ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (5)

1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության հետևանքով շահական վարչակարգը տապալվեց։ Իրանահայությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել այդ հեղափոխությանը և տվել բազմաթիվ զոհեր։
1979 թ. մարտի 26-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս
Մանուկյանը հայ համայնքի ստվարաթիվ պատվիրակության ուղեկցությամբ այցելել է իսլամական
հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիին և շնորհավորել նրան ու Իրանի ժողովրդին հեղափոխության
հաղթանակի առթիվ։ Սրբազանը միաժամանակ հայտնել է իրանահայերի պատրաստա-կամությունը
շարունակելու օժանդակել հեղափոխության գործին։ Այդ հանդիպման ժամանակ իմամ Խոմեյնին
ասել է. «Այս հեղափոխության ձեռքբերումներն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև
Իրանի փոքրամասնությունների վրա։ Իսլամը բարյացակամ է ուրիշ կրոնների ու գաղափարախոսությունների
նկատմամբ»։ Հանդիպման վերջում Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը մի գրություն է հանձնել
իմամ Խոմեյնիին, որտեղ ասվում էր, որ «իրանահայերն Իրանի անկախությունն ու միասնականությունը
պաշտպանելը համարում են իրենց ազգային գերպարտականությունը»։ Իրանահայությունը իր եռանդուն
մասնակցությունն է բերել նաև 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմին։ Այդ ծանր
ու երկարատև պատերազմին մասնակցել է 17 հազար հայ, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել
են։

Իրանի Իսլամական Հեղափոխության քաղաքական ղեկավարությունը պատշաճ կերպով գնահատանքի
է արժանացնում Իրանի հայ համայնքի նվիրվածությունը իրանական հայրենիքին, որի հյուրընկալ
հողի վրա հայերը ապրել են դարեր ի վեր։
ԻՐԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Իրանը բազմազգ պետություն է, որտեղ բնակվում են երկրի ողջ տարածքում
ցրված ավելի քան 40 ազգեր ու ազգություններ։ Ըստ լեզվական հատկանիշի, այդ երկրի բնակչությունը
բաժանվում է երեք հիմնական խմբերի. իրանախոս, թրքախոս և արաբախոս, որոնցից յուրաքանչյուրը
բնորոշվում է էթնիկական մեծ բազմազանությամբ։ Ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների
կազմի մեջ են մտնում քրիստոնյաները, զրադաշտականները և հուդայականները (հրեաները)։
Իրենց թվաքանակով կրոնական փոքրամասնությունների մեջ հայերը միշտ գրավել են առաջին
տեղը։ Նրանք մշտապես կրկնակի ավել են եղել Իրանի մյուս կրոնական փոքրամասնություններից՝
ասորիներից, հրեաներից և զրադաշտականներից։ Հայերի թվաքանակն Իրանում մշտապես ունեցել
է կտրուկ տատանումներ, կախված երկրի քաղաքական կայունության վիճակից, տնտեսական իրադրությունից
և այլ գործոններից։ Օրինակ, առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հայերի թիվը կազմել
է 60 հազար մարդ26։ Սակայն այդ բնակչության կեսից ավելին՝ մոտ 35 հազար մարդ, պատերազմի
հենց սկզբին, խուսափելով Իրանի տարածքը ներխուժած թուրքական զորքերի հալածանքներից,
Իրանի հյուսիսային շրջաններից փախել է Կովկաս և Ռուսաստան։ Նրանց մեծ մասը պատերազմի
ավարտից հետո վերադարձել է Իրան, իսկ մյուս մասը՝ 1932-1935 թվականներին։
Արդեն երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին (1944 թ.) իրանահայության թիվը անցնում էր 100 հազարից։
Մինչև 1979 թ. իրանական հեղափոխությունը հայերի թիվն Իրանում հաշվվում
էր մոտ 200 հազար մարդ, որի 70%-ը քաղաքային բնակչություն էր և հիմնականում կենտրոնացած
էր Թեհրանում։ Մեծ թվով հայ բնակչություն
կար նաև Թավրիզում և Ատրպատականի մյուս քաղաքներում, հարավային, կենտրոնական և հյուսիսային
Իրանի քաղաքներում (Սպահան, Նոր Ջուղա, Շիրազ, Աբադան, Ահվազ, Արաք, Էնզելի, Ռաշտ,
Ղազվին և այլն)։ Առհասարակ հայերն Իրանում հիմնականում քաղաքաբնակներ էին, թեև առկա
էր նաև գյուղական բնակչություն։ 1946 թ. կազմակերպվեց իրանահայության ներգաղթ դեպի
Խորհրդային Հայաստան։ Իրանահայության մի մասին հաջողվեց ներգաղթել հայրենիք։ Սակայն
ինչ-ինչ պատճառներով, ներգաղթողների համար միանգամայն անսպասելի կերպով, ներգաղթն ընդհատվեց
և երկրի տարբեր մասերից Թեհրան հորդած հայ բնակչությունը, որն իր նախկին բնակավայրերում
արդեն վաճառել էր իր տուն-տեղը և ունեցվածքը, այլևս չէր կարող հետ վերադառնալ և ստիպված
էր հաստատվել Թեհրանում, որի հայ համայնքն, այդպիսով, արձանագրեց կտրուկ աճ։, Ըստ որոշ
տվյալների, 1950-ական թվականների վերջին թեհրանահայության թիվը հասել էր 65 հազարի,
իսկ 1970-ական թվականների վերջին այն կազմում էր 120 հազար մարդ։ Տարբեր նահանգներից
ու գավառներից Թեհրան եկած հայերի համար հայրենադարձության ընդհատման պատճառով ստեղծվել
էր ծանր վիճակ։ Աստիճանաբար հարմարվելով ստեղծված վիճակին, նրանք բնակություն հաստատեցին
Թեհրանի տարբեր թաղամասերում Բեհջաթաբադում, Յուսեֆաբադում, Ղըզըլ-Ղալեում, Հեշմաթիեում,
Մաջիդիեում, Վահիդիեում, Զարքեշում և Նարմաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
հայերը Թեհրանում բնակվում էին նաև Նադերի, Ղավամ-էս-Սալթանե, Շահ, Յուսեֆաբադ, Մանուչեհրի
և այլ կենտրոնական փողոցներում, այսինքն հիմնականում քաղաքի կենտրոնական ու հյուսիսային
թաղամասերում, տեղ-տեղ բավականին համահավաք խմբերով։
Հետպատերազմյան շրջանում երկրի տարբեր վայրերից Թեհրան տեղափոխված
հայերը բնակություն հաստատեցին նաև քաղաքի արևելյան և արևմտյան մասերում։ Ներկայումս
Թեհրանում հայերը գլխա-վորապես բնակվում են Մաջիդիե, Զարքեշ, Հեշմաթիե, Նարմաք և մի
շարք այլ թաղամասերում։ Մինչև 1970-ական թվականները հայերը ինչ-որ չափով ներգրավված
էին պետական համակարգում և տնտեսական ու իրավաբանական ոլորտներում, կային նաև բանակային,
սպայական ծառայության մեջ գտնվող հայեր։ Քիչ չէին խոշոր ձեռնարկատերերը։ Զգալի թիվ
էին կազմում նավթարդյունաբերության ոլորտի աշխատողները։
1950-ական թվականներից սկսած աճ է արձանագրել նաև հայ մտավորականության
թիվը (բժիշկներ, իրավաբաններ, ուսուցիչներ, ճարտարագետներ և այլն), որոնց մի մասը մասնագիտական
բարձրագույն կրթությունը ստացել էր արևմուտքի երկրներում։ 1978 թ. վերջերին
հակաշահական
զանգվածային հուզումների պայմաններում զգալի թվով հայեր արտագաղթեցին ԱՄՆ, Եվրոպա,
Մերձավոր Արևելքի երկրներ և այլն։
1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո տիրող անկայուն կացության,
անուղղակի խտրական վերաբերմունքի և այլ պատճառներով արտագաղթն ընդունեց խոշոր չափեր,
որի հետևանքով հայության թիվն Իրանում կրկնակի կրճատվեց։ Ներկայումս պաշտոնական վիճակագրություն
Իրանում հայերի թվի մասին գոյություն չունի։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝
նրանց թիվը հասնում է հազիվ 50 հազար մարդու, այսինքն՝ չորս անգամ պակաս, քան իսլամական
հեղափոխոնւթյունից առաջ։ Ընդ որում, հայերի ջախջախիչ մեծամասնությունն ապրում է Թեհրանում։
Դժբախտաբար ստույգ տվյալներ գոյություն չունեն նաև մայրաքաղաքում նրանց թվաքանակի մասին։

Հայերի հիմնական զանգվածի կենտրոնացումը Թեհրանում պայմանավորված է նրանով, որ Իրանում
գյուղական բնակչության տեսակարար կշիռը ներքին միգրացիոն գործընթացների հետևանքով մշտապես
կրճատվում է։ Ընդ որում, ներքին տեղափոխությունների հիմնական ուղղվածությունը «գյուղ-քաղաք»
ուղղությունն է։ Գյուղական վայրերից Թեհրանը դեպի իրեն է ձգում հազարավոր գյուղացիների
և համեմատաբար փոքր քաղաքների բնակիչների։
Ներկայումս Թեհրանը հանդիսանում է Մերձավոր ու Միջին Արևելքի խոշորագույն
քաղաքներից, ինչպես նաև աշխարհի արագ ուրբանիզացվող քաղաքներից մեկը։ Այդ մեգապոլիսում
է կենտրոնացած երկրի արդյունաբերական ձեռնարկությունների 60%-ից ավելին, երկրի ողջ
պետական ծառայողների 35%-ը, մասնագետ-ճարտարագետների 44%-ը և երկրի ողջ բանվորության
1/3 մասը։ Թեհրանում է կենտրոնացված ստեղծագործական մտավորականության, «ազատ մասնագիտությունների»
(բժիշկներ, ճարտարապետներ, փաստաբաններ, իրավաբաններ, ուսուցիչներ, բանկային ծառայողներ
և այլն) ներկայացուցիչների հիմնական մասը, երկրի ողջ ուսանողության մոտ կեսը։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ.,
պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: