ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանն ու Բաքուն Մոսկվայի միջոցով կարգավորում են հարաբերությունները

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական և քարոզչական դաշտում տեղ գտած տեղեկությունները,որոնք համեմված էին նաև որոշ արյունալի դեպքերով (Շիրազի Շահչերաղ սրբավայրի վրա զինված հարձակում, Թեհրանում ԱՀ դեսպանության վրա դարձյալ զինված հարձակում, ԱՀ խորհրդարանի հակաիրանական ծայրահեղ մոտեցումներով պատգամավորի դեմ իրականացրած մահափորձ և ԱՀ շիա հոգևորականի ձերբակալություն ու շիաների դեմ բռնաճնշումներ, Իրանում ԱՀ դեսպանատան փակվելը), որոշ փորձագետների կարծիքով՝ ենթադրում էր, որ երկու հարևան երկրների միջև լարվածությունը կարող է հանգեցնել թերևս կոշտ հակազդեցության և Իրանը կարող է դիմել կտրուկ ու ցավոտ քայլերի՝ ընդդեմ Ադրբեջանի։

Հատկապես երբ 2023 թվականի  մարտի 29-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում պաշտոնապես բացվեց  Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, այս լարվածությունը վերածվեց փոխադարձ հակազդեցության  և Թեհրանն ու Բաքուն շռայլորեն միմյանց դեմ մեղադրանքներ հնչեցնելով, փորձում էին ստեղծված մթնոլորտը ծառայեցնել  տարածաշրջանային դիվիդենտներ ապահովելու և մյուս կողմի դիրքերը տարածաշրջանում և ներքին ճակատում թուլացնելու համար։
Սակայն չնայած փորձագետների զգալի մասի կանխատեսումների, իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով, այս հակադարձությունները և հռետորաբանությունը չվերածվեցին սուր հակազդեցության կամ կոշտ պայքարի.« Ինչպես հայտնի է՝  Ռուսաստանի միջնորդությամբ կողմերն այժմ փորձում են իրավիճակը կառավարելիության աստիճանի հասցնելով՝ երրորդ  կողմին, Իրանի պարագայում՝ Իսրայելին և Ադրբեջանի պարագայում՝ Հայաստանին ներկայացնել որպես առաջացած վեճերի ու տարաձայնությունների մեղավոր կողմ, և փորձել խնդիրները քողարկված ձևով սառեցնել  առերևույթ պահպանելով ստատու-քվոն, շարունակել իրենց տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը Կովկասյան տարածաշրջանում և Կասպիական ծովի ավազանում։ Դա բխում է նաև Ռուսաստանի շահերից, որը փորձում է վերոնշյալ տարածքների միջոցով ճանապարհ բացել դեպի Իրանի և Պարսից Ծոցի Արաբական երկրների, Չինաստանի և Հնդկաստանի շուկաները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շահմուրադյանի խոսքերով՝ այս ընդհանուր համատեքստում Հայաստանը հայտնվել է հակամարտության կողմերի լարվածության կիզակետում և կողմերից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանին ներկայացնել  որպես հակասությունների առաջացման մեղավոր կողմ.«Հատկապես Ռուսաստանը, Թուրքիան և նրանց կամակատար Ադրբեջանը միասնաբար փորձում են ամեն գնով իրականացնել Զանգեզուրի կեղծ միջանցքի պլանը, իսկ Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ ճանապարի նախագիծը, որը հովանավորվում է Իրանի և Արևմուտքի կողմից փոխարինել Ադրբեջանի տարածքով  Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի իրականացմամբ, որն ավելի համահունչ է վերոնշյալ երեք պետությունների շահերին և լիովին մեկուսացնում է Հայաստանին տարածաշրջանային տնտեսաքաղաքական գործընթացներից»։
Մեր զրուցակցի խոսքերով՝ հատկանշական է, որ նախքան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այցը, ապրիլի 9-ին  Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին Թեհրանում ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։ Թեհրանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են բանկային և տնտեսական ոլորտներում երկկողմ համաձայնագրերի և Ադրբեջանի տարծքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շուտափույթ իրագործումը, մասնավորապես՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցումը։
Ալի Շամխանին հատուկ կարևորությամբ նշել է, որ  «Հյուսիս-Հարավ» ռազմավարական նախագծի շուտափույթ իրագործման մեծ նշանակությունն Իրանի համար։  Հանդիպմանը Լևիտինն իր հերթին նշել է, որ Մոսկվան պատրաստ է ներդրումներ կատարել Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ ներառյալ Ռեշտ-Աստարա ճանապարհահատվածը, ինչպես նաև պողպատաձուլական, նավթային և նավթաքիմիական ոլորտներում։
«Չնայած Իրանի լրատվական և քաղաքական փորձագիտական դաշտում վերջին մի քանի շաբաթներին ծավալված հակաադրբեջանական և հակաիսրայելական քարոզարշավին,  Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի առանցքային հարևաններից է համարվում, սակայն որը  վերջերս  քայլեր է ձեռնարկում ի վնաս Իրանի, Իսրայելի հետ բարեկամության ուղղությամբ, և այդ բարեկամությունը համարվում է սպառնալիք Իրանի համար։ Անկասկած է, որ Ադրբեջանի և Իսրայելի ջերմ հարաբերությունները հանգեցրել են Իրանի ռազմական հրամանատարության և իշխանությունների լուրջ անհանգստությանը։ Սակայն Իրանը չի կարողանում  նաև լիովին անտեսել իր տնտեսական, առևտրական և տրանսպորտային շահերը, որը Ադրբեջանի և Կասպիական ծովի միջոցով Իրանին կապում է Ռուսաստանի և Միջին Ասիայի տարածաշրջանի հետխորհրդային և այժմ Ռուսաստանից կախված բոլոր հանրապետություններին, իհարկե չանտեսելով այն հանգամանքը որ Իսրայելը և Թուրքիան, Ադրբեջանից բացի  նաև փորձում են իրենց  ոտքն ամրացնել Միջին Ասիայի տարածաշրջանի  մուսուլման երկրներում»,-նկատեց Շահմուրադյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թեհրանի և Բաքվի միջև վերջին լարվածությունը՝  կապված Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմաններում լարվածության հետ, Իրան-Ադրբեջան պատերազմի չի հանգեցնի, սակայն առայժմ այդ լարվածությունը հարմար թեմա է ստեղծել լրատվական դաշտի համար.«Այս առումով մենք ականատեսը եղանք ապրիլի 9-ին, Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  ծովակալ Ալի Շամխանի ջերմ և բարեկամական հանդիպմանը Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը Շամխանին նշել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները: Նա հավելել է, որ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերություններում կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր հատկանիշներից է»,-մեջբերեց իրանահայ մեկնաբանը։
Ինչպես իրանական պաշտոնական ԶԼՄ-ներն են հաղորդել հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների մասին կարևոր հարցեր.«Իհարկե Շամխանին հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական լրատվության, կոնկրետ չի անդրադարձել Իրան-Ադրբեջան լարված հարաբերությաուններին, ինչը ենթադրել է տալիս, որ  գոնե ներկայումս Իրանը փորձում է այդ լարվածությունը կառավարելության աստիճանի հասցնելով՝ խուսափել  մթնոլորտը ավելի պայթյունավտանգ և անկառավարելի մակարդակի բարձրացնելուց։ Բայց իհարկե անուղղակի կերպով Բաքվին այն մեսիջն է  ուղղվել, որ Իրանը պատրաստ է Հայաստանին լոգեսիստիկ, Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի լրացման և տնտեսական առավելություններով ապահովել՝ չեզոքացնելու իսրայելա-ադրբեջանական կազմավորվող տանդեմի վտանգները։ Կասկածից վեր է որ Շամխանի-Գրիգորյան փակ դրների հանդիպման ընթացքում նաև քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության և Իրան-Ադրբեջան լարվածությանն առնչվող հարցեր, որն ըստ իրանական կողմի ցանկության չի հրապարակայնացվել ԶԼՄ-ներում»,-նկատեց նա։
Միևնույն ժամանակ, Շահմուրադյանը նշեց, որ  Հայաստանի ԱԽ քարտուղարը Թեհրան է մեկնել մի իրավիճակում, երբ լարվածություն կա Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի հարաբերություններում, իսկ մյուս կողմից՝ լարվածություն է տիրում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Իսկ Իրանի  արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը անցյալ շաբաթ  իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր առաջացած  լարվածությունը և Բայրամովին կոչ է արել, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները չպետք է ազդվեն երրորդ դերակատարի, հատկապես Իսրայելի հակաքարոզչություններից.«Սա նշանակում է, որ Իրանը այս պահի դրությամբ փորձում է խուսափել Ադրբեջանի հետ ուղղակի առճակատման գնալու ռիսկերից և գնդակը գցել Իսրայելի և այլ երկրների դաշտը։ Հատուկ կարևորությամբ նաև պետք է նշել, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Թեհրան կատարած այցն առնչվում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված վտանգավոր տեղաշարժերի հետ։ Ելնելով դրանից՝ Շամխանին և Գրիգորյանը հայտարարեցին, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը ձեռնտու չէ որևէ երկրի, և տարածաշրջանային ճգնաժամերին վերջ տալու միակ ճանապարհը տնտեսական, տրանսպորտային փոխգործակցությունն ու քաղաքական երկխոսությունն է։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նաև  ընդգծել է, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը: Շամխանիի այս տեսակ շեշտադրումը ուղերձ է նաև Բաքվի հակաիրանական ռեժիմին, որ Իրանը գոնե այս պահին փորձում է երկու հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը պահպանել և առկա հարցերի լուծումը թողնել Երևանին ու Բաքվին, իհարկե փորձելով առերևույթ պահպանել նախկին չեզոք դիրքը և Հայաստան-Ադրբեջան սահմանային վեճերն ու Արցախի կոնֆլիկտի հարցերը չներգրավել Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան  տնտեսական և տրանսպորտային քաղաքականության մեջ,  այն թողնելով տարածաշրջանի մյուս դերակատար տերություն Ռուսաստանի  պարտավորությունների շրջանակում։ Սրա մասին, անկասկած, Թեհրանում կայացած Շամխանի և   ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-եզրափակեց նա։
 Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: