ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՅԴ-ն ժամանակին անողոք պայքար էր մղում «Մադրիդյան սկզբունքների» դեմ, Այժմ էլ հետին թվով գովերգում է իր կողմից մերժված փաստաթուղթը

«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում նախքան իր ելույթն սկսելը որոշեց մեծավարի, եթե կուզեք՝ ահելավարի մի երկու խրատական խոսք ասել «նորաթուխ նժդեհականներին, ովքեր փորձում են դասեր տալ Դաշնակցությանը»։

«Դուք նկատի ունեցեք, որ խոսքը գնում է 133-ամյա կենսագրություն ունեցող և կենսունակ կուսակցության մասին, ավելի ճիշտ կլինի՝ դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, քանի որ կնմանվեք այն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը, թե ինչպես պետք է երեխաներ ունենալ»։  Պարոն Ռուստամյանն այնուհետ իր ելույթը կառուցեց՝ իշխանությանը ամեն ինչում սխալ հանելու, ամեն ինչ «վարի տված լինելու» և «վարի տալու»  տրամաբանության վրա՝ եզրահանգելով. «Այս ընթացքում գործի է դրվել սեփական սխալներից հրաժարվելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի-անտեղի համեմատվելով նախկինների հետ, սևացնելով անցյալը, որպեսզի լուսավոր երևա ներկան»։  ՀՅԴ-ականը նշեց նաև, որ «երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով,  նմանվում է  նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով  լվացվելու միջոցով։ Դա, իհարկե, անհնարին է, ինչպես անհնարին է մշտապես խաբել ժողովրդին, որովհետև ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվելու է»։ 

Պարոն Ռուստամյանի  ելույթից առաջ ամբիոնին էր մոտեցել մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը, որն իր՝ «դեսից-դենից, ամեն ինչից մի քիչ-մի քիչ» ոճի ելույթում  որոշեց շոշափել  նաև  վերջին օրերի թրենդային թեման՝ ԼՂ խնդրի կարգավորման «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը։  Խաչատրյանի «կատարմամբ»  փաստաթղթի մատուցումից այնպիսի տպավորություն էր, թե այսքան տարի սեղանին դրված է եղել մի  հոյակապ փաստաթուղթ, նախկին իշխանությունն էլ բանակցել է այդ ֆանտաստիկ,  պրոհայկական  փաստաթղթի շուրջ, և դրանում  առկա սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար մի չքնաղ մեխանիզմ  էր նախատեսվում՝ պլեբիսցիտի տեսքով, որի օրակարգը չէր սահմանափակվելու, այսինքն՝ Ղարաբաղի ժողովուրդը  (ի դեպ, «Մադրիդյան սկզբունքներում» գործածված է «բնակչություն» տերմինը, և դա ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությամբ  ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը) որոշելու էր ԼՂ վերջնական կարգավիճակը։  Ահա այսպիսի ընտիր  բանակցային ժառանգություն է ստացել այս իշխանությունը,  ժառանգություն, որի վերջին սևագիր  (դրաֆթ)  տարբերակը ներկայացվել է 2018-ին, նախքան հեղափոխությունը (կրակովյան փաստաթութղթ), սակայն Փաշինյանի կառավարությունը, ստացված չնաշխարհիկ ժառանգության հիման վրա ԼՂ  խնդիրը լուծելու փոխարեն, փաստորեն, գործընթացը... վարի է տվել։ 

Մոտավորապես այս էր պարոն Խաչատրյանի ասածը, որն էլ, ի դեպ, իր հերթին որոշեց դասեր տալ իշխանությանը, ինչպես կասեր Ռուստամյանը՝ սովորեցնել, թե ինչպես են երեխա ունենում. «Բազմաթիվ կոնֆլիկտներ կան, որոնք տարիներ են ձգվում՝ կիպրոսյան հակամարտությունը 50 տարի է, Քաշմիրի խնդիրը,  արաբաիսրայելական խնդիրը... Բայց էդ մարդիկ, ովքեր չեն կարողացել վերջնական լուծել, չեն վնասել խնդիրը, կապիտալ վնաս չեն հասցրել։ Բժշկության մեջ կա մի տերմին՝ ամենակարևորը՝ մի վնասիր։ Եթե չէիր կարողանում լուծել, գոնե չվասնեիք»:

Ենթադրում ենք, որ եթե պարոն Ռուստամյանն ավելի վաղ  ելույթ ունեցած լիներ ու իր՝ «դասեր քաղելու» մասին  հորդորը հղեր, Արթուր Խաչատրյանը  նման անհարմար դրության մեջ չէր հայտնվի։  Կլսեր ավագ ընկերոջ  խոսքն ու ելույթի որոշ հատվածներ կխմբագրեր, հատկապես «Մադրիդյան սկզբունքներին» վերաբերող։  Իշխանությանը դասեր տվողն ինքը, պարզվում է, դասը լավ չի սերտել, դաս, որը կոչվում է ««Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ ՀՅԴ-ի անխախտ դիրքորոշում»։ Եվ քանի որ չի սերտել, «ներկան սևացնելով» փորձեց «լուսավորել անցյալը», որում, ի դեպ, ՀՅԴ-ն լիուլի գործակցել է Մադրիդյան սկզբունքներին «հա» ասած Սերժ Սարգսյանի հետ և, փաստորեն, «լվացվել ցեխաջրով»։  Ի դեպ, Խաչատրյանը թվով, ամսով, տարով նշեց, թե երբ են առաջին անգամ հրապարակվել  խնդրո առարկա սկզբունքները (2006 թ. հունիսի 22-ին, իսկ  2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ  և Ադրբեջանի ԱԳ  նախարարներին պաշտոնապես հանձնվեց կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստը)։  Բայց պարզվում է՝ Խաչատրյանը չգիտի կամ միտումնավոր մոռացության է մատնում այն, որ ՀՅԴ-ն «ի սկզբանե դեմ կըլլար» այդ սկզբունքներին և մինչև 44-օրյա պատերազմն էլ, ենթադրում ենք, շարունակում էր «դեմ ըլլալ»։ Սակայն «դեմ ըլլալը» այդ՝ արդեն 133 տարեկան կենսագրությամբ կուսակցությանը, ինչպես գիտի ժողովուրդը,  հետ չէր պահում  իշխանության հետ գործակցելուց, նախարարական  պորտֆելներ ստանձնելուց՝ հավանաբար ծերունազարդ կուսակցության «կենսունակությունը» պահելու  մղումից դրդված։  Չենք հիշում դեպք, երբ, Գեղամ Մանուկյանի օրինակով ասենք, որևէ «ուլտրա», «լայթ» կամ «հառդ» ՀՅԴ-ական  մոտենար ԱԺ ամբիոնին և պատռեր «Մադրիդյան սկզբունքերը», Սերժ Սարգսյանի հեռացման  պահանջով փողոցային ակցիաներ աներ՝ նախականխելով բանակցային մոտ 10 տարի  տևած  կործանարար ընթացքը։  ՀՅԴ-ի քայլերը  ռազմահայրենասիրական  հայտարարություններից այն կողմ չանցան։ Հիշեցնենք պարոն Խաչատրյանին (և բոլոր մյուս ՀՅԴ-ականներին, ովքեր որոշել են հետին թվով իրենց  հիացմունքը հայտնել տխրահռչակ սկզբունքներին և հրճվանքով խոսել դրանց մասին) մի քանի հայտարարություն։

«Արցախը Հայաստան է»-ից մինչև «անդադար գործարք» 

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 2009 թ. հուլիսին  մամլո ասուլիսի ժամանակ ընթերցեց  ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը և ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին հղված նամակները՝ կից բանաձևերով:

Երկարաշունչ այդ տեքստում, մասնավորապես,  «Մադրիդյան սկզբունքները» եթե մեկ բառով ասենք,   որակվում են որպես  «արցախակործան», տեքստն էլ եզրափակվում է  Ադրբեջանին ուղղված «հաթաթայով»՝ թող ոչ ոք չկասկածի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, համայն հայության  ջանքերով  հաղթելու ենք։   Ըստ այդմ. «Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը` նպատակ ունենալով տարածաշրջանը իրենց ազդեցության գոտի դարձնել: ...Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու  համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խոսում է բացառապես ուժի դիրքերից՝ ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անտեսելով ԼՂՀ գոյության փաստը: Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն և քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որևէ փաստաթուղթ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրև լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ։ ...Այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ ՀՀ-ն  Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար։ Հայաստանը բոլոր միջոցներով պետք է երաշխավորի ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը և հասնի այդ կարգավիճակի միջազգային ամրագրմանը։ ...Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է այդպիսին»։ 
    
Նշենք, որ «Մադրիդյան սկզբունքների»՝ ՀՅԴ-ի համար անընդունելի լինելու մասին նախկին վարչակարգի օրոք հնչել են բազմաթիվ այլ  հայտարարություններ տարբեր դաշնակցականների կողմից,  այդ թվում՝ Արցախի կառույցի։ 

2009-ի նոյեմբերին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը (նա այսօր էլ ԱՀ ԱԺ  պատգամավոր է) Ստեփանակերտում մեկնարկած՝ ՀՅԴ Արցախի 16-րդ շրջանային ժողովի բացման արարողության ժամանակ մասնավորապես հայտարարեց. «Հայ-թուրքական հարաբերությունները և «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա արցախյան հիմնահարցի կարգավորումը նույն ուղղությանը հետապնդող քաղաքական ուղեգիծ է: Այս փաստից ելնելով՝ Արցախն այս անգամ ուղղակի պետք է կազմաքանդի «Մադրիդյան սկզբունքները» և այդ միջոցով նաև ոչ ուղղակի հարվածի հայ-թուրքական հարաբերությունների նմանօրինակ զարգացմանը:  ՀՀ արտաքին գործերի նախարարը և իշխող կուսակցության ներկայացուցիչները, դժբախտաբար, «Մադրիդյան սկզբունքներին» ուղղված իրենց  ողջույնի հայտարարություններով անտեսեցին  Արցախի կամքի արտահայտման իրավունքը»։  
Իսկ Կազանում (2011 թ.), երբ, ինչպես Սերժ Սարգսյանն է սիրում նշել,  «կողմերը մոտ էին» փաստաթղթի ստորագրմանը, բայց Ադրբեջանը վերջին պահին, փաստորեն, «քաշեց», Արմեն Ռուստամյանը մամուլում հայտարարել էր. «Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք «Մադրիդյան սկզբունքներին»: Եթե Սերժ Սարգսյանը համաձայնի, մենք կպահանջենք նաև նրա հրաժարականը, բոլորի հրաժարականը կպահանջենք: Այդ դեպքում պետք է գնալ իշխանափոխության, պաշտոնանկության գործընթաց է պետք սկսել»: (Սերժ Սարգսյանը չստորագրեց, ՀՅԴ-ն էլ չեղարկեց  նրա հրաժարականը պահանջելու խոստումը)։ 
 
Ի դեպ, Ապրիլյան պատերազմից հետո էլ ՀՅԴ-ն շարունակում էր դեմ արտահայտվել խնդրո առարկա սկզբունքներին: «Մադրիդյան սկզբունքների» հարցում Դաշնակցության դիրքորոշումը նույնն է»,- 2016 թ. ապրիլի 12-ին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ազդարարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը։ «Երկու հիմնական սկզբունք գոյություն ունի. «տարածքներ խաղաղության դիմաց», որը մենք մերժել ենք դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որովհետև խաղաղությունը պարգև չէ, որ մեկը մյուսին տա: Մյուս տարբերակը՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց», սա էլ Ադրբեջանի թեթև ձեռքով գլխիվայր շուռ են տվել, որ սկզբից տարածքներ, հետո՝ կարգավիճակ: Այս սկզբունքը ճիշտ հակառակն է ենթադրում. սկզբից կարգավիճակ, հետո նոր՝ տարածքներ: Այ, եթե վերադառնան այդ տրամաբանությանը, խոսեն կարգավիճակի մասին, խոսեն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին, բանակցությունները, կարծում եմ, կդառնան ավելի արդյունավետ»։

Իսկ արդեն 2017-ին,  երբ «Մադրիդյան սկզբունքների» ամենաակտիվ քննադատ ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ և, փաստորեն, ստանձնել Արցախի հարցի կարգավորման պատասխանատվությունը հիշյալ սկզբունքների հիման վրա,  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց. «Մադրիդյան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում» և  հավելեց. «Մադրիդյան սկզբունքների գլխավոր խնդիրը ժամկետների հարցն է: Հայերից պահանջում են տարածքային զիջումներ անել այսօր, որպեսզի Ադրբեջանը հետագայում ճանաչի ԼՂ կարգավիճակը, բայց թե երբ կսահմանվի ԼՂ կարգավիճակը՝ հայտնի չէ: Մի անգամ Ալիևը հայտարարել է, որ դա կլինի միգուցե 100 տարի անց: Հետևաբար երբ առաջարկվում է գործարք, ըստ որի՝ կողմերից մեկը զիջումներ պիտի անի այսօր՝ վաղը կատարվելիք խոստումների դիմաց, ապա դրա համար անհրաժեշտ է վստահություն: Այդ վստահությունը կողմերի միջև չկա, իսկ ապրիլից հետո անվստահության անդունդն ավելի խորացավ, և Մադրիդյան սկզբունքները գնալով կորցնում են իրենց կենսունակությունը, դառնում են ավելի ոչ իրատեսական և անարդյունավետ, ուստի կարծում եմ, որ հարկավոր է վերանայում, հարկավոր են նոր մոտեցումներ» (Արթուր Խաչատրյանին առաջարկում ենք վերընթերցել իր գործընկերոջ այս հարցազրույցը):

ՀՅԴ-ն և նրա կոալիցիոն նախկին գործընկերները, ինչպես գիտենք, Ն. Փաշինյանին մեղադրում են  ՀՅԴ-ական լոբբիստի ասած «նոր մոտեցումների», նույնն է թե՝ «սեփական կետից սկսելու համար»։  

Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: