղայում և Սպահանում38։ Արդեն XVIII դարում, Սեֆյան, ապա և Ղաջարական տիրակալների ժամանակ Հռոմի հետ հարաբերությունները (որի գործունեության ոլորտը, հասկանալի է, ընդգրկում էր բացառապես քրիստոնեադավան համայնքները), կանոնակարգված բնույթ են ստանում։ Ներկայումս Իրանում հայ կաթողիկե համայնքներ կան Թեհրանում, Սպահանում և Շիրազում, հատ ու կենտ ընտանիքներ նաև այլ քաղաքներում։ Իշխանությունները հայ կաթոլիկներին արտոնում են ունենալ իրենց եկեղեցիներն ու այլ կրոնական կառույցները, հիմնել դպրոցներ, տպարաններ, ունենալ տպագիր հանդեսներ և այլն։ Մինչև 1954 թ. Իրանի հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցին Սպահանում էր գտնվում։ Հայ կաթոլիկները Թեհրանում եկեղեցի չունեին։


1934 թ. սկսած, որպես առաջնորդ Իրանի հայ կաթողիկե թեմը կառավարում էր Մկրտիչ Թ. Ծ. վարդապետ Աբգարյանը։ Այդ ժամանակ Թեհրանի հայ կաթոլիկների համայնքը եկեղեցական վարչություն չուներ, իշխանությունը կենտրոնացված էր ժողովրդապետի ձեռքում։ Կաթողիկե թեմի իրավասության շրջանակների մեջ էին Նոր Ջուղա, Թավրիզ և Թեհրան քաղաքները։ Ընդառաջելով հայ կաթողիկե ազգային սինոդի խնդրանքին, Հռոմի պապ Պիոս ԺԲ-ն 1954 թ. Իրանի թեմի համար եպիսկոպոս է նշանակում նույն Մկրտիչ Աբգարյանին, որը պաշտոնավարում է մինչև 1967 թ.։ Այնուհետև նրան փոխարինում են Ղևոնդ եպիսկոպոս Չանտայանը (1967-1971) և Վարդան եպիսկոպոս Թեքեյանը (1972-1999)։ 2001 թվականից Իրանի կաթողիկե հայոց առաջնորդն է Նշան եպիսկոպոս Կարաքեհեյանը։ Մկրտիչ եպիսկոպոս Աբգարյանի ջանքերով Թեհրանում կառուցվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի օծումը տեղի է ունեցել 1954 թ. ձեռամբ կարդինալ Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարք Աղաջանյանի։

1962 թ. հայ կաթոլիկ բարերարների ներդրումներով կառուցվեց «Ալիշան» դպրոցի շենքը, որտեղ տարբեր բաժիններում (տարրական, տղայոց և օրիորդաց) սովորում էին հայ աշակերտներն ու աշակերտուհիները։ «Ալիշան» դպրոցը համարվում էր Իրանի հայկական առաջնակարգ դպրոցներից մեկը։ 1981 թ. այդ դպրոցի հսկողությունը հայ կաթլիկ համայնքի հովվապետ Էմմանուել Փոլադյանը հանձնել էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն և Թեհրանի հայոց Թեմական խորհրդին։ Իրանում հայ կաթողիկե համայնքի անդամների թվաքանակի մասին հավաստի տեղեկություններ գոյություն չունեն։



Վատիկանի պաշտոնական տարեկան վիճակագրական հրապարակումներում 1990-2000 թթ. ժամանակաշրջանի համար բերվում է 2200 մարդ թիվը, որը մոտ է իրականությանը։ Այդ նույն աղբյուրը 2005-2008 թթ. համար տալիս է 10 հազար մարդ, որը խիստ ուռճացված է։ Այդ թիվը հիմնավորվում է որպես Իրաքի վերջին պատերազմի հետևանք։ Սակայն Վատիկանի այդ նույն վիճակագրության համաձայն, մինչև պատերազմը Իրաքի հայ կաթողիկե համայնքի անդամների թիվը եղել է մոտ 2000 մարդ։ Դժվար է նաև հավատալ, որ Իրաքի ողջ հայ կաթոլիկ բնակչությունը պատերազմի հետևանքով արտագաղթել է միայն Իրանի ուղղությամբ։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, հայ համայնքի զանգվածային արտագաղթի պայմաններում նվազել է նաև Իրանի հայ կաթոլիկ համայնքի անդամների թիվը, այն չգերազանցելով երկու հազարը։ Համայնքի առջև ծառացած են մի շարք հիմնախնդիրներ, որոնց հիմնական պատճառը արտագաղթն է։ Արտագաղթի պատճառով փակվել են մի շարք հաստատություններ, դպրոցներ, մայրապետաց միաբանությունը և այլն։ Այսօր գործում է միայն մեկ դպրոց՝ Թեհրանում «Հայ կույսերի Մարիամ» դպրոցը, որտեղ կա Ս. Նարեկի Տիրամոր մատուռը։ Եկեղեցիներից գործում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Թեհրանում, Սբ. Վարդարանը (Աստվածամոր եկեղեցին) Սպահանում։
Կաթոլիկ համայնքին է պատկանում նաև «Չիլոյան» ծերանոցը։ Կասպից ծովի ափին, Մազանդարան նահանգում, 26 հազար քառ. մետր տարածության վրա կաթոլիկ համայնքն ունի «Հայկաշեն» անունով մի համալիր, որտեղ ամռան ամսիներին իրենց հանգիստն են անցկացնում բազմաթիվ հայեր, կազմակերպվում են պատանեկան ճամբարներ և այլն։ «Հայկաշենում» գործում է նաև կաթողիկե Սբ. Անտոն եկեղեցին։

Այժմ Իրանի հայ կաթողիկե համայնքը ներկայացված է Սպահանի եպիսկոպոսությամբ, որի ղեկավարությունը համատեղության կարգով իրականացնում է հայ կաթողիկե եկեղեցու Արևելաեվրոպական թեմի առաջնորդ Նշան արքեպիսկոպոս Կարաքեհեյանը (նա համատեղում է նաև Աթենքի օրդինարիատի ղեկավարությունը)։ Ի դեպ, հայ կաթողիկե եկեղեցու Արևելաեվրոպական թեմը ընդգրկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքը, որի նստավայրը Գյումրին է։ Հայ կաթողիկե եկեղեցում ողջ ծիսակատարությունը պարտադիր հայերենով է լինում։ Հայ կաթողիկե համայնքի հոգևորականները հայեր են։ Իրանում ապրող հայ կաթոլիկները հայախոս են։

Իրանի հայ կաթողիկե համայնքում ազգային գիտակցությունը Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ համեմատած, բարձր է։ Հայ կաթոլիկները պայքարում են իրենց ազգային դիմագիծը պահպանելու համար։ Իրանի հայ կաթոլիկների կողմից պարտադիր նշվում են հայկական ազգային տոները, օրինակ, Վարդավառը (որը կաթոլիկներն անվանում են Տաղավար), Սրբոց Վարդանանց տոնը և այլն։ Հայ կաթողիկե համայնքի և պետության միջև հարաբերությունները կանոնակարգվում են Թեմական խորհրդի միջնորդությամբ, իսկ եկեղեցական հարցերը (պսակադրություն, կնունք, հուղարկավորություն, ժառանգության հետ կապված հարցեր)՝ պետության հետ երկկողմ մշակված առանձին կանոնակարգով։ Հայ կաթողիկե եկեղեցուց զատ, կաթոլիկությունն Իրանում ներկայանում է նաև ասորական քաղդեական եկեղեցու ձևով։ Մինչև վերջին տարիները առանձին գործել է նաև լատին եկեղեցին, սակայն պետության հետ չկանոնակարգված հարաբերությունների պայմաններում այն դուրս է մղվում և այժմ միայն սպասարկում է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների անդամներին։ Իրանի հայ կաթողիկե համայնքի անդամները անվերապահորեն իրենց համարում են «զտարյուն հայ»։ Նրանք Հայաստանի Հանրապետությունը համարում են իրենց Մայր Հայրենիքը, իսկ իրենց՝ հայ ժողովրդի անբաժան մասը։

Կաթողիկե հայերը ուշադիր կերպով հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կապեր են պահպանում Հայաստանի հայ կաթողիկե համայնքի և կաթողիկե եկեղեցու հետ։ Վերջին տարիներս Իրանի հայ կաթողիկե համայնքի առանձին ներկայացուցիչներ մշտական տեղափոխվել են Հայաստան և ձեռք բերելով բնակարաններ հիմնավորվել Հայրենիքում։ Սակայն հայ կաթոլիկների շրջանում ևս առկա է արտագաղթ այլ երկրներ, հատկապես ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա և այլն։ Այդ երկրներում ևս նրանք վերադարձել են իրենց համայնքին։ Իրանում գոյություն ունի նաև հայ ավետարանական եկեղեցու կրոնական հարանվանություն։ Իբրև կրոնական տարր Իրանի հայ բողոքականները 150-ամյա պատմություն ունեն։


Առաջին հայ ավետարանական եկեղեցին հիմնադրվել է Կ. Պոլսում 1846 թվականին, որից հետո շարժումը տարածում է գտել։ Իրանում նրանց հնագույն կենտրոնը Թավրիզն էր, որտեղ նրանք գործում էին ամերիկացի միսիոներների հետ։ XIX դ. կեսերին Իրանի հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայ ավետարանական գաղափարը սկսել է տարածվել հայ անհատների միջոցով, որոնց մեծ մասը եղել են Ս. Գրոց ընկերության պաշտոնյաներ։ Նրանց ջանքերով ավետարանական կորիզներ ու փոքր համայնքներ են ստեղծվել Ռաշտում, Թեհրանում, Համադանում, Սուլթանաբադում և այլն39։ Ամերիկացի միսիոներները սատար էին կանգնում հայ ավետարանականներին, քանի որ այդ շրջանում անխնա հալածանքներ էին կիրառվում նրանց նկատմամբ։ Նույնիսկ նրանց ննջեցյալները մնում էին փողոցներում առանց թաղելու իրավունք կամ տեղ ունենալու։ Թեև 1846 թ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ Հայ ավետարանական եկեղեցու բաժանումը Հայ Առաքելական եկեղեցուց, սակայն հայ ավետարանական եկեղեցին իր մշակույթով, իր դպրոցով, իր լեզվով, իր գաղափարներով և իր էությամբ մնաց ազգային և իրեն անջատ չհամարեց հայ ազգից ու հայկականությունից40։



XX դ. սկզբին Թեհրանը դարձավ բողոքական բոլոր համայնքների կենտրոնը։ Հայ բողոքական եկեղեցին վարչական կառուցվածքով անկախ էր, սակայն ամերիկացի, ռուս, պարսիկ, քուրդ և հրեա բողոքականների համայնքների հետ կցված էր Իրանի ավետարանականբողոքական եկեղեցիների միությանը։ 1940-ական թվականներին Թեհրանի հայ ավետարանականները քաղաքի Ֆիշերաբադ փողոցում կազմակերպեցին Հայ ավետարանական եկեղեցին։ Միևնույն ժամանակ գոյություն ուներ մեկ այլ եկեղեցի Ղավամ-էս-Սալթանե փողոցում։ Այս երկու անջատ եկեղեցիները 1970 թ. գործնականապես միացան ու կազմեցին Հայ ավետարանական «Ս. Հովհաննես» եկեղեցին։ Հայ բողոքականները 1960-ական թվականների սկզբներին ունեցան իրենց համայնքի ընտրովի խորհուրդը։ Բացի այդ, Թեհրանում գործում էր նաև հայ բողոքականների խորհուրդը։ Այդ վարչական մարմինները կոչված էին հանրային, կրթական, կրոնական և այլ կարիքների դեպքում օգնելու հայ բողոքականներին։

Ներկայումս Թեհրանի հայ բողոքականների թիվը թերևս չի անցնում 200 հոգուց։ Հայ բողոքականների փոքր համայնքներ կան նաև Նոր Ջուղայում, Թավրիզում, Արաքում և Համադանում։ Նրանց ընդհանուր թիվն Իրանում անցյալ դարի 90-ական թվականներին կազմում էր մոտ 1500 մարդ։ Ներկայումս արտագաղթի պատճառով այդ թիվը հաստատապես նվազել է։ Համայն Իրանում, այսօր, միայն գոյություն ունի Թեհրանի «Ս. Հովհաննես» ավետարանական եկեղեցին։ Մյուս քաղաքների ավետարանական եկեղեցիները փակվել են և կամ նորադավան այլազգի անդամների շատանալու հետևանքով դադարել են հայկական լինելուց։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:
(1),պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(1) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայ-ռուսական հարաբերություններր դարերի պատմություն ունեն: Սկզբնական շրջանում դրանք կրել են առեւտրատնտեսական եւ կրոնական, իսկ ժԸ. դարի սկզբից (Իսրայել Օրու գործունեությամբ) նաեւ դիվանագիտական բնույթ:
հայ,վաճառականության,պերճանքն,ու,փայլը՝,17-րդ,դարում,(մաս,բ) , ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)
Հայոց բազմահազարամյա պատմության շղթայում բացառիկ փուլ է Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ միջազգային առևտրական ուղիներում Հայ վաճառականների ծավալած հարուստ գործունեությամբ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: