ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը իրենց դիտորդներով ուզում են կապել ՀՀ-ի ձեռքերը

Արցախում և ՀՀ-Ադրբեջան սահմանին վերջին օրերի զարգացումների ֆոնին ՀԱՊԿ-ը վերստին թարմացրել է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու թեման։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միշտ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից»,- հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ հավելելով, թե օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որի ուղղությամբ աշխատում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն էլ իր հերթին է շոշափել հայկական թեման՝ ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավար կազմով ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։

Ինչպե՞ս պետք է արձագանքի ՀՀ-ն ՀԱՊԿ-ից հնչող գնահատական-առաջարկին, պետք է համաձայնի՞ ընդունել խոստացվող առաքելությունը, թե՞ առաջարկը ժամանակավրեպ է։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Civic.am-ի հետ զրույցում մի շարք հարցադրումներ արեց․ «ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դիտո՞րդ է պահանջում, և ընդհանրապես՝ ՀԱՊԿ-ի ֆունկցիան ՀՀ-ում դիտորդ տեղակայե՞լն է։  ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ պետություն է, ՀԱՊԿ-ն էլ ռազմաքաղաքական կառույց է։ ՀՀ-ն ՀԱՊԿ օրենսդրության համաձայն դիմել է այդ կառույցին՝ ռազմական օգնություն ստանալու հարցով, սակայն ապարդյուն։ Հիմա այդ կառույցը որոշել է տափակաբանությամբ զբաղվել, թե՝ կարող եմ դիտորդ ուղարկել։ Վաղն էլ գուցե ասի՝ այս դիտորդներիս տանեմ, ուրիշ դիտորդ բերեմ․․․Սա՞ է մեզ պետք։ Մենք իրենից ինչ ենք ուզում, իրենք ինչ են առաջարկում։ Սա՞ է նրանց պարտականությունը։ Երկրորդ՝ ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը որոշել դիտորդ բերել ՀՀ այն ժամանակ, երբ ՀՀ-ն երկու տարի աղերսներով, աղաչանքներով դիմում էր այդ կառույցին օգնության կանչով, սակայն բախվում էր այդ կառույցի անհաղորդ վարքին, մինչեւ որ ստիպված եղավ այլ պետություններում օգնություն որոնել։ Այն դեպքում, երբ այդ պետություները ՀՀ-ի նկատմամբ որևէ պարտականություն չունեն, բայցևայնպես որոշեցին դիտորդներ տրամադրել։ Եւ հենց այդ ժամանակ էլ ՀԱՊԿ-ը որոշեց քնից զարթնել՝ առաջարկելով իր դիտորդական ծառայությունը։ Այժմ, երբ արդեն իսկ տեղակայված են այլ կառույցի՝ ԵՄ-ի դիտորդները, իրենց  դիտորդներին բերում են, որ ի՞նչ անեն»։ 

Սուքիասյանի դիտարկմամբ՝ «ՀԱՊԿ դիտորդներ» ասվածը ՌԴ-ի հովանավորությամբ գործող դիտորդական խումբն է՝ «ռուսական նախագիծ», «ռուս խաղաղապահ-2»։ «Եկեք համեմատենք․ ՌԴ-ն Արցախում ունի խաղաղապահներ, չէ՞, որոնց չռած աչքերի առաջ մեզանից գյուղեր են խլվում, այդ նույն խաղաղապահների նույն չռած աչքերի առաջ տեղի ունեցավ Լաչինի միջանցքի շրջափակումը, այդ նույն խաղաղապահների չռած աչքի առաջ Արցախում վերջին օրերին տեղի ունեցան վերջին այլանդակությունները․․․Հիմա ի՞նչ է ՌԴ-ի ուզածը, նորից դիտորդներ բերի, որոնց չռած աչքերի առաջ տեղի կունենան նոր այլանդակություննե՞ր։ Կարծում եմ, որ այս հարցերը կարող են ՀՀ-ի կողմից բարձրացվող հարցադրումներ լինել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի առաջ»,-նկատեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի գերխնդիրը բոլոր հնարավոր եղանակներով ՀՀ-ի ձեռքերը կապելն է, որպեսզի ՀՀ-ն որևէ շանս չունենա այլ երկրների հետ աշխատել։ «Իրենք հեծնել են Ադրբեջանին ու քաշում են Հայաստանի վրա։ Եւ այս ճանապարհին ՀՀ-ն քանի որ կապանքներ ունի՝ անդամակցում է ռուսական բոլոր փտած նախագիծ-կառույցներին՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, շատ քիչ հնարավորություն ունի աշխատել այլ բևեռների հետ։ Հետևապես, այդ կառույցները ինչ ուզում են, թող խոսեն, իրենց նպատակը ՀՀ-ին թույլ չտալն է, որ ստեղծված իրավիճակից ելք որոնի։ Եթե ՀԱՊԿ-ն այստեղ դիտորդ բերեց, ես վստահ եմ, որ այդ դիտորդները ինֆորմացիա են փոխանցելու Ադրբեջանին։ Սա հուշում է պրակտիկան»։ 

Մեր դիտարկմանը՝ արդոք վերջին օրերի զարգացումները փոխկապակցվա՞ծ են՝ Ադրբեջանի կողմից դիրքային առաջխաղացում Արցախում, Հայաստանում, սահմաններին իրավիճակի լարում՝ ՀԱՊԿ դիտորդների թեման թարմացնելու, դիտորդների տեղակայման համար լեգիտիմ հիմք ստեղծելու համար։ «Ըստ էության, այստեղ խորքը էլի նույնն է․44-օրյա պատերազմը ՌԴ-ի եւ Թուրքիայի գործարքի արդյունքն էր։  Օգտագործելով Արդբեջանին՝ նպատակը եղել է հետևյալը՝ Արցախը կհանձնենք, ես՝ ՌԴ-ս, կտեղակայվեմ այդտեղ, Հայաստանում հեղաշրջում կանենք և այն կհայտնվի մեր ոտքերի տակ։ Իրենք, սակայն, չկարողացան իրագործել գործարքի երկրորդ մասը՝ հեղաշրջումը, Հայաստանը մազապուրծ եղավ  դրանց այլանդակություններից։  200 տարի է՝ այս երկուսը՝ ՌԴ-ն եւ Թուրքիան, մեզ՝ որպես գառ, տանում են ղասաբի մոտ մորթելու, սա էլ սուրը ճոճանակի պես մեկ այս կողմ է տանում, մեկ՝ այն կողմ։ Եւ 200 տարի է՝ ՀՀ-ն այս բանաձև մեջ մորթվում է։ ՌԴ-ն քանի որ կատարել է Ադրբեջանի նկատմամբ իր պարտավորությունը՝ 90 տոկոսով հանձնել է Արցախը, Ադրբեջանն էլ իր պարտավորությունն ունի ՌԴ-ի հանդեպ՝ անընդհատ ՀՀ-ի կյանքը ուտել, որպեսզի, ՀՀ-ն այլ ելք չունենա, քան, ինչպես միշտ, ապավինի  ռուսական սապոգին։ Այժմ Ադրբեջանը հենց այդ պարտավորությունն է կատարում։ Իհարկե, իրավիճակը ձեռնտու է նաեւ իրեն, ինքն էլ է փորձում օգտվել՝  «Զանգեզուրի միջանցք» է ուզում, էստեղ է մտնում, էնտեղ է մտնում։ ՌԴ-ն էլ փորձում է ՀՀ-ի համար անընդհատ արգելակներ ստեղծել, Լաչինի միջանցքի շրջափակումն այդ հերթական արգելակն է։ Թուրքիան էլ իր հերթին է փորձելու ՀՀ-ի ոտքերի տակ ականներ դնել և երեքով ՀՀ-ի կյանքը դժոխային դարձնել»,-նկարագրեց Սուքիասյանը։

Ըստ քաղաքագետի՝ քանի որ տարածաշրջանն այժմ ՌԴ-ի եւ Թուրքիայի վերահսկողության ներքո է, որոնք միջազգային իրավունքի վրա թքած ունեն, Ադրբեջանն ունի մանևրելու հնարավորություն։ Եթե ՀՀ-ն որոշի համաձայնել ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, դրանք համադրելի կլինե՞ն ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայված ԵՄ-ի դիտորդների հետ։ Ըստ Սուքիասյանի՝ ԵՄ եւ ՀԱՊԿ դիտորդները համադրելի չեն եւ իրենց բնույթով էլ հակոտնյա են։ «ՀԱՊԿ դիտորդները լինելու են նույն ռուս խաղաղապահները։ Մենք պետք է նկատի ունենանք, որ սուտը ՌԴ-ի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Եւ եթե մենք համաձայնեցինք ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, այսինքն, մեզ թույլ տվեցինք այնպիսի շքեղություն, ինչպիսին է լինել ավանակ և այստեղից հանել ԵՄ դիտորդներին, հաջորդ քայլը լինելու է քննարկումը՝ իսկ ի՞նչ կոնտինգենտ բերենք՝ ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական։ Այդ ընթացքում Ադրբեջանը սողոսկելու է ՀՀ տարածք և այսպես շարունակ։ Մենք պետք է ընդունենք մի իրողություն՝ դա լավ է, վատ է, մեզ դուր է գալիս, ցավալի է, թե՝ ոչ այնքան, բայց փաստ է՝ ՌԴ-ն ու Թուրքիան ՀՀ պետականության դեմ գործող սուբյեկտներ են, հիմնական գործող սուբյեկտը ՌԴ-ն է, իսկ Թուրքիան հարմար գործիք է։ Ես ՀՀ իշխանությանը հորդորում եմ կառչել ԵՄ դիտորդներից, որպեսզի նրանք հանկարծ այստեղից չգնան։ Ուշադրություն եմ ուզում հրավիրել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի՝ օրերս արած հետևյալ հայտարարության վրա․ «Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողած է»։ Սա ուղերձ է ՀՀ իշխանություններին առ այն, որ արագ վավերացրեք Հռոմի ստատուտը, որպեսզի մեր զեկուցումները արդյունք ունենան և կարողանանք դրանց հիման վրա Ադրբեջանին դատի տալ։ Եւ բոլոր այն զրույցները, թե՝ ստատուտի վավերացումը Պուտինի դեմ է և այլն, անհեթեթություն են։ Պուտինին ինչ-որ երկրում ձերբակալելու են, և դա չի լինի ՀՀ-ում։ Իսկ ՀՀ-ն այժմ իր ազգային շահերից բխող մեկ  հրատապ պարտավորություն ունի՝ որքան հնարավոր է արագ վավերացնել հիշյալ ստատուտն ու օգտվելով ԵՄ դիտորդների զեկույցներից, սկսել ընդդեմ Ադրբեջանի դատական պրոցեսը»։ 

Սուքիասյանին հիշեցրինք, որ մոտ երկու շաբաթ առաջ Երասխում ադրբեջանական կողմի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող սպանվեց, այն դեպքում, երբ սահմանին ԵՄ դիտորդներ են տեղակայված։ Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Ադրբեջանի այս վարքագիծը։
Քաղաքագետն արձագանքեց․ «Նկատի ունենանք, որ եթե ԵՄ դիտորդները տեղակայված չլինեին, չի բացառվում, որ մասշտաբային ռազմական գործողություններ տեղի ունենային՝ դարձյալ ռուսական հովանավորությամբ և ներշնչանքով։ Բայց քանի դեռ ԵՄ դիտորդները կան, Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունների մեջ լինելու է չափավոր։ Մենք ձևական պատճառաբանություններով ԵՄ դիտորդներին  կարող ենք գանգատվել՝ ձեր ներկայությամբ այսպիսի միջադեպ տեղի ունեցավ և դնենք նրանց ներկայության արդյունավետության հարցը։ Բայց կրկնում եմ՝ նրանց ներկայությունը եթե չլիներ, ավելի ծանր հետևանքների ականատեսը կարող էինք լինել։ Այս միջադեպի մասին ԵՄ դիտորդները նույնպես զեկուցում են ուղարկելու համապատասխան կառույցներին։ Եւ եթե ապագայում ՀՀ-ն հայց ներկայացնի Միջազգային քրեական դատարան ընդդեմ Ադրբեջանի, այդ զեկույցները բարձր միջազգային լեգիտիմություն են հաղորդելու մեր հայցին եւ դրանց վրա արվելու են համապատասխան վերլուծություններ»։  

Սուքիասյանը նկատեց նաև, որ մեր իշխանությունները պետք է դադարեն խոսել մեր երկրի թուլության մասին և ԵՄ դիտորդների ներկայության հանգամանքն օգտագործեն բանակն արագ կարգի բերելու համար։ «Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է, որ տարածաշրջանը ՌԴ-ի եւ Թուրքիայի գրկախառնության պայմաններում է, իրենց այլանդակությունները շարունակելու են։ Այս ամենին գումարած՝  ՌԴ-ն իր «5-րդ շարասյան» միջոցով փորձում է անընդհատ անախորժ իրավիճակ ստեղծել ՀՀ-ում՝ թուլացնելով մեր դիմադրողականությունը։ Անընդհատ ինչ-որ ռևանշիստական ուժեր փորձում են այլասերել քաղաքական դաշտը՝ խորհրդարան պղծել, այլասերել, պետության դեմոկրատական իմիջի վրա ազդել։ Մեր արտաքին թշնամին էլ մոդելավորել է մեզ որպես հուզական ժողովուրդ և օգտվում է մեր թուլությունից՝ անընդհատ վրա է տալիս և անկայունություն ստեղծում։ Ուստի մենք, որպես ժողովուրդ, պետք է դադարենք էմոցիոնալ լինել ու անգլիացիների պես սառնասիրտ լինենք, հասկանանք, որ ստեղծված իրավիճակը օբյեկտիվ է, Ադրբեջանն էլի է դիմելու նման քայլերի և երկար շնչառության պայքարի պատրաստվենք։ Նայենք մեր աշխարհագրությանը, որը բացի ուժեղ բանակ ունենալուց այլ բան թույլ չի տալիս։ Հետևապես, պետությունը պետք է բոլոր ռեսուրսներն ի սպաս դնի առաջին հերթին բանակը ոտքի կանգնեցնելու համար։ Եթե ՀՀ-ն իր բանակը արագ կարգի բերի և սրանց ատամ ցույց տա, հաջորդ անգամ կմտածեն՝ այլանդակություն անել, թե՞ չէ։ ՀՀ-ն մի օր այնպիսի հակահարված է տալու Ադրբեջանին, որ դրանք մի քանի տարի իրենց թաթերը լիզելու են»,- նշեց Civic.am-ի զրուցակիցը։ 

Հեղինե Մանուկյան 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: