ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (9)

ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԹԵՄԵՐԸ ԵՎ ՎԱՐՉԱ-ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Շիրազ քաղաքում առ այսօր գործում է Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.)։ Ի դեպ այդ եկեղեցում է քահանայագործել և յոթը տարի շարունակ Բաբաքուհ կոչված լեռան վրա դերվիշների հետ ճգնավորություն անելուց հետո Հնդկաստան մեկնել «Ազդարար» ամսագրի հիմնադիր ու խմբագիր՝ շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը։


 Շիրազում ամենօրյա հայոց դպրոց չի եղել։ Ուստի տեղի «Հայ կանանց Եկեղեցասիրաց Միության» ջանքերով, տասնամյակներ շարունակ հայ մանուկներին տրվել է հայեցի դաստիարակություն ուրբաթօրյա հայերենագիտական դասընթացների միջոցով։ Շիրազում գործում է նաև «Հայ տունը», որտեղ կենտրոնացել են տեղի փոքրաթիվ համայնքի կրթական, մշակութային, մարզական և այլ աշխատանքները։ Սպահանի թեմի կազմի մեջ ժամանակին մտել են նաև հայ բնակչություն ունեցող գյուղական շրջաններ։ Դրանց բնակչության մեծ մասը 1946 թ. հայրենադարձվել է Հայաստան, իսկ մյուս մասը տեղափոխվել է Թեհրան։
 Ներկայումս Իրանի հայ համայնքում գործնականում գյուղական բնակչություն չի մնացել։ Սպահանի թեմի մեջ մտնում է նաև Պարսից ծոցի առափնյա Խուզիսթան նահանգը։ Այս նահանգի նավթային արդյունաբերության քաղաքներում (Մասջեդ Սուլեյման, Ահվազ, Անդիմեշկ, Աբադան, Խորամշահր, Բանդար Մահշահր, Աղաջարի և այլն) մինչև 1980 թ. իրանա-իրաքյան պատերազմի սկսվելը եղել է բավականին մեծ թվով հայ բնակչություն։ Այժմ այդ վայրերում հայեր համարյա չեն մնացել, բացառությամբ մի քանի հայ ընտանիքների և նավթային ընկերության անհատ պաշտոնյաների։ Ահվազում կա Ս. Սարգիս անունով եկեղեցի։
Հայկական եկեղեցիներ կան նաև Աբադանում և Բուշեհրում, որոնք չեն գործում հավատացյալներ չլինելու պատճառով։ Սպահանի թեմի իրավասության շրջանակներում ներկայումս գործում են հետևյալ գործուն հաստատությունները. 1961 թվականից Սպահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժանմունքը և հայագիտության ամբիոնը, Հայ մարզամշակութային «Արարատ» միությունը, «Նոր Ջուղայի հայ մարզամշակութային միությունը», «Փերիո կրթասիրաց միությունը», «Հայ ուսումնասիրաց Չհարմահալ միության Նոր Ջուղայի մասնաճյուղը», «Նոր Ջուղայի հայ կանանց գթության («Կարմիր խաչ») միությունը», «Նոր Ջուղայի հայուհիների բարեգործական ընկերությունը», «Սասուն» մշակութային միությունը, «Կոմիտաս» մանկական երաժշտական դպրոցը, «Տաթև» երգչախումբը, «Հայ Դատի հանձնախումբը» և այլ հաստատություններ։ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան վանքի բակում գտնվում է թանգարան, որտեղ պահվում և ցուցադրվում են ձեռագիր գրքեր, նկարներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, շահական հրովարտակներ, հայկական միջնադարյան ձեռագրեր, անվանի եվրոպացի նկարիչների գործեր, հայկական թագավորների պատկերներով ոսկեդրամներ և այլն։


Նոր Ջուղայից և Սպահանից բացի (ներկայումս Սպահանի ընդարձակման պատճառով Նոր Ջուղան վերածվել է նրա արվարձանի), որոշ թվով հայեր են բնակվում նաև Սպահանից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Շահինշահր քաղաքում։ Այստեղ գործում են երկու տարրական դպրոցներ՝ «Սրբոց Վարդանանց» և «Մասիս» անվանումներով։ Գործում է նաև «Հայ համայնքի վարչությունը», «Հայ կանանց եկեղեցասեր միությունը» և մի շարք այլ միություններ և հաստատություններ։ 3. Թեհրանի կամ Կենտրոնական թեմ։ Այս թեմը իրանահայ համայնքի ամենաերիտասարդ և ամենամեծ թեմն է։ Այն իր նշանակությամբ և բնակչության թվով ամբողջ հայ համայնքի կորիզն է։ Թեմը կազմավորվել է 1944 թ., առանձնանալով Իրանա-Հնդկաստանի թեմից։ Այդ ժամանակ Թեհրանի հայ բնակչությունը հաշվվում էր 25 հազար մարդ34։ Թեմի ստեղծման նախադրյալներն էին Թեհրանի հայ ազգաբնակչության թվի աճը, իրանահայերի հասարակական ու մշակութային հիմնական ներուժի Թեհրանում կենտրոնանալը և այլն։

Սկզբում թեմի առաջնորդարանը գտնվել է Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում։ 1972 թ. Ս. Սարգիս եկեղեցու կառուցումից հետո, նրան կից կառուցվել է առաջնորդարանի շենքը, ուր մինչև այսօր գտնվում է առաջնորդարանը։ Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Վահան Ծայրագույն վարդապետ Կոստանյանը (1944-1945 թթ.), որին հաջորդել է Ռուբեն եպիսկոպոս Դրամբյանը (1945-1949 թթ.)։ Առաջնորդանիստը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին է (1973 թվականից)։ Թեմն ընդգրկում է Թեհրանն իր շրջակայքով և Արաք, Համադան, Մաշհադ, Գորգան, Ռաշտ, Սարի, Էնզելի, Ղազվին, Բախթարան (նախկին Քերմանշահ) քաղաքները։ Թեմի կազմի մեջ են մտնում Կենտրոն, Խորասան, Մազանդարան, Գիլան նահանգների հայ համայնքները35։ Մինչև 1958 թ. իրանահայ մյուս թեմերի նման Թեհրանի թեմը ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև անցել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ 1960 թ.-ից մինչև 1999 թ. թեմակալ առաջնորդ է եղել անվանի հոգևորական Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը չափազանց մեծ ներդրում է ունեցել իրանահայության հոգևոր, կրթական ու մշակութային կյանքում։ Թեհրանի մի շարք դպրոցներն ու եկեղեցիները հիմնադրվել են նրա օրոք։ Նրա գործունեության ընթացքում կազմվել է թեմի կանոնագիր-ծրագիրը, որի հիմքում հայ Առաքելական եկեղեցու օրենքներն էին։ Այդ կանոնագրի հիման վրա են ընտրվում պատգամավորական ժողովի անդամները։ Ըստ թեմի կանոնադրության, թեմակալ առաջնորդն ընտրվում է պատգամավորական ժողովի կողմից՝ առանց պաշտոնավարության ժամկետը սահմանելու։ Իր հերթին այդ ժողովն ընտրում է հաշվեքննիչ մարմին, ինչպես նաև թեմական խորհրդի անդամներ։ Համայնքի բոլոր մարմինները պատասխանատու են թեմական խորհրդին, իսկ ինքը՝ թեմական խորհուրդը, պատասխանատու է պատգամավորական ժողովի առջև։

Թեմի տարածքում կա շուրջ 100 եկեղեցի, որոնցից կանգուն են 20-ը։ Դրանցից 8-ը գտնվում է Թեհրանում (Ս. Գևորգ, Ս. Թադեոս-Բարթուղիմեոս, Ս. Թարգմանչաց, Ս. Սարգիս, Սրբոց Վարդանանց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Մարիամ Աստվածածին) Նոր Բուրաստան գերեզմանատան և «Արարատ» մարզավանի Ս. Խաչ մատուռները։ Գորգանի շրջանում կա Ս. Աստվածածին մատուռը, Ռաշտ քաղաքում Ս. Մեսրոպ եկեղեցին։ Եկեղեցիներ կան նաև թեմի մյուս քաղաքներում՝ Արաքում, Քալավայում, Ղարաղանում, Մաշհադում, Բախթարանում, Համադանում, Էնզելիում, Ղազվինում։ Առհասարակ պետք է նշել, որ Իրանում գործող հայ Առաքելական եկեղեցու բոլոր երեք թեմերին և ընդհարապես ողջ հայ համայնքին հաջողվել է լավ վիճակում պահպանել եկեղեցիներն ու մատուռները, թեմերի հաշվեկշռի մեջ գտնվող բոլոր շինությունները, թանգարաններն ու գրադարանները։ Գործող եկեղեցիներն ու շինությունները պարբերաբար վերանորոգվում են թեմական խորհուրդների կողմից հատկացված գումարների հաշվին։ Իրանի հայ համայնքի վերոհիշյալ երեք թեմերն իրարից անկախ մարմիններ են, ունեն իրենց շրջանների հետ կապված հատուկ խնդիրներ ու ներքին դրվածք։ Սակայն դրանով հանդերձ, նրանք միմյանց հետ ունեն սերտ հարաբերություններ։ Ընդ որում, Կենտրոնական կամ Թեհրանի թեմի առաջնորդը հանդիսանում է Իրանի միջեկեղեցական խորհրդի նախագահը։

Թեմերը միմյանց հետ փոխանակում են տեղեկատվություն կրոնական, ազգային, հասարակական հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր բնույթի դժվարությունների հանդիպելիս երեք թեմերն էլ հանդես են գալիս միասնաբար։ Այդ երեք թեմերն առանձին-առանձին ենթարկվում են Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը։ Ի դեպ, Արամ Ա կաթողիկոսը իր այցելությունների ժամանակ Իրան հայտարարել է, որ կյանքի է կոչելու թեմերի համագործակցության մի հանձնախումբ։ Այդ երեք թեմերն էլ պետության կողմից ճանաչվում են որպես համայնքի հոգևոր իշխանություններ։ Կառավարությունը ճանաչում է նաև այդ թեմերի աշխարհիկ իրավասությունները որպես համայնքի «ազգային իշխանություն»։ Իրանի հայկական երեք թեմերն իրենց կրոնական գործերը վարում են համաձայն հայոց Առաքելական եկեղեցու կանոնների և ավանդույթների, ինչպես նաև յուրաքանչյուր թեմի կողմից ներկայացված կանոնադրության։ Թեմերի կանոնադրությունները երևութապես կազմվում են 1860-1863 թթ. արևմտահայության համար կազմված «Ազգային սահմանադրության» հիման վրա, սակայն դրանք հարմարեցված են նաև երկրի «Կուսակցությունների և հասարակական միավորումների օրենքին» և հաստատվում են պետության կողմից։ Համայնքային ընտրությունները կատարվում են ներքին գործերի նախարարության հսկողությամբ։ Համապատասխան նախարարությունների հսկողությամբ են կատարվում նաև համայնքային մարմինների հասարակական գործերը, ըստ համապատասխան օրենքների, կառավարական որոշումների ու շրջաբերականների։ Օրինակ, 1935 թ. Իրանի կառավարությունն ընդունել է «Իրանահայության ընտանեկան և ժառանգական օրենքների ժողովածուն», որն աննշան փոփոխություններով ուժի մեջ է առ այսօր։ 

Հարկ է նշել, որ ընդհուպ մինչև 1967 թ. Իրանի հայ համայնքի երեք թեմերը պետության կողմից իրավական ճանաչում չունեին։ 1967 թվականից դրանք որպես կրոնամշակութային, բարեգործական ընկերություններ և իրավական մարմիններ՝ ճանաչվեցին պետությանը պատկանող վարչության՝ «Սաբթե քոլի» կողմից36։ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո ևս երկրում ստեղծված նոր իշխանությունները թեմերը ճանաչեցին որպես ազգային իշխանության մարմիններ։ Յուրաքանչյուր թեմի գերագույն իշխանություն է համարվում պատգամավորական ժողովը։ Այն վավերացնում է թեմի առաջնորդի որոշումներն ու առաջարկները, քննարկում, փոփոխման է ենթարկում և հաստատում կանոնակարգային հարցեր, իրականացնում թեմական խորհրդի և հաշվեքննիչ մարմնի ընտրությունների և գործունեության հետ կապված խնդիրներ։ Ըստ կանոնադրության պատգամավորական ժողովն ընտրվում է ժողովրդի կողմից ուղղակի քվեներով, 4 տարին մեկ, որն և ընտրում է թեմական խորհուրդ։ Եթե պատգամավորական ժողովը ազգային կառույցների բարձրագույն ատյանն է, ապա թեմական խորհուրդը՝ գործադիր մարմինը։ Թեմական խորհուրդը գործադրում է պատգամավորական ժողովի կողմից ընդունված որոշումները։ Պատգամավորական ժողովի անդամները այդ ժողովի կայացրած որոշումների համաձայն՝ ղեկավարում են թեմի ազգային, հասարակական, կրոնական, կրթական, տնտեսական ու վարչական գործերը։ Շահական իշխանության տարիներին թեմական խորհուրդը գրանցված էր «Շորայե խալիֆեգարի արամանե» («Հայոց հոգևոր խորհուրդ») անվան տակ։ Իսլամական հեղափոխությունից հետո թեմական խորհուրդը հավասարեցվել էր միություններին, որն անընդունելի ու վիրավորական էր հայ համայնքի համար։ Հենց դա պատճառ դարձավ, որ 14 տարի ընտրություն տեղի չունենա։ Ավելի ուշ, սակայն, պետությունը թեմական խորհուրդը ճանաչեց որպես իրանահայությունը ներկայացնող մարմին։ 2000 թ. վերջապես թեմական խորհուրդը ստացավ պատգամավորական ժողովի ընտրությունների իրավունք։

Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովը բաղկացած է 45 հոգևորական և աշխարհիկ պատգամավորներից։ Պատգամավորական ժողովն ու թեմական խորհուրդն ունեն իրենց մնայուն դիվանները։ Համայնքը բաղկացած է ծխերից։ Պատգամավորական ժողովի պատգամավորներն ընտրվում են տվյալ թեմին ենթակա ծխական համայնքներում տեղի ունեցող փակ քվեարկությամբ։ Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացրած երկսեռ այն քաղաքացիները, ովքեր առնվազն վեց ամիս բնակվում են տվյալ ընտրական շրջանում և վճարել են ծխական տուրքը։ Պատգամավորական ժողովի անդամներն ընտրվում են թաղամասի խնդիրներին քաջատեղյակ և փորձառու ու հանրահայտ գործիչներից։ Ընտրվող պատգամավորը պետք է ծանոթ լինի թաղամասի ներքին խնդիրներին, կրթական, նյութական, եկեղեցական և այլ հարցերին։ Թեմի հոգևոր պետը համարվում է թեմակալ առաջնորդը, որն առանց պաշտոնավարության ժամկետը սահմանափակելու ընտրվում է պատգամավորական ժողովի կողմից և ի պաշտոնե ղեկավարում պատգամավորական ժողովը, թեմական խորհուրդը և նրանց ենթակա բոլոր վարչական մարմինները։ Իրանում երեք թեմերի առաջնոդրներն էլ, բացի հոգևոր-կրոնական գործունեությունից, իրականացնում են նաև մշակութային և հայագիտական ակտիվ գործունեություն։ Պատգամավորական ժողովն իրավունք ունի ընտրել թեմական առաջնորդին, ընդունել նրա հրաժարականը, ընտրել թեմական խորհուրդ, հաստատել թեմական եկեղեցական տուրքերը, սահմանել նրանց գանձման և բաշխման ձևերը և այլ կարգի հարցեր։

Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից նշանակված ենթախորհուրդներն ու հանձնախմբերն են. Ա. եկեղեցական խորհուրդները։ Ամեն մի եկեղեցի ունի իր եկեղեցական խորհուրդը՝ կազմված հոգևորական ու աշխարհիկ անդամներից։ Այդ խորհուրդները զբաղվում են իրենց եկեղեցու հարցերով։ Բ. դատական խորհուրդ, որը զբաղվում է ապահարզանի ու ընտանեկան հարցերով։ Գ. նոտարական գրասենյակ. այն ենթակա է իսլամական արդարադատության նախարարությանը և զբաղվում է ամուսնություններն ու ապահարզաններն արձանագրելով ու նման այլ հարցերով։ Այս գրասենյակի բոլոր պաշտոնյաները հայեր են։ Դ. Կրթական խորհուրդ, որը զբաղվում է թեմի կրթական աշխատանքներով։ Այս խորհուրդն է աշխատանքի հրավիրում և վարձատրում հայոց լեզվի ուսուցիչներին։ Նա է հսկում արտադասարանային աշխատանքները։ 

Կրթական խորհրդի հսկողությամբ են կազմվում ու հրատարակվում հայոց լեզվի դասագրքերը։ Ե. Կալվածքային խորհուրդ։ Այս խորհուրդը զբաղվում է թեմական խորհրդի անվամբ բոլոր կալվածքները պահպանելու և առք ու վաճառքի հարցերով։ Զ. Շինարարական խորհուրդ։ Այս խորհուրդը մի մարմին է, որը կատարում է թեմի բոլոր կալվածքների՝ հատկապես դպրոցների, եկեղեցիների ու այլ շենքերի նորոգումները։ Է. Ծխական տուրք։ Ծխական տուրք կոչված խորհուրդը Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն ենթակա հայերից գանձում է տարեկան որոշակի գումար, որը,որպես ծխական տուրք, փոխանցվում է թեմական խորհրդին։ Ը. Կարիքավորներին օժանդակող մարմին։ Այս մարմինն ուսումնասիրում է կարիքավոր հայ ընտանիքների վիճակը և օգնություն է ցուցաբերում նրանց։ Թ. «Ա. Ավետիսյան» ազգային բուժարան։ Այս բուժարանը կառավարվում է թեմական խորհրդի նշանակած խնամակալ մարմնի կողմից։ Ժ. Թեմական խորհրդի գրադարան։ Ի. Ֆինանսական խորհուրդ։ Այս խորհուրդը զբաղվում է Առաջնորդարանի ֆինանսական գործերով։ Թեմական խորհուրդն ունի նաև հիմնադրամներ,որոնց գումարը հատկացրել են հայ բարերարները։ Թեհրանի թեմական խորհրդի հսկողության ներքո գտնվում են երկու ծերանոցներ՝ «Սոսե մայրիկ» և մեկ այլ ծերանոց, որը գտնվում է Ս. Գևորգ եկեղեցու բակում։ Այս երկու ծերանոցն էլ կառավարում է թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»։ Վերոհիշյալ բոլոր մարմինների, խորհուրդների ու կենտրոնների աշխատանքների զեկույցները ներկայացվում են Առաջնորդարանի կենտրոնական գրասենյակ, որը գլխավորում է դիվանապետը։ Պատգամավորական ժողովի ընտրությունները որպես կանոն տեղի են ունենում սուր ներքին պայքարի և մրցակցության պայմաններում։ Ընտրված պատգամավորներից ոչ բոլորն են վայելում ժողովրդի վստահությունը։ Պատգամավորական ժողովում մտավորականների թիվը համեմատաբար քիչ է։

1998 թ. մի խումբ երիտասարդների կողմից կազմվել էր վիճակագրություն, որից պարզվել էր, որ թեհրանահայերի 57%-ը ծանոթ չէր կամ չէր հետաքրքրվում պատգամավորական ժողովի ու թեմական խորհրդի և ընդհանրապես ազգային կառույցների գործունեությամբ։ Բնավ պատահական չէ, որ Իրան կատարած իր այցերից մեկի ժամանակ Արամ Ա կաթողիկոսը պատգամավորական ժողովի նիստի ժամանակ հայտարարել էր. «Մենք մեր ազգային կյանքում պետք է կատարենք փոփոխություններ, որպեսզի իրագործվեն մեր ապագա ծրագրերը»։ Հարկ է նշել, որ թեմական մարմիներն իրավասու են զբաղվել ընտանեկան ու ժառանգության հարցերով, ինչպես նաև ամուսնության, ապահարզանի, որդեգրման, կտակի ու այլ իրավաբանական բնույթի խնդիրներով, որոնք ի հայտ են գալիս համայնքի ներսում։ Քանի որ Իրանում գործող մուսուլմանական շարիաթական իրավունքը անհաշտելի է երկրի հայ քրիստոնյա բնակչության ընտանեկան-ժառանգական իրավունքների հետ, ուստի կառավարությունը առանձնացրել է դրանք՝ որպես եկեղեցական ինքնավարության շրջանակներում իրականացվող իրավական նորմերի մի խումբ։ Իրանահայ համայնքը ղեկավարող հոգևոր-կրոնական իշխանությանը հատկացված դատական և իրավական գործառույթներն ընդունված և հաստատված է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։ Եկեղեցին իշխանությունների կողմից դիտվում է որպես կրոնական փոքրամասնության ղեկավար մարմին։ Այն ոչ միայն կարգավորում է համայնքի իրավական գործառույթները, այլև պետության մոտ իր համայնքի ներկայացուցիչն է, իսկ համայնքի մոտ՝ պետության։ Այսպիսով, կրոնական փոքրամասնությունները իրենց դատաիրավական հարցերը կարող են լուծել ոչ թե երկրում ընդունված իսլամական շարիաթական օրենքներով, այլ իրենց համապատասխան օրենքներով։ Կասկածից վեր է, որ Իրանում հայ համայնքի գոյատևման կարևոր նախապայմաններից է եղել և մնում է հայ Առաքելական եկեղեցին։ Այն համարվում է հայ կրոնական փոքրամասնության ղեկավար մարմինը, կարգավորում է իր համայնքի իրավական գործառույթները, պետության մոտ իր համայնքի ներկայացուցիչն է, իսկ համայնքի առջև պետության։ Եկեղեցին հանդիսանում է այն հզոր կրոնական, գաղափարական և հոգևոր կենտրոնը, որի շուրջը կենտրոնացած է հայ համայնքի ողջ կյանքը։ Առանց եկեղեցու միավորիչ ուժի, ազգային ընդհանրությունը չէր կարող երկար գոյատևել։ Եկեղեցին հայկական սփյուռքում, այդ թվում նաև Իրանի հայ համայնքում, բացառիկ կարևոր դեր է խաղացել հայապահպանության և համայնքի ազգային ու եկեղեցական կյանքը կազմակերպելու առումով։ Այսպիսով, ընդհանրացնելով ասվածը, հարկ ենք համարում կրկին շեշտել, որ իրանահայ համայնքի իրավական դրության հիմքը կրոնա-եկեղեցական ինքնավարությունն է։ Ինքնավարության այդ ձևի շրջանակներում են գործում օրենսդրական ու գործադիր մարմինները, ինչպես նաև համայնքում առկա կազմակերպությունները։ Հայկական եկեղեցին պարունակում է աշխարհիկ վարչական կառուցվածքի տարրեր։ Կրոնա-եկեղեցական ինքնավարությունը համայնքի հայ բնակչության համախմբման միջոց ու ձև է։ Այդ ինքնավարության շրջանակներում հայ բնակչությունն օգտվում է մայրենի լեզվի, կենցաղի, ավանդույթների ու մշակույթի հիման վրա գոյատևելու հնարավորությունից։


Հատկանշական է, որ Իրանի հայ համայնքի թեմական խորհրդի ընտրություններին մասնակցում են միայն այն հայերը, որոնք Առաքելական եկեղեցու անդամներ են։ Այլադավան կամ հայ կրոնական այլ հարանվանություններին պատկանող հայերը ոչ միայն ընտրության իրավունք չունեն, այլև զրկված են թեմական խորհրդում կամ եկեղեցական այլ մարմիններում ընտրվելու իրավունքից։ Այսպիսով, թեմական խորհուրդը չի կարող բոլոր հայերի համար վարչական գլխավոր մարմին լինել։ Սակայն կասկածից վեր է, որ Իրանի երեք հայկական համայնքները՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դերակատարություն են ունեցել հայկական հոգևոր և նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային բազում խնդիրների կարգավորման գործում։

Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: