ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկրաշարժերը Դվինում

Դվինը Այրարատ նահանգի Ոստան գավառում էր, ըստ Մովսես Խորենացու՝ տեղանունը պարսկերեն ծագում ունի եւ նշանակում է բլուր:

Այն հիմնադրել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը (330-338 թթ.): Նա Արաքս գետի հունի փոփոխության պատճառով մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխում է Դվին, հիմնում է նոր քաղաք, կառուցվում են արքունական ապարանքներ եւ գեղեցիկ շենքեր: 428 թ. Դվինը դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը:
Ներկայումս պատմական քաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն եւ Այգեստան գյուղերի տարածքում, Երեւանից մոտ 30 կմ հարավ: Այստեղ հնագիտական պեղումներ են կատարել Նիկողայոս Մառը (1899), Խաչիկ վրդ. Դադյանը (1907-1908), Սմբատ Տեր-Ավետիսյանը (1936-1939), Կարո Ղաֆադարյանը (1946-1976) եւ ուրիշներ: Դվինը իր պատմության ընթացքում բազմիցս ավերվել է երկրաշարժերից: Սոսկալի աղետներ էին 851, 854, 858, 869 թթ. երկրաշարժերը, բայց ամենասարսափելին 893 թ. երկրաշարժն էր:
Դվինի ավերակները
 
Պատմիչ Ասողիկը գրում է, որ 863թ. «Եղավ շատ ուժգին երկրաշարժ, որ բազմաթիվ մարդիկ կոտորեց եւ շատ գեղեցիկ շինություններ տապալեց եւ երկրաշարժը տեւեց մինչեւ երեք ամիս»: Իսկ Դվինի 869 թ. երկրաշարժը,  որը,  ինչպես  գրել  է  Մովսես Կաղանկատվացին,  մի  ամբողջ  տարի ցնցելով՝  անդունդ  տարավ  մոտ  12 հազար  մարդ: Չի բացառվում, որ այդ նկարագրությունները վերաբերեն 893 թ. երկրաշարժին:
Դվինի Կաթողիկոսական պալատը
Թովմա Արծրունին իր «Պատմությունում» մի առանձին գլուխ է հատկացրել 893թ. հուլիսի 16-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին՝ «Դվին քաղաքի կործանումը սաստիկ շարժից» վերնագրով. «Հայաստանում Սմբատի թագավորելու երրորդ տարում աստվածատուր բարկությամբ գետնի խորքերում հորձանքի պես դղրդյունով միմյանց բախվեցին անդունդը շարժող ուժերը, հորձանք տվեցին, ցնցումով հիմքից շարժեցին, տապալեցին Դվին քաղաքը՝ մարդաշատ, պատվարված պարսպավոր պատնեշներով: Այն հիմքից տապալեց, դժոխքի պես լայն բացեց իր բերանը, շատերին վիժեցրեց անդունդը: Նրանցից ոմանց տներն իսկ գերեզմաններ դարձան իրենց համար: Սրբատեղիները, աղոթքի տները նույնպես ներգործվեցին շարժից, ճեղքվեցին, պատերը խախտվեցին: Ասվում է, թե շարժից խեղված մարդկանց թիվը ավելի քան 70 հազար էր: Այս շարժն ավելի սաստիկ էր, քան՝ այն, որ եղավ հայոց կաթողիկոս Զաքարիայի ժամանակ (858 թ.): Այնտեղ էր նաեւ Ռշտունյաց երանելի եպիսկոպոսը՝ սրբազան Գրիգորը, որը յուրայինների հետ չկարողացավ փրկվել, երբ նույն ժամին աղոթում էր լեռան վրա: Նրանցից ոմանք նույն շարժից մնացին այնտեղ, փլվածքի տակ»:
Դվինի քանդակազարդ խոյակներից
 
Այդ նույն երկրաշարժը նկարագրել է նաեւ հայոց կաթողիկոս եւ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին. «Գիշերը հանկարծ սաստիկ երկրաշարժ է լինում Դվին քաղաքում՝ դրա բնակիչներին խուճապի մատնելով, սարսափեցնելով եւ դղրդյուն, կործանում առաջ բերելով՝ այն հիմնիվեր տապալում: Եվ ամբողջովին փուլ ածելով պարիսպների պատերը, երեւելի մարդկանց ապարանքները, ռամիկների տները՝ դրանք մի ակնթարթում ավերակի է վերածում: Դղրդալով քանդվում, ավերվում ու վայր են թափվում նաեւ կաթողիկոսարանի Աստվածաշեն եկեղեցին եւ այլ հաստահեղույս վկայարաններ. դա տեսնողներին երեւում էր իբրեւ քարքարոտ, խորդուբորդ ու սարսափելի ավերակ: Մարդկանց մեծ բազմություններ, մնալով հարկերի տակ, շնչասպառ են լինում՝ հողի մեջ թավալվելով եւ հողի տակ խեղդվելով: Եվ դա դիակույտ բազմության այն կոտորածն էր, որ, ավելի կարծր, քարեղեն ու անկարեկից դարձնելով միտքը, նրան համակում էր մեծ ողբով ու արտասվաթոր լացուկոծով: Չեմ ուզում ասել մարդկանց ազգակից, կարեկից, լծակից հարազատների մասին, որոնց կականը, ողբը, գույժից ճչալը, կանչելը, գոռալը, վայնասունը եւ երգող կույսերի, սեւազգեստ կանանց, վշտահար հեծությամբ սգացող տղամարդկանց ձայները բարձրանում ու մինչեւ երկինք էին հասնում: Իսկ դիակներն այնքան շատ էին, որ գերեզմանոցները չէին բավարարում եւ շատերին գցում էին վիհերը, խորխորատները, փոսերը ու ծածկում: Եվ այսպես սաստիկ վախը ահաբեկում էր բոլորին՝ ահով պաշարելով ողջ մնացածներին»:
Օտար հեղինակներից  այդ երկրաշարժի մասին գրել է արաբ պատմիչ  Իբն Ալ-Ասիրը. «Լուսինը խավարեց, եւ Դվինի ու ամբողջ երկրի ժողովուրդը խավարի մեջ մնացին: Եվ խավարը մնաց, մինչեւ որ երեկոյան սեւ քամի փչեց եւ տեւեց մինչեւ գիշերվա երրորդը: Իսկ գիշերվա երրորդին երկրաշարժ եղավ, եւ քաղաքն ավերվեց: Նրա տներից միայն հարյուրի չափ տուն մնաց: Սրանից հետո հինգ անգամ ցնցվեց: Ավերակների տակից հանվածների թիվն էր հարյուր հիսուն հազար, բոլորն էլ՝ մեռած»: Երկրաշարժի լուրն առնելով՝ Սեւանի կղզուց, Հայոց Մաշտոց Հայրապետը մխիթարական թուղթ է ուղղում աղետյալներին. «Իմ հավատացյալ ու հաճելի տիարք, սիրելի եղբայրներ, ես իմացա ազգային այդ խորտակումը, որ աստվածային բարկությունը մեզ բուռն զորությամբ հնձանում տրորվող խաղողի նման մանրեց ու ճմլեց, եւ հանկարծակի վրա հասան դառն արտասուքի հնձանահարությունն ու մահվան գույժի անտանելի օրհասը, որ ձեր ուրախությունը վերածեց ողբի… Ավա՜ղ, կործանման օրվա դաժան լույսին, երբ մարդիկ քանի դեռ իրենց վայելուչ սեղանների մոտ կերակուրները բերանում էին, պապանձվեցին այդ մեծ աղետի սաստիկ բախումից: Քանի որ ծնողները լքեցին իրենց երեխաներին, իսկ երեխաները աղետի պատճառով հրաժարվեցին իրենց ծնողներից: Գերեզմանները նրանց համար տուն եղան, եւ նրանք թաղվեցին իրենց տներում՝ իբրեւ գերեզմանոցում: Երանի՜ այն աչքերին, որոնք չտեսան այն նոր ու անլուր դատապարտությունը, որ վիճակվեց մեզ…»:
Դվինում հնագիտական պեղումներ կատարելով՝ Կարո Ղաֆադարյանը նշել է, որ 893 թ. երկրաշարժից կործանվել են Կաթողիկե մեծ եկեղեցին, Կաթողիկոսի  պալատը, միանավ բազիլիկ եկեղեցին, քաղաքի միջնաբերդը,  կենտրոնական  թաղը, մեծ շուկան եւ այլն:  Իսկ Արամ Քալանթարյանն էլ ավելացրել է, որ Կաթողիկե  եկեղեցին փլվել է եւ այլեւս չի վերականգնվել, իսկ Կաթողիկոսական պալատը  կանգուն է մնացել ու ամրացվել լրացուցիչ սյուներով: Վերջինս, որ կառուցվել էր 5-րդ դարի կեսերին, երկրաշարժից հետո վերածվել է մզկիթի: Այս կործանիչ երկրաշարժից հետո էլ կյանքը Դվինում շարունակվում է, եւ միայն 13-րդ դարի առաջին կեսին քաղաքը օտար ասպատակությունների հետեւանքով լքվում ու ամայանում է: 19-րդ դարի առաջին կեսին Դվինի ավերակները տեսել է Մեսրոպ Թաղիադյանը. «Ընդ գետն ի վեր յարուցեալ՝ գտաք զաւերակս բերդապարիսպ հզօր քաղաքին, զորմէ հաստատէր Պօղոս վարդապետ, լինիլ մնացորդ նախնւոյն Դվնայ՝ Ոստանին Հայոց, զոր շինեաց Խոսրով արքայ, եւ զարքունիս ի նմա հաստատեալ՝ տնկեաց առ երի նորա անտառս երկուս՝ զԽոսրովակերտ եւ զՏաճար Մայրին…. Այլ ի վերջոյ եղծաւ ի սաստիկ գետնաշարժէ, որպէս եւ դիրք աւերակացն ցուցանեն: Բլուր իմն փոքրիկ անկանի ի մէջ աւերածոցն, զորով շրջապատեն աւերակք ապարանից եւ տանց լայնածիր նստիւք: Ապա յաջորդեն նոցա փլածոյք բերդապարսպին, որք երեւին իբրեւ բլուրք արուեստակերտք պար առեալ զմեծ բլրովն»:
1930-ական թվականներին պատմական Դվինի տարածքից բազմաթիվ հնագիտական իրեր են հայտնաբերվել, որոնք արժեքավոր են հայոց երբեմնի մայրաքաղաքի մշակութային կյանքը գնահատելու համար: Այդ առումով, 1935թ. հունիսին Ա. Շահնազարյանը «Հնագիտական թանկարժեք էքսպոնատ» վերնագրով գրել է. «Հայաստանի Պետական պատմական թանգարանը վերջերս ձեռք բերեց հնագիտական եւ ոսկերչական արվեստի տեսակետից խիստ արժեքավոր ոսկե թանկարժեք մի խաչ, որը գտնվել է պատմական Դվին քաղաքում: Ներքին Դվին գյուղի կոլտնտեսական Հեղինար Խուդոյանը, բամբակի ցանքում քաղհան անելիս, հողի վերին շերտից երեւան է հանում այդ խաչը եւ, բերելով Երեւան, հանձնում է պատմական թանգարանին: … Անկասկած այդ խաչը մի քանի տեսակետից հնագիտական մեծ արժեք է ներկայացնում»: 1937թ. հունիսին մամուլում հրապարակվել է. «Մի քանի օր առաջ այգեստանցի կոլտնտեսական Սուրեն Թամրազյանը Պետական պատմական թանգարանին հանձնեց պատմական խիստ արժեք ունեցող մի շարք ոսկե իրեր, որ նա գտել էր հին Դվինի ավերակներում: Այդ իրերի մեջ կա մի ոսկե դրամ՝ բյուզանդական Միքայել Չորրորդ կայսեր նկարով (1031թ.), մի զույգ կանացի ականջի ոսկե օղ,  մի ոսկե ապարանջան»:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Դվինի միջնաբերդի մակետը 

Աղբյուր՝ aravot.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: