ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։

Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։
Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի Երևան տեղափոխվելու խնդիրը
Վերջապես [Բաթումից Թիֆլիս] է հասնում հայկական պատվիրակությունը: Խատիսյանը զեկուցում է տալիս. «Մենք մեզ հայտարարեցինք անկախություն, թերևս լայնացնելով և խլելով ձեր իրավունքները, բայց այլ կերպ անհնար էր, պետք էր հիմնավորել մեր գոյությունը իբրև սուվերեն մարմին»:
Ազգային խորհրդի անդամներից շատերը դեռ երկար ժամանակ չէին կարողանում հաշտվել անկախության և Ռուսաստանից բաժանվելու գաղափարի հետ:
Վրաստանը, առանց տատանվելու, հայտարարել էր իր անկախությունը: Հայոց Ազգային խորհուրդը պետք է ճշտեր իր դիրքը նրա հանդեպ և երկար վիճաբանություն է տեղի ունենում՝ արդյոք պետք է՞ ողջունել դրացի ազգի անկախությունը, թե՞ ոչ: Համ. Առաքելյանը ասում է. «Չպետք է անկախության դեմ գնալ, բայց և չողջունել: Չքննենք, թե ինչ դրություն է ստեղծվում մեզ համար, մանավանդ որ անկախություն ողջունելը կարող է դավաճանական քայլ համարվել Ռուսաստանի դեմ»:
Բայց եղածը եղած է և պետք է ընդունել անկախությունը, թեպետ «այս անկախությունը մենք ընդունում ենք իբրև մի բռնի քայլ, որ մեր ժողովրդի ստրկությունն է, այն էլ՝ թուրքական» (Ղ. Տեր Ղազարյան):
Այժմ պետք է իբրև անկախ պետություն կազմակերպվել և ամենից առաջ ունենալ իր կառավարությունը և նույն հունիսի 7-ի նիստում տրվում են հետևյալ որոշումները.
  1. Ազգային խորհուրդը ժամանակավորապես դառնում է Հայկական պետության օրենսդրական մարմին:
  2. Ազգային խորհուրդ օրենսդրական մարմինը գնում է Երևան:
  3. Ազգային խորհրդի անունը դնել Հայաստանի Պետական խորհուրդ (ժողով):
  4. Քաջազնունուն հանձնել կառավարություն կազմել կոալիցիոն սկզբունքով:
Երևան տեղափոխվելու խնդիրը սարսափեցնում էր շատերին: Ամենքը նախընտրում էին մնալ Թիֆլիս Հայաստանի Հանրապետության նախարարի անունով և այնտեղից կառավարել նոր հաստատված «Արարատյան Հանրապետությունը»:
Հայաստանի անկախության համար ստեղծվել էր անբնական վիճակ: Երկիրը անկախություն է ստանում, պետություն է կազմվում, բայց ոչ լրիվ կառավարություն ուներ և ոչ էլ նույնիսկ այդ թերատ կառավարությունը գտնվում էր այն երկրում, որի անունով հայտարարվում է պետությունը: Հայոց պատմության մեջ ինձ հայտնի չէ ուրիշ ժամանակ, երբ այսքան կարևոր րոպեին այսքան տարտամություն, թուլություն, երկյուղ [լինի], և որ ավելի վատթարն է, անձնական նկատումներ երևան գալը և հայրենիքի ու ժողովրդի հրատապ պահանջի առջև շաբաթներով վիճաբանելն ու վճռական քայլով առաջ չերթալ: Այո, ես չեմ հիշում հայ պատմության մեջ այսպիսի ամոթալի մտայնություն: Դեռ ավելին, վրաց կառավարությունը մայիս 26-ին իր անկախությունը հայտարարելով, հունիս 1-ին պաշտոնապես հաղորդում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին, որ «Վրաստանում այլևս անթույլատրելի է որևէ ուրիշ մարմնի գոյությունը, որ ունենա օրենսդիրի և կառավարության իրավունք, քանի որ սա պիտի նշանակի վրաց ժողովրդի գերիշխանության իրավունքի խախտում»: Սակայն հակառակ նույնիսկ այս պաշտոնական վտարումին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը սուտ խուլ է ձևանում և ամիս ու կես շարունակում վիճել Երևան տեղափոխվելու համար:
Այսպես, Ստ. Մամիկոնյանը առաջարկում էր. «Երևանը փոքր է և չի կարող նպատակակետ լինել, չի կարելի Ազգային խորհուրդը տեղափոխել Երևան և նրանով սահմանափակվել. նա պետք է մնա Թիֆլիսում իբրև մի բարոյական շաղկապ ընդանուր հայության: Իսկ Երևանի համար պարլամենտի գոյությունն ավելորդ է»:
Իսկ երբ Քաջազնունին առաջարկում է ձիով՝ լեռնային ճանապարհով անցնել Երևան, Սամսոն Հարությունյանը «տարօրինակ է գտնում, որ Հայաստանի կառավարությունը այծի ճանապարհով գնա»:
Բայց կան և ուրիշներ, որոնք առաջարկում են «չդնել կառավարությունը ծուղակի մեջ, քանի անապահով է, քանի դեռ բանակցությունները (Պոլսում) չեն վերջացել, ռիսկ է գնալն էլ, կազմելն էլ»: (Կարճիկյան):
Ազգային խորհրդի մեկ այլ անդամ՝ Նիկոլ Աղբալյանը, առարկում էր. «Հայաստանի կառավարությունը հարկադրական մի բան է, մի կատարյալ բանտ, սպասենք մինչև կորոշվի բանակցության ելքը»:
Երևանից Թիֆլիս հասած բժիշկ Հովհաննես Մելիքյանը (Հայ ժողովրդական կուսակցություն) զեկուցում է. «Կտրված լինելով ամբողջ աշխարհից, զուրկ հացից, իշխանությունից, Երևանը այնպիսի կրկիտիկական վիճակի մեջ է, որ հրամայական անհրաժեշտություն է ներկայացնում Ազգային խորհրդի տեղափոխությունը Երևան, որքան կարելի է շուտ, հակառակ դեպքում անիշխանությունը մեծ ծավալ կստանա»:
Հուլիսի 5-ին Թիֆլիսում ստացվեց Արամ Մանուկյանի Երևանից հունիսի 26-ին գրած նամակը. «Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել, հարկավոր է շուտափույթ իշխանություն կազմակերպել և գործի անցնել: Մինչև հիմա դա չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չկաք ու չկաք… Եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք, որ ձեզնից հուսահատված, անմիջապես կազմակերպվելու է սահմանադիր ժողով՝ ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը՝ ճակատագիրը… »:
Այս նամակի հետ ուղարկվել էր նաև Երևանի Ազգայի խորհրդի մի նամակ, որի առաջին էջը կորցվել էր, մնացյալ մասում գրված էր. «Կրկնում ենք, փոխանակ այս կյանքի ու մահվան հարցերով զբաղվելու, դուք զբաղված եք կուսակցական վեճերով, կառավարության աթոռների բաժանման վեճերով» (ստորագրություն ի նախագահի՝ Հով. Տեր Միքայելյան):
Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի մեջ կային նաև մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքի գնով Երևան գնալ և տեղում իշխանություն հաստատել: Սրանց մեջ սկզբից ի վեր իր վճռականությամբ փայլում է նոր կառավարության ընտրված նախագահ Քաջազնունին. «Չի կարելի անվերջ խոսել և ոչ մի իրական քայլ չանել այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք կյանքի և մահվան նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»:
Նույն պահանջը կրկնում է Կարճիկյանը, որ, ինչպես տեսանք, Երևանը ծուղակ էր համարում կառավարության համար:
Քաջազնունու մուրճի հարվածների տակ և Արամի սպառնալիքներից ազդված, հուլիսի 6-ին որոշում է կայացվում. «Հայոց Ազգային խորհուրդը տեղափոխվում է Երևան, հայտարարում է իրեն Հայաստանի Հանրապետության պառլամենտ՝ Հայաստանի խորհուրդ անունով, և կազմում է կառավարություն»:
Հակառակ այս որոշման, առարկությունները չեն վերջանում: Հուլիսի 12-ին Քաջազնունին ճարահատ հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Ժողովը շփոթության է մատնվում, որից հետո հաջորդ օրվա նիստում նոր որոշում է կայացնում՝ հուլիսի 17-ին մեկնել Երևան:
Հուլիսի 15-ի նիստում, որ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի վերջին նիստն էր, Ստ. Մանիկոնյանը մի վերջին փորձն է անում՝ խանգարելու գործը…
Բարեբախտաբար, խորհուրդն այս անգամ ընթացք չի տալիս: Որոշվում են Երևան մեկնող անձինք.
  1. ՀՅԴ-ից՝ Ավետիք Սահակյան, Ռուբեն Տեր Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Արտաշես Բաբալյան, Սիրեկան Տիգրանյան, Հովհաննես Քաջազնունի,
  2. Հայ ժողովրդական կուսակցությունից՝ Արշ. Մխիթարյան, Ստ. Մալխասյան,
  3. Սոցիալ Դեմոկրատներից՝ Հայկ Ազատյան և Մ. Ղարագյոզյան,
  4. Սոցիալիստ Հեղափոխականներից՝ Ա. Ստամբոլցյան:
Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 107-113:
Լուսանկարում՝ Թիֆլիսը 20-րդ դարի սկզբին


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: