ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մարի և Վիլհելմ Շպիքերներ

Հայոց Ցեղասպանության ականատես գերմանացի հումանիստ ամուսինները

Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։

Հոդվածի նպատակն է ներկայացնել գերմանացի Շպիքեր ամուսիններին որպես Հայոց ցեղասպանության ականատեսներ, նրանց մարդասիրական գործունեությունը, վերհանել և ակտիվ գիտական շրջանառության մեջ դնել նրանց վկայությունները ներառող սկզբնաղբյուրները։ Ներկայացվում է, թե ինչ հանգամանքներում նրանք կարողացան մնալ հումանիստական դիրքերում, անգամ կյանքեր փրկել (թեկուզ և ժամանակավոր) ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին, այնպես էլ հետագայում։

Հոդվածը գերազանցապես պատրաստվել է Շպիքեր ամուսինների զեկույցների, «Արևելքում քրիստոնեական օգնության միություն» առաքելության ու Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի, ինչպես նաև ժամանակի գերմանալեզու մամուլի և առաջնային այլ գրականության հիման վրա։

Հայոց ցեղասպանության տարիներին եղել են բազմաթիվ օտար ականատեսներ, որոնց մի մասի վկայությունները, հուշերը հետագայում անհայտ են մնացել կամ սակավ ուսումնասիրվել։ Եթե բրիտանացիները կամ ֆրանսիացիները ստիպված էին Առաջին աշխարհամարտի սկսվելուց առաջ կամ դրա սկսվելուն պես լքել իրենց գործունեության վայրը՝ որպես թշնամի երկրի հպատակներ, ապա զգալի թվով ամերիկացիներ, գերմանացիներ, շվեյցարացիներ ու սկանդինավներ, այնուամենայնիվ, մնացել էին Օսմանյան կայսրությունում՝ դառնալով Հայոց ցեղասպանության ականատեսներ։ Վերջիններիս շարքում հատկապես պետք է կարևորել գերմանացիների վկայությունները։ Բանն այն է, որ երբեմն թուրք կամ թուրքամետ ժխտողական պատմաբանները փորձում են նվազեցնել շատ ականատեսների վկայությունների կարևորությունը։ Նրանց հիմնական փաստարկներից մեկն այն է, որ շատ ականատեսներ «կողմնակալ» վերաբերմունք են հանդես բերել՝ փորձելով իրենց վկայություններով ի շահ սեփական երկրի վնաս հասցնել Օսմանյան կայսրությանը։ Գերմանացի ականատեսների պարագայում այս «փաստարկն» ուղղակի հիմնազուրկ է դառնում, քանզի Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակից երկիր էր, հետևաբար նրա քաղաքացիները պակաս շահագրգռված չէին պատերազմում թուրքերի, ուրեմն նաև գերմանա-թուրքական դաշինքի հաջողություններով և նման վկայություններով սեփական երկրին վնասելու որևէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ։

Եթե փորձենք ընդհանրացնել, թե հիմնականում որ խմբերի ներկայացուցիչներ էին գերմանացի ականատեսները, կստանանք հետևյալ պատկերը. ա) սպաներ, զինվորականներ, ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, բ) դեսպանատան, հյուպատոսությունների աշխատակիցներ, գ) երկաթուղիների, (Բաղդադի և Անատոլիական), առևտրային և բանկային (Deutsche Bank, Palästina Bank) ոլորտի ներկայացուցիչներ, դ) գերմանական առաքելությունների և հումանիտար-կրթական բնագավառի այլ ներկայացուցիչներ:

Այս համատեքստում Մարի և Վիլհելմ Շպիքերների վկայություններն առանձնանում են մի քանի հանգամանքներով։ Նախ՝ ամուսինները երկու՝ իրարից ամբողջովին տարբեր հաստատությունների՝ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի և Բաղդադի երկաթուղու աշխատակիցներ էին, հետևաբար առնչվում էին մարդկանց ավելի լայն շրջանակի հետ։ Բացի այդ, երկուսն էլ Օսմանյան կայսրությունում էին շատ երկար ժամանակ՝ Մարին 1897 թ., իսկ Վիլհելմը 1898 թ. ի վեր, հետևաբար շատ լավ էին ճանաչում ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին ու կայսրությունում տիրող ավանդույթներն ու բարքերը, որոշ չափով՝ նաև լեզուները։ Չլինելով ռազմական ոլորտի ներկայացուցիչներ՝ նրանք զերծ էին իրենց վկայություններով զինվորական գաղտնիք հրապարակելու վտանգից։ Շպիքերների վկայությունների հավաստիությունը Գերմանական կայսրության կանցլերին ուղարկած իր նամակներում երաշխավորել է նաև Հալեպի գերմանական հյուպատոս Վալտեր Ռյոսերը։ Անգամ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ դրանք օգտագործվել են վերջինիս փաստաբանների կողմից։ Նրանց վկայությունները հիմնականում հստակեն. նշվում է իրադարձությունների վայրը, առկա են զգալի թվով այլ ականատեսների (նաև գերմանացի) կամ դեպքերի մասնակիցների անուններ, թվային տվյալներ։

Շպիքեր ամուսինները որպես ականատեսներ և հումանիստներ

Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիների ընթացքում ծառայած զինվորների և սպաների թիվը  հաշվի առնելով ու ավելացնելով վերոհիշյալ մյուս բնագավառների ներկայացուցիչներին՝ կարելի է փաստել, որ Հայոց ցեղասպանության հարյուրավոր (գուցե հազարավոր) գերմանացի ականատեսներ (նաև մասնակիցներ) են եղել , որոնց մի փոքր մասը հայերի հետ առնչվում էր ցեղասպանությունից ավելի քան մեկ տասնամյակ առաջ։

Նրանցից էին Շպիքեր ամուսինները, ովքեր Օսմանյան կայսրությունում էին գտնվում դեռևս 19-րդ դարի վերջից։ Մարի Լյուդեքեն (հետագայում՝ Մարի Շպիքեր, Marie Spiecker)  Կ.Պոլիս էր ժամանել դեռևս 1897 թ. ապրիլի 14-ին «Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական օգնության միությանը (ԱՔԲԳՕՄ)»  պատկանող Կ.Պոլսի Բեբեք թաղամասում բացված գերմանական որբանոցում  աշխատելու նպատակով, ուր մեկ տարի անց ժամանում է նաև Վիլհելմ Շպիքերը (Wilhelm Spiecker) ։ 1899 թ. գարնանը նրանք ամուսնանում են և տեղափոխվում Մարաշ՝ ստանձնելու 1896 թ. հիմնադրված ԱՔԲԳՕՄ-ի  միսիոներական կայանի ղեկավարումը , որտեղ Վիլհելմ Շպիքերը մնում է մինչև 1907 թ. (որպես կայանի ղեկավար միայն մեկ տարի) ։ 1911 թ. Վիլհելմ Շպիքերը փորձում էր աշխատանքի անցնելՅոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական արևելյան առաքելությունում»։ Վերջինս Վիլհելմին Ուրֆայի կամ Ուրմիայի կայաններում որպես ուսուցիչ աշխատանքի վերցնելու նպատակահարմարությունը հասկանալու համար ԱՔԲԳՕՄ տնօրեն Շուխարդտից տեղեկություններ է խնդրում նրա նախկին աշխատանքի մասին՝ խոստանալով դրանք գաղտնի պահել ։ Շուխարդտի հակիրճ պատասխանում գերազանցապես դժգոհություններ էին արտահայտվում Մարաշում Շպիքերի գործունեության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ըստ Շուխարդտի, ակնկալվող աշխատանքը Վիլհելմը լիովին ի վիճակի էր կատարել ։

Առաջին աշխարհամարտի Շպիքեր ամուսինները Հալեպում էին, ուր և ականատես էին եղել Հայոց ցեղասպանությանը։ Մարին աշխատում էր գերմանական ռեալական դպրոցում (Realschule), իսկ Վիլհելմը՝ Բաղդադի երկաթուղում։ Ի տարբերություն շատերի՝ Շպիքեր ամուսինները չէին լռել, անմիջապես փորձել էին ընդվզել ստեղծված իրավիճակում, նամակներ ու զեկույցներ էին գրել՝ մանրամասն շարադրելով բռնագաղթն ու դրա հետևանքները, անգամ փորձել էին կյանքեր փրկել։ Շպիքերների մարդասիրական գործունեությանն աջակցել է նաև Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռյոսլերը (1871-1929) , որին ամուսինները, որպես դեպքերի ականատեսներ կամ մասնակիցներ, պարբերաբար փոխանցում էին իրենց զեկույցները։ Դրանք հյուպատոսը կից գրությամբ ուղարկում էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին՝ ավելացնելով, որ տեղեկության աղբյուրը խիստ հավաստի է։

Շպիքերների վկայությունները բովանդակային առումով մի քանի հիմնական ուղղություններ էին ներառում՝ աքսոր, սպանությունների իրականացման ձևեր, բռնաբարություններ, որբերի անմխիթար վիճակի նկարագրություններ, իրենց կամ գործընկերների կողմից ցուցաբերված օգնության դեպքեր, թուրքերի պահվածքը սպանություններից հետո։

Իր զեկույցներից մեկում Վիլհելմ Շպիքերը պատմում էր, թե ինչպես էր 1915 թ հուլիսի վերջին ութ հայ կանանց ու աղջիկների փրկել Ռաս-ուլ-Այնի ճանապարհից ու վերցրել իր խնամքի տակ։ Նրանցից մեկին (ամուսինը սպանվել ու այրվել էր իր աչքերի առջև Խարբերդից Ռաս-ուլ-Այն ընկած ճանապարհին, իսկ յոթ ամսական միակ զավակը սովամահ էր եղել) Թոուեմ (Touem) կոչվող կայարանի 7-8 աշխատակիցներն այնպես էին բռնաբարել, որ բժշկի և Շպիքերների կողմից վերջիններիս տանը խնամքի տակ վերցվելուց միայն երկու օր անց էր գիտակցության եկել ։ Եվս մեկ կնոջ (իր երկու դուստրերի հետ միասին) Վիլհելմն ինժեներ Լինսմեյերի (Linsmeyer) օգնությամբ փրկել էր մի տասնապետի ու մոտ 15 զինվորի ձեռքից ։ 14-ամյա մեկ այլ հայ աղջկա նրանք փրկել էին Հոջա կայարանի ղեկավարի բռնաբարությունից՝ սպառնալով նրան եղելության մասին տեղեկացնել Բաղդադի երկաթուղու ղեկավարությանը ։ Այնուհետև Շպիքերը, շարադրելով սպանված ու Եփրատ նետված հայ կանանց ու երեխաների դիակների, կանանց նկատմամբ իրականացվող կամայականությունների, վերջիններիս ինքնասպանության մի շարք դեպքերի մասին, փաստում է, որ Ռաս ուլ-Այնում դեռևս կենդանի մնացած մարդիկ հազարավոր հայ գաղթականների մնացորդներն են միայն ու բացառապես կանայք ու երեխաներ ։ Անգամ գերմանացիների (Բաղդադի երկաթուղու աշխատակից Լինսմեյերի և պահեստապետ Զեեմանի) մոտ աշխատող երեք մահմեդական աշխատակիցներն էին լքել իրենց աշխատանքը՝ հայերին սպանելու նպատակով, քանզի վերջիններիս որպես պարգև տներ էին խոստացել հայկական գյուղերում :

1915 թ. սեպտեմբերի 2-ին գրված և հյուպատոս Ռյոսլերի միջոցով ռայխսկանցլերին ուղարկված մեկ այլ նամակում Շպիքերը պատմում է հուլիս-օգոստոս ամիսներին Մարաշ կատարած իր այցի մասին, որտեղ նկարագրում է մի շարք գյուղերում՝ Սամում, Կարաբյույուքում, Չյուրուքկոզում, Ֆընդըջաքում, Ֆռնուզում ու այլուր իրականացված սպանությունների, բռնաբարությունների, կանանց վաճառքի դեպքերի մասին։ Միայն Մարաշի մի դպրոցում Շպիքերը տեսել էր հարյուրից ավելի հայ կանանց ու երեխաների դիակներ՝ «պատառոտված փորերով, կտրատված ձեռքերով և բոլոր հնարավոր խեղումներով, որոնց թվում կային մեկից երկու տարեկան երեխաներ»։

Շպիքերը վկայում է նաև շրջակա գյուղերից Մարաշ բերված ու այստեղ գնդակահարված տասնյակ հայերի մասին, որոնց թվում անգամ երկու տարեկան երեխաներ կային ։ Շղթայակապ տղամարդիկ նախ մահմեդական բնակչության կողմից նվաստացումների էին ենթարկվել, որից հետո սպանվել։ Անգամ գնդակահարվելուց հետո մահմեդականները շարունակել էին պատառոտել նրանց մարմինները: Նա նաև հավելում է, որ այդ ամբոխը Մարաշի ԱՔԲԳՕՄ կայանի Սալեմ հիվանդանոցի մոտով անցնելիս «Կեցցե Գերմանիան» էր գոչում ։ Բազմաթիվ են առանձին դեպքերի նկարագրությունները Վիլհելմ Շպիքերի վկայություններում. թուրքերի և քրդերի կողմից քարավանների վրա իրականացված հարձակումներ, կանանց նկատմամբ գործադրված բռնություններ սպանություններ, դիակապտություն, անարգանք՝ հաճախ նաև հստակ անուններով ու թվային տվյալներով։ Նա մանրամասն նկարագրում է Այրան-Փնար կոչվող բնակավայրում տեղի ունեցած բռնաբարություններն ու սպանությունները. «2500 հոգուց բաղկացած այս քարավանում ես տղամարդկանց չտեսա, բացառությամբ, հավանաբար, 30-40 հոգուց։ 15 տարեկանից բարձր տղամարդիկ առանձնացվել էին և, հավանաբար, սպանվել։ Մտածված կերպով այս հայերը շրջանցող ու վտանգավոր ճանապարհներով էին բերվել. Մարաշի վրայով չորս օրվա ճանապարհով բերվելու փոխարեն նրանք արդեն մեկ ամիս ճանապարհին էին։ […] Այնթապի մոտակայքում այս քարավանի բազմաթիվ կանայք Այնթապից քաղաքացիական անձանց կողմից գիշերը բռնաբարվել էին։ Այրան-Փնար կոչվող վայրում հարձակման ժամանակ տղամարդիկ և կանայք կապկպվել էին ծառերին ու այրվել»

Այնուհետև Շպիքերը նկարագրում է սպանությունների, անարգանքների ու բռնաբարությունների տեսարաններ Այնթապից, Մարաշից, Ալբիստանի մոտ գտնվող Բյովերեն գյուղից, Այնթապից հյուսիս գտնվող Բաշ-Փնար բնակավայրից։ «Ինձ հետ ճամփորդում էին [Մարաշից] վեց հայ աղջիկներ, որոնցից հինգը ուսուցիչների ամերիկյան սեմինարիայից, մեկը գերմանական որբանոցից էին։ Քարավանից 20 քայլ հեռավորության վրա զինվորներից մեկը [նրանք վեցն էին – Հ.Մ.)] սկսեց օդ կրակել։ Մեկ ուրիշ զինվոր խլեց աղջիկներից մեկի ձեռքից անձրևանոցը և վստահաբար այլ բռնություններ կիրականացներ, եթե ես չմիջամտեի։ Երբ ես իմ մտրակով գնացի նրա վրա, բոլորը փախան» ։ Իսկ Մարաշի մոտ գտնվող Ջամուսթիլ բնակավայրի ճանապարհին Շպիքերի միջամտությամբ փրկում է իրեն ուղեկցող հային, որի վրա մոլլան ուղղել էր իր հրացանը ։ Փաստացի, իր օրինակով Շպիքերը բազմիցս կարողացել էր ցույց տալ, որ անհրաժեշտ ցանկություն ու կամք դրսևորելու դեպքում հնարավոր է կյանքեր փրկել, առավել ևս թեթևացնել հայերի տառապանքները՝ օգտվելով գերմանացի լինելու հանգամանքից։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ վիճակում էին քարավանները ժամանում Հալեպ՝ նա նշում է, որ Խարբերդից և Սվազից արտաքսված 18.000 հայերից քաղաք էին հասել 350 կին ու երեխա, իսկ Էրզրումից՝ 1.900-ից միայն 11-ը։ Երբեմն կանանց ու երեխաների քարավանները օրեր շարունակ քայլել էին ամբողջովին մերկ վիճակում:

Միևնույն զեկույցում Վիլհելմ Շպիքերը նկարագրում է Մարաշում գտնվող մի «այսպես կոչված հիվանդանոց». «[...] ես մի կիրակի մոտ 20 մետր լայնություն ու 40 մետր երկարություն ունեցող մի բակում տեսա 30 մահացած՝ այս ու այն կողընկած։ Մոտ 20-ն արդեն թաղվել էին այդ օրը։ Այս 30 դիակները մինչև երեկո այդտեղ մնացին։ Իմ կինը հանձնարարեց դրանք մթության մեջ տանել՝ վճարելով երեք հոգու մեկական մեջիդիե։ Դիակներից մեկի մաշկը մնաց տեղափոխողներից մեկի ձեռքերին կպած, այնպես որ քայքայման գործընթացն արդեն սկսվել էր։ Մահացածների մեջ այրող արևի տակ այս ու այն կողմ ընկած էին մահացողներ ու ծանր հիվանդներ, մոտ 1.000 հոգի։ Ամբողջն այնպիսի սարսափելի տեսարան էր ներկայացնում, ինչպիսին ես երբեք նախկինում՝ անգամ ամռանը, Մարաշում նկարագրված 24 հոգու գնդակահարության ժամանակ չէի տեսել [...]»։

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը նման զեկույցները գաղտնի էր պահում, իսկ դեռևս 1915 թ. աշնանից գործող գրաքննության օրենքն արգելում էր Գերմանիայում նման նյութերի տպագրումը։ Փոխարենը Վիլհելմ Շպիքերի այս զեկույցը գրեթե ամբողջությամբ 1916 թ. նոյեմբերին հրապարակվում է շվեյցարական “Schweizerische Orient-Mission” պարբերականում՝ «Թուրքիայում մահացած մի գերմանացու գրառումներից» վերնագրով, ավագ ուսուցիչ, դոկտոր Էդուարդ Գրաետերի գրավոր թույլտվությամբ։ Պարբերականում Շպիքերից մեջբերված հատվածն ավարտվում է արտաքսման հանձնաժողովի մի թուրք պաշտոնյայի պատասխանով, որին Վիլհելմ Շպիքերը դիմել էր չորս հայ երեխաների խնդրանքով. «Դուք չեք հասկանում, թե դուք ինչ եք ուզում։ Մենք ցանկանում ենք ջնջել հայկական անունը։ Ինչպես Գերմանիան է ցանկանում միայն գերմանացիներից բաղկացած լինել, այնպես էլ մենք ենք ցանկանում թուրքեր, միայն թուրքեր»։

Վիլհելմ Շպիքերը նշում է նաև այլ գերմանացիների անուններ, որոնք ականատես էին եղել սպանությունների զանազան տեսարանների ։

Վիլհելմ Շպիքերի զեկույցները ռայխսկանցլերին էր փոխանցում ոչ միայն Հալեպի հյուպատոս Ռյոսլերը։ Կայսեր՝ Քաղաքացիական հարցերով հավատարմագրված գրասենյակի կողմից 1916 թ. սեպտեմբերի 10-ին ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին փոխանցված զեկույցում Վիլհելմ Շպիքերը շարունակում է ականատեսի իր վկայություններն աքսորվածների նկատմամբ իրագործվող դաժանությունների, մարդկանց թալանելու, նվաստացնելու և ոչնչացնելու բազմաթիվ եղանակների մասին ու ավելացնում. «Ինչ ես գրում եմ, միայն մի չնչին մասն է բոլոր այն սարսափների, որոնք երկու ամսից ի վեր այստեղ տեղի են ունենում, և որոնք ամեն օր ավելի մեծ ծավալների են հասնում։ Սա միայն չնչին մասն է այն ամենի, որոնք ես ինքս եմ տեսել ու տեղեկացել ականատես դարձած ծանոթներից ու ընկերներից։ Այս ամենի համար, ինչի մասին ես զեկուցում եմ, կարող եմ յուրաքանչյուր պահի թվային տվյալներ ու ականատեսների անուններ նշել» ։

Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ իր զեկույցներում Վիլհելմը նկարագրել է ինչպես բռնագաղթի տարբեր տեսարաններ, այնպես էլ դրա ընթացքում իր միջամտությամբ փրկվածների պատմություններ։

Վիլհելմ Շպիքերի կինը՝ Մարին, ևս ապրել է Հալեպում ու անմասն չի մնացել տարագիրների մասին տարբեր զեկույցներ կազմելուց, ինչպես նաև անձամբ տարատեսակ աջակցություն ցուցաբերելուց։ Այդ ժամանակ Մարին աշխատում էր որպես ուսուցչուհի Հալեպի գերմանական ռեալական դպրոցում։ Նրա և ավագ ուսուցիչ դր. Մարտին Նիպագեի  հեղինակած զեկույց-նամակում խոսվում էր դպրոցի հարևանությամբ գտնվող շինության մասին (հատկացվել էր հատկապես ծանր հիվանդ աքսորյալներին), սակայն կատարվող իրադարձություններն ու դրանց հետևանքները փորձ էր արվում ներկայացնել գերմանական կրթության, հետևաբար նաև ազդեցության տարածման կարևորության համատեքստում՝ փորձելով գոնե այդ կերպ որոշակի աջակցություն ստանալ սեփական իշխանություններից. «[...] Մենք չենք ցանկանում կանգ առնել այն արյունալի սարսափների վրա, որոնցով ուղեկցվում է հայերին իրենց բնօրրանից տեղափոխումը. ոչ հազարավոր տղամարդկանց, ովքեր առանձնացված կամ երբեմն իրենց հարազատների աչքի առջև սպանվել էին, ոչ անթիվ աղջիկների, կանանց ու երեխաների, որոնք ենթարկվել էին իրենց հսկողների և նրանց հանցակիցների անարգանքին ու խեղմանը և որոնց մերկ դիակներն ընկած են ճանապարհներին [...] Մենք ենթադրում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունն իր ներկայացուցիչների միջոցով տեղյակ է այն ամենին, ինչ կատարվում է այստեղ։ [...] Մեր գործը չէ հայերի՝ իրենց բնօրրանից արտաքսման քաղաքական իրավունքը քննարկելը։ Հետևյալը, սակայն, մենք ցանկանում ենք ու պարտավոր ենք բարձրաձայնել, որ գերմանական դպրոցական աշխատանքն այս երկրում երկարաժամկետ կտրվածքով անվերականգնելի վնասներ է կրում կանանց ու երեխաների զանգվածային սպանության տեսքով աքսորման այս սարսափելի ձևերի պայմաններում, մի զանգվածային սպանություն, ինչպիսին պատմությունը մինչ այժմ դեռ չի տեսել»։

Մարի Շպիքերը ոչ միայն զեկուցում էր իրավիճակի մասին, այլև փորձում էր անձամբ որևէ աջակցություն ցույց տալ խիստ ծանր վիճակում գտնվող տարագրյալներին։ Նա օճառ էր գնել ու բաժանել դեռևս կենդանի մնացած բազմաթիվ կանանց ու երեխաների (տղամարդիկ այլևս չկային այնտեղ)։ Բացի այդ, մի քանի կանայք նրա ղեկավարության ներքո սնունդ էին պատրաստում դեռևս կենդանի մնացածների համար, իսկ ինքը սնունդ էր բաժանում գաղթականներին ։ Այնուամենայնիվ, երբ տիֆի համաճարակն ավելի է տարածվում, Մարին ու դպրոցի մյուս աշխատա- կիցները ևս վարակվում են ։

Մարին թեև վաղուց չէր հանդիսանում ԱՔԲԳՕՄ աշխատակից, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից՝ 1916 թ. հոկտեմբերի 18-ի նամակով ֆինանսական աջակցություն է խնդրում նրանցից. «Մենք միայն այստեղ՝ քաղաքում ունենք 600-800 փոքրիկներ, որոնք որևէ հարազատ չունեն։ Թե որտեղից կարող ենք մենք հայթայթել ամենաանհրաժեշտը, չգիտենք, դրան ավելանում է մոտալուտ ձմեռը»։ Մարին, ինչպես նաև ամուսինն, իրենց վստահելի անձանց միջոցով կարողանում էին տարագիրներին նաև գումար բաժանել, որն ուղարկվել էր 1915 թ. աշնանը ։ Դրանով կարիքավորների համար առաքված գումարներն իրենց գործնական կիրառումն էին գտնում։ Մարի Շպիքերն պարբերաբար հանդիպումներ էր ունենում հյուպատոս Ռյոսլերի հետ, ումից նաև գումար էր ստանում՝ տարագիրներին բաժանելու և օգնելու համար։ Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել 1917 թ. փետրվարի 3-ին։

Վիլհելմ Շպիքերը, ցավոք, չի կարողանում վերադառնալ հայրեինք։ Նա մահանում է Օսմանյան կայսրությունում (նրա մահվան հստակ օրն անհայտ է) հիվանդության հետանքով։ Որոշ ժամանակ անց Մարին, որը նաև չորս երեխաների մայր էր, վերադառնում է հայրենիք՝ Գերմանիա։ Մարին հայրենիք վերադարձից հետո անգամ շարունակում է օգտակար լինել հայ ժողովրդին։ 1921 թ. հունիսին Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ Մարի Շպիքերը, ի թիվս այլոց, հանդես է գալիս որպես վկա, որի վկայությունները դատարանը պետք է լսեր դատավարության երկրորդ օրը՝ հունիսի 3-ին ։ Սակայն դատավարության կարճվելու պատճառով նա այդպես էլ ելույթ չի ունենում՝ պայմանավորված «դատարանի և երդվյալ ատենակալների կողմից հաստատված դատավճռի կայացման համար առկա ապացույցների բավարար լինելու հանգամանքով» ։ Որպես գրավոր վկայություն վերցվում է Մարիի ամուսնու՝ 1915 թ. հոկտեմբերի 6-ի զեկույցը ։ Այդ ժամանակ Մարին բնակվում էր Ռոսլեբեն քաղաքում (ժամանակակից Թյուրինգիա երկրամաս, Roßleben a. d. Unstrut) ։

Մարի Շպիքերի հետագա գործունեության մասին տվյալները բացակայում են։

Ամփոփելով Շպիքեր ամուսինների վկայությունները Հայոց ցեղասպանության տարիներին ինչպես տարագրության, բռնությունների ու սպանությունների, այնպես էլ այդ ընթացքում իրենց գործունեության մասին՝ պետք է փաստել հետևյալը.

Լինելով Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական կայսրության հպատակների վկայություններ՝ Շպիքերները չէին կարող միտում ունենալ իրենց զեկույցներով ու նկարագրություններով հանիրավի վնաս հասցնել իրենց դաշնակից երկրին, հետևաբար նաև Գերմանիային։

Շպիքերներն իրենց վկայություններում նշում են ցեղասպանության ականատես մի շարք այլ գերմանացիների անուններ։

Իրենց օրինակով Շպիքերները ցույց են տալիս, որ անհրաժեշտ վճռականություն հանդես բերելու պարագայում անգամ առանց լուրջ լծակների հնարավոր էր ոչ միայն այս կամ այն աջակցությունը ցուցաբերել հայ տարագիրներին, այլև առանձին դեպքերում անգամ փրկել նրանց մեկ տասնյակից ավելի թուրքերի ձեռքից։

Նրանց աջակցության ձևերը տարբեր էին. տարագիրներին սնունդ կամ օճառ բաժանելուց մինչև Եվրոպայից օգնություն հայթայթելը, ստացված (նաև հյուպատոս Ռյոսլերի միջնորդությամբ) միջոցներն իրենց վստահելի հայերի միջոցով տարագիրներին բաշխելը, այս ու այն կողմ ընկած դիակները թաղելը, իրենց զեկույցները Հալեպի հյուպատոսին փոխանցելը, որն էլ դրանք փոխանցում էր ռայխսկանցլերին, որոշ դեպքերում անգամ կանանց ու երեխաներին (հնարավոր է՝ որոշ ժամանակով) փրկելը՝ապաստան տալով անգամ սեփական հարկի տակ։
 
Հայկ Մարտիրոսյան, պ.գ.թ., Լեփսիուսհաուս, Պոտսդամ, Գերմանիա
ՀՑԹԻ Ցեղասպանագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
 
Շպիքեր ամուսինները Մարաշի «Բեթշալում»
որբանոցի ավագ տարիքի տղաների
ու անձնակազմի մի քանի այլ աշխատակիցների հետ։
Լուսանկարն արվել է ենթադրաբար 1903 թ․
գարնանը Շպիքեր ամուսինների՝
Գերմանիա կատարած հերթական ճամփորդությունից առաջ։

Աղբյուրը՝ Mitteilungen aus dem Orient, Frankfurt am Main, Juli 1903, էջ 156․




Մարին Բեբեքի (Կ․Պոսլում) որբանոցի սաների հետ։ Այդ ժամանակ Մարին դեռ չէր
ամուսնացել միևնույն որբանոցի մեկ այլ աշխատակցի՝ Վիլհելմ Շպիքերի հետ ու դեռևս կրում էր Լյուդեքե ազգանունը։
Մինչև Մարաշում աշխատելը Մարին
աշխատել է այս որբանոցում, և միայն ամուսնանալուց հետո է 1899 թ․
գարնանը ամուսնու հետ միասին տեղափոխվել Մարաշ։
Լուսանկարն արվել է ենթադրաբար 1898 թ․

Deutscher Hilfsbund für christliches Liebeswerk im Orient, Skizze und
Bilder aus dem Orient, Dinglingen (Baden), St. Johannes-Druckerei, 1899, էջ 16:



Ամուսնու մահից հետո Մարին վերադարձել է Օսմանյան կայսրությունից ու
երեխաների հետ միասին ապրել է Ռոսլեբեն քաղաքում, Schulstr. 2 հասցեում։
1921 թ․ որպես ականատես մասնակցել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը Բեռլինում։

Այս լուսանկարը նրա մասին մեզ հայտնի վերջին լուսանկարն է, որը մեզ է
տրամադրել հետազոտող Ինգո Հայդենղայը՝ մոր ընտանեկան արխիվից /նրա պապը
ևս լուսանկարում է/։ Սա այդ քաղաքի ուսուցչական անձնակազմն է։
Մարին լուսանկարում առաջին շարքում նստած սպիտակահեր տիկինն է։
Լուսանկարը՝ 1929 թ․


Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: