ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (8)

Իրանահայերի իրավական դրության հիմքը կրոնա-եկեղեցական ինքնավարությունն է։ Ինքնավարության այդ ձևը գաղութում գոյություն ունի XI դ. ի վեր երկրում հայկական գաղթօջախների սկզբնավորման օրից։ Գաղութն ունեցել է ինքնավարության սեփական մարմինները՝ թեմական առաջնորդարանները։
ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԹԵՄԵՐԸ ԵՎ ՎԱՐՉԱ-ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Իրանահայ գաղութի, ինչպես նաև հայկական մյուս գաղթավայրերի թեմերը միշտ
ենթարկվել են հայկական եկեղեցու Մայր աթոռին՝ Էջմիածնի կաթողիկոսությանը։ XII դ. սկզբից
մինչև XV դ. 40-ական թվականները, այսինքն մինչև Կիլիկիայի հայկական պետության անկումը,
իրանահայ գաղութի թեմերը ենթարկվում էին Հռոմկլային, որտեղ գտնվում էր հայոց կաթողիկոսությունը։
1441 թ., երբ հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռը կրկին տեղափոխվեց
Էջմիածին, Իրանում գտնվող թեմերը անցան նրա իրավասության տակ։ Ինչպես հայտնի է, այդ
ժամանակ Էջմիածինը գտնվում էր պարսից տիրապետության ոլորտում, ուստի հայոց կաթողիկոսը
իր հոտը ղեկավարում էր համաձայն պարսիկ տիրակալների կողմից արձակած հրամանագրերի (ֆիրմանների)
։ XVII դ. սկզբին շահ Աբբաս Ա-ի կողմից հայերի բռնի տարագրությունից հետո, ողջ իրանահայ
բնակչության եկեղեցական և հասարակական գործերը ղեկավարելու համար ստեղծվում է թեմ,
որի կենտրոնը դառնում է Նոր Ջուղան։ Այս թեմի անունը ընդհուպ մինչև 1960 թ. պաշտոնապես
եղել է Իրանա-Հնդկաստանի կամ Պարսկա Հնդկաստանի Հայոց թեմ, որովհետև Նոր Ջուղայից Ս.
Ամենափրկիչ վանքի առաջնորդը հոգևոր հովիվներ է ուղարկել նաև Հնդկաստանում և Հեռավոր
Արևելքի երկրներում գտնվող հայ համայնքները հովվելու համար։ Թեմի առաջնորդանիստ կենտրոնը
1606 թ. մինչև օրս հանդիսանում է Նոր Ջուղան, որտեղ թեմակալ առաջնորդի նստավայրը Ս.
Ամենափրկիչ վանքն է։ Այսպիսով, որպես հայ Առաքելական եկեղեցու թեմական կենտրոն, Նոր
Ջուղան նշանակալից դեր էր խաղում ոչ միայն իրանահայերի, այլև մոտիկ ու հեռու հայ գաղթօջախների
հայության հասարակական-մշակութային կյանքում։
Նոր Ջուղայի առաջնորդներն ի սկզբանե նշանակվում էին Էջմիածնի կողմից, Վեհափառ
կաթողիկոսի կոնդակով։ Ջուղայի առաջնորդը համարվում էր ոչ միայն թեմի հոգևոր պետը, այլև
պարսից շահերի հրովարտակներով ճանաչվում էր որպես «ազգապետ և ծայրագույն դատաւոր ժողովրդեան
Հայոց Պարսկաստանի»։ Նոր Ջուղայի հոգևոր առաջնորդները, փաստորեն, կարողացել էին հայ
Առաքելական եկեղեցու նվիրապետության կազմում իրենց համար ապահովել այնպիսի ինքնուրույն
վիճակ Իրանի սահմաններում, ինչպիսին ձեռք էին բերել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները
Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող երկրամասերում։ Իրանի հյուսիսային
շրջաններում հայերի հոգևոր-հասարակական կյանքը կենտրոնացված էր Ատրպատականի թեմում։
Այս շրջանի հայերը հիմնականում բնիկներ են։ Ատրպատականի թեմը կազմավորվել է 1833 թ.
Նիկողայոս եպիսկոպոս Կարբեցիի կողմից։ Մինչև 1943 թ. Իրանում գոյություն են ունեցել
երկու՝ Ատրպատականի և ԻրանաՀնդկաստանի թեմերը։ 1944 թ. նախկինում Իրանա-Հնդկական թեմի
մեջ մտնող համայնքների մի մասից կազմվեց նոր՝ Թեհրանի թեմը։ Այսպիսով, ներկայումս Իրանում
գործում են երեք թեմեր։ Դրանք են՝ 1. Հյուսիսային կամ Թավրիզի թեմը։ Սա իրանահայության
հնա գույն թեմն է, որի մասին հիշատակություններ կան դեռևս XII դարից։ Այս թեմի նախկին
անունը, ինչպես նշվեց, մինչև 1833 թ. եղել է Ատրպատականի թեմ, որի կենտրոնն էր Մակուի
(Արտազ) Ս. Թադեոս Առաքյալ (Թադեի) վանքը։ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան
Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ատրպատականի թեմի կենտրոնը Ս. Թադեոսի վանքից
փոխադրվել է Թավրիզ, որտեղ XIX դ. սկզբներին բավականին մեծ թվով հայեր կային։ Սակայն
Թուրքմենչայի պայմանագրով հայերի Երևանի և Նախիջևանի նահանգներ փոխադրվելուց հետո
(մոտ 45 հազար մարդ), Թավրիզում մնացել էր ընդամենը 40 հայ ընտանիք։ 1833 թ. թեմը վերանվանվել
է Թավրիզի թեմ Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցիով։ Սակայն ավանդաբար, ներկայումս
ևս, այդ թեմը հաճախ անվանում են Ատրպատականի թեմ։ Ազգային առաջնորդարանը մինչև
1936 թ. գտնվում էր Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում, Թավրիզի Ղալա թաղամասում։ Հետագայում
այն տեղափոխվել է նախկին թեմական դպրոցի շենքը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի
փողոցում և մինչև այժմ էլ գտնվում է այնտեղ։ 1833 թվականից թեմն ունեցել է 14 առաջնորդ,
որոնցից հատկապես նշանավոր են Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը և Ներսես արքեպիսկոպոս
Մելիք-Թանգյանը, որը թեմը ղեկավարել է 1913- 1948 թթ.։

Վարչական առումով այս թեմի մեջ
այժմ մտնում են երեք նահանգներ։ Դրանք են. Արևելյան Ատրպատական (Թավրիզ կենտրոնով),
Արևմտյան Ատրպատական (Ուրմիա կենտրոնով) և Արդեբիլի նահանգը (Արդեբիլ կենտրոնով)։
XX դարի սկզբներին թեմի տարածքում բնակվել են 30 հազար հայեր, հետագայում հայրենադարձության
և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թվականներին կազմել 17 հազար։
Ներկայումս թեմի տարածքում ապրում է մոտ 3 հազար հայ բնակչություն։ Նրանք հիմնականում
բնակվում են Թավրիզում և Ուրմիայում, ընտանիքներ կան նաև Սալմաստում։ Թեմի տարածքում
կա շուրջ 180 (որոշ տվյալներով 223) հայկական եկեղեցի, որոնցից կանգուն են 42-ը։ Նշանավոր
են Արտազի (Մակուի) Ս. Թադեոս և Ս. Ստեփանոս նախավկա (VII-IX դարեր) վանքերը, Թավրիզի
Ս. Աստվածածին (1872 թ.), Ս. Սարգիս (1845 թ.), Սալմաստ գավառի Ղալասար գյուղի Ս. Սարգիս
(1806 թ.), Խոյի Ս. Սարգիս (1120թ.), Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցիները և այլն։ Ներկայումս
գործող եկեղեցիներն են Ս. Սարգիս (գտնվում է Թավրիզի Լիլավա թաղամասում, կառուցվել
է 1845 թ.), և Ս. Մարիամ Աստվածածին (Մարիամ Նանե), գտնվում է նույն քաղաքի Մարալան
թաղամասում, կառուցվել է 18-րդ դարի վերջերին), Ս. Մարիամ Աստվածածին (գտնվում է Ղալա
թաղամասում, կառուցվել է 1782 թ.), հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ մատուռ,
հիմնվել է 1940 թ.։ Թավրիզի շրջակայքում գտնվում են ևս 12 այլ կանգուն եկեղեցիներ։
Թավրիզի թեմի տարածքում են գտնվում հայ միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ արժեքավոր
հուշարձաններ, որոնցից երեքը՝ Ս. Թադեոս Առաքյալի, Ս. Ստեփանոս Նախավկայի և Ծործորի
վանքերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության հովանավորության
ներքո։

Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը գտնվում է Թավրիզի մոտակայքում, Դարաշամբ՝
գյուղից 6 կմ հեռավորության վրա։ Թավրիզի հայոց թեմի առաջնորդարանի ջանքերով կառուցվել
է 21 կմ երկարությամբ ճանապարհ, որպեսզի ուխտավորները դյուրությամբ այցելեն այդ նշանավոր
վանքը։ Ժամանակին Դարաշամբ գյուղը եղել է հայաբնակ, սակայն Թուրքմենչայի պայմանագրի
կնքումից հետո նրա բնակիչները գաղթել են Հայաստան։ Ներկայումս գյուղը զուրկ է բնակչությունից։
Առհասարակ պետք է նշել, որ իրանական օրենքների համաձայն, հայկական բոլոր պատմական հուշարձանները
պահպանվում են պետության կողմից։ Երկրի այն քաղաքներում, որտեղ այս կամ այն պատճառով
հայ համայնքը դադարել է գոյություն ունենալուց, հայ Առաքելական եկեղեցուն պատկանող
շինությունները գտնվում են թեմերի հսկողության տակ։ Որպես օրինակ կարելի է բերել Աբադան
քաղաքի հայկական եկեղեցին և դպրոցը։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության
միջոցներով հիմնովին վերականգնվել և վերանորոգվել է Ս. Թադեի եկեղեցական համալիրը։
Որպես համաքրիստոնեական առաջին սրբատեղի և համամարդկային մշակութային արժեք, այն ներառված
է մշակութային ժառանգության համաշխարհային կազմակերպության կողմից պահպանվող կառույցների
շարքում։

Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանքը գտնվում է Մակուի շրջանում, Չալրդանի Ղարաքիլիսա
գյուղում։ Կառուցման թվականը վերագրվում է IV-ից VI դարերին, ըստ ավանդության՝ այն
հիմնադրել է Թադեոս առաքյալը։ Վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել և կրկին վերանորոգվել
է։ Վանքի քարերից մեկի վրա փորագրված գրությունը վկայում է, որ այն 1814 թ. վերանորոգվել
է թագաժառանգ Աբբաս Միրզայի հրամանով։ Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով վանքը
հիմնովին վերանորոգման է ենթարկվել 1946 թ.։ Թավրիզի թեմի բարձրագույն մարմինը չորս
տարով ընտրվող պատգամավորական ժողովն է՝ բաղակացած 17 անդամից։ Պատգամավորական ժողովն
ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որը երեք տարին մեկ կազմավորում է գործադիր
մարմին՝ թեմական խորհուրդ։
1961 թ. Թավրիզի թեմն անջատվեց Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից
և միացվեց Կիլիկիայի կաթողիկոսությանը։ Դա իրանական պետության կողմից կիրառված քաղաքական
քայլ էր, որպեսզի իրանահայությունը կտրի իր կապերը Խորհրդային Հայաստանից։ Համաշխարհային
երկու բեևեռների միջև թափ հավաքող «սառը պատերազմի» պայմաններում, Մոհամմադ Ռզա շահի
եռանդուն մասնակցությամբ տեղի ունեցած այդ քայլը տարածվեց նաև Իրանի մյուս թեմերի վրա։
1961 թ. սկսած Թավրիզի թեմական առաջնորդները նշանակվում են Անթիլիասի կողմից։
Ժամանակին Թավրիզի թեմում գործել են բազմաթիվ կրթօջախներ և ազգային հաստատություններ։
Առհասարակ, ընդհուպ մինչև XX դարի 30-ական թվականները այդ թեմը կարևոր դեր է խաղացել
Իրանի հայ բնակչության կյանքում։ Սակայն աստիճանաբար այն կորցրել է իր ունեցած առաջատար
դերը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցավ նոր կենտրոնին՝ Թեհրանին։

Ներկայումս
Թավրիզում գործում է միայն մեկ հայկական դպրոց։ Կա նաև հայկական մշակութային կենտրոն,
գործում է «Արարատ» մարզավանը, մարզամշակութային այլ կազմակերպություններ ու մասնաճյուղեր։
Ընդհանուր առմամբ այսօր Ատրպատականի թեմի շրջանակներում հայ մշակութային կյանքը խամրել
է։ Թավրիզի թեմի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութային
և բարեգործական ընկերակցություն և արձանագրվել «Ատրպատականի ընդհանուր հայության առաջնորդարանի
խորհուրդ» անունով։ 2. Սպահանի հայոց թեմ։ Մինչև 1945 թ. ողջ պարսկահայությունը՝ բացի
Ատրպատականի նահանգի հայերից, մաս է կազմել հարավային իրանահայության շրջանակներում
գործող թեմի, որը կազմավորվել է 1606 թ. շահ Աբբաս Ա-ի կողմից Հայաստանից հայերի բռնի
տեղահանությունից հետո։ Հետագայում, երբ Հարավային Իրանի հայոց թեմին են ենթարկվել
Հնդկաստանի, Ճավայի և Հարավ-Արևելյան Ասիայի մի շարք այլ հայկական համայնքները, ընդհուպ
մինչև 1960 թ. Սպահանի հայոց թեմը կոչվել է Իրանա-Հնդկաստանի թեմ, այնուհետև Սպահանի
կամ Հարավային Իրանի թեմ, իսկ 1995 թվականից՝ Սպահանի թեմ։
.jpeg)
1944 թ. թեմից անջատվել է Թեհրանի թեմը, իսկ 1958 թ.՝ Հնդկաստանն ու Ծայրագույն
Արևելքը։ Թեմի կենտրոնն է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը և հանդիսանում է
թեմակալ առաջնորդի աթոռանիստը։ Թեմն ընդգրկում է Սպահան, Ֆարս, Խուզիսթան, Չհարմահալ-Բախթիարի,
Քոհքիլույե, Բույերահմադի, Լորեսթան, Հորմոզգան նահանգները։ Թեմի ներկայիս վարչական
սահմանների մեջ մտնում են հետևյալ քաղաքները. Սպահան (որի մեկ շրջանն է Նոր Ջուղան),
Շահինշահրը, Շիրազը և այլն, որտեղ կա հայ բնակչություն։ Սպահանի թեմի հայ բնակչությունը
մինչև 1979 թ. իսլամական հեղափոխությունը կազմել է 10 հազար մարդ, ներկայումս այդ թեմի
իրավասության շրջանակներում ապրում է մոտ 7-8 հազար մարդ։ Դարեր շարունակ, ընդհուպ
մինչև 1958 թ., Սպահանի թեմը վարչականորեն կապված է եղել Ս. Էջմիածնի կաթողիկոսության
հետ։
Սակայն 1958 թ. իրանական կառավարության համաձայնությամբ թեմն անջատվեց
Էջմիածնից և վարչականորեն միացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։ Եվ քանի որ
1958 թ. Հնդկաստանի և Հեռավոր Արևելքի հայ համայնքները, անջատվելով Սպահանի թեմից,
մնացին որպես Էջմիածնի կաթողիկոսության ենթակա հարանվանություններ, ուստի, ինչպես նշվեց
վերևում, թեմը անվանափոխվեց և այլևս չկոչվեց Իրանա-Հնդկաստանի թեմ։ 1961 թ. Բեյրութից
Նոր Ջուղա ժամանեց Անթիլիասի նշանակած թեմակալ առաջնորդը։
Ընդհանուր առմամբ այս թեմում եղել են 105 եկեղեցիներ, որոնցից ներկայումս
կանգուն են 30-ը։ Բացի առաջնորդանիստ Ս. Ամենափրկչյան վանքից և Ս. Կատարինյան եկեղեցուց,
ներկայումս Նոր Ջուղայում կան 9 եկեղեցիներ, որոնցից ամենահինը Ս. Գևորգ եկեղեցին է
(1611 թ. այն կառուցվել է անվանի վաճառական խոջա Նազարի կողմից)։ Մյուս եկեղեցիներն
են Ս. Աստվածածինը (1613), Ս. Հակոբը, Ս. Բեթղեհեմը (1628), Ս. Գրիգոր Լուսավորիչը,
Ս. Հովհաննես Մկրտիչը, Ս. Մինասը (1659), Ս. Ներսեսը, Ս. Նիկողայոսը։ Սպահանում գործում
է նաև հայ կաթողիկե եկեղեցի։ Սպահանի թեմի առաջնորդության ներքո գտնվում են 23 գործող
եկեղեցիներ։
Վահան
Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am

Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: