ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանության պատճառները

Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից:

Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար:
Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին թուրքական ժանդարմների կողմից։
Դժոխքը վերապրած հայերի մնացորդների մի մասը բռնի մահմեդականացվեց, մյուսներն արտագաղթեցին՝ ձևավորելով հայկական սփյուռքը: Ոչնչացվեց Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, այն զրկվեց իր բնիկ տերերից՝ հայերից:
 
Պատճառները
Երկարամյա իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը տարբեր նվաճողների տիրապետության տակ է գտնվել: Բռնաճնշումները, հալածանքները և զանգվածային կոտորածները, ցավոք, բազմաթիվ են հայոց պատմության էջերում: Սակայն երբեք հայերը այսքան մոտ չեն եղել ոչնչացմանը:
Մեծ եղեռնի պատճառները հասկանալու ձգտումը մշտական է: Սա առաջին հարցն է, որ տալիս են օտարերկրացիները կատարվածի մասին իմանալուց հետո: Այս «ինչուն» տանջում է հայերիս: Մենք փորձում ենք հասկանալ մեր մեղքն ու այն սխալները, որոնք բերեցին նման ողբերգության։
Իհարկե, մեկ պատասխան կամ բացատրություն չի կարող լինել. ցեղասպանությունը մի շարք գործոնների, ցանկությունների, զարգացումների համադրություն է՝ «կատարյալ փոթորիկ», երբ մի քանի պատճառ հանդիպում են մեկ կետում ու աղետալի հետևանքների հանգեցնում։
 
Ճակատագրական հեղափոխությունը
1908 թ. հուլիսին ապստամբեցին Օսմանյան բանակի Մակեդոնիայում տեղակայված զորամասերը և արշավեցին դեպի Կոստանդնուպոլիս: Աբդուլ Համիդ II սուլթանը, որի քաղաքականությունից դժգոհ էր կայսրության քաղաքական-զինվորական վերնախավն ու մտավորականությունը, վերականգնեց 1876-ի սահմանադրությունը: Հեղափոխությունը քաղաքական թատերաբեմ նոր ուժեր բերեց՝ երիտթուրքերին: Վերջիններս հիմնականում վտարանդի ռազմա-քաղաքական խմբերի ներկայացուցիչների էին, որոնք անհանգստացած կայսրության շարունակական թուլացմամբ՝ ձգտում էին պետությունը ճգնաժամից դուրս բերել բարեփոխումների և արդիականացման միջոցով:
Հայերն ակտիվորեն աջակցեցին երիտթուրքական խմբակներին, առավել ևս, որ նպատակը 1894-1896 թթ. հայկական արյունալի կոտորածները նախաձեռնած սուլթանի դեմ պայքարն էր: Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները Փարիզում ու Ժնևում ակտիվ շփումների մեջ էին երիտթուրքերի պարագլուխների հետ՝ ինքնակալության դեմ համատեղ պայքարի միջոցների շուրջ: Կայսրության հայկական բնակչությունը ևս խանդավառությամբ ընդունեց հեղափոխությունը։ Կազմակերպվեցին նոր կարգերին սատարող բազմամարդ հանրահավաքներ և հանդիպումներ, առավել ևս, որ իշխանափոխության առաջին ամիսներին դրական փոփոխություններն ակներև էին:
Օսմանյան կայսրությունում հայտարարվեց ազատության, հավասարության, եղբայրության և արդարության սկզբունքների գերակայություն։ Ազատ արձակվեցին քաղաքական բանտարկյալները, վերացվեց գրաքննությունը, անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Տեղի ունեցան հայ-մահմեդական հանդիպումներ, համատեղ երթեր և խնջույքներ: Ազդարարվեց հայ-թուրքական նոր բարեկամության դարաշրջանի սկիզբը:
 
Ավանդական անհավասարություն ուժը
Այս բարեկամության գլխավոր խոչընդոտը, սակայն, Օսմանյան կայսրությունում անհավասարության դարերով ամրագրված համակարգն էր՝ թուրքերի գերիշխանությամբ ու հայերի (նաև այլ քրիստոնյաների) ենթակայությամբ: Անհավասարությունը հիմնավորվում էր իսլամի իրավական համակարգով, որը ոչ մահմեդական հպատակներին ստորադասում էր երկրորդ կարգի քաղաքացիների կարգավիճակի [1]։ Քրիստոնյա «զիմմիներին» [2] արգելվում էր զենք կրել և ձի հեծնել, նրանց խոսքը դատարանում չուներ նույն կշիռը, ինչ մուսուլմանինը։ Հայերը մշտապես ավելի բարձր էին հարկվում, բռնազավթում էին նրանց հողերը։ Ամենօրյա ճնշումները, հայ գյուղացիների նկատմամբ բռնությունները, ընդհանուր իրավազուրկ կարգավիճակը մշտական ճնշման մեջ էին պահում Օսմանյան կայսրության հայկական բնակչությանը [3]։ Հայերն առօրյայում հաճախ պիտակավորվում էին իբրև անհավատներ՝ գյավուրներ, և պատահական չէ, որ դա օգտագործվում էր կոտորածներ կազմակերպելու համար։ Այս ամենը դարերով ընկալվում էր իբրև բնականոն վիճակ, բնական երևույթ։
1908-ից հետո հարաբերությունները հայերի և թուրքերի միջև պաշտոնապես փոխվում էին սահմանադրությամբ, սակայն առօրյայում այս փոփոխություններն ընդամենն ավելացնում էին լարվածությունը։ Հայերը փորձեցին օգտվել սահմանադրությամբ իրենց վերապահված հավասարության իրավունքից, ինչը, սակայն, հանդիպեց մուսուլմանների կտրուկ արձագանքին։
 
Վտանգավոր մրցակցություն
1908-ին սահմանադրության վերագործարկումից հետո հայերը սկսեցին ընկալվել որպես քաղաքական և մշակութային մրցակիցներ։ Եվրոպական գաղափարներով ու շարժումներով տարվելը (հիմնականում եվրոպական և ամերիկյան միսիոներների կողմից հիմնադրված դպրոցների և եվրոպական մայրաքաղաքներ այցելությունների միջոցով) հայերին օժտում էր եռանդով ու հնարավորություններով, որոնք տալիս էին XIX դարի զարգացումները [4]: Հայկական կուսակցությունները սկսեցին ավելի լայն ինքնավարություն ու քաղաքական իրավունքներ պահանջել կայսրությունից։ Երիտթուրքական հեղափոխությունը և սահմանադրության վերահաստատումը հայ բնակչությունը որպես գործիք ընկալեց՝ Օսմանյան կայսրությունում սոցիալական բարդ պայմանները թեթևացնելու և սեփական իրավունքներն ու հնարավորությունները ընդլայնելու համար։ Հայերը չափազանց ոգևորված էին սահմանադրությամբ տրվող հնարավորություններով, այն դեպքում, երբ մուսուլմաններն ակնկալվող բարեփոխումներն անընդունելի էին համարում, հատկապես, երբ դրանք բարձրացնելու էին քրիստոնյաների սոցիալական կարգավիճակը։ Արդյունքն ընդամենը թուրքական բնակչության նախանձն ու խոր ատելությունն էր:
Այսպես, 1909 թ. հունվարի 19-ի իր զեկույցում Էրզրումում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպան Զինովևին հաղորդում է հետևյալը. «Հռչակված ազատություններով հայերի հրապուրվելն ավելի ու ավելի է գրգռում մուսուլմանների ատելությունը իրենց դեմ, անգամ առավել առաջադեմ երիտթուրքերի մեջ, որոնք դեռ վերջերս այնպես բացահայտորեն իրենց երախտագիտությունն էին հայտնում հայերին՝ Թուրքիայում ազատագրական շարժման նախաձեռնողներ լինելու համար։ Անվստահությունը հայերի նկատմամբ աճում է ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ» [5]։
Հայերի մրցունակությունը սահմանափակելու ձգտումը ակնհայտ էր բոլոր ոլորտներում։ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Վահան Փափազյանն իր հուշերում գրում է երիտթուրքական տարածաշրջանային բոլոր ակումբներին 1911 թ. հոկտեմբերին ուղարկված գաղտնի շրջաբերականների մասին, որոնք պահանջում են բոլոր միջոցներով սահմանափակել հայերի առաջընթացն ազգային, կրթական և տնտեսական ոլորտներում և ուշադրության կենտրոնում պահել քաղաքական կուսակցությունների գործունեությունն ու կազմակերպվող միջոցառումները [6]։
 
Տնտեսական վերելք և նախանձ
Հայերի նկատմամբ վերաբերմունքի հիմքում պակաս կարևոր չէր տնտեսական գործոնը: XIX դարում օսմանյան աճող առևտուրը թույլ տվեց կայսրությունում քրիստոնյա ձեռնարկատիրական միջին խավ ձևավորել։ Վերջինս, հարստության կուտակմանը զուգահեռ, ավելի ինքնավստահ էր դառնում՝ հիմնելով համայնքային հաստատությունների մի ամբողջ ցանց՝ դպրոցներ, սրճարաններ, բարեգործական կազմակերպություններ, մարզական ակումբներ և այլն։ Քրիստոնեական համայնքների տնտեսական ակնհայտ վերելքը մուսուլմանների շրջանում բացասական վերաբերմունքի աճի պատճառ դարձավ [7]։
Լինելով ճնշված փոքրամասնություն ու դուրս մնալով օսմանյան ռազմական և քաղաքական ծառայության համակարգերից (բացառությամբ թարգմանիչների)՝ հայերը մեծ ազդեցություն ունեին կայսրության տնտեսության մեջ՝ ֆինանսներ, առևտուր, ավելի ուշ նաև արդյունաբերություն։ Հայ գործարարները, առևտրականներն ու ֆինանսիստները վերահսկում էին կայսրության արտադրության և առևտրի մոտ 25%-ը [8]: Հայերի կշիռը զգալի էր նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ:
Տնտեսական հաջողությունները հայերին նախանձի և թշնամանքի առարկա դարձրեցին, նրանք սկսեցին ընկալվել իբրև հարստահարողներ, որոնք հափշտակում են օսմանյան հողն ու հարստությունը:
Հայկական ունեցվածքին տիրանալու ձգտումը դառնալու էր հայերի ոչնչացումը հիմնավորող հիմնական գործոններից մեկը։
 
Կայսրությունից ազգային պետություն. պանթյուրքական երազը
Այս ամենը չէր կարող գաղափարախոսական հենք չստանալ: Օսմանյան պետությունը հոգեվարքի մեջ էր՝ կորցնելով ամբողջական շրջաններ (Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա) ու պարտություններ կրելով ռազմի դաշտում: Նման պայմաններում փորձ կատարվեց փոխել կայսրության զարգացման դարավոր տրամաբանությունը և անցում կատարել ազգային պետության մոդելի:
Հայերի տնտեսական հաջողությունները խրախուսելի էին այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան պետությունը կայսրություն էր: Ընդհանրապես կայսրություններն ավելի հանդուրժող են փոքրամասնությունների նկատմամբ. ազգային կամ կրոնական յուրաքանչյուր խումբ իր տեղն ունի երկրի հիերարխիկ համակարգում և դուրս չի գալիս այդ սահմաններից՝ իր լուման ներդնելով կայսրության զարգացման մեջ:
Սակայն իրավիճակը փոխվում է, երբ կայսրությանը փոխարինելու է գալիս ազգային պետությունը: Այն այլևս ձգտում է իր սահմաններում ամփոփել միատարր, գերիշխող ազգի համերաշխությունը, և փոքրամասնությունները, որոնք չեն ցանկանում դառնալ ընդհանուրի մաս, կորցնել ինքնությունն ու ձուլվել, ենթակա են ոչնչացման:
Երիտթուրքերի կառավարման շրջանում Օսմանյան կայսրությունը պանիսլամիզմի և օսմանականության գաղափարախոսությունները փոխարինեց թյուրքիզմով և պանթյուրիզմով: Զիյա Գյոքալփի և Յուսուֆ Աքչուրայի այս գաղափարների նպատակը միատարր Թուրքիան էր ու Մեծ Թուրանը՝ գերկայսրություն, որը պետք է միավորեր մինչև Կենտրոնական Ասիա տարածվող թյուրքախոս բոլոր ժողովուրդներին [9]:
Ըստ պանթյուրքիզմի գաղափարախոսների՝ հայերը «անհնազանդ տարրեր» էին, խոչընդոտ միասնական և միատարր թյուրքական պետություն կառուցելու ծրագրերի համար։ Հայերի հայրենիքը կիսում էր երևակայական պանթուրանական պետությունը՝ բաժանում Փոքր Ասիայի և Միջին Արևելքի թյուրքախոս ժողովուրդներին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ապրող ազգակիցներից: Հետևաբար հայկական տարածքները պետք է թյուրքացվեին մշակութային և լեզվական ձուլման միջոցով [10]: Այս փորձերի տապալումից հետո խնդրի լուծման տարբերակ ընտրվեց հայերի ֆիզիկական ոչնչացումը:
Սա ժողովուրդների միջև զրոյական գումարով խաղի (անգլ. zero sum game) սկզբունքների վրա հիմնված յուրատեսակ մի սոցիալ-դարվինիստական տեսություն էր, ըստ որի Օսմանյան պետության և ազգի գոյատևումն իբր պահանջում է Արևմտյան Հայաստանի միատարրացում [11]:
 
Աշխարհաքաղաքական ծուղակում
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից և 1878 թ. Բեռլինի վեհաժողովից հետո թուրքերը սկսեցին հայերին մեղադրել ռուսների և Արևմուտքի գործակալներ լինելու մեջ, քանի որ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը վարչական բարեփոխումներ էր պարտադրում օսմանյան կառավարման տակ գտնվող հայկական վիլայեթներում՝ մեծ տերությունների վերահսկողության ներքո։ Սրանով Մեծ տերությունները միջազգային դիվանագիտություն ներմուծեցին Հայկական հարցը և սկսեցին այն բանեցնել Օսմանյան կայսրության նկատմամբ ճնշում գործադրելու համար: Օսմանյան իշխանությունների մոտ սկսում է հայերի ենթադրյալ դավաճանության սպառնալիքի զգացում ձևավորվել։ Այս վախերը սաստկացան 1914 թ. հայկական վիլայեթներում մեծ տերությունների և հատկապես Ռուսաստանի նախաձեռնած բարեփոխումների ծրագրի մեկնարկից հետո։
Հայերի դավաճանության մտացածին պնդումներն ակտուալանում էին թուրքական ռազմական յուրաքանչյուր ձախողումից հետո։ Այսպես, 1915 թ. հունվարին Սարիղամիշում ռուսական բանակից կրած ամոթալի պարտությունից հետո Էնվերը հայերին մեղադրեց ռուսների հետ ռազմական համագործակցության մեջ: Հետագայում էլ, հայերի դիմադրական մի քանի գործողություններն օգտագործվեցին որպես անհավատարմության ու հեղափոխություն նախապատրաստելու «ապացույցներ»: Իրականում, սակայն, հայկական բնակչության մեծամասնության հավատարմությունն ակնհայտ էր [12]։ Հայկական համայնքի ղեկավարները, ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր, փորձում էին կանխել սադրանքները, ինչպես նաև խրախուսում էին հայ երիտասարդների մասնակցությունը պատերազմին օսմանյան բանակի կազմում, քանի որ դա համարում էին պարտք հայրենիքի նկատմամբ։ Բազմաթիվ են Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում օսմանյան բանակի կազմում կռվող հայ զինվորներ արիության դրսևորումները։
 
Պատերազմն իբրև առիթ
1914 թ. ամռանը բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը որոշում են պատերազմում դաշնակցել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիայի հետ կնքվում է գաղտնի պայմանագիր, որի կետերից մեկով պատերազմի հաղթական ավարտից հետո գերմանական կողմը պարտավորվում է Թուրքիայի արևելյան սահմանի այնպիսի վերաձևում ապահովել, որը հնարավորություն կտա վերջինիս անմիջական կապ հաստատել Կովկասի թյուրքախոս և մուսուլման ժողովուրդների հետ: Սա երիտթուրքերի պանթյուրքական ծրագրի հաստատումն էր, որի առջև ծառացած գլխավոր խոչընդոտը «հայկական սեպն» էր:
Պատերազմը Թուրքիայի իշխանությունները պատեհ առիթ համարեցին՝ Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրն իրագործելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթն ու ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը Բեռլին ուղարկած հուշագրում, որում պահանջում էին հեռացնել Գերմանիայի դեսպան Մեթերնիխին, քանի որ վերջինս հանդես էր եկել հայերի պաշտպանությամբ, կրկին շեշտում էին, որ «աշխատանքը պետք է արվի հիմա՝ պատերազմից հետո շատ ուշ կլինի» [13]: Նույն միտքը Թալեաթը հայտնում է 1915 թ փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «միակ հարմար առիթն է հիմա»՝ հայկական խնդրից ազատվելու համար [14]:
 
Ամփոփում
Հայոց ցեղասպանությունը մի շարք գործոնների ու զարգացումների մեկտեղման հետևանք էր, որոնցից յուրաքանչյուրը կարող էր համընկնել կամ փոխլրացնել մյուսներին. դրանք երբեք «մաքուր» տեսքով հանդես չեն գալիս:
Գաղափարական. Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։
Ներքաղաքական. հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը չէին ցանկանում քաղաքական ուժեղ մրցակից ունենալ՝ դիմանիկ զարգացող, մոդեռն ու առաջադեմ հայկական համայնքի տեսքով։
Աշխարհաքաղաքական. Օսմանյան կայսրությունը գտնվում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշտական ճնշման տակ, իսկ քրիստոնյա հայերն ընկալվում էին իբրև այս ուժերի աջակիցներ, հետևաբար՝ անվստահելի տարրեր, որոնցից հնարավորության դեպքում անհրաժեշտ էր ազատվել:
Տնտեսական. հայկական կապիտալը չափազանց գրավիչ էր նոր ձևավորվող թուրքական ազգային բուրժուազիայի համար։ Այն շահագրգռող գործիք էր նաև հասարակ մուսուլմաններին հայերի ոչնչացման մեքենայի մաս դարձնելու հարմար։ Հայկական ունեցվածքը, գույքը, նյութական հարստությունն առգրավվեց ու վերաբաշխվեց կայսրության մուսուլման բնակչության միջև։
Հոգեբանական. հայերը միամտորեն ու չափազանց մեծ խանդավառությամբ ընդունեցին հավասարության մասին երիտթուրքական խոստումները։ Հայերի հավակնությունները միայն ատելություն էին առաջացնում մուսուլման բնակչության շրջանում, որը չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ «երեկվա ստրուկները» կարող են հավասար լինել իրենց: Հայ բնակչությունը, իր հերթին, տրվելով երիտթուրքական կարգախոսներին, կորցրեց զգոնությունը և անպատրաստ գտնվեց դիմագրավելու արհավիրքին։
Եվ վերջապես, Առաջին աշխարհամարտը հարմար առիթ էր հայերին բնաջնջելու մտադրությունը բյուրեղացնելու համար։ Իթթիհադական վերնախավը, օգտագործելով պետական բոլոր ռեսուրսները՝ նյութական, կազմակերպչական, ուժային և քարոզչական, այս «նախագծի» մեջ ներգրավեց կայսրության գրեթե ամբողջ մուսուլման բնակչությանը:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը հայ ժողովրդի՝ իր իսկ հայրենիքում ոչնչացման համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած միջազգային դատապարտման գործընթացին՝ Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի ու այլ միջոցներով:
 
 
—————————————————
[1] Adalian Rouben Paul, “The Armenian Genocide,” in Centuries of Genocide: Essays and Eyewitness Accounts, edited by Samuel Totten, William S. Parsons, and Israel W. Charny, London and New York: Routledge, 2004, էջ 60–62։
[2] Զիմմի (արաբ.՝ պայմանագրի մարդիկ), մուսուլմանական պետություններում այլակրոն (հատկապես քրիստոնյա և հուդայական) համայնքներին պատկանող հպատակներ, որոնք ստանում են պաշտպանություն՝ գլխահարկ վճարելու դիմաց։
[3]Փափազյան Ավետիս, Օսմանյան կայսրության ոչ մահմեդական ժողովուրդների վերաբերյալ թուրքական մի շարք վավերագրեր. Պատմա-բանասիրական հանդես, 4, 1983:
[4] Weitz Eric D., A Century of Genocide: Utopias of Race and Nation, Princeton, NJ: Princeton University Press, 2003, էջ 3։
[5] АВПРИ Архив внешней политики Российской империи, Посольство в Константинополе, д. 2677, с. 17, Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբագրությամբ Մ. Գ Ներսիսյանի, կազմողներ՝ Մ. Գ. Ներսիսյան, Ռ. Գ. Սահակյան, Երևան, «Հայաստան», 1991, էջ 230։
[6] Վ. Փափազյան, Իմ հուշերը, II, Բոստոն, 1952, էջ 161։
[7] Zürcher Erik J., The Young Turk Legacy and Nation Building: From the Ottoman Empire to Atatürk’s Turkey, London: I. B. Tauris, 2010, էջ. 68:
[8] Инджикян Оганес, Буржуазия Османской империи, Ереван: Изд-во АН АрмССР, 1977։
[9] Naimark Norman M., Fires of Hatred: Ethnic Cleansing in Twentieth-Century Europe, Cambridge: Harvard University Press, 2002, էջ 25–28։
[10] Dadrian Vahakn N., Warrant for Genocide: The Key Elements of the Turko-Armenian Conflict. Second Edition, New Brunswick, NJ: Transaction Books, 1999, էջ 97,98։
[11] Suny Ronald Grigor, “Writing Genocide: The Fate of the Ottoman Armenians,” in A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire, edited by Ronald Grigor Suny, Fatma Müge Göçek, Norman M. Naimark, Oxford: Oxford University Press, USA, 2011, էջ 34, 35։
[12] Gust Wolfgang (Ed.),The Armenian Genocide: Evidence from the German Foreign Office Archives, 1915-1916, New York: Berghahn Books, 2013, էջ 56-59:
[13] U. Trumpener, Germany and the Ottoman Empire, Princeton: Princeton University Press, 1968, էջ 127:
[14] Ղազարյան Հայկազն, Ցեղասպան թուրքը, Համազգային, Պէյրութ, 1968, էջ 27։
 
Աղբյուր՝ evnreport.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: