ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նվազագույնը, ինչ պետք է անի Արցախի իշխանությունը, հայտարարելն է՝ խաղաղապահ զորակազմը լիարժեքորեն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, և մերժի Ադրբեջանի հետ բանակցություն վարելը. Արցախցի գործիչ

Մինչև տեղի չունենա միջանցքի բացումը, մինչև միջազգային դիտորդներ չներգրավվեն բանակցություններում, որոնք լեգիտիմ կդարձնեն դրանք, անիմաստ է որևէ քայլ անել։

Ադրբեջանը  վերջին երկու օրերին հերթական անգամ բացահայտ և կոպտորեն ոտնահարել է  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու խախտելով սույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը Շուշի-Լիսագոր հատվածում՝ մարտի 25-ին որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: ԱՀ  իշխանությունները տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները, խաղաղապահ զորակազմից ակնկալելով գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով: Արձագանքելով տեղի ունեցածին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, դատելով այդ երկրի ՊՆ-ի  տարածած տեղեկագրից,  «միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար», ադրբեջանական կողմին էլ պահանջ է  ներկայացրել  «ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադարձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։ 

Մասնավորապես այսօր էլ հայտնի դարձավ, որ  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, և, ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման  առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 

Վերջին երկու օրերի խախտումները, ինչպես նշվեց, հերթականն  էին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։  Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գրեթե ճիշտ նույն օրերին էլ՝ մարտի 24-ին,  տեղի ունեցավ «Փառուխ-Քարագլուխ» ռուս-ադրբեջանական օպերացիան. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ  ներխուժեցին  Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը՝  փորձեցին առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների ժամեր տևած բանակցությունները այդպես էլ արդյունք չտվեցին, և հակառակորդը չվերադարձավ  ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ  բացեցին ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության հետևանքով  հակառակորդի կողմից զոհվեց  առնվազն 5 զինծառայող, հայկական կողմից մեկ հոգի վիրավորվել էր։ Այդ ժամանակ էլ Արցախի իշխանությունները ակնկալում էին, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։ 

Ի՞նչ պետք է անի Արցախի իշխանությունը  ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը հերթական խախտումն է թույլ տալիս ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, նախավերջին դեպքն էլ երեք ոստիկանի սպանությամբ ուղեկցված ահաբեկչական ակտն էր Խայփալու կոչվող տեղանքում։ «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ նվազագույնը, ինչ պետք է անի ԱՀ իշխանությունը, հայտարարություն տարածելն է, որ խաղաղապահ զորակազմը լիարժեքորեն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները։ «Արևմուտքը սրան է նայում։ Նույնիսկ Հաագայի դատարանի որոշման մեջ ակցենտը դրված է այն հանգամանքի վրա, որ Լաչինի միջանցքում պատասխանատուն ՌԴ-ն է։  Բայց մենք, պարզվում է, ՌԴ-ից բողոք չունենք, եթե չունենք,  ուրեմն թեման այդ մասով փակ է։ Երբ մեկը հանցագործություն է կատարում, և չենք դիմում ոստիկանություն, գործը չի բացահայտվում»,- ասում է Օսիպյանը։ Ըստ նրա՝  ՌԴ-ի պատասխանատվության հարցը Արցախի իշխանությունները չեն բարձրացնում, չեն համարձակվում  հակառուսական որևէ դիրքորոշում  հայտնել՝ բացառապես նեղ անձնական շահերից ելնելով, վախենում են, որ Լաչինի միջանցքում իրենց  ֆիզիկական  գոյությանը վտանգ կսպառնա։ «Շատ կոնկրետ պատասխան ունեմ սրան՝ իրենց բոլորի,  ոչ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի,  վախն  այն է, որ եթե հակառուսական որևէ քայլ անեն, Լաչինում իրենց կխփեն՝  մարտի 5-ին տեղի ունեցած երեք ոստիկանների սպանության օրինակով»,- ենթադրում է արցախցի գործիչը՝ հավելելով՝ տեղական իշխանությունների գերխնդիրը «իրենց կաշին փրկելն է»։   

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մեկ տարի առաջ միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և մի շարք գործիչենրի նկատմամբ։  Մեր հարցին՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը առարկայական որևէ քայլի չի դիմում Ադրբեջանի սանձարձակ պահվածքը զսպելու ուղղությամբ, ինչո՞ւ, թեև ՀՀ-ից և Արցախից հնչած բազմաթիվ կոչերին,  փաստահավաք խումբ չի ուղարկում Լաչինի միջանցք, մինչև ե՞րբ պետք է Ադրբեջանը,  անպատիժ մնալով, շարունակի խախտել միջազգային իրավունքը, Օսիպյանն արձագանքեց.  «Միջազգային հանրությունից ես չեմ նեղանում, քանի որ մենք նրանց ասել ենք՝ դուք չկաք, դուք, այսպես ասած, «հավայի» խոսողներ եք, այստեղ՝ Արցախում, հարց լուծողը ՌԴ-ն է։ Միջազգային հանրությունն էլ  իր կեցվածքով հիմա ցույց է տալիս, որ էստեղ ՌԴ-ն հեչ էլ հարց լուծող չէ, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ու դեռ այսքանից հետո  պահանջում եք՝ ճանաչիր մեր անկախությունը և այլն. ևս  մեկ պրոռուսական պետություն եք ուզում ստեղծեք, մենք էլ հիմար ենք, հա՞,  որ ձեզ ճանաչենք անկախ։ Ճանաչենք, որ միջազգային կառույցներում, ասենք՝  ԵԽԽՎ-ում ևս մեկ ձայն տաք ՌԴ-ին, ՄԱԿ-ում՝ ևս մեկը... Ուզում եմ ասել՝ եթե շահերի դիրքերից ենք նայում, բոլորի քայլերն էլ տրամաբանական են՝ բացի Արցախի իշխանություններից»։ 

Մեր հարցին՝ ի՞նչ զարգացումներ կհետևեն Ադրբեջանի՝ վերջին երկու օրերի գործողություններին՝ դիրքային առաջխաղացմանը,  ՌԴ խաղաղապահ հրամանատարությանը այս անգամ կհաջողվի՞ ստիպել Ադրբեջանին վերադառնալ ելման դիրք, թե՞, ինչպես Փառուխի, Խծաբերդի, Հին թաղերի դեպքում,  ադրբեջանական զինուժը կմնա իր կողմից օկուպացված հատվածում, Օսիպյանը կտրուկ արձագանքեց. «Իհարկե ոչ, ոչինչ էլ չի անելու խաղաղապահ զորակազմը։ Ադրբեջանցիները իրենց տեղում  մնալու են այնքան ժամանակ, մինչև որ մենք մեր ուժերով կարողանանք դուրս շպրտել, հնարավոր է՝ կոալիցիոն ուժերով, բայց ոչ՝ ՌԴ-ի։ «Կոալիցիոն ուժեր» ասելով նկատի ունեմ այն բոլոր ուժերին պետություններին, որոնք թշնամի են Թուրքիային և Ադրբեջանին։ Այդ պետությունների հետ մենք պետք է փորձենք կոալիցիա կազմել և այդ տեռորիստական կազմակերպության, դա պետություն չէ, այլ՝ կազմակերպություն, ջարդը տանք։ Մենք այդ տրամաբանությունը պետք է տանենք, և ասեմ, որ այդպիսի ուժեր կան, զորօրինակ՝ Իրանը, որը ռեալ գործողություններով, ոչ թե տարբեր կառույցներում կոչ-հայտարարություններով, փրկել է Հայաստանին՝ կանգնեցնելով  «Զանգեզուրի միջանցք»  կոչվածը։ Իրանն է փրկել ՀՀ-ին, ոչ թե ՌԴ-ն, և դա բոլորս էլ հասկանում ենք։  Իրանը  զորքը կանգնեցրել է այդ հատվածում և Ադրբեջանին ասել՝ ոտդ ոտիդ առաջ դնես՝  գլուխդ ջարդում եմ։ Այ այս  լեզուն Ադրբեջանը հասկանում է, ուրիշ այլ լեզու չի հասկանում։ Ադրբեջանի հետ պետք է խոսել հենց այս լեզվով, ու պետք է տեսնենք, թե էլ ո՞վ է պատրաստ նման կերպ խոսել։ Ֆրանսիան, Եգիպտոսը, Հնդկաստանը ևս պոտենցիալ դաշնակիցներ կարող են լինել։ Ադրբեջանը հենց այս տրամաբանությամբ է եկել ՀՀ-ի վրա, հո մենակ 10-միլիոնանոց Ադրբեջանը չէ՞ մեր դեմ, հետը մոտ 90-միլիոնանոց Թուրքիան է, Իսրայելը, Պակիստանը և այլք։ Եվ պարտադիր չէ, որ անմիջական մասնակցությամբ  լինեն  այդ «ընդդեմ Հայաստանի» կոալիցիայում, կարող են օգնել նաև տեխնոլոգիաներով և տարբեր եղանակներով։  Երբ ասում ենք, որ մեր դաշնակիցը, օրինակ, Ֆրանսիան է, հո չե՞նք ասում, որ պարտադիր ֆրանսիացին պետք է գա ու մեզ հետ կամ մեր փոխարեն կռվի։ Մենք ենք մեր տեղը կռվելու, բայց մեզ կռվելու համար զենք է պետք։ Իսկ մեր՝ անունով դաշնակից ՌԴ-ն նույնիսկ մեր վճարած գումարների դիմաց մեզ զենք չի տալիս, չի էլ տալու, որովհետև մենք պաշտպանվելու  համար չենք իրեն պետք, մենք իրեն պետք ենք  «խուրդելու» համար։ Այդ նույն ՌԴ-ն, ի դեպ, Ադրբեջանին զենք տալիս է»։ 

 Անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի այսօր տարածած հայտարարությանը, որով  ևս մեկ անգամ  «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները» հրավիրվում են  ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքու՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», ապա, ըստ Օսիպյանի,  Արցախի իշխանությունները պետք է մերժեն այդ առաջարկը և պնդեն, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունները պետք է տեղի ունենան բացառապես միջազգային  հարթակի միջոցով։ «Նման իրավիճակում ոչ մի բանակցություն։ Լաչինի միջանցքի շարունակվող բլոկադայի,  Հաագայի դատարանի պահանջի չկատարման, վերջին երկու օրերի  լկտի գործողությունների պայմաններում ի՞նչ պետք է բանակցեն։

Մինչև տեղի չունենա միջանցքի բացումը, մինչև միջազգային դիտորդներ չներգրավվեն բանակցություններում, որոնք լեգիտիմ կդարձնեն դրանք, անիմաստ է որևէ քայլ անել։ Ադրբեջանը, եթե նման դիտորդներ չլինեն,  կարող է պարտադրել՝ սա ստորագրիր, էս քայլը արա, թե չէ՝ էստեղ կխփենք, էնտեղ կխփենք։  Եվ բացի դրանից,  պետք է ուշադրություն չդարձնել այդ հայտարարության վրա, քանի որ մենք դեռևս ոչ մի օֆիցիալ առաջարկ չենք ստացել  իրենց կողմից, իրենք իրենց ԶԼՄ-ներում են նման «հրավեր» անում, որոնք մենք կարող ենք բանի տեղ չդնել»։

Հեղինե Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: