Զորավար Անդրանիկի և Վաղարշակ Շահինյանի հուշերի հատորը առաջին անգամ հրատարակվում է արևելահայերենով

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը արևելահայերենով, աբեղյանական ուղղագրությամբ:
Այս գիրքը ներառում է նաև Սարդարապատի հերոսամարտի արևմտահայ ամենանշանավոր կամավորականներից Վաղարշակ Շահինյանի հուշերը:
2015 թվականին ԱՆԻ կենտրոնը զորավար Անդրանիկի հուշագրությունը վերահրատարակել էր արևմտահայերենով, դասական ուղղագրությամբ՝ ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: Մինչ այդ գիրքը երկու անգամ հրատարակվել էր Սփյուռքում:
2021 և 2023 թվականներին այդ հատորը ԱՆԻ-ին հրատարակեց անգլերենով՝ ավելացնելով նաև Վաղարշակ Շահինյանի հուշերը, որ նա պատմել էր ընտանիքին և որը ձայնագրվել ու պահվել էր: Անգլերեն հրատարակությունը կրում է The Journeys of Heroes (Written and Compiled by Tatul Hakobyan and Paul Shahinian) խորագիրը:
Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Նա ծնվել էր 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին:
Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում: Սարդարապատի հերոսամարտին մասնակից նա միակ զինվորականն է, ով արժանացել է նման պատվի:
Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու օրագրությունը, մեր կարծիքով, ամենից կարևորը, արժանահավատը, հետաքրքրականն է, որի բովանդակությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը:
Զորավարը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։ Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։
Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։
Այս գիրքը առաջին անգամ տպագրվել է 1921-ին Բոստոնում՝ ԱԶԳ-ի տպարանում։ Կյանքի վերջին շրջանում՝ 1976-ին, Քաջունին վերահրատարակել է այն “Անդրանիկի եւ Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի հետ” խորագրով։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ առաջին և երկրորդ հրատարակությունների միջև տարբերությունը զգալի է (ըստ էության՝ երկրորդ հրատարակությունը նոր գիրք է. այն ոչ այնքան և ոչ թե օրագրություն է, այլ արդեն հեղինակային գործ), ԱՆԻ-ին երրորդ հրատարակության համար հիմք է ընդունել 1921-ի հրատարակությունը։
Ինչպես անգլերեն թարգմանության, այնպես էլ արևելահայերենի համար մենք հիմք ենք ընդունել 1921թ հրատարակությունը:
Ինչպես արևելահայերեն, այնպես էլ անգլերեն երկու հրատարակությունները ֆինանսավորել է Փոլ Շահինյանը՝ Նյու Ջերսիից, ով Սարդարապատի հերոսամարտի ամենանշանավոր արևմտահայ կամավորներից Վաղարշակ Շահինյանի թոռն է:
Թաթուլ Հակոբյան, 31 հուլիսի, 2023թ
ԱՆԻ կենտրոն
Աղբյոր՝aniarc.am
Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: