ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամերիկյան հատուկ ծառայությունները վերլուծել են արցախյան հակամարտության հեռանկարը

ԱՄՆ հետախուզական ծառայությունների՝ Կոնգրեսին ներկայացրած ամենամյա զեկույցում անդրադարձ կա Հայաստանին, Ադրբեջանին ու մեր տարածաշրջանի խնդիրներին։

Փաստաթղթով նախ արձանագրվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը։ Գլոբալ սպառնալիքների գնահատման այդ փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին, երբ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Պաշտպանության հետախուզության գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները հանդես են եկել Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև: Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատրաստվող «Խաղաղության պայմանագրին» և դրա ձգձգման հեռանկարներին։  
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների ամենամյա զեկույցի հրապարակման հաջորդ օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը դեսպանատան ձևակերպմամբ՝ «շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար»։ Սովորաբար, նորանշանակ դեսպանի առաջին այցերով նախանշվում են այն խնդիրները, որոնց լուծումը կարևորում է տվյալ պետությունը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ, դեսպան Քվինի այցի դեպքում կա նաև հստակ նպատակ։ Սարգսյանն այդ այցն ընկալում է որպես կարևոր մեսիջ Ադրբեջանին և միջազգային հանրությանը։ Քաղաքագետն ուշագրավ է համարում, որ դեսպանը կրկնել է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու մասին ԱՄՆ պետքարտուղարի խոսքը․  
 «Այս շրջափակումը տեղի է ունեցել մի ընթացքում, երբ ԱՄՆ այստեղ դեսպան չուներ։ Նախորդ դեսպանը գնացել էր, նոր դեսպանը եկավ, և բնական է՝ պետք է առաջինը միջավայրը ուսումնասիրի, ծանոթանա, հասկանալու համար՝ իր առաջնահերթությունները առաջ մղելու գործում ինչ իրավիճակ ունի։ Չեմ բացառում, որ առաջիկայում նաև նման այցեր ունենան այդ թվում ՄԽ համանախագահ երկրների կամ ԵՄ երկրների դեսպանները։ Զուտ ծանոթանալու իրավիճակին, որպեսզի առավել հստակ պատկերացումներ կազմեն, թե ինչ է ասում Ադրբեջանը և իրականում ինչպիսին է իրավիճակը տեղում»։  
Իրավիճակի մասին շեշտվել է նաև ԱՄՆ հետախուզական ծառայությունների ամենամյա զեկույցում։ Գնահատելով գլոբալ ռիսկերը, ամերիկյան հատուկ ծառայությունները Կոնգրեսին տեղեկացրել են՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն լարված մնալ։ Արդյո՞ք սա զգուշացում է նոր պատերազմի մասին։ Վերլուծաբաններն ասում են՝ պատերազմի հավանականությունը պահպանվում է միշտ, քանի որ կա հրադադարի, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր։
Զեկույցում նաև նշված է․ «Խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն,  հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմը գործի դնելու մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը»։
Ուժի սպառնալիքի հեռանկարին արդեն արձագանքել են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։
 «Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված է բռնության, ինչպես տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով, որպեսզի օգնենք այս երկրներին՝ ինքնուրույն դիվանագիտություն վարեն, հասնեն այնպիսի համաձայնության, որ իրենց ուժերի սահմաներում է»,– հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Ուժի սպառնալիքի տեսանկյունից ուշագրավ է Ռուսաստանի արձագանքը։ Այն երկու հարթությունում է՝ պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրել է, թե որ կողմն է մեղավոր Արցախում մարտի 5–ի սադրանքի համար, մինչդեռ արտգործնախարարությունը խուսափում է քաղաքական և հասցեական հստակ գնահատականներից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարժեք է համարում իրենց հայտարարությունը։   
«Այնտեղ առանցքայինը զսպվածության և ապաէսկալացիայի կոչն է կողմերին։ Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը չի օգնում առաջ մղել խաղաղության օրակարգը: Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակի ապաէսկալացիային նաև կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակությունը փոխադարձ ընդունելի լուծումների փնտրտուքին»,– ասել է Զախարովան։  
Այս ամենին զուգահեռ, Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից: 
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է, որ համապատասխան առաջարկ են ներկայացրել ՀԱՊԿ-ին։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ «սրանով Հայաստանը արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը»։ Սակայն, վերլուծաբանների համար այդ քայլը միանշանակ չէ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան․ «Հիմա շատ է խոսվում այն մասին, որ եթե Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս գա և Արցախից ռուսական խաղաղապահ զորքը դուրս գա, ապա ԱՄՆ–ը կամ ԵՄ–ը կլինեն անվտանգության երաշխավորը։ Իրականում այս հարցը առաջին հերթին պետք է ուղել հենց Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը՝ արդյո՞ք իրենք ցանկանում են լինել այդ երաշխավորը։ Երբևէ ԱՄՆ–ի կամ ԵՄ կողմից նման հայտարարություն չի արվել, որ իրենք պատրաստ են լինել երաշխավորը Արցախի ժողովրդի անվտանգության՝ առաջին հերթին, հետո նաև՝ Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության»։
Հայաստանում վերլուծաբանները նաև սկսել են խոսել ԵՄ միջնորդին փոխելու հասունացող անհրաժեշտության մասին։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդեպ հակասական վերաբերմունքը ձևավորվել է նրա՝ Բաքու կատարած այցից հետո։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով Կլաարը Բաքվից խնդրահարույց գրառումներ է կատարել Թվիրերում։ Քաղաքագետի կարծիքով՝ անընդունելի է խոսել թափանցիկության ինչ–որ մեխանիզմի մասին, երբ կա Միջազգային դատարանի որոշումը, ընդունելի համարել «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին քննարկումները։ Տիգրան Գրիգորյանը տպավորություն ունի, որ Կլաարը փորձում է չգրգռել Բաքվին, որպեսզի բանակցությունների իմիտացիան շարունակություն ունենա, բայց բանակցությունների այդ ուղղությունն էլ արդեն արդյունք չի տալիս, քանի որ Ադրբեջանը ամեն անգամ ռազմական էսկալացիայի է դիմում։
Իսկ ամերիկյան հետախուզներն իրենց զեկույցում արձանագրել են, որ ռազմական բախումների ավելի ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերին, մեջբերում․ «երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում, զավթելով հայկական տարածքի մի մասը, ինչի հետևանքով զոհվեց գրեթե 300 զինծառայող»։
ԱՄՆ հետախուզական ծառայությունները նշում են, որ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը «հեռու են լուծվելուց»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: