ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (7)

Համայնքի անդամների ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանը համարում է իր հայրենիքը և բնավ անտարբեր չէ նրա հոգսերի, դժվարությունների և այնտեղ տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ։

Իրանահայ համայնքի արտագաղթողների մի մասն էլ երիտասարդներ են, որոնք գնում են ուսանելու և չեն վերադառնում։ Մի խոսքով, անկանխատեսելի զարգացումների հեռանկարը իրանահայության մի մասին մղում է արտագաղթի հեռու և մոտ երկրներ։ Իրանից հայերը հիմնականում արտագաղթում են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Շվեդիա, Հոլանդիա, մասամբ Շվեյցարիա, ինչպես նաև Եվրամիության այլ երկրներ։ Կան նաև արտագաղթողներ Ծոցի նավթ արդյունահանող հարուստ երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար և Բահրեյն։



Հայաստանի անկախացումից հետո սկսվեց նաև իրանահայության արտագաղթ դեպի հայրենիք։ Դրան մեծապես նպաստեց սփյուռքահայերին կեցության վերաբերյալ 10-ամյա ժամկետով հատուկ անձնագրերի տրամադրումը Հայաստանի կառավարության կողմից, ինչպես նաև երկքաղաքացիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից օրենքի ընդունումը։ Ճիշտ է, Իրանի օրենսդրությամբ արգելվում է երկքաղաքացիությունը, տվյալ դեպքում Իրանի քաղաքացիների այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերելը, սակայն երկրի իշխանությունները փաստորեն չեն խոչընդոտում իրենց քաղաքացիներին, այդ թվում նաև հայերին, այլ երկրերի քաղաքացիություն ձեռք բերել։ Հայաստան արտագաղթած իրանահայերից շատերը արդյունավետ գործունեություն են ծավալել հայրենիքում։ Նրանք ձգտում են հայաստանյան շուկայում զբաղեցնել տեղ։ Սակայն Իրանի տարադրամի շուկայում տիրող իրավիճակը հնարավորություն չի տալիս իրանահայերին ավելի մեծ ծավալներով ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։
Իրանական արժույթի աննախադեպ անկումը և արտարժույթի ձեռք բերման հետ կապված դժվարությունները չեն նպաստում հայաստանյան տնտեսության մեջ իրանահայության ինտեգրմանը։ Հայաստանում իրանահայ ներդրողների մի մասը հասել է հաջողության, մեկ այլ մասը ձախողվել է։ Կան նաև մարդիկ, որոնց ձեռնարկատիրական և ներդրումային գործունեությունը նրանց մոտ ոչ դրական տրամադրություններ է առաջացրել, ուստի հրաժարվել են իրենց այդ գործունեությունից, կամ ուղղակի Հայաստանից հեռացել են այլ երկրներ։ Դրանով հանդերձ, իրանահայերից շատերի համար այսօր ամենաապահով հանգրվանը համարվում է Մայր Հայրենիքը։ Այդ է պատճառը, որ նվազագույն ֆինանսական միջոցներ ունեցող իրանահայն Իրանում էժան գնով վաճառում է իր տունը և շտապում է Հայաստանում ձեռք բերել որևէ բնակարան։
Իրանահայերի Հայաստանում հաստատվելը ունի նաև այն առավելությունը, որ հայրենիք մեկնողը և այնտեղ բնակարան ձեռք բերողը կարող է Իրանում չվաճառել իր տունը, խանութը կամ արհեստանոցը։ Համակարգչային տեխնիկան և հեռահաղորդակցության մյուս միջոցները հնարավորություն են տալիս հեռավորության վրա կարգադրելու իր գործերը, իսկ ցանկության դեպքում առկա է Հայաստան-Իրան օդային և ցամաքային կապը, որի օգնությամբ նրանք մեկ ժամից քիչ ավելի, կամ մեկ օրվա ընթացքում կարող են լինել իրանական հողի վրա։ Ցավոք, սակայն, պետք է նշել, որ իրանահայության մի զգալի մասը գերադասում է ներգաղթել ոչ թե հայրենիք, իր նախնիների բնօրրանը, այլ ԱՄՆ, Կանադա, Եվրամիության երկրներ, Ավստրալիա և ուր հնարավոր է։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ բոլոր իրանահայերի կողմից է ընկալվում որպես իրենց երազած հայրենիք։ Մի խոսքով, որքան էլ որ ցավալի է հայ մարդու նման մոտեցումը, իրանահայության արտագաղթն իրողություն է։




Հայերն Իրանից անդադրում կերպով արտագաղթում են և առաջիկայում ևս կշարունակեն արտագաղթել, չնայած որ շատերի համար, որոնք կրթություն չունեն, մասնագիտություն չունեն, զուրկ են ֆինանսական միջոցներից և ոչ էլ տիրապետում են լեզուների, արտագաղթին դիմելը անհայտություն է։ Անշուշտ իրանահայության արտագաղթը վտանգի տակ է դնում գաղթօջախի կենսունակությունը, ապագայում գուցե և գոյությունը, մի հանգամանք, որը խիստ անցանկալի է Հայաստանի Հանրապետության ընթացիկ և ռազմավարական շահերի տեսակետից։ Մի խոսքով, իրանահայ համայնքի ազգային հեռանկարն այս տեսանկյունից դիտարկելիս, ցավոք, պետք է նշել, որ այն այնքան էլ հուսադրող չէ։ Որքան էլ հոռետեսորեն հնչեն իրանահայ համայնքի ապագայի վերաբերյալ դատողությունները, անժխտելի փաստ է, որ այսօր համայնքի և Հայաստանի միջև կապերը հարաճուն կերպով զարգանում են։ Համայնքի անդամների ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանը համարում է իր հայրենիքը և բնավ անտարբեր չէ նրա հոգսերի, դժվարությունների և այնտեղ տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ։ Դրա խոսուն վկայությունն է այն իրողությունը, որ համայնքի շատ ներկայացուցիչներ, նույնիսկ որոնք արդեն մշտական բնակության համար տեղափոխվել են արտերկիր՝ ԱՄՆ, Կանադա, Եվրամիության այլևայլ պետություններ և այլն, չեն զլանում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մասնակցել բարեգործական-մարդասիրական զանազան ծրագրերի իրագործմանը։ Նրանցից շատերը, նույնիսկ իրենց անձնական խնայողությունների հաշվին, մասնակցում են դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների վերանորոգմանը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում մանկատներին, աշխատում են հիվանդանոցները հագեցնել նորագույն սարքավորումներով և այլն։


Իրանահայությունը անկախ նրանից, թե ինչ խավի է պատկանում, ունեցվածքային ինչպիսի վիճակում է գտնվում, և նույնիսկ այժմ որ երկրում է բնակվում, եռանդուն կերպով մասնակցում է նաև ի նպաստ Լեռնային Ղարաբաղի կամ այլ ծրագրերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պարբերաբար կազմակերպվող դրամահավաքներին։ Կարևոր է նաև նշել, որ Իրանից արտերկիր արտագաղթած իրանահայերը շարունակում են մեծապես նախանձախնդիր լինել իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը պահելու հարցում։ Դրա ցայտուն վկայությունն է հանդիսանում այն իրողությունը, որ նրանք իրենց բնակություն հաստատած երկրներում ևս օր առաջ աշխատում են ստեղծել իրենց մշակութային միությունները, հայոց լեզվի և գրականության առնվազն մեկօրյա դպրոցները, զբաղվում են մշակութային գործունեությամբ, իրենց երեխաների հայեցի դաստիարակությամբ և այլն։



Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: