ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանության ժամանակագրություն

Հայոց ցեղասպանության ժամանակագրություը 1878թ.-1939թ.

1878թ.
Ռուս-թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքերը պարտություն կրեցին: Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում: Բալկաններում ռուսական զորքերը գրավեցին Բուլղարիան և ընդհուպ մոտեցան Ստամբուլին, իսկ Կովկասյան ռազմաճակատում նրանք գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը և Էրզրումը, ինչպես նաև` Բաթումը: Թուրքերը ստիպված էին դադարեցնել պատերազմական գործողությունները և հաշտություն խնդրել: Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում: Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց հատուկ կետ` 16-րդ հոդվածը` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին: Պայմանագրում մասնավորապես նշվում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված` Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգումներ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»: Սան Ստեֆանոյի պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին: Նրանք դա թույլ տալ չէին կարող: Այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով: 1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա: Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի: Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը: Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է: Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

1891թ.
Աբդուլ Համիդը ստեղծում է «Համիդիե» հատուկ զորաջոկատները

Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:

1894-1896թթ.
Հայերի զանգվածային կոտորածները ողջ Թուրքիայի տարածքում և Սասունի հերոսամարտը

XIX դ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:

1908թ. 10 հուլիսի
Երիտթուրքերի հեղաշրջումը

Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր: Հետզհետե միավորվելով` այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը` Իթթիհադ վե թերաքիի (հայերեն` «Միություն և առաջադիմություն»):
1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց:
Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով: Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող ...հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»: Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների` հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին` գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:

1909թ. ապրիլ
Հայերի ջարդը Ադանայում

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:

1910թ.
Բեռլին - Բաղդադ երկաթուղու կառուցման և հայերին դեպի Միջագետք տեղահանելու գերմանական ծրագիրը

Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը` Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում: Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Մասնավորապես, հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «...պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»: Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «...ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:

1911թ.
Երիտթուրքերի համագումարը Սալոնիկում

Հայկական հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ: Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված` կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա: Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան: Դրանից որոշ ժամանակ անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին` հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ:

1912-1913թթ.
Բալկանյան պատերազմները

Բալկանյան պատերազմները (առաջինը` 1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը` 1913-ի հունիսից մինչև օգոստոս), որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքիայի միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Հայկական հարցի նոր արծարծման համար, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

1914թ. հուլիս
Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը Էրզրումում

1914թ. հուլիսին Էրզրումում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել` որոշելու հայերի գրավելիք դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում: Տեղեկանալով այդ համագումարի մասին` երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին` Նաջի բեյին և Շաքիր Բեհաէդդինին, որոնք կարևոր դիրք էին գրավում իրենց կուսակցության ղեկավարության մեջ: Հանդես գալով համագումարում` նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին` համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի այն մասին, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Թուրքիային պատերազմի դեպքում, երկրորդ` հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ` խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում: Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «...եթե հայերը նման դիրք գրավեն, ապա պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Թուրքիայի և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»: Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության ներկայացրած պահանջների, հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց: Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, ապա համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «...համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»: Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ կերպով իր որոշման մեջ հայտարարեց. «...Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Թուրքիայում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա` որպես թուրքական հպատակների` ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»: Հեշտ չէր նման որոշում ընդունելը, քանի որ դա հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները: Սակայն երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի ընդունած որոշումներից, քանի որ այն մերժեց ռուսահայերին Ռուսաստանի դեմ հանելու, Կովկասում և ռուսական բանակում խռովություններ կազմակերպելու` երիտթուրքերի պահանջը: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` Բեհաէդդին Շաքիրը` Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:

1914թ. օգոստոս - հոկտեմբեր
Առաջին աշխարհամարտի սկիզբը և Օսմանյան կայսրության ներգրավվելը պատերազմի մեջ

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ: Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար: Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ` իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք: Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.):

1914թ. նոյեմբեր
Հայերի զորակոչը թուրքական բանակ:

Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:

1915թ.
2 հունվարի

Ռուսական բանակի հեռանալուց հետո Ուրմիայից, Սալմաստից և շրջակա այլ վայրերից դեպի Նոր Ջուղա ճանապարհ ելած հայ և ասորի գաղթականների մեծ մասը կոտորվեց թուրք և քուրդ զինյալ ուժերի հարձակումներից: Հունվարի 12-ին Ավղարիկ գյուղում տեղի ունեցավ 107 հայերի ջարդը:

Փետրվար
«Երեքի կոմիտեի» ստեղծումը


Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն` կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը` նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն: Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը: «Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից` ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության:

12 փետրվարի

Սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:

18 փետրվարի

Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ` կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը:

19 փետրվարի

Բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:

Փետրվար
Թուրքական բանակի հայ զինվորների զինաթափումն ու կոտորածի սկիզբը

Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց` առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, նրանք դրանով ձգտում էին հայերին զրկել իրենց զինվորական ներուժից: Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի` 1915թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Դրա հետևանքով հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը քանզի հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները:

8 ապրիլի
Արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը. Զեյթուն

Ապրիլ-հունիս

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում` թուրքական խորհրդարանի` մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը` մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում` բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:

15 ապրիլի -16 մայիսի
Վանի կոտորածները և հերոսամարտը

Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:

Մայիս-հունիս

Զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:

9 մայիսի

Տեղահանություններ եղան Թոքատում:

14 մայիսի

Տեղահանություններ եղան Բաբերդում:

Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:

15 –18 մայիսի

Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և ‎ 25 000 հայերի կոտորածը

19 մայիսի

Կոտորվեց Խնուսի հայությունը:

Մայիսի 22-25

Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:

Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:

Մայիսի 27

Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը

1 հունիսի

Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ:

3 հունիսի

Տեղահանվեց Հաճընի հայությունը:

6 հունիսի - հուլիսի վերջ

Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց:

7 հունիսի

Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում :

10 հունիսի

Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը:

11 հունիսի

Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը:

11 հունիսի

Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:

14 հունիսի – 26 հուլիս

Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը:

22 հունիսի – 5 հուլիսի

Տեղահանվեց Սեբաստիայի հայությունը:

24 հունիսի

Սկսեց տեղահանվել Շապին Գարահիսարի հայությունը:

25 հունիսի

Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում:

26 - 27 հունիսի

Սկսեց տեղահանվել Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը:

Հուլիս – սեպտեմբեր

Հայկական ջարդերն ու ինքնապաշտպանական կռիվները

1 հուլիսի

Սկսվեցին Խարբերդ - Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի կոտորածները:

2 հուլիսի

Սկսվեց Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածը :

10 հուլիսի

Սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9 000-ը:

15 հուլիսի

Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»:

Հուլիսի կեսեր

Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը :

18 հուլիսի

Սկսվեց Սասունի ինքնապաշտպանությունը: Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը` սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո` հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը:

24 – 28 հուլիսի

Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:

30 հուլիս–14 սեպտեմբեր

Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:

3- 11 օգոստոսի

Սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը :

13-21 օգոստոսի

Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը:

Օգոստոս –սեպտեմբեր

Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին:

Օգոստոս

ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:

12 օգոստոսի

Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են:

19 օգոստոսի

Ջեյմս Բրայսը հայտարարում է , որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ:

31 օգոստոսի

Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե-Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի:

14 սեպտեմբերի

«Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին:

15 սեպտեմբերի

Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:

1916թ.

7 մարտի

Պատասխանելով ներքին գործերի նախարարության մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ:

17 մարտի

Սկսվեց Ռաս–ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը:

22 հունիսի -13 հուլիսի

Ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10 000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում` 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում` 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:

10 օգոստոսի

Հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը:

Հոկտեմբեր

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարում է «Հայաստանին օգնության օրեր»:

Նոյեմբերի 26

Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)` Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը` Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:

1917թ.

Հունվար

Գերմանիայի դեսպանատան պաշտոնյա Գոբերթը հանդիպեց Էնվերի, Թալեաթի և Հալիլի հետ` նպատակ ունենալով տեղեկացնել, որ նրանց կողմից իրականացվող բռնի իսլամացումը ոչ մի կապ չունի ռազմական միջամտության կամ անվտանգության հետ և պետք է դադարեցվի:

Հոկտեմբերի 25

Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում իրականացրին քաղաքական հեղաշրջում: Իշխանությունը վերցնելով` բոլշևիկները ձեռնամուխ եղան պատերազմական գործողությունների դադարեցմանը, և արդեն նոյեմբեր ամսից ռուսական զորքերը սկսեցին դուրս բերվել Արևմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով դրանից` թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև` նվաճել ողջ Արևելյան Հայաստանը:

1918թ.

Մարտ

Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ: Կնքելով այս պայմանագիրը` կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես` Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը: Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց` սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Եվ, այնուամենայնիվ, բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ: Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը` թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի` իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին` նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:

Մայիս
Սարդարապատի ճակատամարտն ու Հայաստանի Հանրապետության հռչակումը

Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով` թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ:

Մայիսի 28

Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի` մինչև Հայաստանի խորհրդայնացումը:

Հունիս – սեպտեմբեր

Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի` օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա: Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը: Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ:

Սեպտեմբերի 19

Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը` աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:

1918թ.
Հոկտեմբերի 30

Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը` հասնելով դրա փաստական վերացմանը:

Նոյեմբեր - դեկտեմբեր

Նոյեմբերի 28-ին Արևելյան (Հայկական) լեգեոնը մտավ Կիլիկիայի Ալեքսանդրետի նավահանգիստը և դեկտեմբերի 17-19-ին կարողացավ գրավել Կիլիկիայի մի շարք ռազմավարական կարևոր կետեր:

1919թ.

28 փետրվարի

Որպես Թուրքիայում ազգայնական-քեմալական ուժերի հզորացման հետևանք` փետրվարի 28-ին Հալեպ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ:

23 հուլիսի

Զորավար Քյազիմ Կարաբեքիրի կազմակերպությամբ և գնդապետ Մուստաֆա Քեմալի նախագահությամբ Կարինում բացվեց թուրք ազգայնականների համաժողովը, որի մասնակիցների մեծ մասը նախկին երիտթուրքեր էին: Համաժողովը, օգոստոսի 7-ին ավարտելով իր նիստերը, ընդունեց Թուրքիայի ամբողջականության և անձեռնմխելիության մասին իր հայտարարությունը:

1920թ.

21 հունվարի - 12 փետրվարի

Հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման: Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները` 800-1200 սպանված ու ցրտահարված: s.

Հունվարի 27

Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին: Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով` հայերին տարագրել են մինչև Մուսուլ` նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:

23 մարտի

Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը:

23 մարտի – 15 հոկտեմբերի
Հաճընի հերոսամարտը
Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին:

1 ապրիլի 1920թ. – 8 փետրվարի 1921 թ.

Ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:

5 hուլիսի

Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը: Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը` տարբեր տարիների ազատազրկման:

4 օգոստոսի

Օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը` Ինքնավար Հայաստան Ֆրանսիական հովանավորության ներքո: Սակայն այդ պետությունը սոսկ հռչակագրային բնույթ կրեց, քանի որ անգլա-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում Թուրքիայի կողմը հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրեցին նորաստեղծ հայկական կառավարությունը:

10 օգոստոսի

Փարիզի Սևր արվարձանում Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունները Թուրիքիայի հետ կնքեցին պայմանագիր, որը ծավալուն` 13 մասից և 433 հոդվածներից բաղկացած մի փաստաթուղթ է: Պայմանագրի` մասնավորապես, 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն»: Իսկ 89-90-րդ հոդվածներում նշված է, որ «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների գծորոշումը ներկայացնել ԱՄՆ նախագահի վճռին և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանի դեպի ծով դուրս գալու և նշված սահմանի վրա ցանկացած Օսմանյան տարածքի ապառազմականացման վերաբերյալ: …Թուրքիան այս վճռի կայացման օրից հրաժարվում է հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներից»:

14 սեպտեմբերի

Ադանայի ֆրանսիական իշխանությունները Կիլիկիայում ապաստանած հայերին հրահանգեցին մեկնել Կ. Պոլիս, Ամերիկա, Մարսել, Բեյրութ, Դորթ Յոլ, Իսկենդերոն կամ որևէ այլ տեղ: Հրահանգը վերաբերում էր 14 000 այն հայերին, ովքեր ֆրանսիական հովանավորության ներքո էին, սակայն որոշ ժամանակ անց այդ հրահանգը տարածվեց ողջ հայության վրա:

23 սեպտեմբերի

Առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակն ընդհանուր հարձակման անցավ Հայաստանի դեմ: Սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի քաշվեց ու թալանվեց մոտ 30 գյուղ: Հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերն առանձնակի դաժանությամբ էին վարվում:

Նոյեմբեր - դեկտեմբեր

Մինչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն արտահայտում էր իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նոր սահմանների անցկացման հարցի շուրջ, բոլշևիկյան Կարմիր բանակը նվաճում էր ողջ Կովկասը: Նոյեմբերի վերջին Կարմիր բանակը մտավ Հայաստան, տիրող դաշնակցական կառավարությունը, չցանկանալով ներքաշվել ավելորդ արյունահեղությունների և եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:

1921թ.

15 մարտի 1921 – 1922թ. հուլիս

Մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը` Թալեաթը: Մահափորձն իրականացնողը Սողոմոն Թեհլերյանն էր: Այս գործողությամբ սկիզբ դրվեց 1919թ. աշնանը Երևանում ՀՅԴ կուսակցության 9-րդ համագումարում մշակված «Նեմեսիս» (վրիժառության հին հունական աստվածուհու անվամբ) գործողությանը, որի խնդիրն էր Թուրքիայում երիտթուրքերի պարագլուխների դեմ կայացված մահվան դատավճռի ի կատար ածումը: «Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին: Հունիսին սկսվեց Թեհլերյանի դատավարությունը, որը փաստորեն վերածվեց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության: Եվրոպայի հանրության ճնշման շնորհիվ Թեհլերյանն արդարացվեց: Դեկտեմբերի 6-ին Հռոմում մեկ այլ հայ վրիժառուի` Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը: 1922թ. ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրականացրին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազըմիի և «Թեշքիլաթը Մախսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրի մահապատիժը: Հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց հայոց եղեռնի դահիճներից մեկը` Ջեմալ փաշան:

16 մարտի

Մոսկվայում ստորագրվեց խորհրդա-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը: Այն ստորագրվեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն աջակցում էր քեմալական Թուրքիային` անտեսելով Հայաստանի նկատմամբ վերջինիս զավթողական քաղաքականությունը:

20 մարտի

Լոնդոնում կնքվեց թուրք-ֆրանսիական պայմանագիր:

13 հոկտեմբերի

Կարսում կնքվեց պայմանագիր մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` նորաստեղծ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների միջև: Այս պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի կետերը Հայաստանի տարածքների հարցում:

20 հոկտեմբերի

Անկարայում ստորագրվեց թուրք-ֆրանսիական դաշնագիրը, և 1921թ. դեկտեմբերից մինչև 1922թ. հունվարի 4-ը Ֆրանսիան իր զինված ուժերը դուրս բերեց Կիլիկիայից:
Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 160 հազար հայերին ստիպեց գաղթել դեպի Սիրիա, Լիբանան, Հունաստան:

1922

4 օգոստոսի

Օգոստոսի 4-ին Միջին Ասիայում բասմաչների և խորհրդային զորքերի բախման ժամանակ հայ զինվորական Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը:

9 սեպտեմբերի

Թուրքական բանակը մտավ Իզմիր. սկսվեց 10 000 հայերի ու 100 000 հույների ջարդը: Երեք օր անց Իզմիրը հրդեհվեց:

Նոյեմբեր

նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում իր աշխատանքները սկսեց Մերձավոր Արևելքի հարցերին վերաբերող միջազգային համաժողովը, որը տևեց մինչև 1923թ. հուլիսի 24-ը: Մասնակիցներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումիանիան, Հարավսլավիան, Թուրքիան և դիտորդի կարգավիճակով` ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլատրված չէր մասնակցել համաժողովին այն պատճառաբանմամբ, որ այդ պատվիրակությունն այլևս չէր կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր: Լոզանի համաժողովում քննարկվեց նաև Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը Իսմեթ փաշայի և Ռիզա Նուր Բեյի գլխավորությամբ վճռականորեն հանդես եկավ Թուրքիայի տարածքում որևիցե հայկական օջախի ստեղծման գաղափարի դեմ: Ի վերջո բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց իր կամքը թելադրել Անտանտի երկրներին: Արդյունքում, Լոզանի վերջնական համաձայնագրում չկար Հայաստանի և հայերի մասին որևէ հիշատակում: Այսպիսով, Լոզանի համաժողովով Հայկական հարցը ժամանակավորապես փակվեց, և Սևրի դաշնագրով Հայաստանին հանձնվելիք տարածքներն անհետացան Թուրքիայի Հանրապետության նորովի ընդունված սահմաններում:

1923թ.
31 մարտի

Անկարան անմեղ հռչակեց բոլոր այն թուրքերին, ովքեր դատապարտված էին ռազմական կամ այլ դատարանների կողմից:

Սեպտեմբեր

Ըստ թուրքական նոր օրենքի` մեկընդմիշտ արգելվեց հայերի վերադարձը Թուրքիա:

30 նոյեմբերի

Կայացավ Պոնտոսի հայերի և հույների տեղահանությունը:

1939թ.
հունիս

Հակառակ տեղի բնակչության կամքին և Սիրիայի ընդդիմանալուն, Ալեքսանդրետի սանջակը բռնակցվեց Թուրքիային, որի հետևանքով հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40.000 հայերը լքեցին իրենց բնակավայրը և հաստատվեցին Սիրիայում ու Լիբանանում:

Սեպտեմբեր

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով իր զինվորների առաջ, կոչ արեց նրանց «...անխնա կոտորել լեհական ռասայի բոլոր մարդկանց` տղամարդ, կին, երեխա», և ավարտեց իր խոսքերը հետևյալ հարցով. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին... »:
 
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հայկական-հարց,միջազգային-դիվանագիտությունը-և-հայկական-հարցը,օսմանյան-թուրքիա,էնվեր,ամերիկյան-դեսպան,մորգենթաու,գերմանիա,վանգենհայմ,հակահայ-քաղաքականություն,աշոտ-հայրունի , Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Օգնե՞լ, թե՞ չօգնել հայերին. այս է խնդիրը
Մորգենթաուն համոզված էր, որ Գերմանիան և նրա դեսպանը կարող էին արգելել հակահայ այդ քաղաքականությունը, բայց մատը մատին չէին տալիս։ Դա նրանց ժողովրդին գցե՞ց հավիտենական մեղքի տակ։
տիկնիկներ,պանդորա,պանդոր-տիկնիկներ,սոցիալական-մեդիայի-դեր,նորաձևություն,նորաձև-հագուստ , Ճոխ, թե խաբող
Ճոխ, թե խաբող
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
երևան,լոնդոն-հյուրանոց,1891,այսօրվա-վազգեն-սարգսյան-փողոց , Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Երևանի «Լոնդոն» հյուրանոցը. 1891 թվական
Լուսանկարը՝ Ֆրանսիայի ազգային գրադարան
խատիսյանը,փորձում,է,թուրքիայի,միջնորդությամբ,ադրբեջանից,ալյուր,ստանալ․,16,սեպտեմբեր,1918 , Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Խատիսյանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանից ալյուր ստանալ․ 16 սեպտեմբեր, 1918
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։
գորիսից,սիսիան՝,զորավար,անդրանիկի,իր,զորախմբի,և,արևմտահայ,գաղթականների,օրագրից.,1918թ,օգոստոս , Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Գորիսից Սիսիան՝ զորավար Անդրանիկի, իր զորախմբի և արևմտահայ գաղթականների օրագրից. 1918թ օգոստոս
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ օգոստոսյան օրագրությունից:
թուրքիայի-նախագահ,գյուլ,հայաստան,գյուլի-այցը-հայաստան,սերժ-սարգսյան,12-սեպտեմբեր,2008 , «Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
«Հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել հարգարժան Գյուլի այցը Հայաստան». Սերժ Սարգսյան, 12 սեպտեմբեր, 2008 թ.
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: