ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարիամ Շահինյան․ առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում

Մարիամ Շահինյանի լուսանկարչական ժառանգության հայտնաբերումն ու ուսումնասիրությունը կարծես շարունակվող արկածային վեպ լինի։ Նա Ստամբուլում աշխատած առաջին կին լուսանկարիչն է, որի համար ֆոտոն թե՛ բիզնես էր, թե՛ ինքնաարտահայտման միջոց, թե՛ առօրյա խիզախություն։

Մարիամ Շահինյանը ծնվել է Թուրքիայում, Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը, առավել հայտնի որպես Ապակե տաղավար ։ Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան, Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում՝ հիմնադրված 1877 թվականին։ 
1915 թվականի Մեծ Եղեռնից հետո 4 տարեկան Մարիամը Սամսունով փախավ Ստամբուլ՝ թողնելով սեփական տունը, 5 ալրագործարան և մեծաքանակ անշարժ գույք։ Արյունոտ օրերին ընտանիքը հանգրվան գտավ Ստամբուլում, որտեղ պարտադրված հարմարվեց թուրքական հանրապետության առաջադրած նոր կենսակերպին ու օրենքներին։ Մարիամը սկսեց հաճախել տեղի հայկական Եսայան սանոց վարժարանը։
Մարիամ Շահինյանի հայրը՝ Միհրանը, չափազանց հետաքրքրված էր լուսանկարչությամբ։ 1933 թվականին նա սկսում է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ 1936 թվականին Մարիամի մայրը՝ Տիգրանուհին, հանկարծակի մահանում է՝ թողնելով ընտանիքը ֆինանսական սուղ վիճակում։ Սրանով պայմանավորված՝ Մարիամը ստիպված թողնում է ֆրանսիական Sainte-Pulchérie դպրոցը և սկսում է հետևել հորը, որպեսզի օգնի ստուդիական գործերին։
1937 թվականին, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը, նա սկսում է ղեկավարել ստուդիան ինքնուրույն։ Մարիամ Շահինյանը ղեկավարում է ստուդիան մինչև 1985 թվականը։ Նա մահացել է 1996 թվականին Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում։ Շահինյանը թողել է մոտ 200 000 նկարներից բաղկացած ֆոտոարխիվ, համարվում է Թուրքիայում առաջին կին-լուսանկարիչը Տիրապետել է հայերենի, ֆրանսերենի, իտալերենի և թուրքերենի։
Գրող, հետազոտող Անահիտ Ղազարյանը երկար ժամանակ է, ինչ ուղղակի ապրում ու վերապրում է այդ յուրահատուկ լուսանկարչուհու կյանքը՝ փորձելով վերակառուցել (իր խոսքով ասած՝ վերա-գրել) Մարիամի կերպարը, թողած պատկերներն ու այն եզակի տեղը, որը կես դար առաջ Մարիամը խնամքով ու բծախնդրությամբ կառուցել է որպես մոդեռն արվեստագետ՝ պահպանողական միջավայրում։
«Ֆոտո Գալաթասարայ | Պատկերների հյուրասենյակ» (Foto Galatasaray | Living Room of Images) ցուցադրությունը, որը բացվել է 4Պլյուս ֆոտոխմբագրությունում, Անահիտի հետազոտության առաջին տեսանելի քայլն է, որին հետագայում միգուցե կհաջորդեն գիրքը կամ ֆիլմը։ Բայց բոլոր դեպքերում՝ սա մեծ արխիվային ճամփորդության սկիզբ է։
27 բնօրինակ լուսանկարները, որոնց վրա կա Foto Galatasaray հեղինակային կնիքը (այսինքն, ապացույց, որ արվել են Մարիամին պատկանող ստուդիայում), ներկայացված են այնպես, ինչպես կթերթես ընտանեկան ալբոմը, որն ինչ-որ մեկը կամացուկ քեզ է թողել՝ կիսաբաց անելով հյուրասենյակի դռները։ Կարող ես սեղանների ու պահարանների վրա դրված լուսանկարները ձեռք տալ, շոշափել, պտտել, կարդալ գրառումները։ Տեսնել մարդուն ու պատկերացնել ժամանակը։ 
4Պլյուսի հիմնադիր, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը վստահ է, որ այդ ֆոտոները չէր ստացվի կախել պատին, քանի որ կկորչեր դարձերեսների հմայքը։ Եվ նույնիսկ եթե լուսանկարներում բոլորովին անծանոթ մարդիկ են, միևնույն է դու տեսնում ես, թե ինչպես է աշխատում լուսանկարվելու ծիսակարգը՝ մինչինտերնետային դարաշրջանում։
Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինյանը (1911-1996) կարծես ինքն է գտել Անահիտ Ղազարյանին, որ այսօրվա մեր ժամանակակցի միջոցով կարողանա երկխոսել նաև մեզ հետ։ 
Ցուցադրությունը Անահիտը կառուցել է հենց այդ երկխոսության տրամաբանությամբ՝ իր մտորումներով, օրագրերով ու հրավերով՝ տեսնելու, թե ինչ հետաքրքիր հետք է թողել Մարիամը բազմազգ ու բազմամշակութային Ստամբուլում։ Որքան բաց ու նորորար է եղել իր տաղավարում և որքան ներփակված ու լռակյաց՝ անձնական կյանքում։ Օրինակ, իր հազարավոր լուսանկարների շարքում գրեթե չկան ինքնադիմանկարներ, լուսանկարչուհին սովորոբար պատռել է իր պորտրետները, կարծես չուզելով հիշվել։
Փոխարենը ստեղծել է ավելի քան միլիոն մարդու դիմանկարներ՝ սովորոկան, տարօրինակ, ուրախ ու թախծոտ, ազատ ու վարանող։ Մարիամը ակտիվ աշխատել է 1935-1985 թվականներին, իսկ հետո լրիվ հեռացել գործից և անգամ տեր չի կանգնել իր հարուստ արխիվին։
Նրան ճանաչող մարդիկ պատմել են, որ Մարիամը վերջին տարիներին հաճախ էր ասում՝ անչափ հոգնեցա այլևս…
 
Արխիվի հարցը
 
Մարիամ Շահինյանի արխիվը հայտնաբերվել է պատահականորեն։ 1994 -ին, երբ լուսանկարչուհին դեռ ողջ էր, նրա ստուդիայի թուրք սեփականատերը լուսանկարչուհու նեգատիվներով թուփերը թողել է Քադըքյոյ թաղամասի աղբամանի կողքին ու կապվել «Արաս» հրատարակչության տնօրեն Էթվարթ Թոմասյանի հետ՝ նշելով, թե կոնկրետ որտեղ կարող է գտնել դրանք։ Երևի ենթադրել է, որ կարևոր բան է հայ համայնքի համար։
Թե ինչու է Մարիամ Շահինյանի ժառանգությունը Ստամբուլի եվրոպական հատվածից՝ Իստիկլալից, տեղափոխվել ասիական հատված, անհայտ է։ Բայց փաստն այն է, որ Թոմասյանը փրկել է նեգատիվները՝ պահելով իր տան նկուղում։ Որոշ մասը վնասված էր ու կարիք ուներ վերականգնման։
Խնդիրը նաև այն էր, որ ապակե նեգատիվների վերականգնումը և հետագա թվայնացումը լուրջ տեխնիկական ներուժ ու պրոֆեսիոնալիզմ է պահանջել, ինչն այդ թվականներին բարդ գործ էր։ 
Եվ միայն 25 տարի անց, 2011-ին «Արաս»-ը հրատարակեց գիրք, որի մեջ ներառեց Մարիամ Շահինյանի 200 հազար պատկերների որոշ հատված։ 
Անահիտ Ղազարյանի ասելով՝ այժմ թվայնացված է Մարիամի աշխատանքների 70%-ը, իսկ մնացածը թվայնացված չէ ու նաև անհայտ է, թե որտեղ է։
Նրա կարծիքով՝ կարող են լինել հետազոտող Թայֆուն Սերթաշի մոտ, որը հետազոտել է նաև Հովսեփ Մինասօղլուի արխիվը։ Մինասօղլուն ահռելի ներդրում ունի թուրքական մշակույթում։ Սովորելով Փարիզի Կոդակում, նա առաջինն է Ստամբուլում տպագրել գունավոր լուսանկար։ Բայց շատ դժվար կյանքով է ապրել՝ հալածվել է (միգուցե նաև այն պատճառով, որ նույնասեռական էր), նրա արխիվի մի մասը այրվել է։ 
Սերթաշը երկու ցուցահանդես է արել Մարիամի գործերով, բայց դրանք կցկտուր էին, անգամ խորագրում չի նշվել Շահինյանի անունը։ «Կարծես հետազոտողը սեփականաշնորհել է այդ հազվագյուտ կին ստեղծագործողի աշխատանքը»,- ասում է Անահիտը։ 
Շահինյանների գերդաստանը ցեղասպանության պատճառով գաղթել իր հայրենի Սվազից՝ թողնելով  հարուստ կյանքն ու փորձել նորից մի բան կառուցել Ստամբուլում։ Եվ այդ մի բանը լուսանկարչատունն էր։ 
Մարիամ Շահինյանի պապը խորհրդարանի անդամ էր, ընտանիքն ունեցել է հողեր, գյուղեր, ջրաղացներ։ Մարիամի պապական տունն, օրինակ, ցեղասպանությունից հետո դարձել է հանրային փոստատուն, այսինքն, կարևոր հանգույցային շինություն համար ընտրվել է ամենամեծ ու շքեղ առանձնատունը։
 
 
Հավաքելով սեփական արխիվը
 
Քանի որ Անահիտին հասանելի չէին Մարիամի նեգատիվները  նա որոշեց հավաքել իր այլընտրանքային արխիվը։
Ի վերջո, արխիվը միայն լուսանկարները չեն, այլև հուշերն ու պատմությունները, որոնք ամփոփված են լուսանկարներում։ Արխիվն ունի նաև կիրառական գործառույթ՝ վերածվելով հարազատներին որոնելու հարթակի կամ քաղաքի ու ժամանակի դիմանկարը հասկանալու առիթի։ Եվ Անահիտը որոշեց գտնել այդ պատմությունները արդեն ոչ թե նեգատիվների, այլ օրիգինալ ֆոտոների միջոցով։ Ստացվեց ավելի ոլորապտույտ, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ։   
Նա գնաց Ստամբուլի տարբեր հայալեզու թերթերի խմբագրություններ, պատրիարքարաններ, գրադարաններ, այսինքն՝ սփյուռքը միավորող կենտրոններ, խնդրելով, որ արձագանքեն Մարիամին ճանաչողները։ Եվ մարդիկ սկսեցին զանգել։
Ընդ որում՝ ոչ միայն ազգությամբ հայերը, այլև հույներն ու թուրքերը, որոնք իրենց լուսանկարներն էին ուղարկում փոստով ու պատմում իրենց հուշերը։ Եվ իհարկե, Անահիտը շատ ժամանակ էր անցկացնում Ստամբուլի հնավաճառների մոտ՝ պեղելով լուսանկարների կույտերն ու փնտրելով Foto Galatasaray կնիքով աշխատանքները։
Այլընտրանքային արխիվի մաս են նաև հարցազրույցները՝ Մարիամի հարևանների, նրան ճանաչողների ու նաև զարմուհու հետ, որն այժմ ապրում է Փարիզում։
Լուսանկարները ընտանեկան պատմություններ են, և հաճախ գնալով մեկ լուսանկարի հետևից կարելի է գտնել անսպասելի շերտեր։ Մարդիկ դառնում են պատկեր, հետո պատկերը նորից ձեռք է բերում մարդկային հատկանիշներ։ Մոտավորապես այդպես է անում Անահիտը, որն իր խոսքով ասած՝ անկուշտի պես ուզում է ամեն ինչ իմանալ Մարիամ Շահինյանի մասին։ Եվ նույնիսկ կադրի կոմպոզիցիայից, միզանսցենից կամ ֆոտոյի շրջանակումից կարողանում է կռահել Մարիամի ձեռագիրը։
Դեթրոյթում Անահիտը գտել է մի մարդու, որը արտագաղթելով Թուրքիայից՝ իր հետ է տարել լուսանկարների նեգատիվները։ Մարիամը անձամբ է նրան փոխանցել նեգատիվները՝ փաթեթավորելով դրանք իր ստուդիայի մասին հայտարարությամբ։ Պատահականորեն պահպանված այդ հայտարարությունը օգնել է Անահիտին հասկանալ, թե երբ ու ուր է տեղափոխվել ստուդիան և ինչ գրաֆիկով է այն աշխատել։
Իրականությունը վերականգնելը բարդ գործ է։ Պատճառը ոչ միայն անցած-գնացած տասնամյակներ են, այլև պոլսահայ համայնքի զգուշավորությունն ու փակ լինելը։ «Լինել համայնք արդեն նշանակում է լինել փակ»,- ասում է Անահիտը։
Հետազոտոթյան մաս է նաև կայքը, որտեղ միայն լուսանկարների դարձերեսներ են՝ գրություններով, հիշատակումներով ու կնիքներով, որոնց վրա քլիք անելով կարելի է ստանալ տեղեկություն։ 
«Լուսանկարներ չտեղադրելը կոնցեպտուալ որոշում էր։ Ուզում էի պատմել լուսանկարչի մասին առանց նրա լուսանկարների։ Որ կայքի այցելուն անցնի պատկերից այն կողմ ու ինքը երևակայի պատկերը»,- ասում է Անահիտը։
Մյուս կողմից էլ այդպես պահպանվում են լուսանկարների հերոսների հեղինակային իրավունքները (դեմքը մարդու սեփականությունն է)։
Անահիտ Ղազարյանն ու կայքի դիզայներ Նունե Խուդավերդյանը փորձել են վիզուալ աղմուկի այս դարում այցելուի ուշադրությունը կենտրոնացնել ֆոտոյի անհատական բնույթի վրա, առանց ծանրաբեռնելու լուսանկարներով։ Պատմել են լուսանկարչուհու մասին առանց նրա լուսանկարների։
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: