ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (2)

Իրանահայությունը միշտ էլ հանդես է եկել որպես իր միջավայրի քաղաքակրթության զարգացմանը նպաստող ուժ։ Ժ

Պետք է նշել նաև, որ մոնղոլական տիրապետության շրջանում հայ բնակչություն է տեղափոխվել Իրան նաև կամովին, ո՜չ բռնագաղթի ճանապարհով։ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմանները, քաղաքական անապահովությունը, անձի և գույքի անվտանգության ապահովման հրամայականը ստիպել են հայերին կամովին լքել հայրենիքը և տեղափոխվել հարևան Իրան և հաստատվել առևտրաշատ և տնտեսապես բարվոք ու աշխույժ կենտրոններում, հատկապես Թավրիզ-Էրզրում բանուկ առևտրական ճանապարհների հանգուցային կայաններում։ Մոնղոլական տիրապետության շրջանում Հայաստանից դեպի Իրան հայության այդ հոսքի հետևանքով Թավրիզում, Սուլթանիեում, Մարանդում, Մարաղայում, Ռեյում, ինչպես նաև Կասպից ծովի հարավային ափերին՝ Ռեշտում և այլ քաղաքներում եղած հայ գաղթօջախների բնակչությունը դարձել է բավականին ստվարաթիվ։ Հարկ է նաև նշել, որ հայկական պետականության անկման հետևանքով, Մակուի, Սալմաստի, Խոյի, Ուրմիայի Ղարադաղի և այլ նահանգների հայկական շրջանները մտան իրանական պետության կազմի մեջ, այդ երկրում ծնունդ տալով նոր, ստվարաթիվ հայ գաղթօջախների։ 

Այդ շրջանում Իրանում հայերը այն աստիճանի հոծ թիվ են կազմել, որ նույնիսկ անհրաժեշտություն է զգացվել ստեղծելու երկու թեմեր, որոնք են Հեր և Զարևանդի, և Սալմաստի ու «դրանն Պարսից» թեմերը։ XIV դարի վերջերից մինչև XV դարի սկիզբը, այսինքն Իրանում նոր կառավարող հարստության՝ Սեֆյանների հանդես գալը, պարսկահայ գաղթօջախներն ապրել են աննկարագրելի կողոպուտի, կո-տորածների, կրոնական ու տնտեսական հալածանքների և գերեվարության մի սոսկալի շրջան։ Հատկապես օրհասական է դառնում պարսկահայ գաղթօջախների վիճակը Լանկ Թամուրի աշխարհավեր արշավանքների ժամանակ։ Սակայն նրանից հետո ևս գաղթօջախներում շարունակվում են կողոպուտն ու թալանը, հալածանքները և այլն։ Թյուրք վաչկատուն ցեղերի առաջնորդներ Ղարա-Յուսուֆի (1389-1405), Իսկանդարի (1420-1437), Ջհան շահի (1444-1466) արյունոտ տիրապետության շրջանում հայ գաղթօջախները հյուծվում և արյունաքամ են լինում։ 

Վրանաբնակ-քոչվոր ռազմատենչ այդ ցեղերի տիրապետության մղձավանջային շրջանում թեև պարսկահայ գաղթօջախները ծանր կորուստներ կրեցին, նվազեց նրանցում հայ բնակչության թիվը, մարեց տնտեսական աշխուժությունը, տեղի ունեցավ մշակութային անկում և այլն, սակայն այդ բոլորով հանդերձ, այդ գաղթօջախները չոչնչացան ու չվերացան, և վերապրելով ծանր հոգևարքը, պահպանեցին իրենց գոյությունը։ Պետք է նշել սակայն, որ չնայած Իրանում XI-XV դարերում բավականին մեծ թվով հայ բնակչության առկայությանը, հայությունը դեռևս միասնական համայնք չէր կազմում։ Հայաբնակ այդ օջախները փոքրաթիվ էին, մասնատված ու ցրված։ XVI դարում իրանա-թուրքական համարյա անընդմեջ և արյունահեղ պատերազմների ընթացքում մարտնչող կողմերը ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած վայրերի հայ բնակչությանը ենթարկում էին զանգվածային տեղահանության։ Հատկապես Սեֆյան շահ Թահմասպ Ա-ն Իրանի և Թուրքիայի միջև «մեռյալ տարածություն» ստեղծելու նպատակով, հաջող արշավանքների դեպքում, բռնի տեղահանության էր ենթարկում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի սահմանամերձ շրջանների հայ բնակչությանը, նրանց վերաբնակեցնեով իր պետության ներքին շրջաննե-րում։ Այսպիսով, XVI դարում իրանահայ գաղթօջախը դառնում էր ավելի ստվարաթիվ։ Նրա մեծացմանն ու ընդարձակմանը հետագայում նպաստեց նաև այն, որ Արևելյան Հայաստանի զգալի մասը ռազմակալած օսմանյան թուրքերի սահմանած ծանր հարկապահանջության, հալածանքների, սոցիալական և ազգային ճնշման ու հարստահարությունների հետևանքով Արցախից, Սյունիքից ու մի շարք այլ շրջաններից հայ բնակչության առանձին խմբեր լքեցին հայրենիքը և գաղթեցին Իրան։

Իրանում հայաբնակ խոշոր օջախներ ստեղծվեցին XVII դ. սկզբին՝ շահ Աբբաս Ա-ի (1587-1629) կազմակերպած հայերի զանգվածային բռնագաղթի հետևանքով։ Դա հայության տոտալ տարագրություն էր, որի հետևանքով Արևելյան Հայաստանը և Արևմտյան Հայաստանի մի մասը իսպառ հայաթափ եղավ։ Գաղթեցված հայ բնակչության թիվն անցնում էր երեք հարյուր հազարից (որոշ տվյալներով 400-500 հազար)։ Բռնագաղթը կազմակերպվել էր անօրինակ դաժան եղանակներով։ Բռնագաղթի ենթարկվածների կեսից ավելին ոչնչացան ճանապարհներին, շատերն էլ ջրախեղդ եղան Արաքսից անցման ժամանակ։ Այդ իրադարձությունը, որը պատմության մեջ է մտել «մեծ սուրգուն» անունով, իր թափով ու ընդգրկման ծավալով աննախադեպ մի բռնագաղթ էր։ XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» երկում12 վկայում է, որ Իրան գաղթեցված հայերի մի մասը տեղավորվեց Թավրիզում և մոտակա շրջաններում, Կասպից ծովի ափերին գտնվող Գիլանի (Ռաշտ, Էնզելի) և Մազանդարանի նահանգներում, Քաշանում, Ղազվինում և Թավրիզից մինչև մայրաքաղաք Սպահան ընկած հազար կիլոմետր ձգվող ճանապարհի հարակից բնակավայ- րերում։ Գաղթական հայերի հիմնական մասը բնակեցվեց Սպահանում և նրա արվարձաններում, ինչպես նաև Սպահանի նահանգի շրջաններում (Լնջան, Ալինջան, Փերիա, Քյարվանդ), Բախթիարիում (Չհարմհալ), և Սուլթանաբադի (ներկայումս՝ Արաք) շրջակա Բուրվարի և Գյափլա շրջաններում։ Հայերի մանր խմբեր բնակեցվեցին Շիրազում, Համադանում և այլ վայրերում։ Հատուկ հրովարտակով Սպահանի հարավային մասում, Զաենդերուդ գետի ափին, շահապատկան հողերից շահ Աբբաս Ա-ը հայերին հատկացրեց մի ընդարձակ տարածք, որի վրա նրանք կառուցեցին Նոր Ջուղա ավանը։ 




Բռնագաղթի ենթարկված և օտար միջավայրում հանգրվան գտած հայությունը այլ կրոնի, բարքերի ու սովորույթների առկայության պայմաններում ոչ միայն չտարալուծվեց, չկորցրեց իր ազգային դիմագիծը, մոռացության չմատնեց իր մշակութային արժեքները, այլև կարողացավ ստեղծել կազմակերպված համայնք, ունեցավ հավաքական կյանք, անաղարտ կերպով պահպանեց իր մայրենին, ազգային սովորություններն ու դավանանքը։ Ավելին, իր գոյության ողջ ընթացքում իր անկրկնելի ինքնատիպությամբ աչքի ընկած համայնքը բազմաթիվ տեսանելի և անտեսանելի թելերով կենդանի կապ է ունեցել Մայր Հայրենիքի հետ։ 
Բռնագաղթի ենթարկված հայ բնակչության նկատմամբ շահ Աբբաս Ա-ը վարում էր նրանց իրանական հողում ամրակայելու և հայության ներուժը իր տնտեսական ու քաղաքական նպատակներին ծառայեցնելու քաղաքականություն։ 
Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Իրանում աստիճանաբար տարագիրների զանգվածը, շնորհիվ հայության կենսունակության, վերաճեց կազմակերպված համայնքի, որը ձգտում էր ոչ միայն ձուլման չենթարկվել, այլև ամեն կերպ պահ-պանել ազգային ինքնությունը, իր լեզուն, դավանանքը և Հայաստանից իր հետ բերած դարավոր ավանդույթներն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Այդ գործընթացում, անկասկած, անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայ Առաքելական եկեղեցին։
 Եթե Շահ Աբբաս Ա-ից հետո նրա գահը ժառանգած շահ Սեֆին (1629-1642) և շահ Աբբաս Բ-ն (1642-1666) իրանահայության նկատմամբ վարում էին հարաբերականորեն բարյացակամ քաղաքականություն, ապա շահ Սուլեյմանի (1666-1694) և նրա հետնորդ շահ Սուլթան Հուսեյինի (1694-1722) տիրապետության շրջանում Սեֆյան կառավարության տիրապետող վերնախավի քաղաքականությունը հայության նկատմամբ կտրուկ փոփոխության է ենթարկվում։ 
Կառավարությունը ծանր հարկեր է դնում հայերի վրա, սկսում է դրամ կորզել նրանցից և այլն։ Դրան գալիս է լրացնելու բռնի դավանափոխության քաղաքականությունը։ XVIII դ. 20-ական թվականներից սկսած իրանահայությունը սկսում է ելք որոնել իր համար ստեղծված անձուկ վիճակից։ Ծայր է առնում զանգվածային արտագաղթ դեպի Լևանտի առևտրական կենտրոնները, մասնավորապես Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա, Հալեպ և այլն, ինչպես նաև եվրոպական և ասիական երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Լեհաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա և այլն։ XVIII դարի կեսերից սկսած իրանահայ համայնքն արագորեն դատարկվում էր։ Արտագաղթի հետևանքով Եվրոպայի և Ասիայի հայ գաղթօջախները, որոնցից շատերը XVI-XVII դարերում հիմնվել էին հայ վաճառականների կողմից, գնալով ավելի բազմամարդ էին դառնում, ձևավորելով հայ սփյուռքը կամավոր գաղթի միջոցով։  

 Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ։Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: