ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (4)

Իրանը առաջին պետություններից մեկն էր, որ 1918 թ. պաշտոնապես ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետության 27 անկախությունը և նրա հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, ցուցաբերեց տնտեսական ու քաղաքական աջակցություն հայկական նորաստեղծ պետությանը։ Հայաստանում 1920 թ. խորհրդային կարգեր

Իրանական սահմանադրական հեղափոխությունից հետո Իրանի հասարակական-քաղաքական կյանքում նկատվեցին որոշ դրական տեղաշարժեր, այդ թվում նաև իրանահայության համար։ Հայերն ընտրվեցին տեղական ինքնավարության մարմիններում։ Իրանահայությունը իրավունք ստացավ ունենալու երկու պատգամավոր իրանական խորհրդարանում՝ մեջլիսում։
1908 թ. փետրվարի 17-ին վերջնականապես կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը, որի խնդիրն էր, իբրև տեղի հայոց բարձրագույն իշխանություն, միջնորդ հանդիսանալ հայ համայնքի և կառավարության ու մեջլիսի միջև։ 1911 թ. Ազգային խորհուրդը պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»։ Այդ վարչության ընդունած օրենքով 1917 թ. կազմվեցին Համադանի, Սուլթանաբադի (ներկայումս՝ Արաք) և այլ հայաշատ վայրերի համայնական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչներից էլ ստեղծվեց «Իրանահայ ընդհանուր խորհուրդը»։ Առաջին համաշխարհային պատերազմն իր ծանր հետևանքներն է թողել նաև իրանահայության վրա։ 1918 թ. թուրքական զորքերը ներխուժելով Ատրպատական, կոտորել են զգալի թվով հայ բնակչություն, ավերել բազմաթիվ հայկական գյուղեր, թալանել ու կողոպտել հայ եկեղեցիներ և այլն24։ Արևմտահայության եղեռնից փրկված ու վերապրած բազմաթիվ հայեր ապաստան են գտել իրանական հողում։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Իրանի հայ համայնքի համար ստեղծված վտանգավոր պայմանները առաջնահերթ խնդիր դարձրին այսպես կոչված «Պարսկահայ խորհուրդ» ստեղծելու հարցը։ Դա հանդիսանում էր ամբողջ պարսկահայությունը ներկայացնող բարձրագույն մարմին։


1915-1916 թթ. տագնապալից օրերին, երբ Ատրպատականի հայաշատ վայրերում մոլեգնում էր թուրքական զորքերի արյունոտ տեռորը հայ բնակչության նկատմամբ, Պարսկահայ խորհուրդը, հիրավի, փրկարար դեր կատարեց վտանգված վայրերի հայ ազգաբնակչության համար։



Այդ օրերին, երբ Ատրպատականի մեծ մասը ռազմակալման ենթարկելուց հետո թուրքական զորքերը սպառնում էին շարժվել Թեհրանի վրա, Պարսկահայ խորհրդին հաջողվում է իր դիմումներով հայերի համար պաշտպանության խոստում ստանալ իրանական կառավարությունից։ Միաժամանակ Խորհրդի եռանդուն ջանքերի շնորհիվ Թեհրանում Իսպանիայի դեսպանությունը համաձայնություն է տալիս, որպեսզի պատերազմում չեզոքություն պահպանած երկրի կարգավիճակ ունեցող Իսպանիայի դրոշները պարզվեն մայրաքաղաքի մի քանի մեծ շենքերի վրա, հայերին հնարավորություն տալով կենտրոնանալու այդ շենքերում և իսպանական պետության հովանու ներքո ապահովելու իրենց անվտանգությունը։ Բարեբախտաբար Ռուսաստանի և Անգլիայի՝ Եռյակ համաձայնության դաշինքի գծով այդ դաշնակից պետությունների զինված ուժերի հարվածների հետևանքով թուրքերին չհաջողվեց իրականացնել Թեհրանը գրավելու և տեղի հայերի հետ ևս հաշվեհարդար տեսնելու իրենց չարաշուք ծրագրերը։ Ատրպատականում հայ բնակչության նկատմամբ թուրքական զորքերի գործած վայրագությունների, Վանի հերոսամարտի և ապա Վասպուրականի հայության գաղթի հետևանքով հազարների հասնող տարագիր հայության համար ստեղծված անտանելի պայմաններում իրանահայ համայնքը եղբայրական օգնության ձեռք մեկնեց և պատսպարեց հայ տարագիրներին և ցեղասպանությունից վերապրածներին։


1917 թ. Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից և նրան հաջորդած բոլշևիկյան հեղաշրջումից հետո զգալի թվով հայեր արտագաղթել են Իրան, ստվարացնելով հայ համայնքը։ Նման արտագաղթ տեղի է ունեցել նաև 1920 թ., երբ Հայաստանի առաջին Հանրապետության կործանումից հետո մեծ թվով հայեր անցնելով Արաքսը վտարանդության են մեկնել հարևան Իրանի հյուրընկալ հողը։ Ի դեպ Իրանը առաջին պետություններից մեկն էր, որ 1918 թ. պաշտոնապես ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետության 27 անկախությունը և նրա հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, ցուցաբերեց տնտեսական ու քաղաքական աջակցություն հայկական նորաստեղծ պետությանը։
Հայաստանում 1920 թ. խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ինչպես ողջ սփյուռքահայությունը, իրանահայ համայնքը ևս չի զլացել իր օգնությունը հայկական երկրորդ հանրապետությանը։ Սփյուռքահայ գաղթօջախներից Թավրիզն առաջինն է եղել, որ կազմակերպել է Թավրիզի ՀՕԿ-ի մասնաճյուղը (1922 թ. ապրիլի 21-ին)։ Շատ չանցած Հայաստանի Օգնության Կոմիտեներ են ստեղծվել նաև Իրանի գրեթե բոլոր հայ գաղթօջախներում՝ Թեհրանում, Նոր Ջուղայում, Ռաշտում, Էնզելիում, Ղազվինում, Ահվազում, Նիշափուրում, Մաշհադում և այլն։ XX դարի 30-ական թվականներին ստալինյան հալածանքների հետևանքով Խորհրդային Միության տարածքից այսպես կոչված «Իրանահպատակ» հայերը բռնի կերպով դեպորտացվեցին դեպի Իրան, ստվարացնելով տեղի հայ գաղթօջախները։ Հավատարիմ մնալով ասպնջականության իր դարավոր ավանդույթներին, իրանական պետությունը և ժողովուրդը գրկաբաց ընդունեց հայրենազրկված այդ հայությանը։ 1925 թ. Իրանում Ղաջարների թյուրքական դինաստիան տապալվեց և իրանական գահի վրա նստեց պետական հեղաշրջումն իրականացրած Ռզա խանը, որն ընդունեց Ռզա շահ Փահլավի գահակալական անունը, դրանով իսկ Իրանում հիմք դնելով կառավարող մի նոր հարստության՝ Փահլավի արքայատոհմին։
Իրանի նոր տիրակալը սկսեց վարել երկրում «կարգ ու կանոն» հաստատելու քաղաքականություն, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ռազմական դիկտատուրայի հաստատում։ Նրա կողմից առաջ քաշված պանիրանիզմի (համաիրանականության) գաղափարախոսության և «Ազգային միասնության» ամրապնդման շարժումը ուղեկցվում էր մեծապետական շովինիզմի, կայսերապաշտության և պարսիկների ռասայական ու մշակութային գերազանցության վերաբերյալ քարոզչությամբ։ Ռզա շահը ձգտում էր երկիրը միատարր դարձնել և բոլոր 28 ազգերին ու ժողովուրդներին համաձուլել մեկ միասնական «իրանական ազգի» մեջ։ Համաձուլման այդ քաղաքականությունը շահը իրականացնում էր ոչ միայն այլադավան փոքրամասնությունների (հայերի, ասորիների, զրադաշտականների, հրեաների), այլև դավանակից, սակայն այլ էթնիկական ծագում ունեցող ժողովուրդների (ազերիների, քրդերի, արաբների) և այլոց նկատմամբ։
Մինչև XX դ. 30-ական թվականների կեսերը Ռզա շահը խրախուսում էր իրանահայության գործադրած ջանքերը հօգուտ Իրանի և նրա զարգացման։ Սակայն ավելի ուշ նա որդեգրեց կրոնական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման քաղաքականություն, առաջնորդվելով իրանական ազգայնականության՝ պանիրանիզմի մեծապետական-շովինիստական սկզբունքներով։ Իրանական իշխանությունների այդ քաղաքականության արդյունքները հատկապես բացասաբար անդրադարձան հայ բնակչության վիճակի վրա։ 1936 թ. Ռզա շահի հանձնարարությամբ այսուհետև հայկական դպրոցներում դասավանդումը պետք է կատարվեր պարսկերեն լեզվով, որը նշանակում էր վերջ տալ հայկական դպրոցների գոյությանը։ Հայկական դպրոցների փակմանը հաջորդեց մշակութային աշխատանքների արգելումը։ Չէր թույլատրվում հայերեն լեզվով կարդալ դասախոսություններ, կազմակերպել ներկայացումներ, տպագրել որևէ բան, նույնիսկ հասարակ հայտարարություն, մահազդ և մինչև անգամ այցետոմս։ Առանց բացառության ողջ երկրով մեկ ջնջվեցին կամ հանվեցին հայերեն լեզվով գրված բոլոր ցուցանակները։ Մոլեռանդները փողոցներում, ավտոբուսների մեջ, շուկայում և այլն հայերեն խոսողներից պահանջվում էին «հասկանալի» լեզվով խոսել25։ Ռզա շահի ազգայնական քաղաքականությունը չէր սահմանափակվում լոկ հայ փոքրամասնության նկատմամբ կիրառված վերոհիշյալ քաղաքականությամբ։ Այն տարածվում էր նաև ամերիկյան, անգլիական, ֆրանսիական միսիոներական դպրոցների վրա, որոնք բոլորը փակվեցին։ Այդ հայահալած քաղաքականությունը տևեց մոտ տասը տարի։


Նշված տարիների ընթացքում իրանահայ գաղութը չհաշտվեց իրեն պարտադրված ազգային-մշակութային կյանքի այդ սահմանափակումների հետ։ Համարյա բոլոր հայկական բնակավայրերում, տնային պայմաններում, կառավարության խուզարկու աչքից հեռու, կազմակերպվում էին հայոց լեզվի դասընթացներ, գրադարաններ, հայոց պատմությունն ու գրականությունն ուսումնասիրող խմբակներ և այլն։ Հայ դպրոցական-կրթական կյանքը, այդպիսով շարունակվեց, սակայն «ընդհատակյա» պայմաններում։ Այդ գործում չափազանց մեծ դեր խաղացին հայ կանայք և նրանց կազմակերպությունները։
1941 թ. Ռզա շահի անկումով վերացվեց հալածանքը և իրանահայությունը վերստին տեր կանգնեց իր իրավունքներին։ Հայկական դպրոցները վերաբացվեցին, վերականգնվեցին նաև մշակութային և հանրային հաստատությունները, ասպարեզ եկան մշակութային նորանոր միություններ։ Առհասարակ պետք է նշել, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նպաստավոր պայմաններ ստեղծվեցին իրանահայ համայնքի համար, զարգացնելու ու ծավալելու իրենց դպրոցական ցանցը, մարզա-մշակութային միությունները և այլն։ Այդ տարիներին, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում, դպրոցական շինարարությունը հատկապես մեծ թափ ստացավ Թեհրանում, որի բնակչությունը հախուռն տեմպով աճում էր։
.Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ։Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: