ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին դատապարտվել է «Հյուսիս-Հարավի» տեխհսկողություն իրականացնողին Հայաստանից փախցնելու համար

2019թ. հոկտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկը (Branislav Dimitrijevikj) Հայաստանի սահմանը հատել է նույն երկրի մեկ այլ քաղաքացու՝ Զորան Սպիրևի անձնագրով:

 Բ. Դիմիտրիևիկին Հայաստանը լքելուն օժանդակող խմբի մեջ է եղել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկոսկին (Mile Milenkoski):
Բրանիսլավ Դիմիտրիևիկը «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարն էր:
Գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ» հատկանիշներով  (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս): «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ. ընթացքում կատարվել են առերևույթ հանցավոր արարքներ: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Բացի այն, որ նախատեսված ժամկետների խախտմամբ՝ շուրջ 9 տարի, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23 մլրդ 553 մլն դրամի վնաս:
2018թ. դեկտեմբերի 6-ին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանք է առաջադրվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բրանիսլավ Դիմիտրիևիկին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ արգելելով լքել Հայաստանի տարածքը:
Գործից մաս է առանձնացվել, քանի որ Դիմիտրիևիկը, օգտագործելով իր համերկրացու անձնագիրը, շրջանցել է արգելքն ու հեռացել Հայաստանից
Առանձնացված մասը վերաբերում է Դիմիտրիևիկին աջակցողներին: Ըստ այդմ՝ Բրանիսլավ Դիմիտրիևիկը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացիներ Վլադիմիր Սարաֆովի, Միլե Միլենկոսկիի, Ստևո Սիմսկիի, Զորան Սպիրևի, Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի Ֆիլիպ Սպիրևի և Ուկրաինայի քաղաքացի Վոլոդիմիր Ստոլյարչուկի հետ, 2019թ. ստեղծել են կազմակերպված խումբ: Վերջիններս ծրագրել ու մշակել են, որ Բրանիսլավ Դիմիտրիևիկն ապօրինի օգտագործելով Զորան Սպիրևի անձնագիրը, լքի երկիրը, քանի որ իր անձնագրով չի կարող դուրս գալ Հայաստանից: 
Բ. Դիմիտրիևիկը, Հայաստանը լքելու ճանապարհներ փնտրելիս, օգտվել է նաև նախկին գործընկերոջ՝ Գայանե Թունյանի վստահությունից: Նա իմացել է, որ Թունյանը Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ լավ կապեր ունի:
Բ. Դիմիտրիևիկը խմբի անդամներ Վ. Սարաֆովին, Մ. Միլենկոսկիին, Ս. Սիմսկիին հայ գործընկերոջը ներկայացրել է իբր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների: Թունյանին առաջարկել է նշված անձանց միջոցով Հայաստանի աուտիկ հիվանդների հիմնախնդիրներին ուղղված ծրագրեր իրականացնել: 
Գ. Թունյանին խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը: Թունյանը, տեղյակ չլինելով Դիմիտրիևիկի ծրագրերի մասին, համաձայնել է:
Բ. Դիմիտրիևիկի նպատակն էր՝ քողարկել նշված անձանց՝ Հայաստան այցելելու իրական նպատակները, որպեսզի իրավապահ մարմինների մոտ կասկած չառաջանա:
Գայանե Թունյանը ««Հավասար հնարավորություններ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության ձևաթղթով Վլադիմիր Սարաֆովի և Բրանիսլավ Դիմիտրիևիկի էլեկտրոնային փոստերին է ուղարկել աուտիկ հիվանդների հիմնախնդիրներով շահագրգռված, ՀՀ-ում գործող կազմակերպությունների տվյալները և վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպման տեղի ու ժամի մասին:
Նախքան Հայաստան ժամանելը Զորան Սպիրևը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացու իր անձնագրի պատճենը տրամադրել է Սարաֆովին, Միլենկոսկիին, Սիմսկիին:
Վերջիններս Երևան ժամանելու եւ Բ. Դիմիտրիևիկի՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար բարենպաստ օր ընտրել են 2019թ. հոկտեմբերի 1-ը: Այդ օրը Երևանում նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: Մտածել են, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված՝ օդանավակայանում սահմանապահ զորքերի ծառայողները ծանրաբեռնված են լինելու: Հետևաբար, հեշտ կկարողանան այլ մարդու անձնագրով Դիմիտրիևիկին հանել երկրից:
Սարաֆովը, Միլենկոսկին, Սիմսկին իրենց և Զորան Սպիրևի անձնագրերի պատճենները, ինչպես նաև Բ.Դիմիտրիևիկի կազմակերպմամբ Գայանե Թունյանից ստացած շահագրգիռ կազմակերպությունների տվյալները տրամադրել են ավիաթռիչքներ սպասարկող «Rusaero» կազմակերպությանը:
Նշված կազմակերպությունն ամրագրել է 2019թ. հոկտեմբերի 1-ի՝ ոչ կանոնավոր Սկոպյե-Երևան-Սկոպյե ուղղությամբ Սարաֆովի, Միլենկոսկիի և Սիմսկիի՝ Հայաստան ժամանման չվերթը:
Չվերթն ամրագրելուց հետո Զորան Սպիրևը 2 օր շուտ՝ սեպտեմբերի 29-ին ժամանել է Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան: Նրան դիմավորել է Բրանիսլավ Դիմիտրիևիկի աներորդին՝  կազմակերպված խմբի անդամ Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Նրա միջոցով էլ Սպիրևը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացու իր անձնագիրը փոխանցել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին:
 
Հոկտեմբերի 1-ին խմբի մնացած անդամները ևս ժամանել են Երևան «Զվարթնոց» օդանավակայան, նրանց դիմավորումը կազմակերպել է Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Վերջինիս պատվիրած տաքսի մեքենայի վարորդը նրանց դիմավորել և տեղափոխել է նախապես որպես հանդիպման վայր նշանակված «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն: Հայաստան ժամանելու իրական նպատակը քողարկելու և իրենց «ապահովագրելու» նպատակով նրանք հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դրանից հետո նույն տաքսի մեքենայով մեկնել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող  «Կովկաս» ռեստորանային համալիր:
Այնտեղ նրանց են միացել նաև Բրանիսլավ Դիմիտրիևիկը և Վոլոդիմիր Ստոլյարչուկը: Ռեստորանից խմբի անդամները նույն օրը գնացել են «Զվարթնոց» օդանավակայան,  ապօրինի հատել պահպանվող պետական սահմանն ու մեկնել Հայաստանից:
Բրանիսլավ Դիմիտրիևիկն առանց դժվարության է հատել պետական սահմանը, քանի որ այդ օրը ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանը պատշաճ չի ստուգել անձնագիրը:
Դիմիտրիևիկին սահմանն անցկացնելուց հետո խմբի անդամները կազմակերպել են Զորան Սպիրևի Հայաստանից վերադարձը: Հոկտեմբերի 5-ին Սկոպյե-Աթենք-Երևան չվերթով Ֆիլիպ Սպիրևը եկել է Հայաստան: Նա  Զորան Սպիրևին է վերադարձրել անձնագիրը և մեկնել երկրից:
Զորան Սպիրևը 2019թ. հոկտեմբերի 8-ին ձեռք է բերել Երևան-Սկոպյե ուղղությամբ չվերթի էլեկտրոնային նոր ավիատոմս և հոկտեմբերի 9-ին ուղևորվել «Զվարթնոց» օդանավակայան: Հսկիչ անցագրային կետի հսկիչը Զորան Սպիրևի անձնագրում (որով Դիմիտրիևիկը լքել էր ՀՀ տարածքը) հայտնաբերել է Հայաստան մուտքի կնիքի բացակայությունը և արգելել վերջինիս սահմանահատումը:
Հայաստանում գտնվող Զորան Սպիրևի և ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանի վերաբերյալ գործն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Սպիրևի նկատմամբ 2022թ. նոյեմբերի 11-ին կայացվել է մեղադրական դատավճիռ: Զորան Սպիրևը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել են 2019թ. հոկտեմբերի 29-ից, քանի որ այդ օրն է նա Հայաստանում կալանավորվել: Սպիրեւը պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:  
Դատարանն ապացուցված է համարել, որ Զորան Սպիրևը, գործելով կազմակերպված խմբի կազմում, շահադիտական նպատակներով իր անձնագիրը տրամադրել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին՝ նրա կողմից այն ապօրինի օգտագործելու եղանակով Հայաստանի պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Զորան Սպիրևն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նշել է, որ դեռևս Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում գտնվելու ժամանակ համաձայնություն է ձեռք բերել Վլադիմիր Սարաֆովի հետ և Հայաստան ժամանելուց հետո անձնագիրը նրա միջոցով փոխանցել է Բրանիսլավ Դիմիտրիևիկին՝ Հայաստանի սահմանը հատելու համար:
Ըստ Զորանի ցուցմունքի՝ անձնագրի դիմաց Սարաֆովը խոստացել է տալ 1000 եվրո և տեղավորել աշխատանքի: Սակայն, իրեն խաբել են, անձնագիրը վերցրել ու գումարի մի մասը չեն տվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Զորան Սպիրևի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարել ինքնախոստովանական ցուցմունքն ու կատարած արարքի համար զղջալը: Բացի այդ, նա դատաքննական ցուցմունքով աջակցել է հանցագործության բացահայտմանը:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, դատավճիռը չի բողոքարկվել:
Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» վերահսկողության բաժնի ավագ հսկիչ Գևորգ Գևորգյանին, ապա, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք: Չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս:
Մասնավորապես՝ Զորան Սպիրևի անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի օգտագործող Բրանիսլավ Դիմիտրիևիկի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելությունն ու վավերականությունը: Փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Պարտականությունները չկատարելու արդյունքում չի կանխել Բրանիսլավ Դիմիտրիևիկի՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը և չի վերցրել Զորան Սպիրևի անձնագիրը: Փոխարենը, ելքի թույլտվության կնիք դնելով Սպիրևի անձնագրում, հաստատել է պետական սահմանը հատելու իրավունքը, ինչից էլ օգտվել է Դիմիտրիևիկը:
2021թ. հոկտեմբերի 20-ին դատարանը որոշել էր դադարեցնել Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
2020թ. փետրվարի 25-ին որոշվել Միլե Միլենկոսկիին եւ խմբի՝ վերը նշված բոլոր անձանց Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելը) ներգրավել որպես մեղադրյալ:
Դիվանագիտական կորպուսի աշխատակից Միլենկոսկիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և դատարանի որոշմամբ նրա նկատման ընտրվել է «կալանավորում» խափանման միջոցը:
2021թ. Սերբիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են Միլե Միլենկոսկիին, սակայն այդ պետության դատարանը մերժել է նրան արտահանձնելու՝ Հայաստանի պահանջը:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական վարույթի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: