Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:
Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:
Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն:
Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար, և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը:
Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:
Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում՝ ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ, կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում: Մյուս կողմից, իհարկե, պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն:
2023 թվականի մարտի 8-ին հենց այս համատեքստը կարևոր համարեցի ընգծել, որովհետև Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի օրվա առիթով: Շնորհակալություն ձեզ, որ անում եք ավելին և միշտ պատրաստ եք անել ավելին:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։