ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԽՈՀԱՆՈՑԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ. Վոլֆգանգ Բորխերտ

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:
 
-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,-գտել եմ: Սա է միայն մնացել:
 
Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:
 
-Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,-ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:
 
Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.
 
-Միայն սա է մնացել:
 
Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշը ասաց.
 
-Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:
 
-Հա՛, Հա՛,-պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,-պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,-և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն ծանոթ չէր թվացել:
 
-Բայց այն այլևս չի աշխատում,-ասաց կինը:
 
-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,-և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:-Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,-ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:
 
-Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:
 
Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.
 
-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:
 
Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.
 
-Իսկ հիմա՞:
 
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
 
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
 
Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.
 
-Իսկ ձեր ընտանի՞քը:
 
Նա ծիծաղեց շփոթված.
 
-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:
 
Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.
 
-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:
 
Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:
 
 
Աղբյուր՝ lit-bridge.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: