ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միացյալ Նահանգների Սենատը մերժում է Հայաստանի մանդատը․ հունիսի 1, 1920 թվական

Ամերիկյան սենատը 233 ձայնով ընդդեմ 62-ի մերժել է Մանդատը Հայաստանի վրա։ Ժողովուրդ օրաթերթ, թիվ 92, հինգշաբթի, 10 հունիսի, 1920թ․

ԱՄՆ-ն ինչո՞ւ մերժեց Հայաստանի մանդատը՝ Սան Ռեմոյից Սևր և իրավարար վճիռ. 1920 թ
1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որին երկար ժամանակ սպասում և որի հետ մեծ հույսեր էր կապում հայ ժողովուրդը: Այդ բարդ և հակասական ժամանակներում Հայաստանի կառավարությունը մի կողմից ստորագրում էր Թիֆլիսի հայաձայնագիրը՝ Ռուսաստանին հանձնելով, ճիշտ է ժամանակավորապես, վիճելի տարածքները [Արցախ, Զանգեզուր, Նախիջևան], մյուս կողմից Սևրում ստորագրում մի այլ պայմանագիր, որով պետք է ետ ստանար Արևմտյան Հայաստանի մի մասը:
Դեռ մինչև Սևրի պայմանագրի կնքումը, լինելով հայ ժողովրդի դժնդակ վիճակից, Թուրքիայի և Ռուսաստանի նվաճողական ծրագրերի կանխման համար Հայաստանի կառավարությունը և հայ քաղաքական ազգային գործիչներն ամեն ինչ արեցին Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու համար: Դա Հայկական հարցի լուծման ճանապարհին անհրաժեշտ քայլերից մեկն էր:
ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը Փարիզում 1919 թ. ապրիլ 17-ին ընդունեց Պողոս Նուբարին և Ավետիս Ահարոնյանին: Հայաստանի մանդատը ստանձնելու անհրաժեշտության մասին նրանց խնդրանքին Վիլսոնը պատասխանել էր. «Ես էլ ցանկանում եմ, որ Հայաստանի մանդատը Ամերիկան ընդունի: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ Ամերիկայի բոլոր լավագույն քաղաքացիների մտածումն ու զգացումն էլ այդ է: Եվ եթե երբևիցե  Ամերիկան որևէ մանդատ հանձն առնի, այդ կլինի Հայաստանինը»:
1919 թ. մարտի 28-ին Ահարոնյանը Փարիզում հանդիպելով ամերիկյան գործիչ Բաումանի հետ, նորից նույն միտքն է արծարծում. «Եթե Ամերիկան մեզ չօգնի, մենք կորած ենք: Կրկնում եմ, Հայաստանն իբրև պետություն կամ այսօր իսկ պիտի կազմվի Ձեր օգնությամբ, կամ նա կորած է հավետ»:
Վիլսոնն անկեղծորեն ցանկանում էր որպեսզի ԱՄՆ-ը վերցնի Հայաստանի մանդատը: 1919 թ. փետրվարի 26-ին նա Սպիտակ տանն անցկացրեց Հայաստանի մանդատին նվիրված խորհրդակցություն, որտեղ հայտարարեց. «Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ մանդատ ընդունի Ազգերի լիգայից, ապա առաջին հերթին նա պետք է ընդունի Հայաստանի մանդատը»:
1919 թ. մայիս 14-ին Անգլիան Չորսի խորհրդին է ներկայացնում Թուրքիայի բաժանման իր նախագիծը: Այն քննարկելուց հետո ընդունվում է հետևյալ որոշումը.
  1. Թուրքիային հեռացնում են Եվրոպայից ու Հայաստանից,
  2. Հունաստանը ստանում է Իզմիր-Այվալի գոտին և Այդըն պրովինցիայի մեծ մասի մանդատը,
  3. Իտալիան ստանում է մանդատ Փոքր Ասիայի հարավային մասի համար՝ Մարմարիսից մինչև Մերսին, գումարած Կոնիան. Ֆրանսիան վերցնում է մնացածը: Հայաստանի և Պոլսի մանդատները տրվում են ԱՄՆ-ին:
Հայաստանի մանդատի մասին որոշման մեջ ասվում է. «ԱՄՆ-ի նախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ Սենատի համաձայնության պայմանով, ընդունում է. 1. Հայաստանի մանդատը: Նրա սահմանները կորոշվեն ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի պատվիրակությունների համաձայնությամբ:
  1. Կոստանդինապոլսի, Բոսֆոր և Դարդանել նեղուցների, Մարմարա ծովի և ոչ մեծ հարակից տարածքի մանդատը, որի սահմանները կորոշվեն ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի պատվիրակությունների համաձայնությամբ:
Լոնդոնի դեսպանների կոնֆերանսը 1920 թ. սկզբին մշակում է Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը և ապրիլին ներկայացնում Սան-Ռեմոյի կոնֆերանսի քննարկմանը: Սան-Ռեմոյի կոնֆերանսը որոշում է ճանաչել Հայաստանի անկախությունը: Սակայն, եթե 1919 թ. քննարկումների ժամանակ այն կարծիքն էր հայտնում, որ անկախ Հայաստանի տարածքի մեջ պէտք է միավորվեն 7 վիլայեթները և Կիլիկիան, ապա այժմ դրանց քանակը կրճատվում է: Այժմ արդեն մեծ տերութիյունները Հայաստանի տարածքը սահմանափակում էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներով:
1920 թ. ապրիլ 24-ին Սան-Ռեմոյում ապագա հայկական պետության սահմանների մասին ընդունվում է Լլոյդ Ջորջի նախագիծը, որն ուղարկվեց Վիլսոնին: Նախագծում ասվում էր.
«ա) Դիմել պրեզիդենտ Վիլսոնին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նախագահները ընդունեն Հայաստանի մանդատը այն սահմաններում, որոնք տրված են Թուրքիայի հետ հաշտութեան պայմանագրի նախագծի առաջին տարբերակում:
բ) Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չկամենան ընդունել մանդատը, Միացյալ նահանգների պրեզիդենտին խնդրվում է հանդես գալ իբրև միջնորդ Հայաստանի սահմանների հարցում, ինչպես ասված է ստորև բերվող նախագծային հոդվածում:
գ) Հետևյալ իմաստով հոդված պետք է մտցվի հաշտության պայմաններում՝ Հայաստանի վերաբերյալ:
Թուրքիան, Հայաստանը և մյուս բարձր պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների հարցում՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև որևէ պայման, որ նա կառաջարկի դեպի ծով Հայաստանի անկախ պետության ելքի մասին»:
1920 թվականի մայիս 17-ին Վիլսոնը տալիս է իր համաձայնությունը ապագա Հայաստանի սահմանների որոշման արբիտր լինելու մասին: Մայիս 24-ին նա դիմում է ամերիկյան կոնգրեսի Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկով: Հունիսի 1-ին ԱՄՆ-ի սենատը մերժում է Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը ստանձնելու մասին:
ԱՄՆ-ը Հայաստանի մանդատից հրաժարվեց հետևյալ պատճառներով.
  1. ԱՄՆ-ը սկսել էր վարել չմիջամտելու (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, պաշտոնապես հայտարարելով, որ չի խառնվելու Եվրոպայի գործերին: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով, Ֆրանսիայի պատվիրակության անդամ պարոն Բերտելոն Սան-Ռեմոյի կոնֆերանսում դեռ ապրիլ ամսին հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի մանդատը ստանձնելու մասին «որոշակիորեն ժխտական պատասխան է տալու»:
  2. Հայաստանի վիճակն ուսումնասիրելու համար այդտեղ էր ուղղարկվել Հարբորդի առաքելությունը, որն իր հաշվետվության մեջ հետևյալ առաջարկն էր արել իր կառավարությանը. Հայաստանը թշնամի տարերով շրջապատված և բնակված երկրիր է: Այդպիսի երկրի մանդատը վերցնել նշանակում է ստանձնել թշնամիներով բնակեցված և շրջապատված երկրամասում պետություն հիմնելու դժվարին գործը: Որպեսզի շրջակա երկրների հետ ներդաշնակ քաղաքականություն վարվի, անհրաժեշտ է այդ երկրների մանդատը ևս տալ ԱՄՆ-ին: Հակառակ դեպքում, միմիայն Հայաստանի մանդատը վերցնելը հանձնարարելի չէ: «Հայկական հարցը,- ասվում է զեկուցագրում,- չի կարող լուծվել այլ կերպ, քան լիազորված տերության միասնական մանդատով, տերություն, որի իրավունքները պետք է տարածվեն Կոստանդնուպոլսից Անատոլիայի, Թուրքահայաստանի և Անդրկովկասի վրա: Առաքելությունն արտահայտում է նաև Մերձավոր Արևելքում նշանակալից դեր կատարող ամերիկացիների ցանկությունը: Նրանք միահամուռ կերպով հայտարարում են, որ Հայաստանին, Անատոլիային, Անդրկովկասին ու Կոստանդնուպոլսին վերաբերող հարցը պետք է դիտվի որպես միասնական ամբողջական հարց»:
Սակայն 1920 թ. օգոստոսին այդ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, Քեմալի իշխանության գլուխ գալը Թուրքիայում գործնականում բացառում էին Հարբորդի առաջարկի իրագործման հնարավորությունը: Հետևաբար, ԱՄՆ-ի սենատն ուներ բոլոր հիմքերը չընդունելու Հայաստանի մանդատը:
  1. Հայաստանի մանդատը ստանձնելու, Արևմտյան Հայաստանի տարածքը քեմալական զորքերից ազատագրելու համար ԱՄՆ-ը պետք է պատերազմեր, բազմաթիվ զոհեր տար և, բնականաբար, հսկայական միջոցներ վատներ: Ահա թե ինչու ԱՄՆ-ը հրաժարվեց Հայաստանի մանդատից:
Սան-Ռեմոյի կոնֆերանսում մշակված Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրում: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը:
Սան–Ռեմոյի կոնֆերանսի որոշման համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Վիլոսնը 1920 թ. նոյեմբերի 22-ին հայտնում է իր «իրավարարական վճիռը» Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի սահմանագծման մասին: Վիլսոնի վճռով Արևմտյան Հայաստանի տարածքը պետք է կազմեր 90 հազար քառ. կիլոմետր: Ընդ որում, չորս վիլայեթների տարածքների բաժանումը կատարվեց հետևյալ կերպ. «1. Վանի ամբողջ տարածությունը՝ 39.3000 քառ. կմ., Հայաստանի մասը՝  20 հազար, 2. Էրզրումի ամբողջ տարածությունը՝ 49.700 քառ. կմ, Հայաստանի մասը՝  40 հազար, 3. Բաղեշի (Բիթլիս) ամբողջ տարածությունը՝ 27.100 քառ. կմ, Հայաստանի մասը՝ 15 հազար, 4. Տրապիզոնի ամբողջ տարածությունը՝ 32.700 քառ կմ, Հայաստանի մասը՝ 15.000:
1920 թվականին Արևելյան Հայաստանի տարածքը կազմում էր 71. 330 քառ. կմ:
Այսպիսով Հայաստանի ընդհանուր տարածքը կազմելու էր 161.330 քառ. կմ:
Լենդրուշ Խուրշուդյան, «Հայաստանի բաժանումը 1920 թվականին», ԵՊՀ, Երևան, 2002, էջ 104-109:
Լուսանկարում՝ Վուդրո Վիլսոնը
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: