ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խոյեցի Թադևոսյանների (Տեր-Ստեփանյաններ) պատմությունը

Վերապրողների վկայություններ

«Մեր տոհմի հիմնադիրը՝ Տեր-Ստեփան քահանան, 19-րդ դ. կեսերին բնակվել և հոգևոր ծառայություն է մատուցել Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Հեր գավառի կենտրոն Հեր քաղաքում, ներկայիս Իրանի՝ Արևմտյան Ատրպատական Նահանգի Խոյի մարզկենտրոնում։

Իմ նախնիները բնակվում էին քաղաքի Էրմենիստանի (Մահլա) արվարձանի՝ Ցածր, այլ անվանմամբ՝ Էյվազի (թուրք.՝ Քուչաբաղ) թաղամասում։ Տեր-Ստեփանն ունեցել է երեք որդի՝ Տեր-Սարգիս քահանա Տեր-Ստեփանյանը, ով շարունակել է իր հոր ուղին և հոգևոր ծառայություն է մատուցել Խոյում, Մարտիրոսը և Թադևոսը՝ իմ պապիկի պապիկը։ Թադևոսը 1878 թ. ամուսնացել է Փերիի հետ և ունեցել չորս զավակ՝ Սարգիսը (1878-1965 թթ․), պապիկիս հայրը՝ Սամսոնը (1888(9)-1941թթ․), Լևոնը (Շահգալդի, ֆիդայի) և մեկ դուստր։

1900-ականներից Խոյ քաղաքի իրենց տանը բնակվելուն զուգահեռ պապիկիս հայրը՝ Սամսոնը, իր ընտանիքով և իր ավագ եղբոր՝ Սարգսի հետ բնակվել են Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում` վիպասան Րաֆֆու տանը։ Նրանք մասնագիտությամբ հյուսն էին և Սալմաստ (Դիլման) քաղաքում ունեին իրենց խանութ-արհեստանոցը, որտեղ պատրաստում ու վաճառում էին փայտե սեղաններ և տարբեր իրեր։ Իսկ մյուս եղբայրն ընտանիքի հետ բնակվում էր Խոյում և վարում տնտեսությունը։ 1914թ․ դեկտեմբերի վերջին պապիկիս ընտանիքը Խոյի, Սալմաստի Ուրմիայի և այլ հայաբնակ վայրերի հայերի, ինչպես նաև ասորիների հետ հարկադրաբար տեղափոխվում են ցարական Ռուսաստան, որտեղ մնում են մինչ 1915թ․ ամառը, այնուհետև պապիկիս ընտանիքը վերադառնում է Խոյ և Փայաջուկ։ Սկսում են վերականգնել Օսմանյան բանակի պատճառած նյութական վնասները։ 1918թ. նախքան Կովկասյան ռազմաճակատի անկումը և Վասպուրականի բնակչության վերջին նահանջը, ինչ-որ պատճառով պապիկիս հայրը՝ Սամսոնը, իր կնոջ և երեխաների հետ Փայաջուկից վերադառնում է Խոյ, իսկ իր ավագ եղբայրը՝ Սարգիսը, ընտանիքով ճանապարհվում է Փայաջուկ՝ կրտսեր եղբոր՝ Լևոնի հետ արհեստանոցում աշխատելու։ 1918թ. ապրիլի սկզբին Վասպուրականի հայ ազգաբնակչությունը, չկարողանալով շարունակել Վանի պաշտպանությունը, փորձում է նահանջել՝ սկզբում Խոյ, որտեղից դեպի Ռուսահայաստան գնալու նպատակով ճանապարհին՝ Կոտուրի մոտ, քրդերի հարձակմանն է ենթարկվում և ստիպված է լինում Սալմաստ ուղևորվել։ Սալմաստի, ինչպես նաև Ուրմիայի հայ և ասորի բնակչության, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի Հաքյարիի շրջանից գաղթած լեռնցի Ջիլո ասորիների հետ Վանի նախկին կառավարությունը քննարկում է դեպի Կովկաս գնալու հարցը, որտեղ տեղի հայ բնակչության ապահովված խավի որոշ ներկայացուցիչներն ու հատկապես ասորական ռազմական և հոգևոր առաջնորդները սկզբում դեմ են լինում, սակայն որոշ ժամանակ անց համաձայնում են։ Դժբախտաբար, մինչ հայերն ու ասորիները քննարկում էին Կովկաս անցնելու հարցը, օսմանյան զորքը, Ալի Իհսան փաշայի գլխավորությամբ՝ ապրիլի վերջին կրկին խախտելով Պարսկաստանի չեզոքությունը՝ գրավում են Խոյը, որով փակվում է Կովկաս խաղաղ անցնելու ճանապարհը։

Խոյում օսմանյան զորքը, 2000 հայ և 3000 ասորի տեղացի և գաղթական բնակչությունից առանձնացնում է տղամարդկանց և կենտրոնացնում Խոյի բազարում դաշտում աշխատելու պատրվակով։ Պապիկիս հայրը՝ Սամսոնը, և իր աներորդի Կարապետ Բագրատի Ղազարյանը (1879-1970 թթ.), իրենց ընտանիքների անդամները, չվստահելով թուրքերին, պատսպարվում են հարևան տեղացի թյուրքի (ատրպատականցու) տանը և հետևաբար փրկվում, իսկ նրանք, ովքեր հավատացել ու գնացել էին, դաժանաբար սպանվում են. շատերը, հավատալով այն խոստմանը, թե՝ կփրկվես, եթե սպանես քո ազգակցին, դառնում են իրենց ազգակիցների սպանության մեղավորները, որը թեև իրենց չի փրկում մահից։

Առաջին աշխարհամարտի ավարտից և օսմանյան զորքի՝ Իրանի հյուսիսային շրջաններից դուրս բերելուց հետո Սամսոնն իր ընտանիքով և կոտորածից փրկված շուրջ 400 հայեր մնում են Խոյում։ Մինչև 1921թ. ամռանը Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմակալ Ներսես Արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի օգնությամբ Խոյի կոտորածից փրկված հայերի մեծ մասը տեղափոխվում է Թավրիզ։ Սամսոնն իր մայրիկի՝ Փերիի, տիկնոջ՝ Շուշանիկի, դստեր՝ Այծեմնիկի, որդու՝ Մուշեղի, իր մահացած քրոջ երեխաների՝ Ազնիվի և Արտաշեսի հետ սայլով ճանապարհվում է Թավրիզ։ Իրենց հետ մի հայ տիկնոջ գաղտնի տանում են Թավրիզ, քանի որ հարեմից էր, սակայն ճանապարհի կեսին թուրքերը հայ կնոջը վերադարձնում են հարեմ։

Պապիկիս ընտանիքը Թավրիզում բնակվում է մեկ տարի։ Քանի որ այդ ժամանակ Խորհրդային Հայաստանում սով էր, Սամսոնը որոշում է իր քրոջ երեխաներին թողնել Թավրիզի ամերիկյան որբանոցում, մտածելով, որ եթե իր երեխաներին կերակրել չկարողանա, իր գործն է, սակայն հանգուցյալ քրոջ երեխաների հետ հնարավոր բացասական ելքի պատճառը չի ցանկանում ինքը լինել։

1922թ․ ապրիլի 10-ին խոյեցի հայերի 40 ընտանիք Ատրպատականում Խորհրդային Հայաստանի հյուպատոսից անցագիր են ստանում, որոնց մեջ էր նաև Սամսոն Թադևոսյանը՝ իր ընտանիքով։ Ապրիլի 13-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի նախագահությունը, լսելով Պարսկաստանից Խորհրդային Հայաստան տեղափոխվել ցանկացողների հարցը, վերաբնակիչներին ընդունելու որոշում է կայացնում։ Անցնելով սահմանը (Ջուղայի մոտ)՝ և շուրջ տասը օր սպասելով գնացքի ժամանմանը՝ տեղափոխվում են Ղամարլուի (Արտաշատ) կայարան։ Սամսոն Թադևոսյանն իր ընտանիքով բնակություն է հաստատում Իմանշալու (Մխչյան) գյուղում, իսկ 1923 թ. տեղափոխվում Աղհամզալու (Մարմարաշեն) գյուղ։ Մյուս խոյեցիները բնակություն են հաստատում Ղարադաղլու (Ծաղկաշեն) գյուղում։ Սամսոնի եղբայրները, գտնվելով Փայաջուկում, Վասպուրականի, Սալմաստի և Ուրմիայի հայերի ու ասորիների հետ ինքնապաշպանական մարտեր են մղում ընդդեմ օսմանյան բանակի՝ փորձելով ճեղքել Սալմաստից Խոյ-Ջուղա ճանապարհը, սակայն անհաջողության մատնվելով՝ նահանջում են դեպի Ուրմիա, ապա՝ Համադան։

Գաղթի ճանապարհին Սարգսի մանկահասակ որդին՝ Գուրգենը, մոր գրկում մահանում է. մայրը՝ Մարգարիտը, ամուսնուն չի հայտնում այդ մասին, որպեսզի երեխային չթողնեն ճանապարհին։ Հաջորդ օրը Սարգիսը նկատում է, որ երեխան չի լալիս և, իմանալով մահվան մասին, թաղում են մի եկեղեցու մոտ։ Ճանապարհին գաղթականների թափորի մեջ կորչում է Սարգսի ավագ որդին՝ Երեմը, և ամբողջ ճանապարհին Երե՜մ, Երե՜մ բղավելով գնում են մինչև Համադան, որտեղ, բարեբախտաբար, գտնում են վերջինիս։ Երեմը, տիֆով վարակված, մեծ դժվարությամբ բուժվում է։ Համադանում անգլիական զորքերի որոշմամբ գաղթականները բաժանվում են երկու մասի. փոքր մասը, գլխավորապես՝ պարսկահպատակ հայությունը, մնում է Համադանում, իսկ մնացած մասը՝ գնում է Բաքուբա (ներկայիս Իրաքի տարածք)։

Գաղթի ճանապարհին իրենց պատկանող սայլը չեն կարողանում անցկացնել կամրջով, ստիպված են լինում որոշ իրեր բարձել ձիու վրա, մյուս մասը չկարողանալով տանել՝ թողնում են սայլում, ճանապարհին սակայն ձին սատկում է և իրերի մյուս մասն էլ են կորցնում։ Տարեթիվը ստույգ հայտնի չէ. կա՛մ դեպի Ռուսահայաստան 1914 թ. դեկտեմբերյան գաղթի մասին է, կա՛մ դեպի Համադան 1918թ.։ 1924 թ. պարսից շահը հրաման է արձակում, որ բոլոր պարսկահպատակները պետք է ունենան անձնագրեր։ Այդ ժամանակ Սարգիսը և Լևոնը որոշում են փոխել իրենց ազգանունը՝ Թադևոսյաններից դառնալով Տեր-Ստեփանյաններ, ինչպես որ ավելի վաղ է եղել: Խորհրդային Հայաստանում ապրող Թադևոսյանները շարունակում են կրել իրենց ազգանունը։ Հետագայում 1940-ական թթ. Համադանից տեղափոխվում են Թեհրան, իսկ 1970-1980-ական թթ. մեծ մասը՝ ԱՄՆ, Կանադա և Նիդերլանդներ»։



Նյութը և լուսանկարները տրամադրել է Գուրգեն Թադևոսյանը, պատրաստել է ՀՑԹԻ ավագ գիտաշխատող՝ Թեհմինե Մարտոյանը: Ներկայացված է Գուրգեն Թադևոսյանի ուղիղ մեջբերված խոսքը:

Ձախից՝ Սարգիս Տեր-Ստեփանյանը (Թադևոսյան) իր ընտանիքի հետ, Համադան, մոտ 1930 թ․
(Գուրգեն Թադևոսյանի ընտանեկան արխիվ)
 
Սամսոն և Շուշանիկ Թադևոսյանները (Տեր-Ստեփանյան), 1910-ական թթ., Խոյ կամ Փայաջուկ (Գուրգեն Թադևոսյանի ընտանեկան արխիվ)
 
Շահգալդի Թադևոսյանը (Լևոն Տեր-Ստեփանյան) իր տիկնոջ՝ Մանյայի հետ, 1910-ական թթ․ Խոյ կամ Փայաջուկ (Գուրգեն Թադևոսյանի ընտանեկան արխիվ)
 
Մուշեղ Թադևոսյանի (Սամսոն և Շուշանիկ Թադևոսյանների որդին) հուշատետրից մեկ էջ (Գուրգեն Թադևոսյանի ընտանեկան արխիվ)
 
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: