ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական հետքը՝ Բաքվում

Կովկասյան թուրքերի (այսուհետ՝ ադրբեջանցիների) իշխանություններն ավելի քան մեկ դար, այսինքն՝ իրենց գոյության ողջ ժամանակահատվածում փորձում են ապացուցել, որ հայերը Կովկասից հարավ ընկած տարածքներում եկվորներ են, իսկ իրենք բնիկներ են, սերում են աղվաններից, թյուրք-օգուզյան ցեղերից ու իրանական ատրպատականցիներից: Նրանք ձգտում են Կովկասից հարավ՝ Արցախում, Հայաստանում ու այսպես կոչված Ադրբեջանում գտնվող քրիստոնեական բոլոր հուշարձանները ներկայացնել որպես աղվանական, իսկ դա անուղղակիորեն նշանակում է՝ ադրբեջանական: /

Ստերի ու կեղծիքների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով օգտագործելով նավթային ռեսուրսները՝ պաշտոնական Բաքուն փորձում է աղավաղել հայկական պատմական ժառանգությունը, վերագրել պատմությունը կամ, ընդհանրապես, պատմության էջերից դուրս մղել հայկականը, ինչի արդյունքում ադրբեջանական տարբերակը համաշխարհային հանրության համար կդառնա «իրական» ու «ճշմարիտ»: Ռեալ պատմությունը կիմանան միայն հետազոտողների որոշակի խմբեր, որոնց կարծիքը դիվանագիտական շրջանակներում եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացում, որպես կանոն, հաշվի չի առնվում: Հակահայկական մոլուցքն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ 2022 թ. փետրվարին Ադրբեջանի տուրիզմի պետական գործակալությունն ու այդ երկրում Լեհաստանի դեսպանությունը պատրաստեցին ու ներկայացրեցին «Լեհական հետքն Ադրբեջանում» զբոսաշրջային երթուղին: Այն նպատակ ուներ լեհ զբոսաշրջիկներին ծանոթացնել Բաքվի շինություններին, որոնք կառուցվել են «լեհ ճարտարապետների կողմից»: Հարկ է շեշտել, որ զարմանալիորեն Բաքվում «լեհ ճարտարապետներին» միայն ավելի քան 100 տարի անց «հիշեցին»: Այսպիսի աղաղակող պատմական կեղծարարությունից հետո Լեհաստանի դեսպանն ու Ադրբեջանի մշակույթի փոխնախարարը միջոցառումից հետո չեն ցանկացել շփվել լրագրողների հետ: Եվ դա բնական է. ի վերջո, նույնիսկ սրիկայությունը սահմաններ ունի. հավանաբար, նրանք հասկանում էին, որ չափերն անցել են… Իհարկե, այդ շնորհանդեսը հայերի դերը Բաքվի կառուցման գործում «զրոյացնելու» նպատակ ուներ: Սակայն քանի որ դա հնարավոր չէ իսպառ ջնջել, եզրահանգումներ արվեցին, թե՝ տեսեք, լեհերը համեստ են, որովհետեւ լռում են իրենց արածի մասին, իսկ հայերը մի քանի բան են ստեղծել, բայց գոռում են, որ իրենք են կառուցել ողջ Բաքուն: Իսկ դա անուղղակի կոչ է՝ ուղղված մեզ՝ հայերիս: Լռելու կոչ, որպեսզի ճշմարտությունը հանկարծ ջրի երես դուրս չգա: Բաքվում հայերի իրականացրած դերի թեման բացահայտում է նաեւ պատմական այլ ճշմարտություններ, որոնց հետ Ադրբեջան հորինված պետությունը չի ցանկանում առերեսվել: Առաջացող հարցերի պատասխանները թողնենք իրենց, իսկ մենք փորձենք որոշ չափով ներկայացնել այն գործունեությունը, որը հայերն իրականացրել են Բաքվում: Պաշտոնական տվյալներով՝ 1846 թ. Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի ողջ առեւտուրը կենտրոնացվել էր հայերի ձեռքում՝ կազմելով 5 534 600 ռուբլի: Հայկական կապիտալի ներկայացուցիչները մշտապես գործարարության նոր ոլորտներ էին փնտրում: 19-րդ դարի վերջին կարճ ժամանակահատվածում Բաքվում ձեւավորվեցին հայկական մի շարք ընկերություններ: Իրենց գիտելիքների ու էներգիայի շնորհիվ հայ գործարարները մեծ ազդեցություն ձեռք բերեցին՝ կարեւոր դեր խաղալով ողջ Բաքվի գավառի համար: Հայերին պատկանող «Միրզոյան եւ եղբայրներ», «Մանթաշյան եւ ընկերներ», «Արագած», «Արաքս», «Ղուկասով եւ եղբայրներ», «Լիանոզով եւ ընկերներ», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք» եւ տասնյակ այլ ընկերություններ զբաղվում էին նավթարդյունաբերությամբ եւ առաքումների համար սեփական միջոցներն ունեին, այդ թվում՝ ծովային: Ընդհանուր առմամբ՝ 1912 թ. Բաքվում 66 նավատեր կար, այդ թվում՝ ընկերություններ եւ մասնավոր սեփականատերեր: Նրանցից 14-ը հայեր էին եւ ունեին 26 նավ՝ Հակոբ եւ Հովհաննես Ավետյանները («Մենաստան»), Օ. Ադամյանը («Վահան»), «Հայկական բեռնափոխադրման ընկերությունը» («Աշոտ Երկաթ», «Ամասիա»), «Վոլգա ընկերությունը» («Արծիվ Վասպուրականի»), «Կասպիական առեւտրաարդյունաբերական ընկերությունը» («Վասպուրական») եւ այլն: Նույնիսկ կովկասյան թուրքերը իրենց նավերը հայկական անուններով էին կոչում: Օրինակ՝ Աշուրբեկովի ու Ջաֆարովի նավն անվանվել է «Ավետիք», Բաբաշիեւինը՝ «Մասիս», Կուլիեւինը՝ «Արշակ», Մամեդովինը՝ «Արարատ»: Բաքվում հայերը լայն տնտեսական, առեւտրային եւ շինարարական գործունեություն էին ծավալում։ Բաքվի նավթի արդյունահանման ոլորտում մեծ դեր ու կշիռ են ունեցել հայ նավթագործները։ Քաղաքի առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869 թ., պատկանում էր Օ. Միրզոյանին։ Բաքվում հայ ձեռներեցների կարկառուն ներկայացուցիչներից մեկն Ալեքսանդր Մանթաշյանն էր, ով մեծ հեղինակություն էր վայելում նավթարդյունաբերության ոլորտում։ 1894 թ. փետրվարին Ա. Մանթաշյանի հայկական խմբի եւ «Բաքվի կերոսինի գործարանատերերի» ասոցիացիայի միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ հայ ձեռներեցները հնարավորություն ստացան ազատորեն դուրս գալ միջազգային շուկա։ 1897-1907 թթ. հայ արդյունաբերողները (Ա. Մանթաշյան, Տեր-Ակոպով, Տեր-Մարգարյան եւ ուրիշներ) կառուցեցին աշխարհում առաջին նավթատարը՝ Բաքու-Բաթումի։ 1907 թ. դրությամբ՝ Բաքվում արդյունահանված 448 միլիոն պուդ (ռուսական քաշի չափ, հավասար է 16.3 կգ-ի) նավթի 54.4 տոկոսը, իսկ 1917 թ.՝ 168 միլիոն պուդ նավթի 53 տոկոսը արտադրվել է հայկական ընկերությունների կողմից։ Հենց հայ նավթարդյունաբերողներն են նպաստել Բաքուն խոշոր արդյունաբերական կենտրոնի վերածելուն։ Հայ գործարար Գ. Լիանոզյանը համարվում էր ձկնորսությամբ եւ ծովամթերքով զբաղվող ամենախոշոր ձեռնարկատերը։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից առաջ նրա ձկնորսական նավերը հագեցած էին լավագույն տեխնիկայով: Հարկ է նշել, որ հայերը ոչ միայն ներգրավված էին տնտեսական գործունեության մեջ, այլեւ ստեղծում էին տեխնիկական բազա, որը նպաստում էր գործարարության զարգացմանը: Հորատման սարքերի եւ խողովակների արտադրությամբ զբաղվում էր 41 գործարան, որից 19-ը հայկական էին։ Նավթարդյունաբերության մեջ գործարկվել էր 194 մեխանիկական արտադրամաս, որոնցից 95-ը պատկանում էր հայերին։ 1904 թ. Բաքվում ծխախոտի 2 գործարան կար: Դրանցից մեկը պատկանում էր Միրզաբեկյան եղբայրներին, մյուսը՝ Սարգիս Կարագոզյանին եւ Ավետ Առաքելյանցին։ Արդեն 1914 թ. ժամանակակից Ադրբեջանի տարածքում գործում էր ծխախոտի 7 գործարան, եւ բոլորը պատկանում էին հայերին: 1891 թ. Փիլիպոսյանց եղբայրները Բաքվում բացեցին Կովկասում առաջին եւ միակ շոկոլադի գործարանը։ Նույն թվականին Ա. Խարաջյանը հիմնադրեց հայելու առաջին գործարանը։ Հարավային Կովկասում միակն էր նաեւ Մելիք-Ղուլամբարյանի բնական մրգահյութերի եւ հանքային ջրերի գործարանը։ Բաքվի բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծելու համար վաճառական Մ. Սահակյանը Կուր գետի գետաբերանում մի շարք ջրամբարներ կառուցեց, ստորգետնյա խողովակներ անցկացրեց, անգամ քաղաքին ջուր էր մատակարարում, որը բերվում էր վարձակալած նավերով։ Մանուֆակտուրային առեւտրում անվիճելի առաջատարն «Անդրկասպյան առեւտրաարդյունաբերական կազմակերպությունն» էր. նախագահ՝ Ս. Տեր-Օհանյան, կառավարման խորհրդի անդամներ՝ Ն. Սարուխանյան, Հովհ. Թումանյան, Ջ. Տեր-Իսրայելյան, Գ. Շխյանց: Հայերը զգալի կշիռ ունեին մետաքսի եւ բամբակի արտադրության եւ մշակման մեջ։ 1907 թ. Բաքվի 154 մանուֆակտուրային ձեռնարկություններից 89-ը պատկանում էր հայերին։ Քաղաքի ամենամեծ առեւտրական տունը Թումանյան եղբայրներինն էր։ Բաքվի առաջին տպարանը հիմնադրել են հայերը: Այնտեղ ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաեւ եվրոպական լեզուներով գրքեր են տպվել: Խորհրդային Ադրբեջանի գերբի հեղինակը նկարիչ Ռուբեն Շխիյանն է: Բաքվի ֆինանսական ու բանկային համակարգում նույնպես հայերը մեծ դեր են խաղացել: 1875 թ. «Փոխադարձ վարկային կազմակերպության» տնօրեններն էին Ա. Թավրիզյանը, Մ. Մամիկոնյանը, հետագայում՝ Այվազյան եղբայրները: 1902 թ. Բաքվում ստեղծվեց եւս մեկ ֆինանսական հաստատություն՝ քաղաքային վարկային կազմակերպությունը, որի կառավարման նախագահը ռուս էր, իսկ տնօրենները հայեր էին՝ Ա. Այվազյանը, Ա. Խան-Աղյանը: Պահպանվել են Բաքվի իշխանությունների թղթադրամները, որոնց վրա հայերեն գրություններ կան։ Բաքվի ճարտարապետական տեսքը հիմնականում ձեւավորվել է Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած հայ ճարտարապետների եւ շինարարների ակտիվ ու արդյունավետ մասնակցությամբ։ Բաքվի շինարարության մեջ հատկապես մեծ է ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանի, Վարդան Սարգսյանի (Սարկիսով), Նիկոլայ Բաեւի, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանի (Քաջազնունի), Ֆրեյդուն Աղալյանի, Միսակ Տեր-Գրիգորյանցի ներդրումը: Հայ ճարտարապետները Բաքվում ստեղծել են ճարտարապետա-շինարարական յուրահատուկ օրինակներ: Բաքվի ճարտարապետական ոճի հիմնադիրներից մեկը Գաբրիել Տեր-Միքելյանն է. 20-րդ դարի սկզբին կառուցված քաղաքի նշանակալից շինությունների հեղինակ։ Գ. Տեր-Միքայելյանը նախագծել է քաղաքապետարանի գլխավոր շենքի ճակատային մասը։ Նրա նախագծով 1910-1912 թթ. կառուցվել են Հանրային ակումբի շենքը (այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիայի շենքը), ծննդատունը (1899 թ.), Թիֆլիսի առեւտրային բանկի Բաքվի մասնաճյուղի շենքը (1902-1903 թթ.), որում այժմ գործում են «Մանկական աշխարհ» խանութը, Առեւտրի դպրոցը (1905−1910)։ Գ. Տեր-Միքելյանի գործունեության կարեւոր ոլորտը եկեղեցիների կառուցումն էր։  Բաքվի ճարտարապետության եւ քաղաքաշինության մեջ 20-րդ դարասկզբին մեծ ներդրում է ունեցել նաեւ Ն. Բաեւը, ով 1911-1918 թթ. եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Նրա նախագծով կառուցվել է Օպերայի եւ բալետի թատրոնի շենքը (այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք), հիվանդանոցային համալիրը (19 լազարեթ՝ 24 կորպուսով), մի քանի դպրոցներ, գիմնազիա, Սալիմանովի, Շերեմետեւի բնակելի շենքերը եւ այլն, Սապունչիի երկաթուղային կայարանը (1927), Սեմաշկոյի վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդ թաղամասը եւ այլն։ Ճարտարապետ Վարդան Սարգսյանի նախագծով Բաքվում կառուցվել է ավելի քան 10 շենք, Ֆ. Աղալյանի նախագծով՝ գիմնազիա, ծննդատուն, գանձատուն, բանվորական տուն եւ այլն: Մի շարք շենքերի հեղինակներ են եղել նաեւ Գ. Քաջազնունին, Մ.Տեր-Գրիգորյանցը եւ շատ ուրիշներ։ Հայ ճարտարապետների նախագծած շենքերը մինչ օրս էլ զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Այդ քաղաքում հայ ժողովրդի արարումները չեն սահմանափակվում միայն վերը նշված փաստերով: Առաջիկա համարներում մենք կշարունակենք անդրադառնալ թեմային: Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հետքը վերացնելու փորձերը շարունակվում են՝ դրսեւորվելով միայն թուրքական ցեղին հատուկ նսեմությանը բնորոշ վայրագությամբ: Դա նրանց թույլատրվել է կենտրոններից մեկի կողմից…
/hhpress.am/culture/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: