ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բազմաշնորհ հայրապետը՝ իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը

Շնորհալին համարվում է առաջին հայ մանկագիրը և մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նա այն քիչ հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում:

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
 
Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլադեցի, Ներսես Երգեցող) ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք (բերդ) դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։
 
1166 թվականից եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
 
 
1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ներսես Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն: Արձակից հայտնի է նրա «Թուղթ ընդհանրականը» (հրտ.՝ 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ներսես Շնորհալու չափածոն:
 
Շնորհալին զարգացրել է հայ չափածո խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, շարականին հաղորդել է քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Բարձր արվեստով են ստեղծված «Նորահրաշ պսակաւոր», «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթի՛ր փառք իմ» երգերն ու արևագալի շարականները:
Շնորհալին համարվում է առաջին հայ մանկագիրը և մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Նրանից պահպանվել են մանկավարժական բնույթի բանաստեղծություններ, ուղերձներ, խրատական ոտանավորներ ու պոեմներ («Առ եղբօրորդին իւր Ապիրատն», «Յաղագս երկնի ու զարդուց նորա»): Հանելուկի՝ իբրև գրական առանձին ժանրի ստեղծումը նույնպես կապվում է Ներսես Շնորհալու հետ: Նրանից մեզ է հասել ավելի քան 300 հանելուկ:
 
Հայ վիպերգության և վիպաքնարական պոեմների նախօրինակներ են «Վիպասանութիւն... », «Ողբ Եդեսիոյ», «Բան հաւատոյ» և «Յիսուս Որդի» ստեղծագործությունները: «Յիսուս Որդի» վիպական ողբերգությունն առանձնանում է թե՛ բանաստեղծական մտքի թռիչքներով և թե՛ ժամանակի մարդու հոգեբանության խոր պատկերումով:
 
Ներսես Շնորհալու համոզմամբ՝ ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն է, որը համախմբելու է ժողովրդին՝ կազմակերպելով նրա ինքնուրույն գոյատևումը: Քննելով հասարակական երևույթները՝ Ներսես Շնորհալին, ի տարբերություն իր շատ նախորդների ու ժամանակակիցների, մերժել է ճակատագրապաշտությունը: Ըստ նրա՝ մարդն օժտված է կամքի ու գործունեության ազատությամբ, որով որոշակիորեն ազդում է հասարակական կյանքի վրա: Անդրադառնալով հասարակության զարգացման հարցերին՝ Ներսես Շնորհալին նշել է, որ հինգ հիմնական դասերից (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ վաճառական, երկրագործ կամ հասարակ ժողովուրդ) յուրաքանչյուրը կոչված է որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում: Հետևաբար դրանք պետք է համագործակցեն միմյանց հետ՝ հանուն ազգի բարօրության: Նա փորձել է կայուն օրենքներով և արդարադատության սկզբունքով կարգավորել դասերի փոխհարաբերությունները:
 
Նրա հայրենասիրական գաղափարներն առավել հստակ դրսևորվել են «Ողբ Եդեսիոյ» պոեմում: Շնորհալին օգտվել է ժողովրդական բանահյուսությունից: Ստեղծագործել է հայկական տաղաչափական գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել հայկական տաղաչափությունը, բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Գրել է հանգերով, հիմնականում միահանգ, թեև որոշ գործեր ստեղծված են փոփոխական հանգերով:
 
Շնորհալին հայ հոգևոր երաժշտության մեծ բարենորոգիչ է. կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը, բարեձևություն հաղորդել դրան: Ներսես Շնորհալու ավելի քան 200 շարականներ, պատարագի ու ժամագրքի երգեր ներկայացնում են միջնադարի հայոց հոգևոր երգարվեստի պատկերը, միաժամանակ անդրադարձնում այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր՝ հնարավորություն ընձեռելով խորամուխ լինելու Ներսես Շնորհալու արվեստի փիլիսոփայական կողմերի մեջ, այն է՝ ձգտում դեպի գեղարվեստական կատարելություն: Նրա հոգևոր երաժշտության մեջ նկատվում է արևելյան և արևմտյան արվեստների միաձուլում, հայ ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործում, մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացում:
 
Շնորհալին այն քիչ հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում: Հայ Առաքելական եկեղեցին նրա հիշատակը նշում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը 1978-ին սահմանել է Ս. Ներսես Շնորհալու շքանշան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: