ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (2)

Իրանահայությունը միշտ էլ հանդես է եկել որպես իր միջավայրի քաղաքակրթության զարգացմանը նպաստող ուժ։ Ժ
Պետք է նշել նաև, որ մոնղոլական տիրապետության շրջանում
հայ բնակչություն է տեղափոխվել Իրան նաև կամովին, ո՜չ բռնագաղթի ճանապարհով։ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմանները, քաղաքական անապահովությունը, անձի և գույքի
անվտանգության ապահովման հրամայականը ստիպել են հայերին
կամովին լքել հայրենիքը և տեղափոխվել հարևան Իրան և հաստատվել առևտրաշատ և տնտեսապես բարվոք ու աշխույժ կենտրոններում, հատկապես Թավրիզ-Էրզրում բանուկ առևտրական ճանապարհների հանգուցային կայաններում։ Մոնղոլական տիրապետության շրջանում Հայաստանից դեպի Իրան հայության այդ հոսքի
հետևանքով Թավրիզում, Սուլթանիեում, Մարանդում, Մարաղայում,
Ռեյում, ինչպես նաև Կասպից ծովի հարավային ափերին՝ Ռեշտում և
այլ քաղաքներում եղած հայ գաղթօջախների բնակչությունը դարձել
է բավականին ստվարաթիվ։
Հարկ է նաև նշել, որ հայկական պետականության անկման հետևանքով, Մակուի, Սալմաստի, Խոյի, Ուրմիայի Ղարադաղի և այլ նահանգների հայկական շրջանները մտան իրանական պետության
կազմի մեջ, այդ երկրում ծնունդ տալով նոր, ստվարաթիվ հայ գաղթօջախների։
Այդ շրջանում Իրանում հայերը այն աստիճանի հոծ թիվ
են կազմել, որ նույնիսկ անհրաժեշտություն է զգացվել ստեղծելու երկու թեմեր, որոնք են Հեր և Զարևանդի, և Սալմաստի ու «դրանն
Պարսից» թեմերը։
XIV դարի վերջերից մինչև XV դարի սկիզբը, այսինքն Իրանում
նոր կառավարող հարստության՝ Սեֆյանների հանդես գալը, պարսկահայ գաղթօջախներն ապրել են աննկարագրելի կողոպուտի, կո-տորածների, կրոնական ու տնտեսական հալածանքների և գերեվարության մի սոսկալի շրջան։ Հատկապես օրհասական է դառնում
պարսկահայ գաղթօջախների վիճակը Լանկ Թամուրի աշխարհավեր
արշավանքների ժամանակ։ Սակայն նրանից հետո ևս գաղթօջախներում շարունակվում են կողոպուտն ու թալանը, հալածանքները և
այլն։ Թյուրք վաչկատուն ցեղերի առաջնորդներ Ղարա-Յուսուֆի
(1389-1405), Իսկանդարի (1420-1437), Ջհան շահի (1444-1466) արյունոտ տիրապետության շրջանում հայ գաղթօջախները հյուծվում և
արյունաքամ են լինում։
Իրանում հայաբնակ խոշոր օջախներ ստեղծվեցին XVII դ.
սկզբին՝ շահ Աբբաս Ա-ի (1587-1629) կազմակերպած հայերի զանգվածային բռնագաղթի հետևանքով։ Դա հայության տոտալ տարագրություն էր, որի հետևանքով Արևելյան Հայաստանը և Արևմտյան
Հայաստանի մի մասը իսպառ հայաթափ եղավ։ Գաղթեցված հայ
բնակչության թիվն անցնում էր երեք հարյուր հազարից (որոշ տվյալներով 400-500 հազար)։ Բռնագաղթը կազմակերպվել էր անօրինակ
դաժան եղանակներով։ Բռնագաղթի ենթարկվածների կեսից ավելին
ոչնչացան ճանապարհներին, շատերն էլ ջրախեղդ եղան Արաքսից
անցման ժամանակ։
Այդ իրադարձությունը, որը պատմության մեջ է մտել «մեծ սուրգուն» անունով, իր թափով ու ընդգրկման ծավալով աննախադեպ մի
բռնագաղթ էր։
XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» երկում12 վկայում է, որ Իրան գաղթեցված հայերի մի մասը տեղավորվեց Թավրիզում և մոտակա շրջաններում, Կասպից ծովի ափերին
գտնվող Գիլանի (Ռաշտ, Էնզելի) և Մազանդարանի նահանգներում,
Քաշանում, Ղազվինում և Թավրիզից մինչև մայրաքաղաք Սպահան
ընկած հազար կիլոմետր ձգվող ճանապարհի հարակից բնակավայ-
րերում։ Գաղթական հայերի հիմնական մասը բնակեցվեց Սպահանում և նրա արվարձաններում, ինչպես նաև Սպահանի նահանգի
շրջաններում (Լնջան, Ալինջան, Փերիա, Քյարվանդ), Բախթիարիում
(Չհարմհալ), և Սուլթանաբադի (ներկայումս՝ Արաք) շրջակա Բուրվարի և Գյափլա շրջաններում։ Հայերի մանր խմբեր բնակեցվեցին
Շիրազում, Համադանում և այլ վայրերում։
Հատուկ հրովարտակով Սպահանի հարավային մասում, Զաենդերուդ գետի ափին, շահապատկան հողերից շահ Աբբաս Ա-ը հայերին հատկացրեց մի ընդարձակ տարածք, որի վրա նրանք կառուցեցին Նոր Ջուղա ավանը։



Բռնագաղթի ենթարկված և օտար միջավայրում հանգրվան
գտած հայությունը այլ կրոնի, բարքերի ու սովորույթների առկայության պայմաններում ոչ միայն չտարալուծվեց, չկորցրեց իր ազգային
դիմագիծը, մոռացության չմատնեց իր մշակութային արժեքները,
այլև կարողացավ ստեղծել կազմակերպված համայնք, ունեցավ հավաքական կյանք, անաղարտ կերպով պահպանեց իր մայրենին, ազգային սովորություններն ու դավանանքը։ Ավելին, իր գոյության ողջ
ընթացքում իր անկրկնելի ինքնատիպությամբ աչքի ընկած համայնքը բազմաթիվ տեսանելի և անտեսանելի թելերով կենդանի կապ է
ունեցել Մայր Հայրենիքի հետ։
Բռնագաղթի ենթարկված հայ բնակչության նկատմամբ շահ Աբբաս Ա-ը վարում էր նրանց իրանական հողում ամրակայելու և հայության ներուժը իր տնտեսական ու քաղաքական նպատակներին
ծառայեցնելու քաղաքականություն։
Հայերի գալով՝ երկրում ավելի է
ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։
Իրանում աստիճանաբար տարագիրների զանգվածը, շնորհիվ
հայության կենսունակության, վերաճեց կազմակերպված համայնքի,
որը ձգտում էր ոչ միայն ձուլման չենթարկվել, այլև ամեն կերպ պահ-պանել ազգային ինքնությունը, իր լեզուն, դավանանքը և Հայաստանից իր հետ բերած դարավոր ավանդույթներն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Այդ գործընթացում, անկասկած, անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայ Առաքելական եկեղեցին։
Եթե Շահ Աբբաս Ա-ից հետո նրա գահը ժառանգած շահ Սեֆին
(1629-1642) և շահ Աբբաս Բ-ն (1642-1666) իրանահայության նկատմամբ վարում էին հարաբերականորեն բարյացակամ քաղաքականություն, ապա շահ Սուլեյմանի (1666-1694) և նրա հետնորդ շահ
Սուլթան Հուսեյինի (1694-1722) տիրապետության շրջանում Սեֆյան
կառավարության տիրապետող վերնախավի քաղաքականությունը
հայության նկատմամբ կտրուկ փոփոխության է ենթարկվում։
Կառավարությունը ծանր հարկեր է դնում հայերի վրա, սկսում է դրամ կորզել նրանցից և այլն։ Դրան գալիս է լրացնելու բռնի դավանափոխության քաղաքականությունը։
XVIII դ. 20-ական թվականներից սկսած իրանահայությունը
սկսում է ելք որոնել իր համար ստեղծված անձուկ վիճակից։ Ծայր է
առնում զանգվածային արտագաղթ դեպի Լևանտի առևտրական
կենտրոնները, մասնավորապես Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա,
Հալեպ և այլն, ինչպես նաև եվրոպական և ասիական երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Լեհաստան, Ռուսաստան, Հնդկաստան,
Բիրմա, Ինդոնեզիա և այլն։ XVIII դարի կեսերից սկսած իրանահայ
համայնքն արագորեն դատարկվում էր։ Արտագաղթի հետևանքով
Եվրոպայի և Ասիայի հայ գաղթօջախները, որոնցից շատերը XVI-XVII
դարերում հիմնվել էին հայ վաճառականների կողմից, գնալով ավելի
բազմամարդ էին դառնում, ձևավորելով հայ սփյուռքը կամավոր
գաղթի միջոցով։
Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ։Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: