ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ովքեր են քաջալերել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում․ ՌԴ-ն բարձր մակարդակով հայտարարում է, որ «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, բայց ներքին կարգով խրախուսո՞ւմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, եթե անգամ դրա արդյունքում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը նպաստող որեւէ զարգացման չհանգեցնի, նշանակալի կարելի է համարել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կարեւոր արձանագրումներ անելու տեսանկյունից։

Ինչպես հայտնի է՝ հայկական վերլուծական-քաղաքական միտքը արդեն շուրջ երեք տարի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, կլանված է տեղեկատվական հրապարակ նետված վտանգավոր մի խոսույթով՝ «Զանգեզուրի միջանցք»։ Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են տեղեկատվական մակարդակում չեզոքանցել թեմայի շրջանառումը, սաստել միջանցքի թեմայով  խոսակցությանը միտումնավոր տոն տվողներին (այդ թվում՝ արտաքին խաղացող), միեւնույն է՝ թեման ներհայաստանյան քննարկումների  օրակարգից դուրս չի գալիս։ «Կասկածի որդը», ինչպես ասում են, կրծում է հանրային վստահությունը․ իսկ գուցե այնուամենայնիվ կա՞ միջանցքի մասին պայմանավորվածություն, ինչպես ընդդիմությունն է պնդում՝ «բանավոր խոստում»։ ԵԱՏՄ գագաթնաժողովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ահա, հնարավորություն ստեղծվեց, որ հրապարակավ եւ տետ ա տետ պարզաբանվի այս հարցը՝ ոչ լեգիտիմ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակասող խոսույթ, որը Ադրբեջանն այս ընթացքում փորձում էր մատուցել որպես  այդ փաստաթղթից բխող պարտավորության կատարում։  Ուշագրավ է, որ թեման բացեց հենց ինքը՝ «Զանգեզուրի միջանցք» կապակցությունը շրջանառության մեջ դրած Ադրբեջանի նախագահը՝ առիթ տալով բանավեճի նաեւ այն սուբյեկտի ներկայությամբ, որը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ-երաշխավորն է, եւ որի անունը այս ընթացքում շրջանառվում է միջանցքի պոտենցիալ շահառուների ցանկում։ Խոսքը տվյալ դեպքում ՌԴ-ի մասին է։ Ադրբեջանի նախագահը անզգուշորեն, գուցե՝ միտումնավոր, բայց  «մատնեց» ՌԴ-ին՝ որպես նման մտադրությունը խրախուսող ու աջակցող։ «Ադրբեջանը նախաձեռնել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, դա մեր իրավունք է՝ նախաձեռնել՝ ինչ-որ հնարավոր է, այն ամենն, ինչ մենք համարում ենք ճիշտ, լեգիտիմ եւ որոնց աջակցում են այդ թվում ՌԴ-ն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված այլ կողմեր»,-հայտարարեց Ալիեւը։ Չուշացավ Փաշինյանի հակադարձումը։ ՀՀ վարչապետի՝ առաջին հայացքից անկեղծ զարմանքը՝ «առաջին անգամ եմ լսում, որ ՌԴ-ն աջակցում է այդ նախաձեռնությանը», նկատենք, այնքան էլ «առաջին անգամ» չէր։  Առաջին անգամ էր, գուցե, որ այդ զարմանքը նա հայտնում էր Պուտինի եւ Ալիեւի ներկայությամբ։ 

Փաշինյանի թափանցիկ ակնարկները․ Ովքե՞ր են Ադրբեջանին քաջալերում «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում  

Միջանցքի թեմայով թափ հավաքող խոսակցությունների ֆոնին 2021 թվականի նոյեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես անդրադարձ կար Ալիեւի մոգոնած տերմինին։ «Պակաս կարևոր չէ,- հատկապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո,- որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,-մասնավորապես ասված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեկ տարին ամփոփող՝  ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 2021թ․ նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, արձագանքելով «կարելի՞ է ասել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է» հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ահա թե ինչ ասաց․ «Թեման փակված է դեռեւս 2020 թ նոյեմբերի 9-ին, երբ այդ հայտարարությունը ստորագրված է եղել։ Միեւնույն ժամանակ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումը այդ հարցում, որովհետեւ, մեծ հաշվով, ՌԴ-ն այս հարցում երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել։ ․․․Ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն ու աշխատեն»։ Այս հայտարարությամբ Փաշինյանը, փաստորեն, արձանագրեց, որ եթե անգամ նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը խոսակցություններ են եղել նման միջանցքի թեմայով, ապա եռակողմ հայտարարությամբ դրանց վերջակետ է դրվել։ Ասել է, թե հայտարարության կյանքի կոչման մոդերատոր ՌԴ-ն, ի տարբերություն Ադրբեջանի, հայտարարության 9-րդ կետը մեկնաբանում է ըստ էության, ինչպես որ շարադրված է, այլ ոչ՝ «միջանցքային տրամաբանությամբ»։      

Իսկ արդեն նոյեմբերի վերջին՝ սույն հարցազրույցից մոտ երկու շաբաթ անց, Փաշինյանի խոսքում արդեն լսելի էր ահազանգ այն մասին, որ շահագրգիռ որոշ սուբյեկտներ ՀՀ-ի վրա ճնշում են բանեցնում՝ սպառնալով խնդրո առարկա միջանցքը բացել ուժով։ Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած իր ֆեյսբուքյան ասուլիսում Փաշինյանը մասնավորապես հայտարարեց․ «Այո, մեզ անընդհատ խփում են, ասում են՝ «Զանգեզուրի միջանցք»։ Ի՞նչ «Զանգեզուրի միջանցք», ասում են՝ չտաք՝ ուժով ենք բացելու։ Ոն՞ց եք ուժով բացելու։ Մեզ ասում են, որ քանի որ կարող են ուժով բացել, եկեք ուղղակի համակերպվենք, տանք։ ․․․Մենք ասել ենք՝ ՀՀ-ն պատերազմ վարելու ու տարածքներ նվաճելու հավակնություններ չունի, բայց ՀՀ-ն պետք է իր ինքնիշխանությունը պաշտպանի։ Երբ մենք ասում ենք՝ պետք է մեր ինքնիշխանությունը պաշտպանենք, մեզ ասում են՝ ո՞նց, դուք ուզում եք ձեր ինքնիշխանությունը պաշտպանե՞լ, վտանգավոր է ձեզ համար։ Դուք ուզում եք պետություն լինե՞լ, վտանգավոր է ձեզ համար։ Մենակ իրենք չեն ասում, կողքից Ադրբեջանին քաջալերողներ կան շատ, ամենատարբեր կողմերից»։ Ու՞մ նկատի ուներ վարչապետը «կողքից քաջալերողներ» ասելով, արդյո՞ք ՌԴ-ին եւ Թուրքիային:

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցություները եթե մտացածին լինեին ու ՀՀ ինքնիշխանության եւ անվտանգության համար իրական սպառնալիք չհանդիսանային, ապա դրանք չէին հասցվի ընդհուպ ՄԱԿ-ի ամբիոն։ Նիկոլ Փաշինյանը (2022թ)․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է ուզում: «Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ», - հայտարարել էր վարչապետը։

Ի դեպ, 2022թ․ սեպտեմբերի 16-ին էլ, չնայած ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ահազանգին, Ալիեւը Սամարղանդում «Շանհայական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին վերստին հոլովեց Հայաստանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ առանց հակազդեցության հանդիպելու։ Եւ եթե մինչ այդ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Ալիևն օգտագործում էր կամ ներքին լսարանի համար, կամ էլ իր դաշնակից թյուրաքալեզու երկրների լսարանների առջև ելույթներում, ապա այս անգամ նա այդ մասին խոսեց Ռուսաստանի նախագահի ներկայությամբ՝ չհանդիպելով առարկման կամ հակազդեցության։ «Զանգեզուրի միջանցքի գործարկումը էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային կարողությունը»,- ասել էր Ադրբեջանի առաջնորդը։ Հայկական կողմը հիշեցնենք, այդ հանդիպմանը չէր մասնակցում։ 

Օրեր անց՝ Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը "Российская газета" օրաթերթին հայտեց, թե եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել»։ Թվում էր, թե կապուղիների շրջափակման հարցով ՌԴ ամենաիրազեկ պաշտոնյայի պարզաբանումից  հետո շահագրգիռ կողմերը կհրաժարվեն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը միտումնավոր խեղաթյուրված ներկայացնելուց եւ վերջապես կփակցի միջանցի թեմայով բացված ռ «օվերտոնի պատուհանը», սակայն ոչ։ Ռուսական կողմը այս պատուհանը բաց պահելու համար գործի դրեց իր փորձագիտ-պատգամավորական «հրետանին»՝ ցինիկաբար հայտարարելով, թե «Փաշինյանն է ստորագրել միջանցքը»։  ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոստանտին Զատուլինը «Երկիր Մեդիա»-ին  տված հարցազրույցում հայտարարել էր․ «ՌԴ-ն բացարձակապես այդ միջանցքի բացման գլխավոր շահագրգիռ կողմը չէ, այդ կողմը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»՝ փաստորեն,  խոստովանելով, որ ՌԴ-ն նույնպես ենթադրյալ միջանցքի բացման «շահագրգիռ կողմ» է, միայն թե՝ «ոչ գլխավոր»։ ««Միջանցքը» ստորագրել է Փաշինյանը, եթե դուք կարծում եք, որ նա պետք է շարունակի կառավարության ղեկին մնալ, ՌԴ-ն ի՞նչ կապ ունի։ Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից դա եղել է Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում»,-հայտարարել էր ՀՀ-ում այլեւս անցանկալի անձ համարվող Զատուլինը։  

Այս համատեքստում հիշեցնենք նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում  «Հավաստի աղբյուր» կեղծանունով տպագրված հրապարակումը, որում նշվում էր` «ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը»։ Ըստ այդ հրապարակման, որքան «ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան են վկայվում»։ Թերթը պնդել էր, որ միջանցքը Ռուսաստանին թույլ կտա ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ, Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա, հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։ ՀՀ տարածքով, նշել էր ՀԺ-ն, Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի․ «Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։ Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն»,- եզրափակել էր  թերթը։

Ի դեպ,  այս տարվա հունվարին Ալիեւը մեկ անգամ եւս սպառնացել էր ստանալ հիշյալ միջանցքը՝ ակնարկելով, որ այն  իրենից բացի ունի նաեւ այլ շահառուներ։ Խնդրո առարկա հայտարարության մեջ, Ալիեւի խոսքով,  «հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար»։ 

Որքան էլ Ալիեւը Մոսկվայում օրեր առաջ  չքմեղանում էր, թե «միջանցք» բառը  միջազգայնորեն ընդունված տերմին է՝ սքողելով այդ միջանցքի շահառուների նկրտումները, ակնհայտ է, որ նա հենց արտատարածքային միջանցքը նկատի ունի՝ գործածելով իր կողմից հորինված ու «նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո  աշխարհքաղաքական բառապաշար» ներմուծված  կապակցությունը։ Ոմանց համար «ռազմավարական ծրագիր» համարվող  գերզգայուն թեմայով ծավալված  բանավեճն ու Բաքվի բռնակալի հավաստիացում-արդարացումները չենք կարծում, թե մեկընդմիշտ կփակեն միջանցքի թեմայով  «օվերտոնի պատուհանը»։  Սակայն եւս մեկ անգամ տեսանելի դարձրին, որ ՌԴ-ն, լինելով նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ եւ հանդուրժելով  դրա մի  շարք կետերի աղաղակող խախտումները, առնվազն դեմ չի լինի, եթե Ալիեւը որոշի իր «լեգիտիմ իրավունքներին» հղում անելով՝ խախտել նաեւ կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող 9-րդ կետն ու կյանքի կոչել ՌԴ-ի աջակցությունը վայելող  «նախաձեռնությունը»։ 

Հ․Գ․Մոսկովյան այցի կարեւոր մյուս արձանագրումը դարձյալ միջանցքի թեմայով էր՝ միայն թե՝ Լաչինի։ Փաշինյանը վերահաստատեց արդեն քանիցս վերահաստատվածը՝  նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ չպարունակելով  ոչ լեգիտիմ «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, փոխարենը  պարունակում է խիստ հստակ ձեւակերպված ու լեգիտիմ  «Լաչինի միջանցք» հասկացությունը, որի իրավական ռեժիմը, սակայն, խախտվել է հայտարարության երկու կողմերի՝ ՌԴ—ի եւ Ադրբեջանի համատեղ գործողություններով։  

Հետեւապես հարց է ծագում՝ մեր ռազմավարական դաշնակիցը արդոք  կարո՞ղ լինել  խաղաղության, եթե կուզեք՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի անաչառ մոդերատոր։ 
civic.am
 
Հ․Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: