Ալիևն իր հայտարարությամբ բացահայտ ընդունում է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիան և օկուպացիայի փաստը. ՀՀ ԱԳՆ
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ ասված է.
«2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։
Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։
Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։
Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։
Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։
Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»։
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել էր ԼՂ հայերի ապրելու իրավունքին և կրկնել Ադրբեջանի պահանջները։ Նա հերթական անգամ սպառնացել է, որ «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր»։
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։