ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանության ականատեսներ- Մոհամմադ Ալի Ջամալզադե

Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ օտարերկրացիներ ակամայից դարձան Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնագաղթի ու բնաջնջման ականատեսները: Նրանցից էր պարսիկ արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեն:

Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ օտարերկրացիներ` դիվանագետներ, զինվորականներ, միսիոներներ, ճանապարհորդներ և այլք ակամայից դարձան Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնագաղթի ու բնաջնջման ականատեսները: Վերջիններիս հուշագրություններում պահպանվել են արժեքավոր տեղեկություններ արևմտահայության դեմ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության, բռնագաղթի ու զանգվածային կոտորածների կազմակերպման ու իրականացման մասին: Նրանցից էր պարսիկ արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեն:
 
Ծնվել է 1892 թ. Իրանի Իսֆահան (Սպահան) քաղաքում իսլամական քարոզչի ընտանիքում: Ֆրանսիական քոլեջում ուսանելու նպատակով վաղ տարիքում մեկնել է Բեյրութ (1908), ապա՝ Ֆրանսիա (1910) և Շվեյցարիա, որտեղ ուսանել է Լոզանի համալսարանում, այնուհետև Բուրգունդիի համալսարանում (Դիժոն) ստացել իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: 1915-1930 թթ. ընթացքում Ջամալզադեն բնակվել է Բեռլինում, որտեղ թղթակցել է Բեռլինում թողարկվող պարսկալեզու ամսագրի, որոշ ժամանակ աշխատել իրանական դեսպանատանը, անդամակցել է է Գերմանիայի պարսիկ ազգայնականների միությանը և 1915 թ. Բաղդադում ստեղծել միության պարբերականը: Երբ բրիտանական զորքերը մոտենում են Բաղդադին, Ջամալզադեն շվեդ երկու սպայի հետ Բաղդադով և Հալեպով վերադառնում է Եվրոպա: Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Տեղահանված հայերի քարավանների ողբերգական վիճակի մասին նա անդրադառնում է «Սարգոզաշթ վա քարե Ջամալզադե» (Ջամալզադեի կյանքն ու գործունեությունը) գրքում: Տարիներ անց՝ 1971 թ. նա այդ մասին որոշ խմբագրումներով կրկին գրում է Ժնևում հրատարակած «Մոշահեդաթե շախսիե ման դար ջանգե ջահանիե ավվալ» (Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին) ակնարկում: Իր հուշերում Ջամալզադեն հաստատում է, որ իր վկայություններն իրական են և անձամբ այդ իրադարձությունների ականատեսն է եղել.«…Երեկոյան հասա մի գյուղ: Այդտեղ իջևանեցի մի անհրապույր սրճարանում: Հենց այդտեղ, այդ պահից սկսած ես ականատես եղա մի շարք դաժանաբարո տանջանքների ու խոշտանգումների, որոնք գործադրում էին թուրք զինվորները հայերի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական տարիներին, և որի հետևանքը, ինչպես գիտեք, եղավ միլիոնավոր հայերի ջարդը»:

«Ճանապարհի համար սնունդ և ջրի կաշվե մեծ տիկ էինք վերցրել: Մեր երթուղին ացնում էր Եփրատի արևմտյան ափով: Քանի որ գետի ջուրը պղտոր էր, խմելու ջուր դրանով էինք վերցնում ... թուրքական կառավարությունը հայերին կոտորում էր և երբեմն էլ դիակները Եփրատը գցում: Գետի բերած մի քանի դիակ ես իմ աչքով եմ տեսել»: Երբ սայլերով Հալեպից շարժվում են դեպի Ստամբուլ, ճանապարհի սկզբում հանդիպում են հայերի խմբերի, որոնց «քայլող մեռելների քարավան» է կոչում: Գրողի նկարագրությամբ` անհավատալի դաժանությամբ թուրք հեծյալ ժանդարմները հայերին քշում են դեպի մահ: Հարյուրավոր կանայք, երեխաներ և տղամարդիկ զենքի ու մտրակի հարվածների տակ ողբալով` ուժասպառ առաջ են շարժվում: «…Հենց առաջին իսկ իջևանից հանդիպեցինք հայերի բազմաթիվ խմբերի, որոնց սպառազեն հեծյալ թուրք ժանդարմները սարսափելի ձևով, որ նույնիսկ կարող է անհավատալի թվալ, քայլելով դեպի կործանում էին քշում: Սկզբում դա մեզ վրա շատ ուժեղ տպավորություն թողեց, սակայն հետզհետե սովորեցինք դրան և նույնիսկ աշխատում էինք չնայել և իսկապես հնարավոր էլ չէր նայել: Հարյուրավոր հայ տղամարդկանց և կանանց ու երեխաների, որոնք արդեն անզոր էին քայլելու, մտրակի ու զենքի ուժով հետիոտն ու անզոր, անխնա քշում էին առաջ:

Տղամարդկանց մեջ երիտասարդներ չկային: Նրանց ուղարկել էին ռազմաճակատ կամ կասկածելով, որ կարող են միանալ ռուսական բանակին, կոտորել էին:

Հայ աղջիկները թուրքի կամ արաբի ձեռք չընկնելու վախից սափրել էին գլուխները: Խմբից ետ մնացողը, ինչ էլ որ լիներ դրա պատճառը` հոգնածություն, ուժասպառություն կամ բնական պահանջի անհրաժեշտություն, միևնույն էր, տեղն ու տեղը սպանվում էր: Հարազատների լացն ու կոծն անօգուտ էր: Երկու-երեք թուրք ժանդարմ մտրակի հարվածներով ոչխարի հոտի նման նրանց առաջ էին քշում: Ժամանակ առ ժամանակ ճանապարհի եզրերին արդեն մահացած կամ հոգին ավանդող հայերի էինք հանդիպում…»

Հալեպում իջևանում են «Պրինց» կոչվող մի հյուրանոցում, որի տերը ևս հայ է: Նույն օրերին այդ հյուրանոցում է իջևանում նաև Ջեմալ փաշան: Հայը նրանց խնդրում է միջնորդել Ջեմալի մոտ, որ իրեն չաքսորեն, սակայն դա էլ չի օգնում, և մի քանի օր հետո տեղեկանում են, որ հյուրանոցի տիրոջն աքսորել են Բեյրութի կողմերը, որտեղ գրողի խոսքերով` թուրքերը մեծ սպանդանոց էին սարքել: « …Զարհուրելի օրեր անցկացրինք, որոնք հիշողությանս մեջ մնացել են որպես մղձավանջային օրեր, մղձավանջ, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով պատում է ողջ էությունս, անհանգստացնում և տառապանք է պատճառում ինձ»:

«Հետագայում, երբ տեղափոխվեցի Ժնև և մշտական բնակություն հաստատեցի այնտեղ, տեղեկացա, որ դեռևս այն ժամանակ, երբ միլիոնավոր հայեր Թուրքիայում տառապալից օրեր էին անցկացնում, գնդակահարվում կամ անմարդաբնակ անապատներում սովամահ էին լինում, Կարմիր խաչի օգնությամբ որոշ շվեյցարացի ընտանիքներ որբացած հայ երեխաներին Շվեյցարիա էին բերում, և նրանցից շատերը նույնիսկ որդեգրում էին այդ երեխաներին` հանձն առնելով նրանց ուսման և դաստիարակության հարցերը:

Եվ այսօր հենց միայն Ժնևում այդ դաժան ճակատագրից փրկված բազմաթիվ հայեր կան, որոնք ներկայումս ճանաչված վիրաբույժներ, ինժեներներ և ճարտարապետներ են: Այո՛, դա է իսկական հումանիզմը: Տա Աստված, որ մարդ արարածը օժտված լինի խղճով և առողջ բանականությամբ և մշտապես այս ուղիով առաջ շարժվի:

Ժնև, 1972թ. մայիս
Սեյեդ Մոհամմադ Ալի Ջամալզադե»:
Հատված «Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» ակնարկից:

Մոհամմադ Ալի Ջամալզեդն մահացել է 1997 թ. Ժնևում:

 
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: